• Հոկտեմբերը Վարդարանի Տիրամոր ամիսն է

    «Մարիամի հետ՝ աղօթել Քրիստոսին»
    Սբ. Յովհաննէս Պօղոս Բ


    Հոկտեմբերին Ընդհանրական Եկեղեցում մի առանձնահատուկ ժամանակ է՝ աղոթելու Տիրամոր Սուրբ Վարդարանը:

     

    Վարդարանի աղոթքի պատմությունը

     

    Վանական աղոթքի ավանդույթը կարևորում է Աստծո ներկայության մշտական զգացողության անհրաժեշտությունը: Լսելով «Անդադար աղոթեցե՛ք» (Ա Թեսղ. 5:17) կոչը, Քրիստոսի օրինակին հետևելով, մեկը մյուսի հետևից (ճգնավորները, բենեդիկտյանները, ցիստերցյանները, կարտուզիականները)  Տիրոջն օրհնում էին ցերեկվա ու գիշերվա տարբեր ժամեր՝ «Հայր մեր» աղոթքի կամ սաղմոսների վրա խորհրդածելով: Արևելքի քրիստոնյաները, ովքեր աճել էին աստվածահայեցողության ավանդույթի մեջ, առօրյա կյանք ներմուծեցին Սուրբ Գրքից ընտրված հատվածների կամ էլ Հիսուսի աղոթքի՝ «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմի՛ր ինձ», կրկնությունը: Նրանք այդ աղոթքը արտասանում էին շնչառության  ռիթմով, օգտագործում էին քարեր, որպեսզի կենտրոնանային ու հաշվից չշեղվեին:

     

    Հաջորդ դարերի ընթացքում Վարդարանը իր մեջ հավաքեց տարբեր ավանդույթներ, այդ թվում նաև՝ «Հիսուսի աղոթքը»: Արևմուտքի 8-րդ և 9-րդ դարերի վանքերում չկրթված աշխարհականներին սովորեցնում էին աղոթել: Նրանք սովորում էին արտահայտություններ Սուրբ Գրքից, օրհներգություններ և «Տերունական» աղոթքը: Այսպիսի փոխարինող սաղմոսարանն օգնում էր նաև վանականներին, ովքեր անգամ ֆիզիկական աշխատանք կատարելիս կարող էին ասել հարյուր հիսուն աղոթք, որը համապատասխանում էր սաղմոսների թվին:

     

    Հետզհետե՝ Սուրբ Աստվածածնի պաշտամունքի հետ կապված, նոր ուղղություններ առաջացան մտավոր աղոթքում: Մեզ հայտնի «Ողջո՜յն քեզ Մարիամ» (Ave Maria) աղոթքը ի հայտ է եկել 13-14-րդ դարերի ընթացքում, երբ միահյուսվեցին Հրեշտակային ողջույնի ավետարանական ու Սուրբ Եղիսաբեթի խոսքերը: «Սև մահվան»՝ ժանտախտի, համաճարակը, որը ոչ ոքի չխնայեց միջնադարյան Եվրոպայում, հանգեցրեց նրան, որ «Ողջոյն քեզ, Մարիամ» աղոթքին միացրեցին Մարիամին ուղղված խնդրանքը. «բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ.ամեն»: Պատահել է, որ մոտ 50 կամ 150 անգամ կարդացել են «Ողջույն Մարիամ»՝ ի հիշատակ աշխարհի արարման: Աստիճանաբար, միացվել են 150 այլ դիտավորություններ:

     

    Հետաքրքիր են «Վարդարան» աղոթքի անվան ծագման հետ կապված վարկածները: Դրանցից մեկը մեզ տանում է դեպի Հեռավոր Արևելք, որտեղ մարդիկ խորհրդածության ժամանակ աղոթքի պսակ կամ աղոթահամրիչ էին օգտագործում: Հնդկական «japamalа» բառը նշանակում է «աղոթքների հավաքածու» կամ «վարդերի ծաղկեփունջ» (japa – վարդ), որն օգտագործվում էր համրիչի վրա աղոթքի իմաստով: Աղոթքի այդ ձևը 8-9-րդ դարերում ներթափանցեց իսլամ, իսկ 12-13-րդ դարերում՝ քրիստոնեություն: Դոմինիկյան միաբան Վիլհելմ դե Նուբրուկը, ով որոշ ժամանակ ապրել էր թաթարների հետ, գրում է. «Նրանք ևս մեզ նման կրում են  աղոթահամիչներ»: Արևմտյան ավանդության մեջ կա պատմություն՝ ցիստերցյան մի միաբանի մասին, ում Կույս Մարիամն ասում է, որ իր ոտքերի տակ դրված ծաղկեպսակը կարելի է փոխարինել «վարդերի պսակով» (գերմ.՝ Rosenkranz, վարդ – Սուրբ Աստվածածնի հետ խորհրդանշորեն կապված ծաղիկ)՝ «Ողջույն քեզ, Մարիամ» աղոթքի բազմակի կրկնողության տեսքով:

     

    15-րդ դարում աղոթքի երկու կողմերը վերջականապես միահյուսվեցին. աղոթքի բազմակի կրկնությունն ու Հիսուսի և Մարիամի կյանքի իրադարձությունների մասին խորհրդածությունը:

    Վարդարանի տարածմանը մեծապես նպաստել են դոմինիկյանները, ովքեր սովորեցնում էին աղոթել միաժամանակ Աստվածաշնչի մասին խորհրդածելով: Մի դոմինիկյան Բրետոնից, Երանելի Ալեն դե լա Ռոշը (Alain de la Roche), կանոնավորեց տարբեր ավանդույթներն ու Վարդարանի աղոթքները բաժանեց 15 տասնյակի (1 «Հայր մեր», 10 «Ողջույն Մարիամ»), որոնք էլ իրենց հերթին բաժանված էին երեք մասի: Նա այդ Վարդարանն անվանեց «Հիսուսի ու Մարիամի Սաղմոսարան»:

    15-րդ դարում ի հայտ եկան Վարդարանի եղբայրությունները, որոնց համար առաջին կանոնադրությունը տվել է սուրբ Անդրեյ Քյոլնեցին՝ դոմինիկյան վանահայրը: Հայտնի է նաև Վարդարանի առաջի պատկերը (մոտ 1500 թ.), որտեղ՝ ձեռքին Վարդարան բռնած, պատկերված է Մարիամը՝ Փոքրիկ Հիսուսի հետ, նրա կողքին ծնկի են իջած սուրբ Դոմինիկոսն ու նահատակ Պյոտր Վերոնացին, իսկ թիկնոցի տակ հավաքված են մեծաթիվ հոգևորականներ ու աշխարհականներ:

    16-րդ դարում ապրած կարտեզիական Դոմինիկ Պրուսսացու շնորհիվ հայտնի  դարձավ Սուրբ Դոմինիկոսի մասին ավանդությունը, որի համաձայն, նա Կույս Մարիամից ստացել է մարգարտե վարդարան, որպես զենք՝ ալբիգոյացիների հերետիկոսության դեմ հոգևոր պատերազմում:

     

     

    Վարդարանը ձևավորվել է դարերի ընթացքում և չի կարելի նրա հայտնվելը, ծնվելը վերագրել միայն որևէ մեկ անձի: Անկասկած է այն, որ Սուրբ Դոմինիկոսի միաբանության թափառող քարոզիչներն, ովքեր հատեցին ամբողջ Եվրոպան, էապես նպաստեցին այս աղոթքի տարածմանը:

    Սուրբ Աստվածածնի Վարդարանը 1569թ. պաշտոնապես հաստատեց Պիոս Ե  Քահանայապետը (ի դեպ, դոմինիկյան միաբան):

     

    Ինչու՞ հոկտեմբեր ամիսը

     

    Լեպանտոյի ճակատամարտը, նկարիչ՝ Paolo Veroneze

     

    1571թ. հոկտեմբերի 7-ին Հունաստանի արևմտյան մասում գտնվող Լեպանտո բնակավայր մոտ, Իոնական ծովում տեղի ունեցավ մի պատմական ճակատամարտ, որտեղ կաթողիկէ պետությունների «Սրբազան Լիգայի» նավատորմիղը հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նավերի հանդեպ: Թուրքական նավատորմիղի ուժերը մի քանի անգամ գերազանցում էին Լիգայի ուժերին, և ամբողջ Եվրոպան կանգնած էր թուրքական ներժուժման վտանգի առջև: Պիոս Ե Քահանայապետը, որ թուրքերի դեմ պաշտպանության հիմնական առաջամարտիկներից մեկն էր, խնդրեց բոլոր եկեղեցիներում այդ օրը միասնաբար աղոթել Սուրբ Վարդարան և խնդրել Աստվաամոր օգնությունը Լիգայի ուժերի համար: Սուրբ Կույսը ցույց տվեց, որ Ինքը պաշտպանում է իր Սուրբ Եկեղեցին և լսում իր զավակների աղոթքը: Այս հաղթանակից հետո Պիոս Ե Քահանայապետը հոկտեմբերի 7-ը հռչակեց Վարդարանի տոն և ամբողջ հոկտեմբեր ամիսը նվիրվեց Վարդարանի աղոթքին:

     

    Քահանայապետերից շատերն են Վարդարան աղոթել, նրանց թվում՝ Լևոն ԺԳ, երանելի Հովհաննես ԻԳ, Պողոս Զ, Հովհաննես Պողոս Բ: Վերջինս իր «Կույս Մարիամի Վարդարանը» ուղերձում, որը գրել է 2002թ-ին, Վարդարանը լրացրեց Լույսի խորհուրդներով:

     

    Վարդարանը երկմակարդակ աղոթք է: Առաջի մակարդակն իրականացվում է աղոթքի որոշակի տեխնիկայի կիրառմամբ. դա աղոթքի ռիթմիկ կրկնությունն է: Խոսքերի մեղեդայնության ու ռիթմի շնորհիվ սիրտն ու գիտակցությունը ազատվում են մտքերի հոսքից ու զգացմունքներից՝ կենտրոնանալով դեպի աստվածայինը: «Հայր մեր» կամ «Հրեշտակային ողջյունը» աղոթքների խոսքերը մեզ օգնում են սրտով զգալ սրբերի օգնությունը: Կրկնությունը այն մեթոդներից մեկն է, որը մտորման ժամանակ օգնում է հիշել ու զգալ Սուրբ Երրորդության Անձանց ու Սուրբ Մարիամի ներկայութունը: Սուրբ Կույսին անվանակոչելը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է Փրկչի անունը ներթափանցում մեր կյանք:

    Ռիթմիկ կրկնության մակարդակը սերտորեն կապված է համրիչի օգտագործման հետ, որն օգնում է չափել աղոթքի ռիթմն ու կենտրոնանալ…

     

    Վարդարանի խորհուրդներն անվանում են Փոքրիկ Աստվածաշունչ: Դժվար է գերագնահատել այն դերը, որն ունեցել է վարդարանը կաթողիկէ հավատացյալների աստվածաշնչյան գիտակցության ձևավորման վրա: Դրանք հատկապես վերաբերում են Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությանը: Ուրախության խորհուրդները նկարագրում են Աստծո Որդու մարդեղությունը և Հիսուսի մանկությունը: Տրտմության խորհուրդները մեզ մոտեցնում են Նրա չարչարանքներին ու մահվանը: Փառավորման խորհուրդները մեզ հիշեցնում են, որ մեր Հովիվը հարություն է առել: Այնուամենայնիվ, Ավետարանը մնում է չգերազանցված: Մկրտությունը Հորդանանում, Կանայում կատարված առաջին հրաշքը, Բարի Լուրի ավետիսը և դարձի գալու կոչը, Վերափոխումն ու Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը մեզ օգնում են տեսնել, որ Քրիստոսի խորհուրդների  հարստությունը դեռևս բաց է մեր առջև:

     

    Վարդարանը հայոց մեջ

     

    Գերյ. Հ. Մեսրոպ Հայունին (Թոփալեան) Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի՝ «Պսակ  կուսին Մարիամու» առաքելական նամակի իր կողմից հայացուած տեքստի ներածականում գրում է, որ կան պատմական փաստաթղթեր, որոնք փաստում են, թէ հայերի մօտ Վարդարանի աղօթքը շատ սիրուած է եղել արդէն 16-րդ դարի վերջին քառորդից: 17-րդ դարասկզբում Հայաստանում արդէն կատարուել են Աստուածամօրը նուիրուած թափօրներ, որոնց ընթացքում Վարդարան եւ այլ աղօթքներ են ասուել, յատկապէս, Սեբաստիայում, Բրգնիկում, որտեղ Վարդարանը նաեւ ընտանեկան սիրուած աղօթք էր: Նախիջեւանի հայ կաթողիկէ տաճարում 1735-40թթ.-ից Աւագ Խորանը զարդարել է «Սբ. Վարդարանի Տիրամայր» կոչուող իւղապատկերը, որը նախատիպն է իտալական Պոմպեյ քաղաքի ուխտավայրի հրաշագործ սրբանկարի: 1666-1735թթ. ընթացքում եւրոպական քաղաքներում հայերէն հրատարակուած գրեթէ բոլոր քրիստոնէականներում կայ Վարդարանի աղօթքը՝ չորս խորհուրդներով աղօթելու կարգով: Վարդարանի աղօթքի հայոց մէջ տարածման հիմնական ալիքը սկսուեց Մխիթարեան Միաբանութեան հայրերի, յատկապէս, Մխիթար Սեբաստացու, ջանքերով: Սեբաստացին մեծագոյն հայ մարեմասէրներից է, ով հայկական մշակոյթի մէջ ամրացրեց Վարդարանի աղօթքը եւ այլ մարեմական աղօթքներ: 1735թ. Սեբաստացին հրատարակեց Վարդարանի առաջին հայերէն պատկերազարդ մատեանը, որը յետագայում վերահրատարակուեց եւս եօթն անգամ եւ հայ աշխարհում դարձաւ Սուրբ Գրքից եւ Նարեկից յետոյ ամենաշատ տպուած եւ պահանջուած գիրքը: Հայոց մէջ «Վարդարան» բառի առաջին սահմանումը տուել է Մխիթար Սեբաստացին՝ հետեւեալ կերպ. «Պսակը (այսինքն՝ աղօթահամրիչը-խմբ.), որ 150 Ողջոյն Քեզ Մարիամ-ներէն եւ 15 Հայր Մեր-ներէն կը բաղկանայ, կը կոչուի Վարդարան, զոր բարեպաշտները կ’աղօթեն ի պատիւ Կուսին: Անոր համար «Վարդարան» կ’անուանի, որովհետեւ ամէն մէկ «Ողջոյն Քեզ Մարիամ»-ի եւ «Հայր Մեր»-ի համար դրուած հատիկները իբր վարդեր պսակաձեւ շարուած են չուանի վրայ» (Պսակ Կուսին Մարիամու, Զմմառ, 2003):

     

    Նաիրա Բաղդասարյան

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց