Ուկրաինայի հայ կաթողիկէ համայնքի վերածննդյան սկիզբը
Ինչպես հայտնում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, Լվովում գտնվող հայ կաթողիկէ Սուրբ Խաչ կամ ուղղափառ անունով հայտնի Սբ. Կազիմիրի վանքը կվերադարձվի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդությանը: Այս մասին 2017թ. մայիսի 23-ին հայտարարեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ հայ կաթողիկէ առաջնորդության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Պատվիրակության կազմում էին առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանը և Հոգշն. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը, Հ. Հենրիկ վրդ. Բլաշչիկը, Լեհաստանի սենատոր, լեհահայ հասարակական գործիչ Լուկաշ Աբգարովիչը: Նախարարի խոսքերով, Ուկրաինայում գոյություն ունի մոտ 80 վանք, եկեղեցի կամ հոգևոր կառույց, որոնք պատմականորեն պատկանել են Ուկրաինայում հաստատված հայերին: Առայժմ, դրանցից միայն 5-ն են հայերին վերադարձվել:
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Եկեղեցու նկատմամբ պատմական արդարության վերականգնմանը: Խոսքս Լվովի պատմական ժառանգության մասին է: Այնպես է պատահել, որ Ներքին գործերի նախարարության սեփականությունն է դարձել Սուրբ Կազիմիրի վանքը, որը պատկանել է Հայ Կաթողիկէ Եկեղեցուն: Այդ վանքը գտնվում է Ներքին գործերի նախարարության Լվովի պետական համալսարանի տարածքում: Մենք ուսումնասիրեցինք բոլոր հնարավորությունները և որոշում կայացրեցինք Սուրբ Կազիմիրի եկեղեցին վերադարձնել Հայ Կաթողիկէ Եկեղեցու տրամադրության տակ: Սրա համար հարկ է, որ մենք եկեղեցին փոխանցենք Լվովի համայնքային իշխանությանը»,-ասել է Արսեն Ավակովը:
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ներքին գործոց նախարարին՝ պատմական արադարության վերականգնմանն աջակցելու համար: «Այն, ինչ դուք անում եք, անգին է: Ձեր քայլը անհնար է գնահատել: Մեծագույն գնահատանքը, որ ես կարող եմ բերել իմ կողմից, օրհնությունն է, աղոթքը՝ ձեզ համար, ձեր պետության համար, որպեսզի հաստատվի խաղաղություն»:
Հանդիպմանը ներկա Ուկրաինայի Գերագույն ռադայի Մշակույթի, հոգևոր հարցերի հանձնաժողովի նախագահ, ազգային պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին ասաց.
«Մենք ամեն կերպ ողջունում ենք պարոն նախարարի և Լվովի քաղաքային իշխանության որոշումը՝ պատմական վանքը հայ կաթողիկէ համայնքին փոխանցելու մասին: Մենք պատրաստ ենք հետագայում էլ անել ամեն ինչ, որպեսզի ուկրաինացի և հայ ժողովուրդն ապրեն ազատության մեջ»:
Ի դեպ, լեհահայ սենատոր Լուկաշ Աբգարովիչը հանդիպման ժամանակ ստացավ կառավարական պարգև՝ զինվորական սուսեր՝ հայրենիքի հանդեպ վաստակների համար:
1945թ. Արևմտյան Ուկրաինայում սկսվեց արևելյան կաթողիկէ եկեղեցիների զանգվածային ոչնչացումը: Հայ կաթողիկէ եկեղեցիները առաջիններից մեկը կրեցին այդ հարվածները: Ըստ պատմաբանների, Ուկրաինայում կամ Լվովի արքեպիսկոպոսության մեջ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման վերջնական տարեթիվն է 1946թ. հոկտեմբերի 25-ը:
2016-ի երկրորդ կեսին Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունեց մի պատմական որոշում «Արևմտյան Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման 70-րդ տարին հիշելու մասին»:
Պետք է ասել, որ սա ոչ միայն Ուկրիանայի նոր կառավարության լայնախոհ մտածողության արգասիքներից է, որը ցույց է տալիս, որ Ուկրիանան շարժվում է դեպի ազատ, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության ճանապարհով, այլ նաև արգասիքն է մեր հայ կաթողիկէ հոգևորականության և Լեհաստանում հայ կաթողիկէ համայնքներում աշխատող հոգևորականների համատեղ ջանքերի՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի առաջնորդությամբ: Սա մի կարևոր քայլ է Ուկրաինայի հայ կաթողիկէ համայնքի վերածնման և վերակազմակերպման ուղղությամբ:
Պատմական համառոտ տեղեկություններ՝ Ուկրաինայի հայ կաթողիկէների մասին
Առավել մանրամասն՝ Քրշիշտոֆ Ստոպկայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին հոդվածներում՝ մաս Բ, մաս Գ
Ուկրաինայի տարածքում հայ կաթողիկէները հաստատվել են դեռևս 14-րդ դարում, բայց ձևավորված համայնք, որպես այդպիսին չի եղել: Կաթողիկէ Եկեղեցուն հավատարիմ լինելու և որպես համայնք ինքնակազմակերպվելու առավել ցայտուն փորձեր եղել են Լեհաստանի կողմից Ուկրաինայի տարածքների գրավումից հետո: Ինչպես գրում է հայագետ լեհ պատմաբան Քրշիշտոֆ Ստոպկան, 1354թ. Արտազի Սբ. Թադևոս վանքի արքեպիսկոպոս Զաքարիան մեծ ջանքեր գործադրեց հայ կաթողիկէների կրոնական կյանքի կազմակերպման ուղղությամբ՝ Կազիմիր Մեծի կողմից գրավված տարածքներում, մասնավորապես Լվովում: 1369-1373թթ. գործում էր Հակոբ եպիսկոպոսը, որը կրում էր Կիևի եպիսկոպոս տիտղոսը: Հայտնի են Գալիցիայի տարածքում՝ Ուկրաինայի մի հատվածը և Լեհաստանի մի մասը (կենտրոնը՝ Լվով) ապրող ազդեցիկ հայ կաթողիկէների անուններ (տե՛ս՝ դարձյալ նույն պատմաբանի հոդվածում):
Առաջին համայնքը, որը պաշտոնապես՝ որպես համայնք, միավորվեց Հռոմի Սուրբ Աթոռի հետ, այդ տարածքում ստեղծվեց 17-րդ դարում: Ըստ Ստոպկայի, «Լեհաստան կատարած իր այցի ընթացքում Սուրբ Էջմիածնի կաթողիկոս Մելքիսեդեկը Լվովի եպիսկոպոս ձեռնադրեց Միկոլայ Թորոսովիչին՝ տեղի հայերի մի հարուստ ընտանիքի ժառանգին: 1630 թվականին եպիսկոպոս Թորոսովիչն ընդունեց կաթողիկէ դավանանքը: Մի քանի տարի անց նա գնաց Հռոմ, որտեղ 1635 թվականին վերահաստատվեց իր պաշտոնում, ստացավ արքեպիսկոպոսի տիտղոս և հայկական ծիսակարգի կատարման համաձայնություն: Արքեպիսկոպոսին ենթակա դարձան Լեհաստանի, Լիտվայի և Մոլդովայի հայերը»: Միկոյալ Թորոսովիչի հաջորդ եպիսկոպսները ևս հավատարիմ մնացին Սուրբ Աթոռի հետ միությանը, ինչպես վկայում են պատմական տեղեկությունները: Մինչև 17-րդ դարի վերջը Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստան, Ուկրիանայի մի հատված) հայերի մեծամասնությունն ընդունեց կաթողիկէ հավատքը և կազմավորվեց որպես ծաղկուն համայնք՝ 15 եկեղեցիներով, 20 քահանաներով և մոտ 3500 հավատացյալներով, որոնց թիվը 19-րդ դարի կեսերին հասավ 8000-ի՝ 10 ժողովրդապետություններով: Ուկրաինայի և Լեհաստանի միացյալ հայ կաթողիկէ համայքն ունեցել է 13 եպիսկոպոս, որոնցից վերջինը՝ Դիոնիսի Կաետանովիչը (1939-1954թթ.) 1946թ. մարտի 8-9-ը դատապարտվեց Լվովի զինվորական շրջանի ռազմական ատյանի կողմից և վախճանվեց Աբեզ Կոմիի աշխատանքային գաղութում: Նրա հետ միասին համայնավարական ռեժիմը դատապարտեց հայ կաթողիկէ հոգևորականներ Հ. Կազիմիր Ռոմաշկինին, Հ. Վիկտոր Կվապինսկիին, Լվովի հայ կաթողիկէ համայնքի քարտուղարության աշխատակիցներ Ստանիսլավ Դոնիգևիչին, Գոհարինե Բաբաևային, Սերգեյ Նազարյանին, Վաղարշակ Գրիգորյանին և ուրիշների: 1940-ականներին 2000-ից ավելի հայ կաթողիկէներ աքսորվեցին Սիբիր, շատ քահանաներ սպանվեցին ֆաշիստական և համայնավար զորքերի կողմից: Ուկրաինայի հայերի մեծ մասը 1945-47թթ.նաև բռնի ուժով արտաքսվեցին Լեհաստան:
Լվովի հայ կաթողիկէ արքեպիսկոպոսության ոչնչացումն իրականացվել է Լվովի НКГБ աշխատակիցների ձեռքով՝ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ն. Խրուշչևի հրամանով: Լվովի հայ կաթողիկէ համայնքը գրեթե իսպառ ոչնչացավ, մնացած 8 քահանաները և բենեդիկտյան հայ միաբան քույրերը տեղափոխվեցին Լեհաստան: Համայնավարները ազգայնացրեցին կամ պետական սեփականություն դարձրեցին հայ կաթողիկէ բազմաթիվ եկեղեցիներն ու հոգևոր կառույցները՝ Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Տիսմենիցայում, Լիսեցում, Սնյատինում, Բերեժանիում, Գոռոդենկայում, Չեռնովցիում, Կուտիում և այլ քաղաքներում: Եկեղեցական ունեցվածքի մի մասը փրկեցին Լեհաստան գաղթած հավատացյալները.այդ իրերը հիմա գտնվում են Լեհահայերի մշակույթի և ազգային ժառանգության հիմնադրամում:
Լվովում և այլ համայնքներում դեռևս կան հայ կաթողիկէ ընտանիքներ, որոնք թվաքանակը, սակայն, մեզ հայտնի չէ առայժմ: Աղոթենք և հուսանք, որ նրանք նորից կվերամիավորվեն զարթոնք ապրող հայ կաթողիկէ համայնքում: