«Սիրամոր յոթնախոց Սիրտը օրրան է կյանքի և փրկարար սիրո», Մեսրոպ Հայունի, «Ահա, այսուհետև բոլոր ազգերն ինձ երանի կտան, որովհետև Հզորը մեծամեծ գործեր արեց ինձ համար», էջ 23, Այնճար, 2015
Աստվածամոր յոթ վերքերի ջերմեռանդության նպատակը Հիսուս Քրիստոսի չարչարանքների մասին խորհրդածելն է և դրանց միանալն է՝ Աստվածամոր տառապանքները կիսելու միջոցով: Աստվածամոր տառապանքը հասկանալով և Աստվածամոր բարեխոսությամբ ավելի լավ ենք հասկանում Քրիստոսի չարչարանքների և զոհաբերության իմաստը: Յոթ վերքերի նկարագրությունը հիմնված է ավետարանական պատմությունների վրա: Այս ջերմեռանդությունը Եվրոպայում սկսել է տարածվել 13-րդ դարում՝ Իտալիայում հիմնադրված Մարիամի սպասավորների միաբանության առաքելության շնորհիվ և աստիճանաբար ներթափանցել տարբեր երկրներ ոչ միայն արևմուտքում, այլև արևելյան քրիստոնեության մեջ: Պաշտոնապես Աստվածամոր յոթ վերքերի ջերմեռանդությունը Հռոմի Պիոս 7-րդ Քահանայապետի կոնդակով ճանաչվել է միայն 19-րդ դարի սկզբին՝ 1815թ., թեև Սուրբ Կույս Մարիամի Յոթ վերքերի հիշատակության տոնը նշվում էր դեռևս 17-րդ դարում:
Աստվածամոր յոթ վերքերի աղոթքը շատ սիրված է եղել նաև հայ կաթողիկէ համայնքներում և հարստացրել է հայկական հոգևոր ավանդությունը, հայերի շրջանում տարածվել, հատկապես, Մխիթար Աբբահոր և Մխիթարյան միաբան հայրերի ջանքերով, թարգմանվել հայերեն:
Յոթ վերքերի ջերմեռանդության հայերեն այս տեքստը վերցված է Մխիթարյան միաբան Հ. Ղուկաս Վրդ. Ինճիճյանի, «Աղօթագիրք աշխարհաբար» գրքից, Սուրբ Ղազար, 1849:
Արևելահայերենի վերածեց եւ պատրաստեց՝ Տ. Հովսեփ Գալստյան:
Բեռնել աղոթքի PDF-ը՝ Աստուածամօր եօթը վերքերի աղօթքը
Սիմէոն ծերունու մարգարէութիւնը. «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի» (Ղկ., 2, 35)
Ո՜վ ցաւագին Սուրբ Կոյս Աստուածածին, յիշի՛ր քո առաջին վէրքը, երբ Սիմէոն ծերունու բերանով լսեցիր, թէ այն կուսածին Որդիդ, որին գրկում ես, սիրում ես, մի ժամանակ պիտի գայ, որ հակառակութեան նշան պիտի լինի Իսրայէլի համար, այնպիսի բաներ պիտի տեսնես, որ սիրտդ խոցուի, կարծես թէ սուր խոթէին սրտիդ մէջ: Այս խօսքը լսելուց յետոյ՝ սուրը սրտիցդ չելաւ, Յիսուս դեռ չէր չարչարուել, բայց դու սկսեցիր սրտիդ մէջ խոցուել ու տառապել՝ մինչ նայում էիր Միածին Յիսուսին: սիրտդ, ուրախանալու փոխարէն՝ տագնապում էր, «արդեօք ի՞նչ նեղութիւններ պիտի քաշի որդիս». մտածում էիր դու: Եւ այդ մտածումներով երեսուն եւ երեք տարի տանջուեցիր: Յիշի՛ր տառապանքներդ, ո՜վ Տիրամայր, որ ի՛նձ համար քաշեցիր, որպէսզի ե՛ս փրկուեմ, ե՛ս չկրեմ տառապանք սատանայի ձեռքից. Յիսուս Միածի՛նը յանձն առաւ իմ փոխարէն տանջանք կրելու, Նրանով քե՛զ էլ բաժին ընկաւ կրելու այս վէրքը: Եւ յիշելով առաջին կրած ցաւդ՝ աղաչում եմ, որ այսօր սրտիս մէջ դրոշմես զղջման եւ արտասուքի սուրը, որ մինչեւ մահ երբեք չպակասի իմ սրտից ցաւն ապաշխարութեան, որպէսզի Սուրբ Հոգու շնորհով սկսեմ լացել իմ մեղքերիս համար, որ պատճառ եղան Յիսուսի չարչարանքների, եւ քո՝ դառնապէս վշտերով խոցուելուդ:
Յիսուս ինձ համար թող լինի կանգնելու պատճառ եւ ոչ գլորուելու. Յիսուս թող լինի սրտիս խորհուրդը, մտքիս յայտնութիւնը, մշտական տպաւորութիւնը: Ուզում եմ ապաշխարութեամբ ապրել մնացած կեանքս, որպէսզի առաջին վէրքիդ արդիւնքն իմ մէջ ծաղկի եւ փառաւորուի սրբերի եւ հրեշտակների առաջ:
Հայր մեր…
Ողջո՛յն քեզ Մարիամ…
Փառք Հօր…
Մա՛յր ցաւագին,
Հար ըզսիրտ իմ
Ցաւով քոյին,
Զոր կըրեցեր
Ի տաճարին,
Յորժամ գուժեաց
Քեզ ծերունին
Զանցըս սըրոյն
Ընդ քում անձին:
Փախուստ դէպի Եգիպտոս՝ Յիսուս Մանկան հետ
Ո՜վ ցաւագին ամէնօրհնեալ Կոյս Մարիամ, յիշի՛ր քո երկրորդ վէրքը, երբ Հերովդէսի ձեռքից փախար Եգիպտոս, Սուրբ Յովսէփի հետ երկար ճամփորդութեան նեղութիւնը քաշեցիր, որպէս զի Յիսուսին ազատես Հերովդէսի կոտորածից: Ահա՛, ե՛ս եմ այն Հերովդէսը՝ որ նախ կեղծաւորութեամբ երկրպագել եմ ուզում Յիսուսին, յետոյ՝ սպանել, վա՜յ ինձ. քանի՜ անգամ անարժանութեամբ ընդունելով Սուրբ Հաղորդութեան խորհուրդը, սրտիս մէջ իրապէս ուզել եմ սպանել Յիսուսին:
Բայց դո՛ւ, Տիրամա՛յր, այսօր յիշելով կրածդ տառապանքը, տո՛ւր ինձ մի շնորհք աստուածային: Ինչպէս որ փախար Եգիպտոս, հեռացրեցիր Յիսուսին հալածչի ձեռքից, իսկ հալածանքից յետոյ վերադարձար՝ Յիսուսին հետդ բերելով, շնորհքն էլ, Աստծոյ Արքայութիւնն էլ բերեցիր, բարեխօսի՛ր, որ ես էլ դադարեմ մեղանչել, որ պատճառ է Յիսուսին հալածելու, սրտիցս հանելու: Իմ դադարելովս՝ դո՛ւ էլ Յիսուսին դարձրու՛, բե՛ր կրկին իմ սրտիս մէջ՝ աստուածային շնորհներով հանդերձ, որպէսզի սիրտս Յիսուսի համար բնակարան լինի, եւ քո երկրորդ խոցիդ արդիւնքն ինձ համար էլ շահաւէտ լինի՝ փրկելով ինձ յաւիտենական կորստից:
Հայր մեր…
Ողջո՛յն քեզ Մարիամ…
Փառք Հօր…
Մա՛յր ցաւագին,
Հա՛ր ըզսիրտ իմ
Ցաւով քոյին,
Զոր յԵգիպտոս
Ի փախըստին
Կրեցեր յածել
Զաստուածորդին:
Մարիամը կորցնում է Յիսուսին Երուսաղէմում
Ո՛վ Մայր ցաւագին, բաւական չեղաւ քո առաջին կրածներդ Եգիպտոսի երկար ճամփորդութեան մէջ, այլեւ երրորդ անգամ մեծ վէրք կրեցիր սրտիդ մէջ, երբ կորցրեցիր Յիսուսին Երուսաղէմում՝ մի նոր ճամփորդութեանդ մէջ: Երեք օր սիրտդ տագնապեց՝ մտածելով, թէ ո՞ւր գտնես այդ անկորուստ գանձն աշխարհի՝ Յիսուսին: Երբ տաճարի մէջ գտար, ցաւագին սիրտդ չդիմացաւ եւ մայրական սրտով կրածդ տառապանքը յայտնեցիր Յիսուսին:
Հիմա ի՛մ սիրտն է կորցրել Յիսուսին, բայց ամենեւին հոգ չի անում փնտռելու, այլ սիրտս հիմա մէկ կողմ թողնելով Յիսուսին, Ով միակ հանգստութիւնն ու երջանկութիւնն է արարածների մէջ, օտար տեղերում է փնտռում իր երջանկութիւնը, եւ ոչ թէ՝ Տիրոջ տաճարի մէջ, սուրբ գործերի մէջ, ուստի չի կարող հանգստութիւն գտնել: Յիսուս իր երեսը դարձցրած՝ թաքնուել է ինձանից, չի երեւում: Այսպէս, զրկուած լինելով Յիսուսի հետ հանդիպումից ու զրոյցից՝ հիմա քե՛զ եմ աղաչում, Մա՛յր ցաւագին, ասա՛ Յիսուսին. «Ի՞նչ արեցիր, որդեա՛կ: Ինչո՞ւ թողեցիր այս խեղճ հոգին, որ որոնում է քեզ եւ չգիտի, թէ որտեղ գտնի: Այս ասելով՝ խնդրի՛ր այսօր ինձ համար նոր յարատեւութեան մի շնորհ, որ մեղքերիս համար զղջալուց յետոյ, երբե՛ք չմեղանչեմ եւ մեղքով չկորցնեմ Յիսուսին իմ սրտիցս, այլ միշտ իր հետ բնակակից լինեմ, Հօր տանը՝ տաճարի մէջ, փնտռեմ Յիսուսին: Ուր, որ Նա գտնւում է, ես էլ միշտ այնտեղ մնամ, այնտեղ իր հետ տեսնուեմ՝ ուր, որ կայ աղօթք եւ բարեգործութիւն, հեռու մնամ այն ամէնից, ինչից փախչում է Յիսուս:
Հայր մեր…
Ողջո՛յն քեզ Մարիամ…
Փառք Հօր…
Մա՛յր ցաւագին,
Հա՛ր ըզսիրտ իմ
Ցաւով քոյին,
Զոր առ ի գիւտ
Կորուսելոյ
Կրեցեր Որդւոյդ:
Ո՛վ Մայր ցաւագին, ի՞նչ եղաւ արդեօք սիրտդ, երբ քեզ իմաց տուեցին, որ սիրելի Միածին Որդուդ բռնեցին, չարագործի պէս դատաւորների առջեւ տարան, հրեաների ամբոխը վրան ժողովուած՝ քահանայապետի առջեւ որպէս մահապարտ վճռեցին, ապտակեցին, Պիղատոսի ատեանում ձեռքերը կապեցին, չարաչար ծեծեցին, գլուխը փշով պսակեցին, սուտ թագաւոր ձեւացնելով, ծաղրելով՝ Նրա սուրբ երեսին թքեցին, եւ հիմա պիտի տանեն խաչը հանելու: Սրանք, եթէ մի հասարակ մարդու մասին էլ պատմուեն, ոչ մէկի սիրտը չի դիմանայ՝ որչափ օտար էլ լինի, ուր մնաց՝ Տիրոջ անմեղ Միածնի մասին, երբ Մա՛յրը լսի. այսպիսի կուսածի՜ն Աստուածորդի, եւ այսպիսի Մա՜յր Աստծոյ, Կոյս անապական: Ա՜խ, ի՜նչ խօսքեր են, ի՜նչ խորհուրդներ, ի՜նչ տեսիլ անարգանքի, ի՜նչ տեսիլ չարչարանքների՝ խելք ու մտքից վեր, եւ, սակայն, այսպիսի Մայր լինելով՝ դիմացար, ետեւից գնացիր տեսնելու, որպէս զի դու էլ Յիսուսի չարչարանքի եւ քահանայութեան խորհրդին մասնակից լինես:
Այսչափ մեծ խորհուրդների, այսչափ դառնակսկիծ չարչարանքների պատճառ եմ ես՝ անարգ որդս. ես Բարաբբա մարդասպան աւազակն եմ: Եւ որպէսզի ես՝ Բարաբբաս, փրկուեմ, ինքը՝ Յիսուս, յանձն առաւ իր չարչարանքով զոհուել, պատարագ մատուցուել՝ իմ մեղքերի թողութեան եւ քաւութեան համար: Դու էլ Մա՛յր Աստուծոյ, Որդուդ հետ մէկտեղ կրելով այդ ամէնը՝ գործակից եղար իմ փրկութեանը, մեծ խորհուրդներին տեղեակ ու խելամուտ լինելով՝ Սիմէոն ծերունու խօսքը միտքդ բերեցիր, իմացար, որ Յիսուս Միածինդ անզեղջ հրեաների համար պիտի լինի անկման պատճառ՝ Աստծո Որդուն սպանելով, եւ ինձ նման մեղաւորիս համար պիտի լինի կանգնելու պատճառ՝ փրկագործելով. ինձ համար, որ մեղքերովս կորցրեցի անմեղութիւնս էլ, Յիսուսին էլ, եղայ պատճառ՝ որ Տէր Յիսուսին բռնեցին, չարչարեցին, վերջն էլ խաչել վճռեցին:
Տո՛ւր ինձ, այսօր, յատուկ մի շնորհ եւ օգնութիւն՝ հեռու մնալու փորձութիւններից, չհաւատալու աշխարհիս, մարմնիս, սատանայի խաբէութիւններին:
Հայր մեր…
Ողջո՛յն քեզ Մարիամ…
Փառք Հօր…
Մա՛յր ցաւագին,
Հա՛ր ըզսիրտ իմ
Ցաւով քոյին
Զոր ի տեսիլ
Որդւոյդ կրեցեր,
Մինչ խաչ ի յուս
Բարձեալ տանէր:
Ո՜վ Մայր ցաւագին, ի՜նչ եղաւ սիրտդ, երբ իմանալով Յիսուսի ձերբակալութեան մասին՝ ելար Նրան գտնելու եւ տեսնելու: Կուսածին Յիսուսին աչքովդ տեսար. զաւակդ արիւնլուայ եղած, խաչը շալակած քայլում էր: Նրան շրջապատել էին դահիճներ, զինուորներ, կատաղի, անգութ հրեաներ, օգնում էր միայն Սիմէոն Կիւրենացին, որ խաչի ծայրից բռնած՝ հետն էր գնում, որովհետեւ Յիսուսի վրայ ուժ չէր մնացել հարուածներից, ծեծուելուց, իր սուրբ արիւնը թափելուց: Եւ ահա,՛ տեսար, որ ամենակարող Աստծո մարդացյալ Խոսքը, որ ամբողջ աշխարհն իր ձեռքի վրայ է տանում, ուժը սպառուելուց՝ գետնին ընկաւ աչքիդ առջեւ, իսկ անգութ դահիճները փոխանակ ողորմելու՝ զարկելով ուզում էին վեր բարձրացնել Նրան:
Ա՜խ, ի՞նչ եղաւ արդեօք այն ժամանակ սիրտդ մայրական: Եթէ Երուսաղեմի օտար կանայք, որոնք չէին ճանաչում Նրա աստուածութիւնը, լալիս էին, ողբում, ի՞նչ եղար արդեօք այն ժամանակ դու՛, որ ճանաչում էիր Նրա աստուածութիւնը, Նրա կուսածին լինելը, Նրա սուրբ վարքը, Նրա անմեղութիւնը: Ի՞նչ եղաւ սիրտդ, երբ հայեացքդ Յիսուսի հայեացքին հանդիպեց, ինչպէ՜ս գորովով լցուեց, ճմլուեց սիրտդ:
Մէկ անգամ էլ յիշեցիր Սիմէոն ծերունու խօսքը, եւ Աստուծոյ կամքը՝ մարգարէների բերանով նախապէս ասուած, թէ Աստծո Միածին Որդին այսպէս պիտի չարչարուի, արիւնլուայ լինի, գետնին ընկնի, որպէսզի ամբողջ մարդկութիւնը փրկուի, եւ դու էլ, Յիսուսի հետ միակամ, միաբան, սրտովդ նուիրուեցիր Երկնաւոր Հօրը:
Ահա՛, ե՛ս եմ այդ մեղաւորների գլուխը, ինձ փրկելու համա՛ր Յիսուս այդ խաչը տարաւ, դու էլ Իր հետ միասին խաչուեցիր, իմ չարաչար մեղքերս քաւելու համար Իր հետ խորովուեցիր: Ուրեմն, ո՜վ Մա՜յր Աստծոյ, ոչ իմ արժանաւորութեան համար, այլ միայն Յիսուսի եւ քո կրած տառապանքներդ ի զուր չլինելու համար, այսօր զօրաւոր մի շնորհք հայցի՛ր ինձ համար՝ հինգերորդ վէրքիդ վաստակով, որ Յիսուսի չարչարանքները, խաչուելը ես էլ պարզօրէն տեսնեմ՝ հաւատքի աչքով, մեղքերիս գարշութիւնն իմանամ, ճշմարիտ զղջմամբ ապաշխարեմ: Շնորհք տո՛ւր, որ ես էլ Յիսուսի նման յօժարութիւն ունենամ՝ խաչ կրելու, եւ ինչ խաչ, որ Աստուած ուղարկի՝ սիրով տանեմ, չդժգոհեմ:
Հայր մեր…
Ողջո՛յն քեզ Մարիամ…
Փառք Հօր…
Մա՛յր ցաւագին,
Հա՛ր ըզսիրտ իմ
Ցաւով քոյին,
Զոր ի տեսիլ
Որդւոյդ կրեցեր
Կալով խաչին
Քո առընթեր:
Ո՛վ Մայր ցաւագին, ի՜նչ զարհուրելի տեսարան եղաւ, երբ Յիսուս խաչը շալակած, յոգնած՝ Գողգոթա լեռը հասաւ: Այնտեղ աչքովդ տեսար, որ զինուորները որդուդ սուրբ ձեռքերը ձգելով՝ խաչի վրայ տարածեցին եւ խոշոր գամերով դաժանաբար գամեցին: Ա՜խ, ի՜նչ եղաւ սիրտդ մայրական, երբ գամելու ձայնը լսեցիր. գիտէիր, որ փայտ չէր, որ գամում էին, այլ Մարմի՛նը կուսածին, քո միամօրիկ Միածին Որդուդ ձեռքերն էին, որ տախտակի պէս գամում էին: Գամելուց յետոյ տեսար, որ կուսածին Յիսուսին աւազակի պէս խաչի վրայ բարձրացրին՝ ամբողջ աշխարհի առաջ անարգ մի տեսարան սարքելով, եւ Նրա վիրաւոր մարմնից սուրբ արիւնը հոսում էր գետնի վրայ եւ հողն էր թրջում:
Յիշի՜ր այս բոլոր կրածներդ, Սուրբ Աստուածածին, յիշի՜ր աչքիդ առջեւ եղած ողորմելի տեսարանը, ժամդ ցաւագին, երբ թէ Աստուած հրաշքով չպահէր, հազար անգամ կը մեռնէիր: Եւ յիշելով դրանք՝ բա՛ց շնորհներով իմ հաւատքիս աչքերն էլ, որ ես էլ հասկանամ, զգամ եւ տանեմ քո կսկիծը, երբեք սրտիցս չհանեմ Յիսուսի չարչարանքները, այլ միշտ յիշելով՝ լամ, ողբամ իմ մեղքերը, որոնք պատճառ եղան Յիսուսի չարչարանքներին, եւ քո հազարաւոր վշտերին:
Հիմա, որ ես բոլորովին ապաւինած, փաթաթուած կանգնել եմ այս Սուրբ Խաչի տակ, այսօր կատարեալ թողութիւն առնել տու՜ր իմ մանկութիւնից ի վեր գործած մեղքերիս համար, որովհետեւ երբ աստուածային արդարութիւնը տեսնի Յիսուսի այս չարչարանքները ու կրածդ տառապանքն ինձ համար, գութը կը շարժուի, կ’ողորմի ինձ, եւ ես կ’արդարանամ Յիսուսի չարչարանքների պտուղներով եւ քո վէրքերի միջնորդութեամբ: Եւ այսպէս, սրբերի հետ ընկերանալով՝ յաւիտեան կը փառաւորեմ Ամենասուրբ Երրորդութիւնը, եւ քեզ կը մեծարեմ՝ որպէս Մայր կենաց եւ փրկութեան:
Հայր մեր…
Ողջո՛յն քեզ Մարիամ…
Փառք Հօր…
Մա՛յր ցաւագին,
Հա՛ր ըզսիրտ իմ
Ցաւով քոյին,
Զոր կըրեցեր
Խոցմամբ կողին,
Եւ ըզմեռեալ
Որդւոյդ մարմին
Մինչ ի խաչէն
Վայր իջուցին:
Ո՛վ Մայր ցաւագին, որ Միածին Որդուդ հետ միասին մինչեւ վերջ կրեցիր սրտիդ մէջ այն ամէնն, ինչ որ Յիսուս կրեց իր մարմնով՝ բոլորի՛ս համար: Յիսուս ամէն բան կրելուց յետոյ, իր յաղթանակը տարաւ՝ հոգին աւանդելով Երկնաւոր Հօր ձեռքերում: Բայց քո վէրքերը, Մա՛յր ցաւագին, չաւարտուեցին, մանաւանդ, աւելի՛ սաստկացան, երբ աչքովդ տեսար Յիսուսի մեռնելը, երբ զրկուեցիր Յիսուսի կենդանի տեսիլքից, երբ կենդանի Յիսուսի փոխարէն մեռեա՛լ Յիսուսին աչքիդ առջեւ խաչից իջեցրին, գիրկդ տուեցին՝ բոլորովին խոցոտուած, արեան մէջ թաթախուած, յետոյ քեզնից յափշտակեցին եւ տարան ու դրեցին գերեզմանի մէջ:
Ա՜խ, յիշի՛ր այն ցաւագին ժամը, ով Մա՜յր ցաւերի. որչա՜փ փոխուած տեսար մարմինը Որդուդ, ո՜ր վէրքին էիր նայում, արդեօք փշեղէն պսակի՞ն, թէ՞ ձեռքի ծակերին, թէ՞ ոտքին ու կողին եւ մարմնի պատռուածքին: Ի՞նչ եղաւ այն ժամանակ սիրտդ, ո՛վ Մայր ծով վշտերի, յիշի՛ր որ, բոլոր վշտերդ ի՛մ եւ բոլորիս պատճառով կրեցիր:
Հիմա ես՝ գլուխս մեղաւորների, մեղքերիս ծանրութիւնից յուսահատ, ահա այն սոսկալի օրն եմ յիշեցնում քեզ, ով Մա՛յր ողորմութեան: Մեծ են Յիսուսի եւ քո կրածները, մի՛ թող, որ մեղքերս ունայն դարձնեն այդ տառապանքը, անտանելի են այն կսկիծները, որոնք կրեցիր սրտիդ մէջ, անպտուղ մի՛ թող իմ չարութեան պատճառով: Այլ ի խորոց սրտի աղաչում եմ, հոգա՛ իմ փրկութեան համար, որովհետեւ եթէ ես միայնակ մնամ, չեմ կարող փրկուել, դո՛ւ ես իմ միակ յոյսը:
Ո՜վ Մա՜յր Աստծոյ, Թագուհի՛ Երկնքի եւ երկրի, եւ գանձարա՛ն Յիսուսի շնորհների, երբ ցոյց տաս քո վերջին վէրքը՝ միւս վէրքերիդ հետ մէկտեղ, եւ մի քանի խօսքով բարեխօս լինես իմ փրկութեան համար, յիրաւի կը գթայ Երկնաւոր Հօր սիրտը, իմ դատապարտութեան վճիռն էլ կը պատռի, ինձ դէպի Արքայութեան ճանապարհը կը դարձնի՝ քո անուանդ շնորհիւ: Այն ժամանակ քաշածդ ցաւերն իզուր չեն լինի ինձ համար եւ ես՝ ողորմելի մեղաւորս, կը լինեմ փառք պարծանք՝ քո անուան համար, ամենքն էլ կ’իմանան, որ ինձ պէս մեղաւորը դատապարտուելու էր անպայման, եւ միայն քո եօթը վէրքերի միջնորդութիւ՛նն ինձ փրկեց:
Ուստի, իմ կենդանութեան ժամանակ երեք շնորհ եմ խնդրում քեզանից: Նախ, երբ սատանան ինձ փորձութեան մէջ գցի, եւ ես քո եօթը վէրքերի բարեխօսութիւնը հայցեմ, օգնութեան կանչեմ, Երկնքից հասի՛ր ինձ, ուղարկի՛ր երկնային զօրութիւնդ, ինձ մեղքերից պահի՛ր, թոյլ մի՛ տուր, որ փորձութեան մէջ ընկնեմ: Երկրորդ, մեռնելուց առաջ կատարեալ զղջմամբ Սուրբ Հաղորդութեան խորհրդին արժանի արա՛ ինձ: Եւ երրորդ, ինչպէս Յիսուսի մահուան պահին մօտը գտնուեցիր, իմ մահուանս ժամանակ էլ մօտս եղի՛ր, որովհետեւ Սուրբ Հաղորդութեամբ մէկ մարմին եմ եղել Յիսուսի հետ, շնորհներով Երկնքից հասնելով՝ մխիթարի՛ր ինձ եւ հոգուս թշնամիներից ազատի՛ր:
Այս աղաչանքս Միածնիդ մեռած օրուայ յիշատակի համար եմ խնդրում, ով Մա՜յր գթութեան, ընդունի՜ր, լսի՜ր հիմա՛, եթէ մեռնելու ցաւագին օրս չկարողանամ աղաչել: Եւ մեռնելուցս յետոյ էլ բարեխօսութեամբդ ինձ պարզերես հանի՛ր Յիսուսի դատաստանի առջեւ, որ փրկութիւն գտնելով՝ քեզ եւ քեզնով Յիսուսի՛ն միայն յաւիտեան փառաւորող լինեմ Իր Արքայութեան մէջ. Ամէն:
Հայր մեր…
Ողջո՛յն քեզ Մարիամ…
Փառք Հօր…
Մա՛յր ցաւագին,
Հա՛ր ըզսիրտ իմ
Ցաւով քոյին,
Զոր ի թաղման
Քո միածնին
Յիշատակաւ
Կրեցեր նորին: