• Գյումրիում բացվեց հուշակոթող՝ նվիրված մեկ տարի առաջ Գյումրիում Սրբազան Քահանայապետի մատուցած պատմական Սուրբ Պատարագի հիշատակին

    «Մենք իրավունք չունենք այսօր այդ պատմությունը չկերտելու…»:


     2016-ի հունիսի 25-ը պատմական հիշարժան ու սիրելի օր դարձավ գյումրեցիների և Հայաստանի հայ կաթողիկէ բոլոր համայնքների համար: 1988-ի երկրաշարժից հետո գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքի վերածննդյան, գոյատևման պայքարը նոր կենսական լիցքերով շարունակելու ճանապարհին շատ տեղին էր Քրիստոսի Մեկ և Ընդհանրական Եկեղեցու Առաջնորդի՝ Հռոմի Սրբազան Քահանայապետի հայրական այցելությունը Գյումրի: Այս խոնարհ ու պարզ կենցաղով քահանայապետն իր ներկայությամբ և խոսքերով քաջալերեց մի ամբողջ ժողովուրդ և, մանավանդ, այդքան տառապանքներ կրած և մինչ օրս բազում սոցիալ-տնտեսական դժվարությունների մեջ ապրող գյումրեցիներին: Իր հայրական սիրով Քահանայապետը հավատքի և հույսի մեջ հաստատեց ոչ միայն հայ կաթողիկէներին, այլ նաև առաքելականներին, ովքեր միասին տարել են համայնավարական հալածանքի, անաստվածության լուծը և այսօր էլ միասին՝ որպես մեկ ընտանիք, քայլում են հոգևոր վերելքի դժվարին ճանապարհով: Սուրբ Պետրոսի հաջորդի այցը մի բարդ, բայց և քաղցր մարտահրավեր էր՝ ապրելու սիրո և միության մեջ, միմյանց հետ մրցելու՝ միմիայն ավելի շատ սե՛ր ու գորով ցուցաբերելով, ինչպես ինքն ասաց Վարդանանց հրապարակում հավաքված 20.000-ից ավելի հավատացյալներին: Այս միության կարևորության մասին Քահանայապետին ուղղված իր խոսքում շեշտեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Ո՞վ, եթե ոչ Ռաֆայել Սրբազանը, ավելի լավ գիտի միասնության գինը, որն այնքան հաճախ վճարում է այս հավատարիմ մշակը՝ Մեկ Հայ Եկեղեցու կառուցմանն ուղղված իր անդուլ աշխատանքով: Այս մասին նա խոսեց նաև 2017թ. հունիսի 25-ին Քահանայապետի Հայաստան այցի մեկամյա հոբելյանի հիշատակի Սուրբ Պատարագի ժամանակ, Գյումրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում.

     

     «Հատուկ մի նշանակություն ունի, որ Ընդհանրական Եկեղեցու Առաջին Պատասխանատուն, Քրիստոսի տեղակալըեկավ մեզ մոտ, որպեսզի մեզ սովորեցնի երեք կետ՝ խոնարհություն, պարզություն, հավատք, նաև պատմությու՛նը: Այն ժողովուրդը, որ իր պատմություն գիտե և հարգում է, նրա ապագան ապահով է»:

     

    Ի դեպ, այդ հոբելյանական Սուրբ Պատարագը Ռաֆայել Սրբազանը համատեղեց իր քահանայական ձեռնադրության 45-րդ տարեդարձի հետ, չէ՞ որ հատկապես Քահանայապետի այցը Գյումրի և Սուրբ Պատարագի մատուցումը Վարդանանց հրապարակում առավելաբար նրա՛ հովվական աշխատանքի մի գեղեցիկ պտուղն է:

     

    Որքա՛ն մեծ էր նրա և համապատարագող մյուս հայ կաթողիկէ հոգևորականների ուրախությունը, երբ նկատեցին, որ Սուրբ Պատարագի ընթացքում Սրբոց Նահատակաց տաճարում կանգնելու տեղ գրեթե չկար: Ներկա էր նաև Գյումրիի փոխքաղաքապետ  Վաղարշակ Մխիթարյանը: Ուրեմն, հիշողությունը շատ թարմ է և կենսունակ, ուրեմն կա պատմական այդ իրադարձությունը վերապրելու փափագ, Քահանայապետի և ամբողջ Եկեղեցու համար միասին աղոթելու պատրաստակամություն: Այս տրամադրությունն անկհայտ էր նաև քաղաքային իշխանությունների մոտ: Սուրբ Պատարագից հետո Ռաֆայել արքեպս. Մինասյանը հրավիրվեց կատարելու բացումը Գյումրիի Սև Բերդում կառուցված մի հուշակոթողի, որը նվիրված է Ֆրանցիսկոս Քահանայապետի կողմից Գյումրիում մատուցված Սուրբ Պատարագի հիշատակին: Բացման ժապավենը Ռաֆայել արքեպս. Մինասյանը կտրեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի և Գյումրիի Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին:

     

    Քաղաքապետի նախաձեռնությամբ Սև Բերդ է տեղափոխվել այն Սուրբ Սեղանը, որի վրա Հռոմի Սրբազան Պապը մատուցեց Սուրբ Պատարագը: Սեղանը տեղադրվել է 2016-ի հունիսի 25-ի խորանի նման մի տաղավարի տակ, որը վերածվել է յուրօրինակ մի թագարանի.տաղավարի պատերին փակցված են պատմական օրվա լուսանկարները՝ Քահանայապետը՝ Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետի և Ռաֆայել Սրբազանի հետ միասին, տեսարաններ Սուրբ Պատարագից: Այստեղ է նաև այն խաչքարը, որի մոտ կանգնած՝ Ընդհանրական Եկեղեցու Հովիվը իր հայրական խոսքով դիմեց 20.000 անոց բազմությանը: Գյումրիի Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստովանեց, որ չէր կարող այս հուշակոթողը չնվիրել այդ պատմական օրվան, որն իր համար շատ թանկ է.

     

    «Մենք իրավունք չունենք այսօր այդ պատմությունը չկերտելու, պետք է անպայման կարողանանք կերտել այն և փոխանցել մեր սերունդներին, որովհետև հազարամյակներ շարունակ չի եղել այդպիսի դեպք, որ Հռոմի Պապն այցելի Գյումրի քաղաք: Պարտադիր է, որ այսպիսի հուշակոթող կառուցվեր այս Եվրոպայի հրապարակումՍա շատ կարևոր քայլ է, որպեսզի կարողանանք պահպանել այդ պատմական օրվա՝ 2016 թվականի հունիսի 25-ի արժեքը»:

     

    Շիրակի թեմի առաջնորդը ևս փաստեց, որ 2016-ի հունիսի 25-ը պատմական է բոլորի համար, հատկապես Քահանայապետի այցելության եղբայրակա՛ն շեշտադրությամբ՝ թե հայ կաթողիկէի և թե հայ առաքելականի համար.

     

    «Բոլորս, անկախ մեր դավանական պատկանելությունից հուզումնառատ օր ապրեցինք: Այսօր մեր սիրելի քաղաքապետը մեզ փորձեց վերհուշի բերել և այս հուշակոթողը կառուցել, որպեսզի ոչ միայն մեկ տարի հետո, այլև ընդմիշտ այդ հիշատակը վառ մնա և հիշվի՝ անկախ դավանական պատկանելությունից: Որովհետև Քահանայապետը չեկավ միայն կաթողիկէ համայնքի համար, այլ եկավ նաև իր եղբայրական սերը արտահայտելու Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների մեծ բանակի հանդեպ: Այնպես որ, այստեղ «իմ և քո»-ի խնդիր գոյություն չունի: Հետևաբար, մեկ տարի առաջ տեղի ունեցածը բոլորի՛ս իրադարձությունն է:

     

    Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր խոսքում հրավիրեց խորհրդածել Քահանայապետի այցելության խորհրդի մասին՝ որպես հայ ժողովրդի և Եկեղեցու  միասնականության մի յուրահատուկ շաղախի.

     

    «Խորին շնորհակալություն պարոն քաղաքապետին, որ այս առիթը տվեց մեզ, որ շարունակենք հիշատակությունը այդ խոնարհ, պարզ, սրբակենցաղ Սրբազան Քահանայապետի, որ հաճեցավ գալ մեզ մոտ՝ հայտնելու իր սերն ու գուրգուրանքը, մեզ, որ առաջին քրիստոնյա ազգն ենք: Մաղթում եմ, որ սիրո այդ կայծը աճի մեր մեջ, որպեսզի դառնանք մեկ ժողովուրդ, մեկ Եկեղեցի, մեկ հայրենիք:

     

    Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց միասնականության այսպիսի առիթ ստեղծելու համար.

     

    «Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել պարոն Բալասանյանին, որ այստեղ միասին կանգնած ենք մեկ նպատակի շուրջ»:

     

    Մարզպետի խորհրդական, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն իր գնահատանքի խոսքն արտահայտեց՝ գյումրեցիների անունից.

     

    «Մի փոքրիկ երկիր, ունենալով իր հավերժական Արարատը և մարդկության սկիզբը՝ Նոյան տապանը, Հռոմի Պապն ուզեցավ այցելել այստեղ: Սրանում չկա ոչ մի քաղաքականություն, սա հոգևոր և բարոյական պահ է, սա այց է մի ժողովրդի, որը օրինակելի է աշխարհում քրիստոնեության հավերժության համար:

     

    Գյումրիի Սև Բերդը, որն աստիճանաբար դառնում է քաղաքի մշակութային մի կարևոր կենտրոն, այս խորանաձև հուշակոթողով այսուհետ իր այցելուներին մշտապես կհիշեցնի Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու խոնարհ առաջնորդի պատմական այցելության մասին, մի հիշողություն, որն, ինչպես դիպուկ կերպով բնորոշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, բոլորինն է՝ անկախ դավանական պատկանելությունից:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց