• «Զգո՛յշ եղէ՛ք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ երբ է ժամանակը». Գալստեան կիրակի

    Երբ ուրիշի մեջ գտնում ենք Հիսուսի դեմքը, Նրա պատկերը ամբողջանում է նաև մե՛ր հոգու մեջ: Սա՛ է Հոր օրհնությունը իր զավակներին, որը վաստակելը պետք է լինի մեր գերագույն նպատակը, երբ մտածում ենք Տիրոջ երկրորդ գալստյանը պատրաստ լինելու մասին:


    Մեծ Պահոց Զ կիրակին կոչվում է «Գալստեան կիրակի»՝ մեզ հիշեցնելու համար նախ Տեր Հիսուս Քրիստոսի առաջին գալուստը, որը սկիզբ առավ Մարդեղության խորհրդով և իր լրումին հասավ Քրիստոսի երկրային կյանքի ավարտով և ապա հրաշափառ Հարությամբ՝ մեզ կտակելով Սուրբ Եկեղեցին՝ որպես դեպի Երկինք առաջնորդող փրկության տապան: Գալստյան կիրակին մեզ նաև առիթ է տալիս մտածելու Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, որ լինելու ժամանակների վախճանին, որի օրն ու ժամը չգիտի ոչ ոք, ոչ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը, ինչպես ասում է Հիսուս և շարունակում. «Զգո՛յշ եղէ՛ք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ երբ է ժամանակը. ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կտայ եւ իւրաքանչիւրին իր գործը եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի: Արդ արթու՛ն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէ՞ջ գտնի…Ամէնքին եմ ասում՝ արթու՛ն կացէք», Մրկ. 13, 33-37: Տեր Հիսուս Քրիստոս իր երկրորդ գալստյան մասին խոսելիս նախ մարգարեանում է, որ լինելու են պատերազմներ, ազգի ազգի դեմ պիտի ելնի, մեծ աղետներ, սով պիտի լինի և մեծ գայթակղություններ պետք է լինեն, սուտ քրիստոսներ, սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և մոլորեցնեն մարդկանց և Քրիստոսի հետևորդներին պետք է հալածեն: Ապա վելացնում է.

     

    «Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը…», Մտթ. 24, 29-31:

     

    Տիրոջ գալուստը լացի և սուգի առիթ պիտի լինի մեղավորների համար, բայց երջանկության և երանության առիթ՝ Տիրոջ ընտրյալների համար: Իսկ ովքե՞ր են մեղավորները, որոնք դատապարտվելու են երկրորդ մահվան՝ կամ դժոխքի հավիտենական տառապանքներին, և ովքե՞ր են Տիրոջ ընտրյալները, որոնք հավիտենապես բակվելու են Տիրոջ Սուրբ Աթոռի առջև, հրեշտակների հետ միասին: Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում գտնում ենք Հիսուսի երկու առակներ և ապա վերջին դատաստանի նկարագրությունը, որոնք տրամաբանական զարգացման մի շղթա են կազմում, որն օգնում է հասկանալ Տիրոջ երկրորդ գալստյան խորհուրդը:

     

    Առաջին առակը տասը կույսերի մասին է, որոնցից հինգը իմաստուն էին, հինգը՝ հիմար: Նրանք պետք է դիմավորեին փեսային և հարսին:

     

    «Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին։ Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»։ Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»։ Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։ Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։ Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը», Մտթ. 25, 3-13։

     

    Այս պատմության մեջ փեսան Տեր Հիսուս Քրիստոս Ինքն է, որ իր կյանքը տվեց Իր Եկեղեցու համար, որպեսզի այն մաքրի այն ամեն տեսակ աղտեղությունից՝ որպես հարս: Քրիստոսի և Իր Սուրբ Եկեղեցու միությունը հարսանեկան միություն է (Հմմտ.՝ Եփս. 5): Հովհաննեսն իր Հայտնության մեջ գրում է. «Երանելի՜ են բոլոր նրանք, ովքեր կանչուած ենք Գառան հարսանիքի ընթրիքին…», Յյտն. 19, 9: Հինգ իմաստուն կույսերը գիտակցում էին Գառան հարսանիքին մասնակցելու երանությունը և նախօրոք պատրաստել էին իրենց լապտերները, որոնք խորհրդանշում են իրենց սիրտն ու հոգին, որոնց ձեթը Սուրբ Հոգու ներկայությունն է և իրենց սրբակեցությունը, իրենց հավատքի ուժը, որ կարող է ապահովել լույս՝ իրենց ճանապարհի համար: Իսկ հինգ հիմար կույսերը չէին կարողացել հասկանալ Գառան հարսանիքի արժեքը իրենց համար և նախապես ձեթ չէին վերցրել, այսինքն՝ չէին պատրաստել իրենց հոգիները, չէին լցվել Սուրբ Հոգով, անհոգ ու անփույթ էին եղել, հետևաբար, դուրս մնացին Գառան հարսանիքի ընթրիքից: Երկնային այդ հարսանեկան ընթրիքի նախապատկերը Սուրբ Պատարագի ընթրիքն է, որին մասնակցելո՛վ միայն կարող ենք  ձեթ ունենալ մեր լապտերներում: Սուրբ Հաղորդությու՛նն է այն ճշմարիտ ձեթը, որ միշտ վառում է մեր սրտի լապտերները և լույս տալիս մեր ճանապարհին:

     

    Երկրորդ առակը երեք ծառաների մասին է, որոնցից միայն երկուսն արժանացան Տիրոջ գովասանքին: Այս առակը ևս հատուցման մասին է, որը կլինի Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ: Առակը հետևյալն է.

     

    «…մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց։ Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց։ Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց։ Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց։ Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ։ Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»։ Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»։ Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. Դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է։ Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում», Մտթ. 25, 14-30:

     

    Այս առակով Հիսուս մեզ ցույց է տալիս մարդկանց, ովքեր գնահատում են իրենց աստվածատուր պարգևները՝ շնորհները, տաղանդները, հատուկ կարողությունները, երկրային բարիքները, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել և բազմապատկել, հինգը դարձնելով տասը, կամ երկուսը՝ չորս: Սրանք Տիրոջ այն ծառաներն են, ովքեր հասկանում են, որ ինչ որ իրենք ունեն, Աստվա՛ծ է պարգևել իրենց, և ոչ թե թաքցնում են դրանք, ինչպես երրորդ ծառան, որ տարավ և քանքարը թաղեց հողի մեջ, այլ առավելագույն ձևով զարգացնում և դրսևորում են այդ պարգևների մեջ թաքնված հնարավորությունները՝ օրինակ, հոգևոր շնորհներն օգտագործելով սեփական սրբության և ուրիշներին հոգևորապես օգնելու համար, մեղքից հեռու մնալով, զղջման, ապաշխարության դժվարին ճանապարհ անցնելով, կամ ժրաջան աշխատանքով զարգացնելով մտավոր, ֆիզիկական կարողությունները, տաղանդները և դրանք օգտագործելով ոչ միայն սեփական ինքնադրսևորման, այլև՝ ուրիշների բարիքի համար և, վերջապես, հարստացնում, գեղեցկացնում են նյութական հարստությունները, բնական միջավայրը, որտեղ ապրում են, և դրանից բաժին հանում նաև աղքատ եղբայրներին ու քույրերին: Իսկ այն երրորդ ծառան ծույլ էր, անտարբեր. նա չուզեց ավելացնել Տիրոջից ստացած շնորհները, կարողությունները, չգնահատեց այն, ինչ տվել էր Տերը և նույն ձևով ետ վերադարձրեց Տիրոջը: Բայց Աստված մեր կյանքը չի նվիրում մեզ՝ այն նույն ձևով ետ պահանջելու համար, այլ նվիրում է՝ փափագելով, որ աճեցնենք ու գեղեցկացնենք այն, ոչ թե սառնասրտորեն ետ վերադարձնենք Իրեն, այլ՝ սիրով և երջանկությամբ, առատաձեռնորեն այն ընծայաբերենք Իրեն՝ Իր մոտ և Իր հետ միասին ապրելու գերագույն նպատակով և սպասումով, ճիշտ ինչպես Ինքն է առատաձեռնորեն նվիրել մեզ մեր կյանքը և կամենում է, որ մենք ապրենք Իր աստվածային երջանկության մեջ:

     

    Թե ինչպես պետք է ապրենք մեր կյանքը և ինչպես պետք է մեր ունեցածը կիսենք մերձավորի հետ, լավագույն կերպով Հիսուս բացատրում է վերջին դատաստանի մասին պատմությամբ.

     

    «Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք», Մտթ. 25, 31-46:

     

    Տեր Հիսուս Քրիստոս անդրանիկ եղբայրն է բոլոր նրանց, ովքեր կարիքի մեջ են, ովքեր մեր օգնությանն են աղաղակում, ում հանդեպ աշխարհը անտարբեր է, ովքեր լքված են և ովքեր սպասում են մխիթարական խոսքի, սիրո քայլերի, ջերմ ժպիտների, քաջալերանքի, մեկ բաժակ սառը ջրի, մեկ կտոր հացի կամ դեղորայքի, հագուստի: Երբ օգնում ենք մեկին՝ հարգելով նրա արժանապատվությունը, քաջելերով և վստահություն ներշնչելով մարդու և Աստծո հանդեպ, մենք շարունակում ենք մեր անդրանիկ եղբոր՝ Տերի Հիսուս Քրիստոսի սիրո գործը, հույսի քարոզչությունը, փրկության Ավետարանի ազդարարումը, Աստծո թագավորության հռչակումն ու կառուցումը մեր մեջ, մենք կառուցում ենք Հիսուսի Խորհրդավոր Մարմինը, որ Սուրբ Եկեղեցին է, մենք սովորում ենք յուրաքանչյուր մարդ արարածի մեջ տեսնել ու սրբագործել Արարչի թանկարժեք պատկներն ու վերականգնում ենք նմանությունը, որը մարդկային արժանապատվության արմատն է ու պատճառը, մենք սովորում ենք յուրաքանչյուրի մեջ այդպիսով տեսնել Հիսուսի դեմքը, որ Աստծո կատարյալ պատկերն է՝ մարդու մեջ, մարդու և Աստծո լիակատար հաշտությունն ու ներդանակությունը: Երբ ուրիշի մեջ գտնում ենք Հիսուսի դեմքը, Նրա պատկերը ամբողջանում է նաև մե՛ր հոգու մեջ: Սա՛ է Հոր օրհնությունը իր զավակներին, որը վաստակելը պետք է լինի մեր գերագույն նպատակը, երբ մտածում ենք Տիրոջ երկրորդ գալստյանը պատրաստ լինելու մասին:

     

    Սրբուհի Աստվածամա՜յր, բարեխոսի՛ր մեզ համար՝ այս ճամփորդության ընթացքում՝ դեպի երկրորդ գալուստը Փրկչի. Ամեն:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    7 ապրիլի, 2019թ.

Օրացույց

Օրացույց