• Բռնության բացառումը խաղաղության կառուցման հիմքն է.Քահանայապետի ուղերձը՝ խաղաղության համաշխարհային օրվա առթիվ

    Խաղաղությունը կառուցվում է օրեցօր՝ փոքրիկ քայլերի ու գործերի միջոցով:


     

     Բռնության բացառումը՝ որպես խաղաղության քաղաքականության ոճ

     

    Սբ. Ծննդյան նախաշեմին սրտանց խաղաղություն եմ մաղթում աշխարհի ժողովուրդներին ու ազգերին, պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, կրոնավոր, քաղաքացիական ու համայնքային առաջնորդներին: Խաղաղություն եմ մաղթում յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի, և աղոթում եմ, որ Աստծո պատկերն ու նմանությունը յուրաքանչյուր անձի մեջ մեզ ունակ դարձնի ընդունել միմյանց որպես սուրբ պարգևներ՝ օժտված անսահման արժանապատվությամբ: Հատկապես հակամարտությունների իրավիճակներում եկե’ք հարգենք մեր ամենախորը արժանապատվությունը և բռնության բացառումը դարձնենք մեր կենցաղը:

     

    Սա Խաղաղության Համաշխարհային Օրվա 50-րդ ուղերձն է: Առաջինում, երանելի Պողոս 6-րդ Պապը կատարյալ պարզությամբ դիմել էր ոչ միայն կաթողիկէներին, այլ` բոլոր ժողովուրդներին. «Խաղաղությունը մարդկային առաջընթացի միակ ճշմարիտ ուղղությունն է, այլ ոչ թե՝ հավակնոտ ազգայնականների կողմից առաջացրած լարվածությունը, ոչ էլ՝ բռնության նվաճումները, ճնշումները, որոնք քաղաքական սխալ կարգի համար ծառայում են որպես հենարան»: Նա զգուշացրել է, որ «վտանգավոր է հավատալ այն կարծիքին, թե միջազգային տարաձայնությունները չեն կարող լուծվել օրենքի, արդարության ու անաչառության վրա հիմնված բանակցությունների միջոցով, այլ միայն՝ կանխարգելիչ գործողությունների ու ոճրագործության»: Փոխարենը, վկայակոչելով իր նախորդի՝ Սբ. Հովհաննես 23-րդի «Խաղաղություն աշխարհում» (Pacem in Terris) շրջաբերականը` նա գովաբանում է «խաղաղության իմաստն ու բռնության բացառումը, որոնք հիմնված են ճշմարտության, արդարության, ազատության ու սիրո վրա»:  Անցած հիսուն տարիների ընթացքում այս խոսքերը դեռևս պահպանել են իրենց նշանակությունն ու հրատապությունը:

     

    Այս առիթով ցանկանում եմ անդրադառնալ բռնության բացառմանը՝ որպես խաղաղության քաղաքականության մի գործելակերպ: Ես խնդրում եմ Աստծուն, որ նա օգնի մեզ մեր առավել անձնական մտքերի ու արժեքների մեջ զարգացնել բռնության բացառումը: Թո՛ղ եղբայրասիրությունն ու բռնության բացառումն ուղղորդեն մեր վերաբերմունքը միմյանց նկատմամբ՝ որպես անհատներ, հասարակության մեջ ու միջազգային կյանքում: Երբ բռնության զոհերը կարողանում են դիմակայել վրեժխնդրության գայթակղությանը, նրանք դառնում են  խաղաղարարության վստահելի առաջատարներ: Տեղական, սովորական իրավիճակներում և միջազգային կարգում թո՛ղ որ բռնության բացառումը դառնա մեր որոշումների, մեր հարաբերությունների ու գործողությունների և, անշուշտ, քաղաքական կյանքի բոլոր ձևերի նշանը:

     

    Խախտված աշխարհ

     

    Եթե անցած երկու դարաշրջաններում կործանարար եղան երկու սարսափելի համաշխարհային պատերազմները, միջուկային պատերազմի ու մի շարք այլ հակամարտությունների սպառանալիքը, այսօր, ցավոք,  հայտնվել ենք մեկ այլ ահավոր համաշխարհային պատերազմում, որը ծավալվում է աստիճանաբար: Հեշտ չէ պարզել, թե արդյոք մեր աշխարհը ներկայումս ավելի կամ պակաս է բռնությամբ լի, թե անցյալում, կամ թե արդյոք հաղորդակացության ժամանակակից միջոցներն ու տեղափոխվելու ավելի մեծ ազատությունը  մեզ ավելի իրազեկ են դարձրել բռնության մասին, թե մյուս կողմից ավելի ու ավելի են ընտելացրել դրան:

    Ամեն դեպում, մենք գիտենք, որ այս ծավալվող բռնությունը, որը տարբեր տեսակների ու մակարդակների է, մեծ տառապանքների պատճառ է.պատերազմ՝ տարբեր երկրներում ու մայրցամաքներում, ահաբեկչություն, կազմակերպված հանցագործություն և բռնության անկանխատեսելի ձևեր, փախստականներ, ովքեր տառապում են շահագործման հետևանքով, մարդկային ստրկության զոհեր և շրջակա միջավայրի ավերում: Ու՞ր է սա տանում: Կարո՞ղ է արդյոք բռնությունը հարատև արժեք լինել: Կամ արդյո՞ք այն հանգեցնում է վրեժի ու արյունալի հակամարտությունների մի փուլի, որից շահում են միայն մի քանի «պատերազմ հրահրողներ»:

     

    Բռնությունը մեր խախտված աշխարհում բուժում չէ: Բռնությանը բռնությամբ հակադրելը լավագույն դեպքում հանգեցնում է բռնագաղթի և մեծ տառապանքի, քանի որ ռեսուրսների հսկայական քանակություններ ուղղված են ռազմական շահերին և հեռու են երիտասարդների, դժվար պայմաններում ապրող ընտանիքների, ծերերի, հիվանդների և մեր աշխարհի ժողովրդի մեծամասնության առօրյա կարիքներից: Վատագույն դեպքում այն կարող է հանգեցնել եթե ոչ բոլոր, ապա բազմաթիվ մարդկանց ֆիզիկական ու հոգևոր մահվան:

     

    Ավետիսը

     

    Հիսուս Ինքն ապրեց բռնության ժամանակներում: Սակայն նա սովորեցրեց, որ իրական մարտի դաշտը, որտեղ հանդիպում են բռնությունն ու խաղաղությունը՝ մարդկային սիրտն է, «որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները» (Մարկ. 7:21): Սակայն Քրիստոսի ուղերձն այս տեսանկյունից առաջարկում է արմատապես դրական մոտեցում: Նա ազդու կերպով քարոզում էր Աստծո անմնացորդ սերը, որը ընդունում և ներում է: Նա սովորեցրեց Իր աշակերտներին սիրել իրենց թշնամիներին (Մտթ. 5:44) և մյուս այտն էլ դարձնել (Մտթ. 5:39): Երբ Հիսուս կանգնեցրեց այդ շնացող կնոջը մեղադրողներին, ովքեր քարեր էին շպրտում նրա վրա (Հվհ. 8:1-11), և երբ գիշերը, մինչ Իր մահանալը Նա հրամայեց Պետրոսին վայր դնել սուրը (Մտթ. 26:52), Հիսուս ցույց տվեց բռնության բացառման ուղին: Նա մինչև վերջ քայլեց այդ ճանապարհով, մինչև խաչը, որտեղ Հիսուս դարձավ մեր խաղաղությունը և վերջ դրեց թշնամությանը (Եփես. 2:14-16): Եվ ով որ ընդունում է Հիսուսի Ավետիսը, նա ունակ է գիտակցել իր մեջ եղած բռնությունը և բուժվել Աստծո ողորմությամբ՝ իր հերթին դառնալով հաշտեցման գործիք: Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու խոսքերը. «Քանի որ ձեր շուրթերից հնչեց խաղաղություն հայտարարությունը, համոզվե՛ք` արդյոք նախ ձեր սրտերում կա ավելի մեծ խաղաղություն»:

     

    Այսօր, Հիսուսի ճշմարիտ հետևորդներ լինելը ներառում է նաև բռնության բացառման մասին նրա ուսմունքն ընդունելը: Ինչպես իմ նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդն է ասել, «Տիրոջ ուսմունքն իրատեսական է, քանի որ հաշվի է առնում, որ աշխարհում չափազանց շատ բռնություն կա, անարդարություն կա։ Հետևաբար, այս իրավիճակը չի կարելի հաղթահարել այլ կերպ, քան այն հակադրելով ավելի շատ սիրո ու ավելի շատ բարության: Սա «ավելի շատը» գալիս է Աստծուց»: Նա շարունակեց` նշելով, որ «քրիստոնյաների համար խաղաղությունը զուտ ռազմավարական վարքագիծ չէ, այլ` մարդկային էակի կեցություն, այն մարդու վարմունքը, ով այնքան շա´տ է վստահում Աստծո սիրոյն ու ուժին, որ չի վախենում միայնակ պայքարել չարի դեմ` սիրո և ճշմարտության զենքերով: Թշնամու հանդեպ սերը «քրիստոնեական հեղափոխության» միջուկն է: Թշնամուն սիրելու մասին Ավետարանի պատվիրանը (Ղկ. 6:27)  հիրավի համարվում է քրիստոնեական խաղաղության մեծագույն կանոնը: Այն չի նշանակում զիջել չարին, այլ` չարին բարությամբ պատասխանել, (Հռ. 12:17-21), և այդպիսով նաև կտրել անարդարության շղթան։

     

    Ավելի հզոր, քան բռնությունը

     

    Բռնության բացառումը հաճախ նշանակում է հանձնվելը, ներգրավվածության պակաս ու պասսիվություն, սակայն  այդպես չէ:

     

    Երբ 1979թ. Մայր Թերեզան Նոբելյան մրցանակ ստացավ, նա հստակ հայտարարեց ակտիվ խաղաղասիրության իր սեփական ուղերձը. «Մեր ընտանիքներում ռումբերի ու զենքերի կարիք չունենք` խաղաղություն հաստատելու համար, պարզապես միասին լինենք, սիրենք միմյանց և մենք կկարողանանք հաղթահարել աշխարհում եղած բոլոր չարիքները»:

     

    Քանի որ զենքի ուժը խաբուսիկ է: Մինչ զենքի առևտրով զբաղվողներն անում են իրենց գործը, կան աղքատ խաղաղարարներ, ովքեր իրենց կյանքն են տալիս, որպեսզի օգնեն մեկին, մյուսին, այն մյուսին: Այսպիսի խաղաղարարների համար Մայր Թերեզան մեր ժամանակների խորհրդանիշն ու սրբապատկերն է: Անցած սեպտեմբերին ես պատիվ ունեցա նրան հռչակելու որպես Սրբուհի: Ես բարձր գնահատեցի նրա՝ բոլորին հասանելի լինելը`  ընդունելով և պաշտպանելով մարդկային կյանքը՝ դեռևս չծնվածներին, լքվածներին ու արհամարվածներին: Նա խոնարհվեց շահագործվածների,  ճանապարհների վրա մահացողների առջև` նրանց մեջ տեսնելով նրանց Աստվածատուր արժանապատվությունը: Նա իր ձայնը լսելի դարձրեց աշխարհի իշխանությունների առաջ, որպեսզի նրանք կարողանային հասկանալ իրենց  հանցանքն ու  հանցագործությունը աղքատության, որը նրանք են ստեղծել: Որպես պատասխան Մայր Թերեզան հանդես եկավ հազարավոր ու նույնիսկ միլիոնավոր անձանց համար: Նրա առաքելությունը մեծահոգի նվիրումով տառապյալներին հասնելն էր` դիպչելով ու վիրակապելով յուրաքանչյուր վիրավոր մարմին, բուժելով ամեն մի խեղված կյանք:

     

    Բռնության բացառման որոշիչ ու հաստատուն կիրառությունը տվել է շատ տպավորիչ արդյունքեր: Մահաթմա Գանդիի ու Խան Աբդուլ Գաֆար Խանի նվաճումները Հնդկաստանի ազատագրման գործում և Մարտին Լյութեր Քինգ կրտսերի նվաճումները ռասսայական խտրականության դեմ պայքարում երբեք չեն մոռացվի: Հատկապես կանայք հաճախ բռնության բացառման առաջատարներ են, ինչպես օրինակ Լեյմա Գբոուին ու հազարավոր լիբերիացի կանայք, ովքեր կազմակերպեցին ցույցեր ու բողոքներ, որի արդյունքը եղավ բարձր մակարդակի խաղաղ բանակցությունները, որոնք վերջ էին դնելու Լիբերիայի երկրորդ քաղաքացիական պատերազմին:

     

    Չենք կարող մոռանալ նաև իրադարձություննեով լի տասնամյակը, որն ավարտվեց Եվրոպայում կոմունիստական կարգերի փլուզմամբ: Քրիստոնեական համայնքներն իրենց սեփական ներդրումն ունեցան՝ հաստատակամ աղոթքով ու խիզախ գործունեությամբ: Հատկապես ազդեցիկ էին Սբ. Հովհաննես Պողոս 2-րդի ծառայությունն ու ուսմունքը: Անդրադառնալով 1989թ իրադարձություններին` իր 1991թ. Հարյուրերորդ տարի (Centesimus Annus) շրջաբերականում, իմ նախորդը կարևորել է այն փաստը, որ մարդկանց, ազգերի ու պետությունների կյանքում նշանակալի փոփոխությունը կատարվել է «խաղաղ բողոքի միջոցով՝ օգտագործելով միայն ճշմարտության ու արդարության զենքեր»: Այս խաղաղ քաղաքական հեղափոխությունը մասնակիորեն հնարավոր դարձավ այն մարդկանց ոչ բռնի հանձնառությամբ, ովքեր «միշտ հրաժարվելով զիջել ուժի իշխանությանը, ժամանակ առ ժամանակ կարողացել են գտնել ճշմարտությունը վկայելու ուղիներ»: Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը գրում է. «Թո՛ղ որ մարդիկ սովորեն առանց բռնության պայքարել արդարության համար՝ իրենց ներքին վեճերում ու միջազգային մասշտաբի պատերազմներում հրաժարվելով դասակարգային պայքարից»:

     

    Շատ երկրներում Եկեղեցին ներգրավված է եղել խաղաղության կառուցման ոչ բռնի ռազմավարության մեջ՝ ներառելով նույնիսկ ամենակատաղի կողմերին, որպեսզի հասատվի արդար և տևական խաղաղություն:

     

    Անարդարության և բռնության զոհերի անունից այսպիսի ջանքերը միայն Կաթողիկէ Եկեղեցու առաքելությունը չեն, այլ նաև բնորոշ են բազմաթիվ կրոնական ավանդույթների, որոնց համար կարեկցանքն ու խաղաղությունը կարևոր տարրեր են՝ որպես կենսակերպ: Ես հատկապես շեշտում եմ, որ «ոչ մի կրոն ահաբեկիչ չէ»: Բռնությունը պղծում է Աստծո անունը: Եկե՛ք երբեք չհոգնենք կրկնել. Աստծո անունը չպետք է օգտագործվի՝ բռնությունն արդարացնելու համար: Միայն խաղաղությունն է սուրբ: Միայն խաղաղությունն է սուրբ, այլ ոչ թե՝ պատերազմը:

     

    Խաղաղության քաղաքականության տեղական արմատները

     

    Եթե բռնությունը մարդու սրտում իր աղբյուրն ունի, ապա հիմնարար է այն, որ խաղաղությունն ամենից առաջ պետք է գործածվի ընտանիքների մեջ: Սա սիրո ուրախության մի մասն է, որին ես անդրադարձել եմ անցած մարտ ամսին՝ իմ «Սիրո երջանկությունը» (Amoris Laetitia) առաքելական հորդորի մեջ, հիմնվելով Եկեղեցու՝ ամուսնության ու ընտանիքի մասին երկու տարվա մտորումների վրա: Ընտանիքն անփոխարինելի միջավայր է, որտեղ ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրներն ու քույրերը սովորում են հաղորդակցվել, միմյանց ցույց տալ մեծահոգի հոգատարություն և որտեղ տարաձայնությունները,  նույնիսկ հակամարտությունները պետք է լուծվեն ոչ թե ուժի, այլ` երկխոսության, հարգանքի, այլոց բարօրության հանդեպ մտահոգվելու, ողորմության ու ներման միջոցով: Ընտանիքների ներսից սիրո երջանկությունը  թափվում է աշխարհում և ճառագայթում ամբողջ հասարակության վրա: Եղբայրության բարոյականությունը և անհատների ու ժողովուրդների միջև եղած խաղաղ գոյակցությունը չպետք է հիմնված լինեն վախի, բռնության ու անշրջահայաց տրամաբանության վրա, այլ՝  պատասխանատվության, հարգանքի ու անկեղծ երկխոսության: Հետևաբար, ես պահանջում եմ միջուկային զենքերի զինաթափում, արգելում և վերացում.միջուկային միջամտության վախը ու փոխադարձ ոչնչացման սպառնալիքն ի զորու չեն զարգացնելու այսպիսի բարոյականություն: Անհապաղ պահանջում եմ վերջ տալ ընտանեկան բռնություններին, կանանց և երեխաների շահագործմանը:

     

    Ողորմության Հոբելյանը, որն ավարտվեց նոյեմբերին, մեզանից յուրաքանչյուրին խրախուսեց խորապես վերանայել մեր ներքին աշխարհը և թույլ տալ, որ Աստծո սերը ներթափանցի մեր մեջ: Հոբելյանը սովորեցրեց մեզ գիտակցել, թե ինչքան շատ ու բազմազան են այն անհատներն ու սոցիալական խմբերը, որոնց հանդեպ  անտարբերություն է ցուցաբերվում և ովքեր ենթարկվում են անարդարության ու բռնության: Նրանք ևս մեր «ընտանիքի» մի մասն են, նրանք ևս մեր քույրերն ու եղբայրներն են: Բռնության բացառման քաղաքականությունը պետք է սկսվի տանը, այնուհետև պետք է տարածվի ամբողջ մարդկային ընտանիքում: «Սբ. Թերեզա Լիզյոցին կոչ է անում մեզ գործածել սիրո փոքրիկ ճանապարհը` բաց չթողնելով անգամ բարի խոսքը, ժպիտը, կամ ցանկացած փոքրիկ քայլ, որը արտահայտությունն է խաղաղութան ու բարեկամության: Ամբողջական բնապահպանությունը ևս կազմված է ամենօրյա հասարակ քայլերից,  որոնք կոտրում են բռնության, շահագործման ու եսասիրության տրամաբանությունը»:

     

    Իմ հրավերը

     

    Խաղաղության կառուցումը բռնության գործունյա բացառմամբ բնական և անհրաժեշտ լրացում է Եկեղեցու շարունակական ջանքերին՝ սահմանափակելու ուժի գործադրությունը՝ բարոյական նորմերի կիրառմամբ: Եկեղեցին իր ջանքերը ներդնում է՝ մասնակցելով միջազգային կառույցների աշխատանքներին և շատ քրիստոնյաների կողմից բոլոր մակարդակներում օրենսդրական մշակումներին գիտակցաբար նպաստելու միջոցով:

     

    Հիսուս Ինքն է Լեռան քարոզում «ձեռնարկ» առաջարկում այս խաղաղարարության ռազմավարության համար: Ութ երանիները ապահովում են այն անձի պատկերը, ում մենք կարող ենք համարել երանելի, բարի և իսկական (Մտթ. 5:3-10): «Երանի՜ հեզերին, ողորմածներին ու խաղաղարարներին, նրանց, ովքեր սրտով մաքուր են և նրանց, ովքեր արդարության քաղց ու ծարավ ունեն». ասում է մեզ Հիսուս:

     

    Սա նաև ծրագիր և մարտահրավեր է քաղաքական ու կրոնավոր առաջնորդների համար, միջազգային կառույցների ղեկավարների, գործարարների  ու զանգվածային լրատվամիջոցների համար.կիրառել երանիները՝ իրենց համապատասխան պարտավորությունները կատարելիս: Սա մի մարտահրավեր է՝ կառուցել հասարակություն, համայնք ու աշխատանք ստեղծելու համար՝ որպես խաղաղարարներ: Սա ողորմություն ցուցաբերելն է՝ հրաժարվելով անտեսել մարդկանց, վնաս հասցնել շրջակա միջավայրին կամ ձգտել հաղթել ցանկացած գնով: Այս կերպ վարվելու համար պահանջվում է պատրաստակամություն՝ դիմակայել առերեսվող հակամարտությանը, լուծել այն և դարձնել նոր գործընթացի շղթայի մի օղակը: Այս կերպ վարվել՝ նշանակում է համերաշխությունն ընտրել որպես պատմություն կերտելու և հասարակության մեջ բարեկամություն ստեղծելու միջոց: Ակտիվ խաղաղասիրությունը մի միջոց է՝ ցույց տալու, որ միասնությունն իսկապես ավելի հզոր ու արգասաբեր է, քան՝ հակամարտությունը:  Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Անշուշտ, տարաձայնությունները կարող են հանգեցնել բախումների: Սակայն եկե՛ք դրանց դիմակայենք կառուցողական մոտեցմամբ և առանց բռնության, որպեսզի «լարվածություններն ու առճակատումները կարողանան հասնել տարամիտված ու կենսատու միասնության՝ պահպանելով այն, ինչ արժեքավոր ու օգտակար է երկու կողմերի համար»:

     

    Ես խոստանում եմ Եկեղեցու աջակցությունը՝ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են ակտիվ և ստեղծագործ բռնության բացառման միջոցով խաղաղություն հաստատելուն: 2017թ. հունվարի 1-ին իր աշխատանքը կսկսի Սուրբ Աթոռի Ամբողջական մարդկային զարգացման վարչությունը: Այն կօգնի Եկեղեցուն ամենաարդյունավետ ձևով խթանել «արդարության, խաղաղության, ու արարչագործության հանդեպ խնամքի անգնահատելի բարիքները», և հոգատարությունը՝ «գաղթականների, կարիքավորների, հիվանդների, անտեսված ու հալածված մարդկանց, բանտարկյալների, գործազուրկների, ինչպես նաև զինված հակամարտությունների, բնական աղետների, ստրկության ու խոշտանգումների զոհերի մասին»: Յուրաքանչյուր նման արձագանք, թեկուզ համեստ, օգնում է կառուցել մի աշխարհ՝ զերծ բռնությունից, և առաջին քայլն է դեպի արդարություն ու խաղաղություն:

     

    Եզրահանգում

     

    Ըստ ավանդույթի, ես ստորագրում եմ այս ուղերձը դեկտեմբերի 8-ին՝ Երանելի Կույս Մարիամի Անարատ Հղության տոնին: Մարիամը խաղաղության թագուհին է: Իր Որդու ծննդյան ժամանակ հրեշտակները փառք տվեցին Աստծուն ու խաղաղություն մաղթեցին աշխարհի բարի կամքի տեր մարդկանց: Եկե՛ք աղոթենք նրա առաջնորդության համար:

     

    «Բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում: Շատ մարդիկ այն կառուցում են օրեցօր՝ փոքրիկ քայլերի ու գործերի միջոցով: Նրանցից շատերը տառապում են, սակայն համբերությամբ շարունակում են խաղաղարարության համար ջանք թափել»: 2017թ-ին եկե՛ք նվիրվենք աղոթքով ու ակտիվորեն արգելելու բռնությունը մեր սրտերից, խոսքից ու արարքներից, և դառնալու խաղաղասեր մարդիկ և ստեղծելու խաղաղ համայնքներ, որոնք հոգ են տանում մեր ընդհանուր տան մասին: Ոչինչ անհնար չի լինի, եթե մենք աղոթքով դիմենք Աստծուն: Յուրաքանչյուր ոք կարող է լինել խաղաղության վարպետ:

     

    Վատիկան, 8. Դեկտեմբերի, 2016թ.

     

    Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց