«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի», Հվհ. 8, 32
Սիրով տեղեկացնում ենք, որ Աստծո կամքով և Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի օրհնությամբ, Մեծ Սեպասար համայնքի համար սկսեց տպագրվել կաթողիկէ հոգևոր պարբերաթերթ, որը կրում է գյուղի եկեղեցու անունը՝ «Սուրբ Փրկիչ»: Փոքրածավալ թերթը լույս կտեսնի ամենամսյա կամ երկամսյա պարբերականությամբ: Թերթը կազմելու աշխատանքներն իրականացնողն առայժմ միայն ես եմ, բայց ինձ օգնում են մեծսապասարցիները, ովքեր հետաքրքրված են գյուղի հոգևոր նկարագրի առավել զարգացմամբ և հոգևոր ավանդույթների պահպանմամբ: Այն նաև միջոց է՝ Աստծո խոսքը, քահանայի ասելիքը հասցնելու համայնքի բնակիչներին, մանավանդ, այս օրերին, երբ տներն այցելելու հնարավորություն գրեթե չկա:
Թերթն անվճար կբաժանվի բոլոր բնակիչներին:
Թերթի տպագրությունը հովանավորում են Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը և Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպությունը:
Այստեղ տեղադրում ենք թերթի էլեկտրոնային PDF տարբերակը՝ Սուրբ Փրկիչ Ա համար
Թերթի ստեղծման նպատակը՝ ըստ թերթում տպագրված տեքստի
Սիրելի՛ մեծսեպասարցիներ, այս թերթն իր բնույթով հոգեւոր-մշակութային է: Թերթի ստեղծման դրդապատճառը համայնքի բնակչության մեծամասնության անտարբերությունը կամ անբավարար հետաքրքրվածությունն է հոգեւոր կյանքով, եկեղեցական միասնական աղոթքներով եւ քրիստոնեությամբ ընդհանրապես:
Հետեւաբար, թերթի նպատակն է՝ ծառայել ձեր հոգեւոր ներաշխարհի հարստացմանը եւ առավել զարգացմանը:
Ձեզանից շատերի հետ զրուցելով՝ եկել եմ այն եզրակացության, որ այսօր շատերի մոտ հավատքը գոյատեւում է զուտ անհատական, առանձնացված մակարդակում, այսինքն՝ շատերը սովոր են աղոթել հիմնականում տանը՝ «սրբերի անկյունների» առջեւ կամ ժամանակ առ ժամանակ գնում են մոմ վառելու եւ կարճատեւ աղոթքի՝ Դարի Սուրբ, Մանուկխաչ, նաեւ՝ Սուրբ Փրկիչ եկեղեցի, կամ մատաղ են անում, երբեմն էլ գնում են «ուխտի»՝ ինչ-որ մի սրբավայր: Աղոթելն, անշու՛շտ, անհրաժեշտ է եւ վկայում է ձեր հավատքի եւ աստվածասիրության մասին, բայց թվարկածս սովորությունները ձեր հավատքը դարձրել են անհատական, մեկուսացված, աղոթք՝ միայն ձեր եւ ձեր ընտանիքների համար եւ միայն ձեր ընտանիքի հետ միասին, միայն մոմ վառելով կամ միայն մատաղ անելով:
Երբեմն եկեղեցի հաճախելը՝ ոչ Սուրբ Պատարագի եւ այլ ընդհանուր աղոթքների ժամերին կամ առանձին աղոթելը դեռ չի նշանակում աղոթել Աստծուն հաճելի ձեւով, առատ սեր ցուցաբերել Աստծո նկատմամբ եւ Տիրոջ առաջ հոգեւոր պարտականությունները համարել կատարված: Այդպես դուք ապրում եք մի հոգեւոր կյանք, որը միայն ձե՛ր սեփական պատկերացման համաձայն է եւ ոչ թե՝ Տեր Հիսուս Քրիստոսի եւ Եկեղեցու: Իսկ մարդը՝ առանց Քրիստոսի եւ Նրա Սուրբ Եկեղեցու առաջնորդության, հեշտությամբ կարող է սխալվել եւ սխալվում է:
Հավատքը սրտումդ ունենալը եւ այն պապերից ժառանգած լինելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ճիշտ գիտես հավատքի, աղոթքի եւ Աստծո մասին: Պապերից ստացած հոգեւոր, բարոյական ժառանգությունը, արժեքները, դաստիարակությունը շատ կարեւոր են եւ հիմնարար, բայց պետք է միշտ հիշել, որ մեր պապերը սովորել են ոչ միայն իրենց պապերից, այլեւ եւ նախեւառաջ՝ Տիրոջ Սուրբ Եկեղեցուց եւ իրենց քահանաներից, վարդապետներից: Եվ, բացի այդ, ձեր պապերը, դեռեւս մինչեւ 1930-ականների կոմունիստական արգելքը, անխախտ ձեւով կապված են եղել եկեղեցական աղոթքների հետ, քահանաների հետ, Ավետարանի եւ քրիստոնեական ուսմունքի սերտողության հետ, կիրակնօրյա Պատարագի ժամը իրենց համար սուրբ է եղել, Աստծո պատվիրանները, քահանայի խոսքը՝ հարգված եւ ընդունելի, նաեւ կիրառելի՝ ընտանեկան կյանքի մեջ եւ աշխատանքում:
1935-1991թթ. դուք եւ ձեր հայրերը հնարավորություն չեք ունեցել մասնակցելու Սուրբ Պատարագի եւ միասին, քահանայի առաջնորդությամբ աղոթելու ձեր եկեղեցում, եւ դա կոտրել է ձեր պապենական հին սովորությունը՝ եկեղեցում միասին աղոթելու, Քրիստոսի հետ միանալու Նրա Սուրբ Պատարագի ժամանակ, դուք եւ ձեր հայրերը հնարավորություն չեք ունեցել ճաշակելու Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունը, ձեր ասած «նշխարը», որը, սակայն, քրիստոնեական կյանքի հիմնաքարն է:
Որպես հետեւանք, 1991-ից հետո, երբ եկեղեցին սկսեց գործել եւ հայ կաթողիկէ քահանաները վերսկսեցին ծառայել գյուղում, ձեր պապենական հին սովորությունը արդեն մոռացված էր՝ ընդամենը մոտ վաթսուն տարիների ընթացքում: Քահանաների նահատակությունը, աքսորը, եկեղեցու փակվելը, անաստվածության պետական քարոզը, փաստորեն, ձեր հիշողության միջից կարողացա՛ն ջնջել ձեր պապերի թանկարժեք սովորությունը, որ հոգեւոր եւ բարոյական արժեքների մի ամբողջություն էր՝ դեռեւս ժառանգված Ալաշկերտից: Ձեր հավատքը մնաց միայն տներում, դեպի Դարի Սուրբ բարձրացող ճանապարհին եւ ձեր անհատական պատկերացումների շրջանակներում, դուք կամ ձեզանից շատերը, ըստ էության, մինչ օրս անվերադարձ, կտրվեցիք Տիրոջ հետ միությունից՝ Սուրբ Հաղորդությունից՝ «նշխար»-ը ճաշակելուց, որը հաստատել է Ինքը՝ Տերը եւ ոչ թե քահանաները:
Սա՛ է չարի հաղթանակը, որ գործում է միշտ ծպտված եւ աննկատելի:
Բայց կա նաեւ հուսադրող եւ ուրախացնող մի փաստ. Սուրբ Հոգու լուռ ներգործության, շատերի հոգեւոր առավել բարձր գիտակցության եւ հոգեւորականների աշխատանքի շնորհիվ այսօր կա հավատացյալների մի ոչ մեծ խումբ՝ տարբեր տարիքի, ովքեր կանոնավոր կերպով գրեթե միշտ ներկա են միասնական աղոթքներին:
Փա՛ռք Աստծուն, որ փոխում է մարդկանց սրտերը աննկատ կերպով:
Բայց այդ խումբը շատ փոքր է՝ համեմատած գյուղի բնակչության մեծ թվի հետ: Եվ սա բնավ պատիվ չի բերում Մեծ Սեպասարի նման ավանդապահ մի գյուղի:
Ձեր գյուղի հոգեւոր պատմության, Սուրբ Պատարագի եւ Սուրբ Հաղորդության մասին կարող եք այս թերթում ծանոթանալ առանձին հոդվածներով, բայց, խնդրում եմ՝ ձեր՝ սոցիալական խնդիրներով եւ գյուղատնտեսական անվերջանալի աշխատանքներով գերզբաղված առօրյայում անպայմանորեն ժամանակ հատկացրե՛ք՝ ընթերցելու այս թերթը եւ մտածելու դրանց մեջ գրված պատմությունների, վերլուծված իրողությունների, մարտահրավերների, հոգեւոր ուսուցումների մասին, որոնք, հուսամ, ձեզ կօգնեն ավելի զգոն եւ սթափ ձեւով մոտենալու ձեր եւ ձեր զավակների հոգեւոր նկարագրին եւ աճմանը:
Այսօր մենք բոլորս կարիքն ունենք՝ վերանայելու Աստծո հետ մեր հարաբերությունները, ուղղելու մեր սխալները, լրացնելու մեր բացերը, որովհետեւ, ի վերջո, մարդս ինչքան էլ ձգտի ապրել ինքնուրույն, չի՛ կարող հաջողվել՝ առանց Աստծո օրհնությունների եւ առաջնորդության: Աստծուց հեռու՝ միայն իր առօրյա նյութական խնդիրներով ապրող մարդը, առանց գիտակցելու, հեշտությամբ կարող է ընկնել չարի գերության մեջ եւ զրկվել Աստծո օրհնություններից, իր հոգու փրկությունից՝ առհավետ…
Քանի դեռ ուշ չէ, նայեցե՛ք ինքներդ ձեզ եւ ձեր հայացքն ուղղե՛ք դեպի Տերը, որ մեր միակ ճանապարհն է դեպի երջանկություն՝ այս կյանքում եւ Աստծո Արքայության մեջ.
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը», Հվհ. 14, 6:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան՝
Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա եւ Սիզավետ գյուղերի հոգեւոր հովիվ,
Հունիս, 2020