• Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ուղերձը՝ Երիտասարդության 31-րդ համաշխարհային օրվա առիթով

    «Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մտթ., 5:7):


    2 հոկտեմբերի, 2015թ.

     

    Սիրելի՛ երիտասարդներ,

     

    Մենք հասել ենք դեպի Կրակով մեր ուխտագնացության վերջին հանգրվանին: Կրակովում հաջորդ տարի հուլիսին կտոնենք Երիտասարդության 31-րդ համաշխարհային օրը (այսուհետ՝ ԵՀՕ): Այս երկար և մարտահրավերով լի ճանապարհին մեզ համար ուղեցույց է Հիսուսի լեռան քարոզի խոսքերը: Այս ճանապարհորդությունը սկսեցինք 2014թ.՝ միասին խորհրդածելով առաջին երանիի շուրջ.«Երանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մտթ., 5:3): 2015-ի թեման էր՝ «Երանի՛ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտթ., 5:8): Գալիք տարի եկե՛ք թույլ տանք ինքներս մեզ՝ ներշնչվելու հետևյալ բառերով.«Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մտթ., 5:7):

     

    1.Ողորմության հոբելյանը

     

    Այս թեմայով Կրակովի 2016թ. ԵՀՕ-ը մի մասն է Ողորմության սրբազան տարվա և այդպիսով դառնում է երիտասարդության հոբելյան՝ համաշխարհային մակարդակով: Առաջին անգամը չէ, որ երիտասարդության համաշխարհային օրը զուգադիպում է հոբելյանական տարվա հետ: Հիրավի, Փրկության սրբազան տարվա ընթացքում էր (1983-1984թթ.), որ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը նախ կոչ արեց ամբողջ աշխարհի երիտասարդությանը՝ մեկտեղվել Ծաղկազարդի տոնին: Հետո՝ 2000թ. հոբելյանական տարում, մոտ 165 երկրներից ավելի քան 2մլն. երիտասարդ հավաքվեցին Հռոմում՝ Երիտասարդության 15-րդ համաշխարհային օրվա համար: Ես վստահ եմ, որ ինչպես այդ նախորդ տարիներին, Երիտասարդության հոբելյանը Կրակովում կլինի այս սրբազան տարվա գագաթնակետերից մեկը:

     

    Ձեզանից ոմանք, գուցե, հարցնում են՝ ի՞նչ է այս հոբելյանական տարին, որ տոնում է Եկեղեցին: Ղևտացիների գրքի 5-րդ գլխի սուրբգրական տեքստը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչ էր նշանակում «հոբելյան»-ը՝ Իսրայելի ժողովրդի համար: 50 տարին մեկ նրանք լսում էին փողի (jobel) ձայնը, որը նրանց կոչ էր անում (jobil) տոնելու սուրբ տարին՝ որպես հաշտության (jobal) ժամանակ՝ յուրաքանչյուրի համար: Այդ ժամանակահատվածում նրանք պետք է բարենորոգեին իրենց հարաբերություններն Աստծո հետ, մերձավորների հետ և արարչագործության հետ՝ երախտագիտության ոգով: Սա, ի շարս այլոց, արմատացնում էր պարտքի ներումը, մասնահատուկ օգնությունը աղքատներին, միջանձնային հարաբերությունների բարելավումը և ստրուկներին ազատության շնորհումը:

     

    Հիսուս Քրիստոս եկավ հռչակելու և ի հայտ բերելու Տիրոջ շնորհի հավիտենական ժամանակը: Նա աղքատներին բերեց բարի լուրը, բանտարկյալներին՝ ազատություն, կույրերին՝ տեսողություն, ճնշվածներին՝ ազատություն (Ղկ., 4:18-19): Հիսուսի մեջ, հատկապես Զատկական Խորհրդի մեջ, լիապես իրականացավ հոբելյանի ավելի խոր իմաստը: Երբ Եկեղեցին հռչակում է մի հոբելյան՝ յանուն Քրիստոսի, բոլորս հրավիրված ենք ապրելու շնորհի հրաշալի մի ժամանակաշրջան: Եկեղեցին պետք է նվիրի Աստծու ներկայության և մերձավորության լիառատ նշաններ և մարդկանց սրտերում դարձյալ արթնացնի էականին նայելու կարողությունը: Մասնավորապես, Ողորմության այս սրբազան տարին «Եկեղեցու համար մի ժամանակ է՝ վերահայտնագործելու Զատկի օրը Տիրոջ կողմից իրեն վստահված առաքելության իմաստը՝ լինել նշանն ու գործիքը Հոր ողորմածության (Աստվածային ողորմության կիրակի, երեկոյան քարոզ, 11 ապրիլի, 2015թ.):

     

    2.Ողորմած՝ ինչպես Հայրը

     

    Արտահերթ հոբելյանի խորագիրն է՝ «Ողորմած, ինչպես Հայրը» (Տե՛ս՝ Misericordiae Vultus՝ «Ողորմության դեմքը» կոնդակը, 13): Սա համահունչ է գալիք ԵՀՕ-ի թեմայի հետ, ուրեմն, ջանանք ավելի լավ հասկանանք աստվածային ողորմածության իմաստը:

     

    Հին Կտակարանը օգտագործում է տարբեր արտահայտություններ, երբ խոսում է ողորմության մասին: Դրանցից ամենաիմաստալիները hesed և rahamim բառերն են: Առաջինը, երբ օգտագործվում է Աստծու վերաբերյալ, արտահայտում է Աստծու աննահանջ հավատարմությունն իր ուխտին, որը կնքել է իր ժողովրդի հետ, ում սիրում և ներում է հավիտյան: Երկրորդը՝ rahamim-ը, որը բառացի նշանակում է «փորոտիք, ընդերք», կարելի է թարգմանել՝ «սրտաբուխ ողորմություն»: Սա, մասնավորապես, հիշեցնում է մայրական արգանդը և օգնում է մեզ հասկանալու, որ Իր ժողովրդի նկատմամբ Աստծո սերը նման է երեխայի նկատմամբ մոր սիրուն: Ահա՛, թե ինչպես է դա ներկայացրել Եսայի մարգարեն.«Միթե՞ մայրը կմոռանա իր երեխային կամ չի գթայ իր որովայնի ծնունդին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ» (Ես., 49:15): Այսպիսի սերը նշանակում է՝ մեր մեջ տեղ բացել ուրիշների համար և կարող լինել՝ կարեկից լինելու, տառապելու և ուրախանալու մեր մերձավորների հետ միասին:

     

    Ողորմության սուրբգրական հասկացությունը նաև ներառում է շոշափելի ներկայությունը սիրո, որը հավատարիմ է, ազատորեն տրված և կարող՝ ներելու: Օսսէի մարգարեության հետևյալ հատվածում ունենք գեղեցիկ մի օրինակ՝ Աստծո սիրո, որը մարգարեն համեմատում է զավակի նկատմամբ հոր սիրո հետ.

     

    «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան.Եգիպտոսից դուրս կանչեցի որդուս: Ինչքան շատ էի կանչում նրանց, այնքան ավելի հեռու էին գնում նրանք ինձնիցԲայց ես էի, ով Եփրաիմին քայլել սովորեցրեց, ով նրանց իր գիրկն առավ, ես նրանց ձգեցի մարդկային կապերով, սիրո կապերով, ես զորացրի նրանց՝ ինչպես մեկը, ով մեծացնում է իր զավակին…ես կռացա՝ կերակրելու իմ զավակին» (Օսս., 11:1-4):

     

    Չնայած երեխայի սխալ վարքին, որը պատժի է արժանի, հոր սերը հավատարիմ է: Նա մշտապես ներում է իր զղջացող զավակներին: Տեսնում ենք, թե ինչպես ներումը միշտ կա ողորմության մեջ: Դա «վերացական մի գաղափար չէ, այլ՝ կոնկրետ իրականություն, որով նա հայտնում է իր սերը՝ ինչպես հոր կամ մոր սերը, հուզված մինչև սրտի խորքը՝ սեփական զավակների սիրուց մղված…Այն բխում է խորքերից՝ բնականորեն, լի քնքշությամբ և սրտակցությամբ, ներմամբ և ողորմությամբ» (Misericordiae Vultus, 6):

     

    Նոր Կտակարանը խոսում է աստվածային ողորմության (eleos) մասին՝ որպես համադրություն այն գործի, որը Հիսուս եկավ իրագործելու աշխարհում Հոր անունով (տես՝ Մտթ., 9:13): Մեր Տիրոջ ողորմությունը հատկապես տեսանելի է, որբ Նա խոնարհվում է դեպի մարդկային թշվառությունը և ցույց է տալիս իր կարեկցանքը նրանց նկատմամբ, ովքեր կարիքն ունեն հասկացվելու, բուժվելու և ներված լինելու: Հիսուսի մեջ ամեն ինչ խոսում է ողորմության մասին: Հիրավի, Նա Ինքը ողորմությունն է:

     

     

    Ղուկասի ավետարանի 15-րդ գլխում գտնում ենք ողորմության երեք առակները՝ կորած ոչխարը, կորած դրամը և անառակ որդու առակը: Այս երեք առակներում ապշեցնում է Աստծո ուրախությունը՝ այն ուրախությունը, որն Աստված զգում է մեղավորին գտնելիս և ներելիս: Այո՛, ներելը Աստծո ուրախությու՛նն է: Սա՛ է ամփոփումն ամբողջ Ավետարանի: «Մեզնից յուրաքանչյուրը այն փոքրիկ կորած ոչխարն է, այն կորած դրամը: Մեզնից յուրաքանչյուրը այն որդին է, որ վատնեց իր ազատությունը կեղծ կուռքերի վրա, երջանկության խաբկանքների վրա, և կորցրել է ամեն ինչ: Բայց Աստված չի մոռանում մեզ, Հայրը երբե՛ք չի լքում մեզ: Նա նա համբերատար Հայր է, միշտ սպասում է մեզ: Նա հարգում է մեր ազատությունը, բայց հավատարիմ է մնում ընդմի՛շտ: Եվ երբ մենք վերադառնում ենք Նրա մոտ, Նա մեզ ողջունում է՝ ինչպես Իր զավակներին, Իր տանը, որովհետև երբեք, նույնիսկ մեկ վայրկյան, չի դադարում սպասել մեզ սիրով: Եվ Նրա սիրտն ուրախանում է՝ յուրաքանչյուր վերադարձող երեխայի համար: Նա տոնում է, որովհետև Նա ուրախանում է: Նա ուրախանում է, երբ մեղավորներիցս մեկը գնում է Իր մոտ և ներում հայցում» (Հրեշտակ Տեառն, 15 սեպտեմբերի, 2013թ.):

     

    Աստծո ողորմությունը շատ իրական է, իսկ մենք կոչված ենք այն զգալու ուղղակիորեն: Երբ ես 17 տարեկան էր, այնպես եղավ, որ մի օր, երբ ընկերներիս հետ դուրս էի գալիս, որոշեցի նախ մտնել մի եկեղեցի: Մի քահանայի հանդիպեցի այնտեղ, ով ինձ մեծ վստահություն ներշնչեց, և ես փափագ ունեցա սիրտս բացելու ու խոստովանելու: Այդ հանդիպումը փոխեց կյանքս: Ես հասկացա, որ երբ մենք բացում ենք մեր սրտերը խոնարհությամբ և առանց սահմանների, կարող ենք խորհրդածել Աստծո ողորմության մասին՝ շատ կոնկրետ ձևով: Ես վստահ էի, որ այդ քահանայի անձի մեջ Աստված արդեն սպասում էր ինձ նույնիսկ նախքան ես քայլ կատարեցի՝ մտնելու այդ եկեղեցին: Մենք շարունակում ենք փնտրել Աստծուն, բայց Աստված արդեն տեղու՛մ է՝ մեզնից առաջ, միշտ սպասելով մեզ, և Նա առաջի՛նն է գտնում մեզ: Գուցե, ձեզնից մեկը ծանր բան է զգում իր սրտում: Մտածում եք՝ սա արեցի, այն բանն արեցի…Մի՛ վախեցե՛ք: Աստված սպասում է ձեզ: Աստված Հայր է և միշտ սպասում է մեզ: Որքա՛ն հրաշալի է՝ լինել Հոր ողորմած գրկում՝ Հաշտության (Խոստովանության) խորհրդի ժամանակ, բացահայտել, որ խոստովանարանը ողորմության վայր է և ինքներս մեզ թույլ տալ՝ զգալու ողորմած սերը Տիրոջ, Ով միշտ ներում է մեզ:

     

    Դու՛ք, սիրելի երիտասարդներ, սիրելի՛ երիտասարդուհիներ, երբևէ զգացե՞լ եք ձեզ հանդեպ հավիտենական սիրո հայացքը, հայացքը, որը նայում է ձեր մեղքերից, սահմանափակություններից, ձախողումներից անդի՛ն, շարունակում է հավատալ ձեզ և նայում է ձեզ կյանքին՝ հույսով: Հասկանու՞մ եք, թե որքան թանկ եք Աստծո համար, Ով ձեզ ամեն ինչ տվել է՝ սիրուց մղված: Սուրբ Պողոսն ասում է մեզ, որ «Աստուած իր սէրը մեր հանդեպ ցոյց տուեց նրանով, որ մինչ մենք մեղավորներ էինք, Քրիստոս մեռաւ մեզ համար» (Հռմ., 5:8): Արդյո՞ք իրոք հասկանում ենք այս բառերի զորությունը:

     

    Գիտեմ, թե որքան շատ բան է նշանակում ԵՀՕ խաչը՝ ձեզ համար: Դա նվեր էր՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ից և ձեզ հետ է եղել ձեր բոլոր համաշխարհային հանդիպումներին՝ սկսած 1984թ.ից: Որքա՛ն շատ փոփոխություններ և շրջադարձեր են եղել այն երիտասարդների կյանքում, ովքեր հաղորդակցվել են այս պարզ, մերկ խաչի հետ: Գուցե, ինքներդ ձեզ հարցրել եք.ո՞րն է աղբյուրը խաչի արտասովոր զորության: Ահա՛ պատասխանը.խաչը Աստծո ողորմության ամենապերճախոս նշանն է: Այն ասում է մեզ, որ մարդկության հանդեպ Աստծո սիրո չափը՝ սիրելն է առանց չափի: Խաչի միջոցով կարող ենք հպվել Աստծո ողորմությանը և զգալ այդ ողորմության հպումը: Այստեղ կհիշեի դրվագն այն երկու գողերի, որոնք խաչվեցին Հիսուսի կողքին: Նրանցից մեկն ամբարտավան է և չի ընդունում, որ ինքը մեղավոր է: Նա ծաղրում է Տիրոջը: Մյուսն ընդունում է, որ ինքը սխալ է արել, շրջվում է առ Տերը և ասում.«Հիսու՛ս, հիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայությամբ»: Հիսուս նայում է նրան անսահման ողորմությամբ և պատասխանում.«Այսօր ինձ հետ կլինես դրախտում» (Ղկ., 23:32, 39-43): Այդ երկուսից ո՞ր մեկի հետ ենք նույնացնում ինքներս մեզ: Գուցե այն ամբարտավանի՞ հետ, ով չի ընդունում սեփական սխալները, թե՞ այն մյուսի հետ, ով ընդունում է, որ ինքը կարիքն ունի Աստվածային Ողորմության և խնդրում է այն իր ամբողջ սրտով: Մեզ համար խաչի վրա իր կյանքը տված Աստծո՛ մեջ է, որ միշտ կգտնենք այն անպայմանական սերը, որ մեր կյանքին նայում է որպես մի լավ բան և միշտ մեզ տալիս է հնարավորություն՝ սկսելու նորից:

     

    1. Զարմանալի ուրախությունը՝ լինելու Աստծո ողորմության գործիքներ

     

    Աստծո Խոսքը սովորեցնում է մեզ, որ ավելի երանելի է՝ տալը, քան՝ առնելը (Գործք, 20:35): Ահա, թե ինչու է հինգերորդ երանին հայտարարում, որ ողորմածները երանելի են: Գիտենք, որ Աստված առաջի՛նը սիրեց մեզ: Բայց մենք ճշմարտապես երանելի և երջանիկ կլինենք միայն, երբ մտնենք պարգևի և շնորհառատ սիրո աստվածային «տրամաբանության» մեջ, երբ բացահայտենք, որ Աստված սիրել է մեզ անսահմանորեն, որպեսզի մեզ ունակ դարձնի սիրելու Իր նման՝ առանց սահմանների: Սուրբ Հովհաննեսն ասում է.«Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է։ Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէ֊րը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն՝ մեր մեղքերի քաւութեան համար։ Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց»(Ա Հվհ., 4:7-11)։

     

     

     Այս համառոտ ամփոփումից հետո առ այն, թե ինչպես է Աստված իր ողորմությունը բաշխում մեզ, կուզենայի մի քանի առաջարկներ անել ձեզ, թե ինչպես կարող ենք լինել ողորմության գործիքներ՝ ուրիշների հանդեպ:

     

    Մտածում եմ Երանելի Պիեր Ջորջիո Ֆրազաթիի մասին: Նա ասել է.«Հիսուս ինձ այցելում է ամեն առավոտ, Սուրբ Հաղորդության մեջ, իսկ ես այդ այցելության փոխարեն հատուցում եմ դժգույն ձևով՝ ինչպես որ կարող եմ՝ այցելելով աղքատներին»: Պիեր Ջիորջիոն մի երիտասարդ էր, ով հասկանում էր, թե ինչ է նշանակում ունենալ ողորմած սիրտ, որը արձագանքում է ամենակարիքավորներին: Նա նյութականից շատ ավելի՛ն էր տալիս նրանց: Նա ինքն իրե՛ն էր տալիս՝ իր ժամանակը, իր խոսքերը, իր լսելու կարողությունը: Նա ծառայում էր աղքատներին շատ լուռ և անհավակնոտ կերպով: Նա իրոք անում էր այն, ինչ ասում է Ավետարանը.«երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի…»(Մտթ., 6:3-4): Երևակայե՛ք, որ իր մահվանից մեկ օր առաջ, երբ նա ծանր հիվանդ էր, ուղղություն էր տալիս իր ընկերներին, թե ինչպես կարելի է օգնել իր կարիքավոր ընկերներին: Նրա թաղման ժամանակ նրա ընտանիքը, ընկերները ապշել էին՝ տեսնելով շատ աղքատների, որոնք անծանոթ էին իրենց: Նրանց օգնել էր երիտասարդ Պիեր Ջիորջիոն և ընկերացել նրանց հետ:

     

    Ես միշտ սիրում եմ Ավետարանի երանիները կապել Մատթեոսի 25-րդ գլխի հետ, որտեղ Հիսուս մեզ ներկայացնում է ողորմության գործեր՝ կերակրել սովյալներին, ջուր տալ ծարավներին, հագցնել մերկերին, ընդունել օտարականներին, օգնել հիվանդներին, այցելել հիվանդներին, թաղել մեռյալներին: Նաև չպիտի անուշադրության մատնենք ողորմության հոգևոր գործերը՝ խորհուրդ տալ երկմիտներին, սովորեցնել չիմացողներին, հանդիմանել մեղավորներին, մխիթարել վշտացյալներին, ներել վիրավորանքները, համբերատար լինել խնդիրներ հարուցողների նկատմամբ և աղոթել Տիրոջը՝ ապրողների և ննջեցյալների համար: Ինչպես տեսնում եք, ողորմությունը միայն չի ենթադրում լինել «լավ մարդ», ոչ էլ պարզապես զգացմունքայնություն է: Դա է չափը՝ մեր՝ Հիսուսի ճշմարիտ աշակերտները լինելու և մեր վստահելիության՝ որպես քրիստոնյաներ մերօրյա աշխարհում:

     

    Եթե ուզում եք, որ ավելի կոնկրետ լինեմ, կառաջարկեի, որ 2016թ. առաջին յոթ ամիսների համար ամեն ամիս ընտրեք և կատարեք նյութական կամ հոգևոր ողորմության մի գործ: Ներշնչվեցե՛ք սրբուհի Ֆաուստինայի աղոթքով, ով մեր ժամանակներում Աստծո ողորմության խոնարհ մի առաքյալ է.

     

    «Օգնի՛ր ինձ, ո՛վ Տեր,

    …որ աչքերս գթասիրտ լինեն, որպեսզի երբեք չլինեմ կասկածոտ կամ դատեմ ըստ արտաքինի, այլ միշտ փնտրեմ այն ինչ գեղեցիկ է մերձավորներիս հոգիներում և օգտակար լինեմ նրանց,

    …որ ականջներս գթասիրտ լինեն, որպեսզի ուշադիր լինեմ մերձավորներիս կարիքների հանդեպ և անտարբեր չլինեմ նրանց ցավերի ու բողոքների հանդեպ,

    …որպեսզի լեզուս գթասիրտ լինի, որպեսզի երբեք վատը չխոսեմ ուրիշների մասին, այլ մխիթարության և ներման խոսքեր ունենամ բոլորի՛ համար,

    …որպեսզի ձեռքերս գթասիրտ լինեն և լի՝ բարի գործերով,

    …որպեսզի ոտքերս գթասիրտ լինեն, որպեսզի շտապեմ օգնելու մերձավորիս՝ չնայելով հոգնածությանս և ուժասպառությանս,

    …որպեսզի սիրտս գթասիրտ լինի, որպեսզի կիսեմ մերձավորիս ամբողջ տառապանքը» (Օրագիր, 163)»:

     

    Աստվածային Ողորմության ուղերձը շատ հատուկ կյանքի մի ծրագիր է, որովհետև ենթադրում է գործունեություն: Ողորմության ամենաակնհայտ գործերից մեկը, և, գուցե, գործնականում ամենադժվար կիրառելին, ներելն է նրանց, ովքեր վիրավորել են մեզ, ովքեր սխալ են գործել մեր հանդեպ կամ ում մենք համարում ենք թշնամիներ: «Երբեմն, որքա՛ն դժվար է թվում ներելը: Եվ, սակայն, ներումը այն գործիքն է, որը դրված է մեր թույլ ձեռքերում՝ հասնելու համար սրտի խաղաղության: Հրաժարվելը բարկությունից, զայրույթից, բռնությունից և վրեժխնդրությունից՝ անհրաժեշտ պայմաններն են՝ ուրախ ապրելու» (Misericordiae Vultus, 9):

     

    Հանդիպում եմ բազմաթիվ երիտասարդների, ովքեր ասում են, թե հոգնել են այս աշխարհից, որն այնքա՛ն բաժանված է, որտեղ բախվում են տարբեր խմբավորումների աջակիցները, որտեղ այնքա՛ն շատ պատերազմներ են լինում, որտեղ օգտագործում են կրոնը՝ բռնությունն արդարացնելու համար: Մենք պետք է խնդրենք Տիրոջը, որ մեզ պարգևի շնորհը՝ լինելու ողորմած՝ նրանց նկատմամբ, ովքեր մեր հանդեպ սխալ են գործում: Հիսուս խաչի վրա աղոթեց նրանց համար, ովքեր խաչել էին Իրեն.«Հա՛յր, ների՛ր նրանց, չգիտեն, թե ինչ են անում» (Ղկ.,23:34): Ողորմությունը միա՛կ ճանապարհն է՝ հաղթահարելու չարը: Արդարությունը անհրաժեշտ է, երի՛ցս այդպես է, բայց ինքն իրենով բավարար չէ: Արդարությունը և գթասրտությունը պետք է միասին լինեն: Որքա՛ն կուզենայի, որ կարողանայինք միանալ միասնական աղոթքի մեջ, մեր սրտերի խորքից՝ աղաչելու Տիրոջը, որ ողորմի մեզ և ամբողջ աշխարհին:

     

     

    1. Կրակովը սպասում է մեզ

     

    Միայն մի քանի ամիս է մնացել, որ հանդիպենք Լեհաստանում: Կրակովը՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի և Սրբուհի Ֆաուստինա Կավասլկաի քաղաքը, սպասում է մեզ գրկաբաց և սրտաբաց: Վստահ եմ, որ աստվածային նախախնամությունը առաջնորդեց մեզ այդ որոշմանը՝ տոնելու Հոբելյանական տարին այդ քաղաքում, որը տունն էր ողորմության՝ մեր ժամանակների այդ երկու մեծ առաքյալների: Հովհաննես Պողոս Բ-ը հասկացավ, որ հիմա ժամանակն է ողորմության: Իր քահանայապետության սկզբում նա գրեց Dives in Misericordia (Լի՝ ողորմությամբ) շրջաբերականը: 2000թ. սրբազան տարում նա սրբադասեց Քույր Ֆաուստինային և հաստատեց Աստվածային ողորմության տոնը, որը նշում ենք Զատկին հաջորդող կիրակին: 2002թ. Կրակովում նա անձամբ օծեց Աստվածային Ողորմության սրբավայրը և աշխարհը վստահեց Աստվածային Ողորմությանը՝ այն ցանկությամբ, որ այդ ուղերձը կհասնի աշխարհի բոլոր ժողովուրդներին և նրանց սրտերը կլցնի հույսով.«Այս կայծքը պետք է բոցավառվի Աստծո շնորհով: Այս ողորմության կրակը պետք է փոխանցվի աշխարհին: Աստծո Ողորմության մեջ աշխարհը կգտնի խաղաղություն, և մարդկությունը կգտնի երջանկություն» (Աստվածային Ողորմության սրբավայրի օծման քարոզը, Կրակով, 17 օգոստոսի, 2002թ.):

     

    Սիրելի՛ երիտասարդներ, Կրակովի սրբավայրում, որը նվիրված է Ողորմած Հիսուսին և որտեղ Նա պատկերված է մի Աստծո ժողովրդի կողմից պատվելի մի նկարում, Հիսուս սպասում է ձեզ: Նա վստահում է ձեզ և հիմնվում է ձեզ վրա: Նա այնքա՛ն շատ բան ունի ասելու ձեզնից յուրաքանչյուրին…Մի վախեցե՛ք նայելու Նրա աչքերի մեջ, որոնք լի են ձեր նկատմամբ անսահման սիրով: Բացվեցե՛ք Նրա ողորմած հայացքի առջև, որն այնքա՛ն պատրաստ է ներելու ձեր բոլոր մեղքերը: Նրա մի հայացքը կարող է փոխել ձեր կյանքը և բուժել վերքերը ձեր հոգիների: Նրա աչքերը կարող են գոհացնել ձեր սրտերում խոր թաղված ծարավը՝ սիրո, խաղաղության, ուրախության և ճշմարիտ երջանկության ծարավը: Եկե՛ք Նրա մոտ և մի՛ վախեցեք, եկե՛ք Նրա մոտ և ասացե՛ք ի խորոց սրտի.«Հիսու՛ս, վստահում եմ Քեզ»: Թող ձեզ սրտերը զգան հպումն այդ անսահման ողորմության, որպեսզի փոխարենը դառնաք առաքյալներ ողորմության՝ ձեր գործերով, խոսքով և աղոթքներով մեր այս աշխարհում, որը վիրավոր է եսասիրությամբ, ատելությամբ և այնքա՛ն շատ հուսահատությամբ:

     

    Տարե՛ք ձեզ հետ Քրիստոսի ողորմած սիրո կրակը, ինչպես ասաց Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը, ձեր առօրյա կյանքի բոլոր ոլորտներից ներս և մինչև երկրի ծայրերը: Այս առաքելության մեջ ես ձեզ հետ եմ իմ քաջալերությամբ և աղոթքներով: Ձեզ բոլորիդ վստահում եմ Մարիամին՝ Ողորմության Մորը, հոգևոր պատրաստության այս վերջին հանգրվանին՝ դեպի հաջորդ ԵՀՕ-ը, Կրակովում:

    Ի սրտէ օրհնում եմ բոլորիդ:

     

     

    Վատիկան, 15 օգոստոսի, 2015թ.

    Տօն Վերափոխման Սրբոյ Կուսին Մարիամու

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց