• «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես».ամենօրյա քարոզներ

    Քրիստոս Իր Եկեղեցին կառուցում է՝ հիմնվելով յուրաքանչյուրիս վրա:


    14 սեպտեմբերի, 2016թ.

     

    Այսօրվա ավետարանական հատվածում Հիսուս աշակերտներին հարցնում է, թե մարդիկ ինչ են ասում Մարդու Որդու մասին: «Մարդու Որդի» արտահայտությունը Հիսուս իր մասին օգտագործում է շատ տեղերում: Այս արտահայտությունը հատուկ իմաստային երանգ ունի Դանիելի մարգարեության մեջ (Դն., 7:13-14), որը Եկեղեցու հայրերը, հատկապես, Եփրեմ Ասորին, մեկնում են Օծյալի՝ Մեսիայի իմաստով: Այս կարծիքը հիմնավորվում է նրանով, որ Հիսուս օգտագործում է այն Իր մասին բազում անգամներ: Բայց հրեաները չէին հասկանում նրա ինքնությունը: Տեր Հիսուս գիտեր, իհարկե, թե ինչ էին մտածում հրեաները և թե ինչ էին մտածում աշակերտները, որովհետև տեսնում էր բոլորի սրտերը: Բայց այդ հարցով ուզում էր աշակերտներին պատրաստել ամենակարևոր հարցին՝ թե ինչ են իրե՛նք մտածում իր մասին.

     

    «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես», Մտթ., 16:15:

     

    Կարևոր էր, որ աշակերտներն իրե՛նք ճիշտ կարծիք կազմեին իրենց Վարդապետի մասին, ով իրենց ներկայությամբ բազում գործեր էր գործել, տվել էր նաև իշխանություն՝ դևեր հանելու և բժշկելու հիվանդներին՝ Իր անունով: Նա ուզում էր, որ աշակերտներից յուրաքանչյուրը ինքը անձամբ խորհրդածեր և հասկանար, թե ո՞վ է Ինքը՝ իրենց համար, որովհետև նրանց էր տրված Երկնքի Արքայությունը քարոզելու կոչումը, Եկեղեցին կառուցելու մեծ գործը: Նրանց կարծիքը պետք է այլ լիներ, որովհետև նրանք վայելում էին Փեսայի ներկայությունն իրենց մեջ և նրա շնորհների կրողներն էին: Բայց արդյո՞ք նրանք հասկանում էին իրենց Վարդապետի տարբեր լինելը Եղիայից, Երեմիայից կամ Հովհաննես Մկրտչից: Ինչպես շատ այլ անգամներ, Սիմոնն է առաջինը պատասխանում՝ աստվածային հատուկ մի շնորհով զորացած.

     

    «Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծու Որդին», Մտթ., 16:16

     

    Պետրոսին Աստծո շնորհով հայտնվում է, որ Մարդու Որդին Քրիստոսն է՝ Կենդանի  Աստծո Որդին: Այդ պարզ ձկնորսը, աստվածային հայտնությամբ, հասկանում է, որ Մեսսիան, որին սպասում են հրեաները, Աստծո Որդին է, կամ Դանիելի «Մարդու Որդին», որի «թագավորութիւնը չի կործանուի» (Դն., 7:14): Աշակերտների, և հատկապես, Պետրոսի համար Հիսուս՝ Մարդու Որդին, եղավ Աստծո «Կենդանի» լինելու նշանը, իրենց մեջ լինելու նշանը: Պետրոսը կարող էր այլևս ասել, որ Աստված ոչ միայն իրենց հավատքի հայրերի՝ «Աբրահամի, Իսահակի և Հակոբի», այլև իրենց Աստվածն ու Տերն էր, որ եղավ իրենցից մեկը, «մարդու կերպարանք առավ» և որ պետք է «խոնարհվեր մինչև մահ՝ խաչի վրա» (Փիլ., 2:7):

    Հիսուս երանի տվեց նրան, ինչպես երանի է տալիս իր լեռան քարոզի ժամանակ.

    «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է», Մտթ., 16:17,

     

    «Երանի՛ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» Մտթ., 5:8:

     

    Պետրոսը տեսավ Աստծու ներկայությունը և խոստովանեց, մյուսներն էլ կիսեցին նրա հավատքը: Նա իր խոստովանության համար, ըստ աստվածային նախախնամության, արժանացավ ավելի բարձր պատվի.

     

    «…Դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում», 16:18:

     

    Պետրոսը ստացավ մի իշխանություն, որի արժեքը սկսեց հասկանալ միայն Քրիստոսի փառավորվելուց և Սուրբ Հոգու էջքից հետո: Նա արժանացավ «երանի՛», «վէմ եկեղեցւոյ» բառերին՝ առանց վաստակելու դրանք, բայց՝ ի տես իր գալիք վաստակների և աստվածային անսահման ողորմությամբ, առանձնահատուկ մի շնորհով, որով հարստացած, հետագայում պետք է հաստատեր իր եղբայրներին, ըստ Հիսուսի պատվիրանի.

     

    «Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին», Ղկ., 22:31։

     

    Պետրոսն այդ ժամանակ դեռ չէր հասկանում, թե ինչ են նշանակում իրեն ասված այդ և շատ այլ խոսքերը: Բայց արդեն Հոգեգալուստից հետո լսում ենք, թե ինչպես է Պետրոսը քարոզում հրապարակավ.

     

    «Արդ Իսրայելի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան եւ Տէր եւ Օծյալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք», Գործք, 2:36:

     

    Աստծո՝ մեզ տրված խոստումները երբեք չեն ուշանում իրականանալ, միայն թե պետք է հավատալ, ինչպես ասում է Եղիսաբեթը Մարիամին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն վերագրի Հիսուսի այդ գոյաբանական, կենսական նշանակություն ունեցող հարցը՝ «Ո՞վ եմ ես քեզ համար»: Ի՞նչ տեղ ունի այդ հարցը մեր կյանքում՝ Եկեղեցու մեջ: Ի՞նչ ունեմ անելու Քրիստոսի համար: Պետրոսը վեմն է, իսկ ե՞ս:

    Գուցե, հարկ է ասել այսպես.

    «Ես Քրիստոսի Մարմնի տաճարի քարերից մեկն եմ, որը, միգուցե, դառնա անկյունաքար, որը շինողներն արհամարհեցին»:

    Քրիստոս Իր Եկեղեցին կառուցում է՝ հիմնվելով յուրաքանչյուրիս վրա՝ որպես Վեմի, ոչ այն առանձնահատուկ եկեղեցական իշխանությամբ, որը տրված է Պետրոսին և նրա հաջորդին՝ Սրբազան Քահանայապետին, բայց մենք յուրաքանչյուրս պետք է մեզ ընդունենք որպես մի վեմ, որի վրա, որի առաքելությամբ պետք է բարձրանա Տիրոջ տաճարը: Վեմ, որն իր ուսերին ունի պատասխանատվություն, պատ կրելու, խաչ տանելու պատրաստակամություն, իսկ ուժ կտա ինքը՝ Քրիստոս:

     

    «Իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը թեթեւ»:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց