• Ի Տեր հանգեաւ Գերհ. Հ. Հովսեփ Ծ. Վրդ. Քելեկյանը

    Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի


    Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանի անունից խոր վշտակցությունն ենք արտահայտում` Փարիզի հայ կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցու նախկին ժողովրդապետ, Զմմառյան միաբան Գերհ. Հ. Հովսեփ Ծ. Վրդ. Քելեկյանի վախճանման տխրառիթ կապակցությամբ: Գերհարգելին ի Տեր հանգեաւ 2026թ. սեպտեմբերի 28-ին, երկուշաբթի:

    Ծնված Լիբանանում 1950 թվականին՝ Գերհարգելի Հայր Հովսեփ Քելեկյանը Հայոց Ցեղասպանությունը վերապրածների զավակ էր: Մանկությունը եւ նախնական կրթություն ստացել է Լիբանանում։ Հռոմում աստվածաբանական, կանոնագիտական կրթություն ստանալուց հետո 1973-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1973-1978 թվականներին պաշտոնավարել է որպես Լիբանանի Ժեյթաուի Ավետման Եկեղեցու փոխժողովրդապետ, ապա` 1978-1990 թվականներին Լիբանանի Զմմառի վանքի Սբ. Միքայել ընծայարանի Փոխտեսուչ, ապա Տեսուչ: 1984-86 թվականներին եղել է Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանի Մեծավորը եւ ուսուցիչը։ 1990-2007 թվականներին եղել է Փարիզի աթոռանիստ Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետը: 2007-2010-ին Հ. Հովսեփը ծառայել է որպես Հռոմի Լեւոնյան հայկական վարժարանի տեսուչ: 2010-2011 թվականներին ծառայել է Հայաստանում` որպես Տաշիրի հայ Կաթողիկէների ժողովրդապետ։ 2011-ին ստացել է Թագադիր Ծայրագույն Վարդապետի տիտղոս, 2011-2013-ին պաշտոնավարել որպես Երուսաղեմի եւ Հորդանանի Պատրիարքական Փոխանորդ, 2013-ին եղել է Լիոնի հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, 2014-2024-ին` Փոխանորդ Ֆրանսիայի Կաթողիկէ Հայոց թեմի։ 2024-ից Հայր Հովսեփը հիվանդության պատճառով բնակվում էր Փարիզի մերձակայքում գտնվող խնամքի հայկական տանը:

    Հ. Հովսեփը Զմմառյան միաբանության անդամ էր, ուսյալ հոգեւորական, հայոց պատմության և մշակույթի մեծ գիտակ եւ նվիրյալ։ Նրա գեղեցիկ եւ հոգեպարար ձայնը ծանոթ էր Կաթողիկէ Հայոց բոլոր համայնքներում, որ նա ծառայել է. մեծ արվեստով եւ աղոթական հոգով երգում էր հայկական շարականները և ժողովրդական երգեր: Ձայնագրել է Սուր Պատարագի քահանայի երգեցողությունը։ Քելեկյանը կանոնավոր ելույթներով հանդես է եկել France 2 հեռուստաալիքի «Chrétiens Orientaux» (Արևելյան քրիստոնյաներ) հաղորդման շրջանակներում:

    Մեր վշտակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի Կաթողիկէ Հայոց թեմի եպիսկոպոս Արհ. Տ. Եղիա Եպս. Եղիայանին, բոլոր թեմական հոգեւորականներին, Զմմառի միաբան հայրերին, Ֆրանսիայի Հայ Կաթողիկէ թեմի հավատացյալներին և Քելեկյան ընտանիքին:

    Մեր գոհաբանական աղոթքն ենք բարձրացնում առ Աստված` Հ. Հովսեփ Թ. Ծ. Վրդ. Քելեկյանի կյանքի եւ աստվածահաճո ծառայության մեծ պարգեւի համար:

    Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի
    29 սեպտեմբերի, 2026թ.

Օրացույց

Օրացույց