• Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի խոսքը` Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր ժողովի բացման նիստին

    «Յիսուս գլուխն է Եկեղեցւոյ եւ կ’ուզէ` որ մենք ըլլանք մէկ մարմին»:
    Ռաֆայէլ Պետրոս ԻԱ.


    Այս օրերին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը գտնվում է Կահիրեում, որտեղ քրիստոնյա Եկեղեցիների այլ հովվապետների հետ միասին մասնակցում է Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի Ընդհանուր ժողովի նիստերին։

     

    Երկուշաբթի, մայիսի 16-ին, վերոնշյալ ժողովի բացման նիստի առթիվ ներկայացրած իր զեկույցի մեջ՝ Ամենապատիվ Հոգևոր Տերը ուրախություն և շնորհակալություն հայտնեց մինչ օրս կատարված աշխատանքների համար: Հոգևոր Տերն իր խոսքում ընդգծեց, որ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելուց հետո առաջին անգամն է, որ մասնակցում է այս հավաքին։

     

    Ստորև մեջբերում ենք Ամեն. և Գերերջ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի խոսքը՝ Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի Ընդհանուր ժողովի բացման նիստին.

     

    «Կ՛ուզեմ ձեզի շնորհակալութիւն յայտնել բարեսիրական գործունէութեան եւ կարիքաւորներու եղբայրական օգնութեան միջոցաւ քրիստոնէական վկայութեան համար», – ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը՝ մատնանշելով հատուկ կոչումը, որ ունեն Արևելյան Եկեղեցիների ղեկավարները. «ղեկավարներ ծառաներու իմաստով, այս Եկեղեցւոյ` որ ղեկավարուած է միակ Վարդապետէն` Աւագ Վարդապետը` Յիսուս Փրկիչը», – ավելացրեց Ամենապատիվ Հոգևոր Տերը՝ շեշտը դնելով միջկրոնական երկխոսության կարևորության վրա։

     

    «Բայց մենք, միակ Եկեղեցւոյ զաւակները, ցրուած ու բաժնուած ենք, այսօր կը հանդիպինք, սակայն հանդիպման աւարտին դարձեալ բաժնուած պիտի ըլլանք։ Միթէ այս լաւ առիթով, որ մեզ համախմբեց այս օրհնեալ հողին վրայ, որ եղաւ Մանուկ Յիսուսին` Աստուծոյ Որդւոյն պատսպարանը, կարող պիտի ըլլանք որոնել արդիւնաւէտ ձեւ մը, միասին յառաջ ընթանալու համար դէպի Քրիստոս… ձեռք բերելու համար Քրիստոսի մէջ միութիւնը», – ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը՝ հաստատելով, որ. «Յիսուս գլուխն է Եկեղեցւոյ եւ կ’ուզէ, որ մենք ըլլանք մէկ մարմին»։ Այնուհետև մեջբերեց Եկեղեցու Սուրբ հայրերի խոսքերը, ովքեր, թեև տառապում էին բաժանման համար, սակայն հաստատ մնացին ու հարատևեցին աղոթքի մեջ՝ ձեռք բերելու միությունը, որն այսօր ևս տակավին բացակայում է։

     

    «Մենք այս ուղղութեամբ ունինք մեծ պատասխանատուութիւն մը, Աստուծոյ ժողովուրդը միացած է բայց մենք իրարմէ բաժնուած ենք»: Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, դարձյալ շեշտելով միության կարևորությունը, իր զեկույցն ավարտեց Հիսուս Քրիստոսի խոսքերով. «Ան որ ձեր մէջ կ’ուզէ մեծը ըլլալ թող ձեր սպասաւորն ըլլայ» (Մատթ 20, 26)։

     

    Աղբյուրը՝ Վատիկան Նյուզի Հայկական բաժին

Օրացույց

Օրացույց