• Աստվածամոր երևումները Ֆաթիմայում. փաստագրված հրաշքը

    «Ամեն օր Վարդարան աղոթե՛ք, որպեսզի աշխարհում խաղաղություն հաստատվի ու վերջ դրվի պատերազմին»


    Աստվածամոր երևումները Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքում տեղի են ունեցել 1917թ., երեք փոքրիկ հովիվներին՝ տասը տարեկան Լուսիա դոս Սանտոսին, ինը տարեկան Ֆրանչեսկո Մարտոյին և ութնամյա Հակինթա Մարտոյին: Երեք երեխաների հավաստիացումների համաձայն, նրանց երևացել է մի «տիկին» (հետագայում, նա հայտնեց, թե ինքը Աստվածամայրն է) ու փոխանցել է հոգևոր և մարգարեական հաղորդագրություններ (աշխարհի ճակատագրի վերաբերյալ): Կաթողիկէ Եկեղեցին ճանաչել է այս երևումների ճշմարիտ փաստը: Աստվածամոր երևումները Ֆաթիմայում եղել են 1917-ի մայիսից մինչև հոկտեմբեր՝ ամեն ամսվա 13-ին, ըստ Սուրբ Կույսի խոստման:

     

    1917թ. մայիսի 13, առաջին երևում

     

    Լուսիան, Հակինթան ու Ֆրանչեսկոն արածեցնում էին իրենց ոչխարներին՝ Քովա-դա-Իրիա կոչվող հովտում, հայրենի Ալյուստրել գյուղից քիչ հեռու: Լուսիան վկայում է. «Մենք լանջով իջնում էինք դեպի ճանապարհը և մեր առջևից քշում էինք ոչխարներին: Լանջի կեսը գրեթե անցել էինք, երբ հասնելով մի մեծ կաղնու, հանկարծ մի կայծակ տեսանք, իսկ մի քանի քայլ հետո մեր առջև հայտնվեց մի «Տիկին», ով ամբողջովին սպիտակ էր հագնված ու շողշողում էր արեգակից էլ պայծառ: Մենք ապշահար կանգ առանք: Այնքան մոտ էին կագնած, որ գտնվում էինք Նրան շրջապատող կամ Նրանից լուսարձակվող շողերի մեջ: Հեռավորությունը մոտ մեկուկես մետր էր: Այդ տիկինն ասաց. «Մի՛ վախեցեք: Ես ձեզ չեմ վնասի»:

    – Որտեղի՞ց Դուք հայտնվեցիք:

    – Ես երկնքից եմ եկել:

    – Եվ ի՞նչ եք Դուք ուզում մեզանից:

    -Ես եկել եմ ձեզանից խնդրելու, որ դուք վեց ամիս շարունակ, յուրաքանչյուր ամսվա 13-ին և միշտ նույն ժամին այստեղ լինեք: Այդ ժամանակ էլ Ես ձեզ կասեմ, թե ով եմ Ես և ինչ եմ ուզում: Դրանից հետո Ես այստեղ կվերադառնամ յոթներորդ անգամ:

    – Ես նույնպե՞ս երկնքում կհայտնվեմ:

    – Այո, Հակինթան և Ֆրանչեսկոն ևս կլինեն երկնքում, սակայն Ֆրանչեսկոն պետք է շատ աղոթի Վարդարան:

     

    Այնուհետև Լուսիան հարցրեց վերջերս մահացած երկու աղջիկների՝ Մարիա դաշ Նեվեշի ու Ամելիայի մասին: Սուրբ Կույսը պատասխանեց, որ առաջինն արդեն իսկ Երկնքում է, իսկ երկրորդը մինչև Ահեղ դատաստանի օրը կմնա քավարանում:

     

    Լուսիան, Հակինթան և Ֆրանչեսկոն համաձայնեցին «իրենց Աստծուն նվիրելու» առաջարկությանը, որպեսզի «համբերությամբ կրեն Աստծո կողմից ուղարկվող բոլոր զրկանքներն ու տառապանքները՝ հանուն մեղավորների մեղքերի թողության և դարձի»: Ի պատասխան, Սուրբ Կույսն ասաց, որ «այդ ժամանակ դուք շատ կտառապեք, սակայն Աստծո ողորմածությունը ձեզ ուժ կտա»:

     

    Վերջում Սուրբ Կույսն ասաց. «Ամեն օր Վարդարան աղոթե՛ք, որպեսզի աշխարհում խաղաղություն հաստատվի ու վերջ դրվի պատերազմին»:

    Լուսիան վկայում է, որ հետո «Նա սկսեց դանդաղ բարձրանալ դեպի արևելք՝ մինչև տարածության անսահմանության մեջ անհետանալը»:

     

    1917թ. հունիսի 13, երկրորդ երևումը

     

    Նշանակված օրը նրանք եկան Քովա-դա-Իրիա, որտեղ արդեն իսկ հավաքվել էր շուրջ վաթսուն մարդ: Կաղնու մոտ երեխաները ծնկի իջան ու սկսեցին աղոթել Վարդարան:

    Լուսիան ասաց. «Դուք ինձ հրամայեցիք այսօր գալ: Ի՞նչ եք ուզում, որ ես անեմ»:

    Բոլորը տեսան, թե ինչպես Լուսիան ձեռքը պարզեց դեպի արևելք ու բացականչեց. «Ահա՛ Նա»:

    Լուսիային կարդալ ու գրել սովորելու հանձնարարություն տրվեց, որից հետո նա խնդրեց իրենց Երկինք տանել:

    – Այո, Հակինթային և Ֆրանչեսկոյին Ես շուտով կտանեմ, սակայն դու դեռ որոշ ժամանակ կմնաս այստեղ: Հիսուս ցանկանում է, որ քո օգնությամբ մարդիկ ճանաչեն ու սիրեն Ինձ: Նրան հաճելի է աշխարհում հաստատել Իմ Անաղարտ Սրտի պաշտամունքը:

    – Ես մենա՞կ կմնամ այստեղ:

    – Ոչ, զավակ Իմ: Դու տառապու՞մ ես: Քաջալերվի՛ր: Ես երբեք քեզ չեմ լքի, Իմ Անարատ Սիրտը քեզ համար կլինի ապաստարան ու դեպի Աստված տանող ճանապարհ:

     

    Սուրբ Աստվածածնի Անարատ Սրտի վերաբերյալ Լուսիան վկայում է.

    «Սուրբ Կույսի աջ ձեռքում փշերով շրջապատված Սիրտ կար, փշերը, կարծես, Նրա մեջ մխրճված լինեին: Մենք հասկացանք, որ դա մարդկային մեղքերով վիրավորված ու քավություն ցանկացող Սուրբ Կույսի Անարատ Սիրտն է»:

     

    Ինչ վերաբերում է Հակինթայի և Ֆրանչեսկոյի ճակատագրերին, նրանք շուտով մահացան՝ 1918թ. «իսպանական» գրիպի համաճարակի պատճառով: Նրանք ապրեցին սրբակյաց կյանքով, շատ զոհողություններ կրեցին մեղավորների դարձի համար: Հակինթան և Ֆրանչեսկոն սրբերի շարքը դասվեցին 2017թ. մայիսի 13-ին:

     

    1917թ. հուլիսի 13, երրորդ երևումը

     

    Այդ օրը Քովա-դա-Իրիայում ավելի շատ մարդ էր հավաքվել: Երեխաները նրանց հետ միասին Վարդարան աղոթեցին, և շուտով Սուրբ Կույսը հայտնվեց:

    Նա ասաց.

    -Զոհողություններ կատարեցե՛ք՝ հանուն մեղավորների ու հաճախ կրկնեք, հատկապես, երբ զոհողություն եք անում. «Օ՜, Հիսուս, ես դա անում եմ հանուն Քո հանդեպ ունեցած սիրո, որպեսզի մեղավորնրը դարձի գան ու քավեն իրենց մեղքերը, որոնք գործել են ընդդեմ Սուրբ Կույսի Անարատ Սրտի:

     

    Այնուհետև երեխաներին ցույց տրվեց դժոխքի տեսարանը: Ըստ Լուսիայի վկայության, երեխաները «կրակի ծով տեսան: Այս հրե ծովի մեջ ընկղմված դևերն ու մարդկային ուրվագծեր ունեցող հոգիները եռում էին կրակի մեջ: Ամենուր կախված ծխի ամպերը, միախառնվելով ճիչերին, տնքոցներին ու հառաչանքներին, սարսափեցնում ու ստիպում էին վախից դողալ: Դևերը միմյանցից տարբերվում էին ահարկու ու անհայտ կենդանիների սահմռկեցուցիչ ու զզվելի ուրվագծերով, որոնք թափանցիկ էին՝ ինչպես այրված սև ածխի կտորները»:

    Դժոխքի այս տեսարանը մի քանի վայրկյան տևեց: Լուսիան խոստովանում է, որ եթե չլիներ իրենց Երկինք տանելու՝ Սուրբ Կույսի խոստումը, ապա իրենք հենց այդ պահին սարսափից կմեռնեին:

     

    Այնուհետև Սուրբ Աստվածածինն ասաց.

     

    – Դուք տեսաք դժոխքը, որտեղ մեռած մեղսավորների հոգիները մշտնջենական տանջանքի են ենթարկվում: Նրանց փրկելու համար Աստված երկրի վրա կհիմնի Իմ Անարատ Սրտի հանդեպ հարգանքը: Եթե կատարվի այն, ինչ ասացի, ապա շատ հոգիներ կփրկվեն ու հանգստություն կգտնեն: Պատերազմը կավարտվի, սակայն եթե չդադարեն Աստծո հանդեպ անպատվությունները, ապա Պիոս XI պապի գահակալության ժամանակ կսկսվի մեկ ուրիշ՝ ավելի  սարսափելի պատերազմ: Երբ տեսնեք աննախադեպ լույսով լուսավորված մի գիշեր, ապա իմացե՛ք, որ դա նշան է այն բանի, որ Աստված պատրաստվում է պատժել աշխարհին իր հանցագործությունների համար, և որպես պատիժ կլինի պատերազմ, սով և հալածանք՝ Եկեղեցու և Սրբազան Քահանայապետի դեմ:

     

    Այնուհետև Սուրբ Կույսը երեխաներին սովորեցրեց հետևյալ աղոթքը (որը հետագայում հայտնի դարձավ որպես «Ֆաթիմայի աղոթք»).

    «Ո՜վ, Հիսո՛ւս, ներիր մեր մեղքերը, փրկի՜ր մեզ դժոխքի կրակից, ու երկինք տար բոլոր հոգիները, հատկապես նրանց, որոնք ամենաշատն ունեն Քո ողորմության կարիքը: Ամեն»։

     

    1917թ. օգոստոսի 13, 19. չորրորդ երևումը

     

    Այդ ժամանակ Պորտուգալիայում իշխանությունը պատկանում էր ձախ-լիբերալներին, որի անդամների մեծամասնությունը մասոններ էին և հակակաթողիկէ: Այդ էր պատճառը, որ Ֆաթիմայում Սուրբ Աստվածածնի երևումների մասին լուրերը բացասաբար ընկալվեցին: Օգոստոսի 13-ին երեխաները չեկան Քովա-դա-Իրիա, քանի որ տեղական իշխանությունների կողմից  ձերբակալվել ու տարվել էին Վիլա-Նովա դե Օուրեմ: Այնտեղ սպառնալիքներով փորձում էին երեխաներին ստիպել հրաժարվելու իրենց պնդումներից, սակայն դա նրանց չհաջողվեց: Ոչնչի չհասնելով՝ նրանց բաց թողեցին: Այդ նույն ժամանակ Քովա-դա-Իրիայի պարզ, կապուտակ երկնքում տարօրինակ կերպով կայծակ փայլատակեց ու կաղնու վերևում մի շողշողացող ամպիկ երևաց: Մի քանի րոպե հետո ամպիկն անհետացավ, իսկ ամպերը դարձան բոսորագույն, կարմրավուն, վարդագույն, դեղնավուն, կապտավուն…

     

    1917թ. օգոստոսի 19-ին երեխաներին թողեցին ոչխարներին արածեցնել Ալյուստրելի մոտակայքում, երբ նրանք սառնություն զգացին, տեսան, որ արևը դարձավ դեղնավուն և ամեն ինչ լուսավորվեց ծիածանի գույներով: Սուրբ Կույսը երևաց մանուկներին և նրանց խոստացավ Իր վերջին երևման ժամանակ՝ հոկտեմբերին, հրաշք գործել ու խնդրեց այս տեղում մատուռ կառուցել:

    Նա ասաց նաև.

    – Աղոթեցե՛ք, ամեն ժամ աղոթեցե՛ք ու մեղավորների համար զոհաբերություններ մատուցե՛ք, քանզի շատ հոգիներ են դժոխք ընկնում, որովհետև նրանց համար ոչ ոք չի աղոթում ու զոհողություններ չի անում:

     

    1917թ. սեպտեմբերի 13. հինգերորդ երևումը

     

    Սեպտեմբերի 13-ին շուրջ 30.000 մարդ եկավ Քովա դա Իրիայի Տիրամոր երևման վայրը և աղոթում էին Վարդարանի աղոթքը: Կեսօրին արևը խամրեց և արևելքից շողշողացող մի գունդ սկսեց իջնել, սպիտակ «ծաղկաթերթիկներ» ներքև թափվեցին: Սուրբ Կույսը երևաց երեխաներին և խնդրեց դարձյալ ամեն օր Վարդարան աղոթել, որպեսզի պատերազմն ավարտվի վերջապես: Լուսիան փոխանցեց հիվանդներին բուժելու խնդրանքները, սակայն Սուրբ Կույսն ասաց, որ կբուժի միայն նրանցից մի քանիսին, բայց ոչ բոլորին: Խոստացավ հրաշքը գործել հոկտեմբերին:

     

    1917թ. հոկտեմբերի 13. վեցերորդ երևումը

     

    Հոկտեմբերի 12-ի գիշերը Ֆաթիմայում հավաքվեցին տարբեր դասակարգի ու խավի մարդիկ (գյուղացիներ, աշխատավորներ, հոգևորականներ, ներկայացուցիչներ մամուլից ու կառավարությունից), ովքեր տարբեր վերաբերմունք էին դրսևորում կատարվածի նկատմամբ.կային հավատացյալներ, և անհավատներ, և այնպիսիք, ովքեր հետագայում դարձան քրիստոնյաներ՝ այդ երևումներին հավատալով: Ցուրտ էր, հոկտեմբերի 13-ին հորդառատ անձրև էր գալիս: Անձրևը դադարեց և ամպերը ցրվեցին: Պայծառություն առաջացավ ու հայտնվեց «տիկինը»:

    Լուսիան հարցրեց.

    -Ի՞նչ եք դուք ինձանից ուզում:

    -Ես քեզ ուզում եմ ասել, որ այստեղ պետք մի մատուռ կառուցվի Իմ պատվին: Ես Վարդարանի Թագուհին եմ: Պետք է ամեն օր Վարդարանի աղոթք ասել: Պատերազմն ավարտին է մոտենում, և շուտով զինվորները տուն կվերադառնան:

    -Ես շատ բան կուզենայի Ձեզանից խնդրել: Արդյոք Դուք կբուժե՞ք մի քանի հիվանդների ու դարձի կբերե՞ ք մի քանի մեղավորների:

    -Ոմանց՝ այո, իսկ մի քանիսին՝ ոչ: Նրանք պետք է ուղղվեն ու ներողություն խնդրեն իրենց մեղքերի համար:

    Եվ Նա տխրությամբ ավելացրեց.

    -Նրանք չպետք է այլևս վիրավորեն Աստծուն, Ով արդեն իսկ շա՜տ է վիրավորված նրանցից:

     

    Եպիսկոպոս Լեիրիային ուղղված հաշվետվության մեջ Լուսիան վկայում է. «Սուրբ Կույսը բացեց ձեռքերն ու ստիպեց արևին փայլել: Երբ Նա բարձրանում էր, Իր սեփական լույսը նորից միախառնվեց արևի շողերի հետ: Այդ պատճառով ես բացականչեցի, որ բոլորը պետք է նայեն արևին: Ես ժողովրդի ուշադրությունը գրավելու մտադրություն չեմ ունեցել, քանի որ անգամ չէմ գիտակցել, որ իմ շուրջը մարդիկ կան հավաքված: Ես դա ներշնչմամբ եմ արել»:

     

    Գրեթե 70.000 մարդ տեսավ, թե ինչպես Արեգակը դարձավ սպիտակադեղնավուն, վերածվեց արծաթե սկավառակի, որին հանգիստ կարելի էր նայել: «Այս տարօրինակ սկավառակը արագորեն պտտվում էր իր առանցքի շուրջը՝ բոլոր ուղղություններով արձակելով գունավոր լույսի ճառագայթներ: Կարմիր ճառագայթները դուրս ներխուժեցին ու գունավորեցին ամպերը, երկիրը, ծառերը: Նա երեք անգամ կանգնեց ու երեք անգամ էլ վերսկսեց իր պտույտը: Մարդիկ վախեցած ծնկի իջան, հենց որ այն զիգզագաձև սլացավ ներքև՝ դեպի սարսափած ժողովուրդը: Այնուհետև սկավառակն իր տեղը վերադարձավ ու նորից սկսեց անտանելի շողշողալ: Այս ամենը շարունակվեց գրեթե տասը րոպե»:

     

    «Արեգակի պարի» մասին (ինչպես սկսեցին անվանել 1917թ. հոկտեմբերի 13 իրադարձություները) գրեցին անգամ հակակղերական պորտուգալական թերթերը (օրինակ «O Seculo»):

    Լուսիան պնդում է, որ Սուրբ Կույսի անհետանալուց հետո տեսել է Սուրբ Հովսեփին՝ Մանուկ Հիսուսի ու Սուրբ Աստվածածնի հետ միասին: Այնուհետև Սուրբ Կույսին նա տեսել է Սգացող Աստվածամոր ու Թագուհի Կարմեղոսի կերպարներով:

     

    Լուսիան այս երևումներից հետո ապրեց երկար տարիներ, դարձավ միանձնուհի ու մահացավ 2005թ. փետրվարի 13-ին: Նա տվեց բազմաթիվ վկայություններ և թողեց գրի առնված հիշողություններ, որոնք երկար ժամանակ վերլուծվել են, քննակվել՝ մանավանդ երրորդ երևման ժամանակ հայտնված գաղտնիքները, որոնք երեքն են: Երրորդ գաղտնիքը փակի տակ պահվեց մինչև 2000թ. և հրապարակվեց կարդինալ Տարսիսիո Բերտոնեի կողմից, բայց կան կարծիքներ, որ այն մինչ օրս ամբողջությամբ չի հրապարակվել:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

    Ֆաթիմայի գաղտնիքների մասին մի վերլուծություն կարող եք կարդալ հետևյալ հոդվածում.

    Ֆաթիմայի գաղտնիքը և աշխարհաքաղաքական զարգացումները

     

Օրացույց

Օրացույց