• Քահանայի աղոթքը. հեղինակ`Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյան

    Սրտից բխած մի աղոթք, որ տասնհինգամյա քահանայագործության մի գեղեցիկ պտուղ է։


    Քահանայի աղօթք
    -Տէր իմ Յիսուս Քրիստոս ահա կանգնած քո սուրբ սեղանի առջեւ:

     

    -Ես, որպես այլ ոմն Քրիստոս, պատրաստ եմ մասնակցել քո զոհաբերութեանը:

     

    -Ես որ ուզում եմ նմանուել քեզ, խորհում եմ արդեօ՞ք արժանի եմ լինել քեզ նման:

     

    Ստացայ շնորհը հետեւելու քեզ, բայց կեանքի առօրեայ մտահոգութիւններն ու տենչանքները խանգարում են նմանուելու Քեզ, դու, որ ուրացար անձդ, պիտի կարողանա՞մ յաղթահարել աշխարհի փորձութիւնները:

     

    Ինքս ինձ հարց եմ տալիս թէ միացա՞ծ եմ քեզ հետ, թէ աշխարհն աւելի կարեւոր եմ գերադասում քան Քեզ:

     

    Օգնի՛ր տէր իմ, հասկանալու եւ ըմբռնելու քո խօսքերը որ ասում են. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը` կայսեր, իսկ Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22, 21): Խնդրում եմ, հեռո՛ւ վանիր այն ամէնից, որն անարժան է դարձնում ինձ մերձենալու քո կենդանի Մարմնին եւ Արեանը:

     

    Քո օրինակով սովորեցրիր մեզ չփափագել գրաւել առաջին աթոռները` յուշելով, որ առաջինները լինելու են վերջինը, իսկ վերջինները առաջին:

     

    Ունենալու, տիրելու, արժեւորուելու մարմաջը կլանել է ինձ: Ցոյց տուր ճշմարիտ ուղին որպէսզի հեռու մնամ այս փորձութիւններից:

     

    -Տէր իմ Յիսուս Քրիստոս, աւելացրու շնորհը որ տուեցիր ինձ որպէսզի աներկիւղ եւ մաքուր սրտով ու հոգով ասեմ․

     

    -Առէ՛ք կերէ՛ք այս է իմ մարմինը եւ արիւնը, որը տրւում է ձեր մեղքերի թողութեան համար:

     

    -Ուժ տուր հասկանալու, արժեւորելու այն շնորհը, որ ստացայ իմ ձեռնադրութեան պահին:

     

    -Տէր իմ Յիսուս Քրիստոս, ես մէկն եմ քո աշակերտներից, որոնք չհասկանալով հանդերձ քո աստուածային ուսուցումները, հաւատարմօրէն հետեւեցին քեզ: Ամրապնդիր իմ մէջ քեզ նմանուելու ցանկութիւնը: Տո՛ւր ինձ ուժ, համբերութիւն եւ յարատեւութիւն, հեռո՛ւ վանիր նախանձը, ատելութիւնը, բարկութիւնը, թշնամանքը, նենգութիւնը, բանսարկութիւնը, փառասիրութիւնը, որկրամոլութիւնը, հպարտութիւնը, դրամասիրութիւնը, դատարկաբանութիւնը, չարախօսութիւնը, առաջինը լինելու ցանկութիւնը:
    Սերմանի՛ր բարի սերմեր իմ սրտում, որպէսզի դիմացինին մէջ տեսնեմ քո հարազատ պատկերը: Տո՛ւր որ արժանի լինեմ ծառայել քեզ խոնարհութեամբ, սիրով, աներկիւղ, որպէսզի երբ իմ ձեռքերի մէջ առնեմ քո անարատ մարմինն ու արիւնը, մասնակից դառնամ քո փրկչագործութեան խորհրդին.

    ամէն։

     

    Հեղինակ`Տ. Գրիգոր ավ.քհնյ. Մկրտչեան

     

    2016թ. դեկտեմբերի 31-ին լրացավ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի քահանայական ձեռնադրության 15 ամյակը։

    Շնորավորում ենք Արժանապատիվ Տեր Հորը և մաղթում աղոթական առավել բեղուն ստեղծագործական կյանք, քաջառողջություն և բազմապատիկ նվիրվածություն` Տեր Հիսուս Քրիստոսի հավիտենական քահանայագործությանը։

Օրացույց

Օրացույց