• Գիշերվա մթության մեջ ծովի վրայով քայլելով մեզ մոտ է գալիս Տերը

    Զրույց՝ մենության մասին, մաս 2


    Սիրելինե՛ր, այսօր ևս շարունակելու ենք խոսել մենության թեմայով: Անցած հանդիպմանը հասանք մի շատ կարևոր հանգրվանի՝ այն համոզման, որ մենության ճնշող զգացումը, հուսահատությունը փարատելու ամենակարևոր ճանապարհը Աստծո հետ մտերմություն հաստատելն է: Փաստեցինք, որ առանց Աստծո կյա՛նքն է մենության ամենասարսափելի տեսակը և մյուս բոլոր տեսակ մենության, լքվածության, հուսահատության զգացումների արմատը: Ուրեմն, եթե կարողանանք մեր սրտերում և հոգիներում գտնել կամ վերագտնել Աստծո ներկայությունը, ապա կգտնենք նաև մենության հաղթահարման ամենավստահելի ճանապարհը: Խոսեցինք նաև այն մասին, որ մարդ արարածը ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ, այսինքն ունի բանականություն, ազատ կամք և հավիտենական կյանքի փափագը: Եվ Աստծո պատկերը և նմանությունը մեր մեջ աղավաղված է մեր մեղքերի, անտարբերության, անհավատության պատճառով: Հարկ է, որ յուրաքանչյուրս մտածենք մեր մեղքերի մասին, խոստովանենք Աստծո առաջ, որ մեր սրտերում մաքրվի, հստակեցվի մեր եսի նմանությունը Աստծուն: Աստծո նմանությունը մարդու մեջ լիակատար ձևով ցույց է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսը, քանի որ Ի՛նքն է կատարյալ մարդու այն գերագույն և եզակի օրինակը, ում մեջ Աստծո պատկերն ու նմանությունը մաքրագործված է, անաղարտ, լիակատար, որովհետև Հիսուսի մեջ անբաժանելի և ճմարտագույն կերպով միացած են Աստված և մարդը: Հիսուս Քրիստոս Իր Անձի մեջ հաշտեցրեց մարդուն Աստծո հետ, Իր Անձի մեջ ցույց տվեց և շարունակում է ցույց տալ, թե Աստված որքա՜ն է սիրում է իր յուրաքանչյուր զավակին, նաև՝ նրանց, ովքեր զանազան մեղքերի մեջ են և քայլ չեն անում՝ Աստծուն մոտենալու համար: Հիսուս Քրիստոս խաչի վրա Իր աստվածային և մարդկային կյանքը զոհեց յուրաքանչյուրիդ համար, որպեսզի դուք հասկանաք, թե Աստծո գթությունը սահմաններ չի ճանաչում: Հիսուս հոգեվարքի մեջ անգամ ներեց նրանց, ովքեր խաչեցին իրեն և աղոթեց նրանց համար. «Հա՛յր, ներիր սրանց, քանի որ չգիտեն, թէ ինչ են անում»:

    Հիսուս՝ որպես Աստծո գթության կատարյալ մարմնավորում, մեզ միշտ հիշեցնում է, որ մենք մենակ չենք, որ Ինքը միշտ մեզ հետ է, թեկուզ հաճախ այդ մասին մոռանում ենք կամ չգիտենք: Աստծո ներկայությունը մեր մեջ վերագտնելու ամենահեշտ ճանապարհը զգալն ու հասկանալն է, թե Աստված որքա՜ն շատ է սիրում յուրաքանչյուրիս: Այդ անվերապահ, անպայմանական, առանց սահմանների սերն է, որ ձեզ յուրաքանչյուրիդ մղելու է դեպի այն գիտակցությունը, որ դուք մենակ չեք, որ Աստված միշտ ձեզ հետ է:

     

    Ավետարաններում կա մի դրվագ, երբ Հիսուս իր աշակերտների հետ նավակ է մտնում, և սկսում են նավարկել ծովում: «Եւ ահա ծովի վրայ մի մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր: Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»: Նրանց ասաց. «Ինչու՞ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ վեր կենալով՝ սաստեց հողմերին եւ ծովին եւ մեծ խաղաղութիւն եղաւ: Եւ մարդիկ զարմացան եւ ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան» Մտթ. 8, 23-27:

     

    Այդ նավակը, որի մեջ Հիսուս իր աշակերտների հետ նավարկում էր, կարող եք մտածել, որ ձեր անձերն են, ձեր հոգիները, ձեր սիրտը, որտեղ դուք ընդունել եք կամ դեռ նոր պիտի ընդունեք Հիսուսին: Նա հանգիստ ննջում է ձեր սրտերի խորխորատներում, որովհետև Ինքն Իր տեղում է՝ Իր Հայր Աստծո գեղեցիկ և եզակի մի արարչագործության գողտրիկ անկյունում, թեև հաճախ մոռացված է, որովհետեւ աշակերտների նման վախեցած ենք կյանքի մրրկահույզ ծովի ալիքներից, որոնք հաճախ լցվում են մեր հոգիներից ներս՝ իրենց գայթակղություններով, աղտեղություններով հանդերձ: Մեր հոգիներն ու սրտերը նվաղում են, մենք հուսահատ ենք, սարսափած, մտածում ենք, որ ուր որ է՝ խորտակվելու ենք, իսկ Հիսուս հանգիստ ու անվրդով քնած է: Մենք վախենում ենք, որովհետև մոռացել ենք, որ մեզ հետ է Ինքը՝ արարչագործության, տիեզերքի, տարերքի տերը և արարիչը՝ իր սիրով ու հոգատարությամբ, որ թեև թվում է քնած, բայց երբեք չի մոռանում մեզ, իսկ մենք մոռանում ենք: Եվ Նրան հիշում ենք միայն այն ժամանակ, երբ զգում ենք, որ կյանքը կուլ է տալիս մեզ, որ մնացել ենք մենակ բաց, փոթորկալից ու սահմռկեցուցիչ ծովում, կատարելապես լքված մարդկացից ու անուժ: Ու այդ ժամանակ աշակերտների նման վազում ենք մեր խնդրանքներով արթնացնելու Հիսուսին, որ սակայն ավելի լավ գիտի, թե մեզ ինչ է պետք, նախքան, որ մի բան խնդրենք իրենից: Եվ Հիսուս իր անսահման համբերությամբ, իր սիրով արթնանում է և կատարում մեր խնդրանքը, մեր հոգու փոթորիկը խաղաղվում է, որովհետև կյանքի Տերն է միջամտում: Կյանքը դարձյալ շարունակվում է, իսկ մենք դարձյալ մոռանում ենք, որ Տե՛րն էր, որ խաղաղեցրեց մեր կյանքի փոթորիկը, ոչ թե մենք կամ ուրիշները, որ Տե՛րն է մեր միակ հույսն ու ապավենը, որ Տե՛րն է միակ անդավաճան ընկերը, ծնողը, որ միշտ մեր կողքին է, թե հոգեպես և թե ֆիզիկապես՝ որպես Աստված և մարդ, որ ամբողջովին հասկանում է յուրաքանչյուրիս հոգսը, վախը, թերահավատությունը, անտարբերությունը, անհավատությունը, բայց և ուրախանում է, երբ մեկն անկեղծորեն զղջում է և վերադառնում Իր գիրկը:

    Մեկ այլ դրվագում (Մտթ. 14, 23-32), երբ աշակետները նավարկում էին առանձին, իսկ Հիսուս մնացել էր լեռան վրա՝ միայնակ աղոթելու, նավակը քամուց դես ու դեն էր քշվում, քանի որ քամին դիմացից էր: Ծովը դարձյալ մեր կյանքն է, քամին՝ դժվարությունները, որ երբեմն չեն թողնում, որ առաջ շարժվես, որ կյանքդ շարունակվի: Բայց ահա՛, ինչպես կարդում ենք Ավետարանում, գիշերվա ուշ ժամին «Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ»: Երբ աշակերտները տեսան, տագնապահար եղան՝ մտածելով, թե մի ուրվական է: Իսկ Հիսուս խոսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ե՛ս եմ, մի վախեցէք»: Գիշերը մարդս միշտ ավելի խոցելի է, միշտ դժվարությունները, հիվանդությունները, զանազան տանջող մտքերն առավել ծանրանում են գիշերը, խավարում: Բայց գիշերվա մթության մեջ միշտ ծովի վրայով քայլելով մեզ մոտ է գալիս Տերը և Իր լույսով ցրում է խավարը, ցույց է տալիս, որ ճիշտ ինչպես Իրեն չի կարող սուզել ծովը, այդպես էլ յուրաքանչյուրս, եթե հավատանք ու վստահենք Իրեն, հիշենք Իր ներկայությունը մեր կյանքում, մենք էլ կարող ենք քայլել ծովի վրա ու երբեք չսուզվել՝ Իր օգնությամբ, հայացքներս միայն Իրեն հառած, չշեղվելով, չերկմտելով Պետրոսի նման: Պետրոսը ևս վստահեց Հիսուսին, ջանաց գնալ դեպի Հիսուսը, բայց քայլելիս տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց. «Տէ՛ր, փրկիր ինձ»: «Թերահաւա՛տ, ինչու՞ երկմտեցիր».-ասաց Հիսուս: Երկմտանքը, վախը, թերահավատությունը միշտ բերում են հուսահատության, անինքնավստահության, մեկուսացման, մենության, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստյան, անտարբերության: Իսկ որպեսզի չվախենանք, Հիսուս ծովի ալիքների վրա կանգնած յուրաքանչյուրիս ասում է՝ «Արի՛»: Եթե իսկապես ուզենանք լսել Հիսուսի ձայնը ծովի ալիքների, փոթորկի աղմուկի մեջ, անպայմանորեն կլսենք, անգամ եթե Հիսուս շշնջա, որովհետև Նրա ձայնը մեր սրտում է հնչում, Հիսուս մեր սրտերի մեջ է և միշտ ասում է «Արի՛»: Հիսուս կանչում է Իր ետևից, ասում է «Սրտապնդվեցե՛ք, ես եմ», Ինքն է, որ միշտ կա և մեր կողքին է, ուրիշ ոչ ոք, Իր հավիտենական գոյությունն է, որ հաստատում է մեր սրտերը և հրավիրում առաջ լողալ, անվախ քայլել ծովի ալիքների վրայով, անգամ խավարի մեջ, այս աշխարհի գիշերվա մեջ, քայլել դեպի Ինքը՝ հայացքներս սևեռած իր սուրբ հայացքին, որի մեջ անսհաման սեր կա, հոգատարություն կա, սպասում և կարոտ կա: Դեպի Հիսուս քայլելիս՝ չպետք է նայենք փոթորկին, քամիներին, ալիքների բարձրությանը, այլ՝ միայն ու միայն Հիսուսի սուրբ դեմքին, որից լույս, ներդաշնակություն և հանդարտություն է ճառագում, հանդարտություն, որը մտնելու է մեր սիրտը և հոգին. «Եւ երբ նամակ մտան, ծովը հանդարտվեց»: Երբ մենք անօգնական ենք զգում Պետրոսի նման և թերանում ենք հավատքի մեջ, մարդկայնորեն թուլություն ենք ցուցաբերում, վախենում ենք, չենք կարողանում լսել Հիսուսի ձայնը ալիքների աղմուկի մեջ, դարձյալ Պետրոսի նման միշտ կարող ենք աղաղակել. «Տե՛ր, փրկի՛ր»: Եվ Հիսուս, որ նայում է մեզ, անպայման լսելու՛ է մեր աղաղակը, ինչպես միշտ, մեկնելու՛ է իր ձեռքը և բռնելու է մեզ հոր նման, ընկերոջ նման, որ միշտ կողքիդ է նեղության պահին: Եվ երբ բռնում ենք Նրա ձեռքը, ծովն այլևս հանդարտվում է, որովհետև արարիչն Ի՛նքն է օգնության հասել մեզ: Ուրեմն, ամեն դեպքում՝ կարողանանք հավատալ, թե ոչ, Հիսուս քայլելով գալիս է դեպի մեզ և միշտ պատաստ է զորացնել մեր հավատքը:

     

    Մի անգամ Հիսուսի մոտ բերեցին մի դիվահար երեխայի, որին Հիսուսի աշակերտները չէին կարողացել բուժել, և տղայի հայրը ասաց Հիսուսին. «Եթե մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէր, գթալով մեզ»: Հիսուս պատասխանեց. «…ամեն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: Իսկ երեխայի հայրը պատասխանեց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը» (Մրկ. 9, 15-23):

     

    Մեզնից շատերն այսօ՛ր և այստե՛ղ կարիքն ունենք պարզ ճակատով Հիսուսին ասելու այս նույն խոսքերը՝ հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը:

     

    Սա՛ է մենությունը հաղթահարելու, Աստծուն՝ որպես ընկեր վերագտնելու միակ ճանապարհը:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    Հայկական Կարիտասի տարեցների ցերեկային խնամքի կենտրոն

    14 մարտի, 2019թ.

Օրացույց

Օրացույց


Recent Comments