• Պսակի Սուրբ Խորհրդի կանոնական պայմանները, արգելքները եվ պատրաստությունը՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցում

    Ներածություն


    Պսակի խորհուրդը Հայ Կաթողիկէ Եկեղեցու կյանքում պարզապես եկեղեցական արարողություն չէ։ Այն Սուրբ Խորհուրդ է, որով տղամարդն ու կինը, ազատ և գիտակցված համաձայնությամբ, իրենց ողջ կյանքի համար ուխտում են փոխադարձ սեր, հավատարմություն և նվիրում՝ իրենց ընտանեկան կյանքը կառուցելով Աստծո ներկայության և Եկեղեցու ուսմունքի համաձայն։

     

    Հետևաբար, Պսակի խորհուրդը չի կարող կատարվել միայն զույգի ցանկությամբ կամ որևէ եկեղեցում հարմար պայման գտնելու սկզբունքով։ Եկեղեցին սահմանել է որոշակի կանոնական պայմաններ, նախնական պատրաստություն, անհրաժեշտ փաստաթղթեր, քննություն և հնարավոր արգելքների ստուգում, որպեսզի ապահովվի ամուսնության թե՛ վավերությունը, թե՛ օրինավորությունը և թե՛ հոգևոր արժանապատվությունը։ Կանոնական իրավունքը հստակ պահանջում է, որ Պսակի Խորհրդի կատարումից առաջ պարզ լինի, որ ամուսնության վավեր և օրինավոր կատարմանը որևէ խոչընդոտ չկա։

     

    Այս կանոնները սահմանված չեն հավատացյալներին դժվարություն պատճառելու կամ նրանց Պսակի խորհուրդից հեռացնելու համար։ Ընդհակառակը՝ դրանք կոչված են պաշտպանելու ամուսնության սրբությունը, ապագա ընտանիքը և հենց ամուսնացողների իրավունքները։

     

    Վերջին շրջանում, սակայն, հանդիպում են իրավիճակներ, երբ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հավատացյալները, չիմանալով Պսակի խորհրդին վերաբերող կանոնական պահանջները, դիմում են մեկ այլ եկեղեցի՝ հատկապես այն դեպքում, երբ իրենց ծխում չեն ցանկանում կամ չեն կարողանում կատարել անհրաժեշտ նախապատրաստությունը։

     

    Կան նաև դեպքեր, երբ ստեղծվում են այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով քահանան հայտնվում է դժվար իրավիճակում և, զույգի ցանկությանը ընդառաջելով, կարող է փորձել կատարել Պսակի խորհուրդը՝ առանց բոլոր անհրաժեշտ կանոնական պահանջների պատշաճ կատարման։

     

    Այստեղ անհրաժեշտ է ընդգծել մեկ կարևոր սկզբունք. քահանայի անձնական ցանկությունը կամ զույգի խնդրանքը չի կարող փոխարինել Եկեղեցու կանոնական կարգին։ Եթե առկա է կանոնական արգելք կամ պահանջվում է իրավասու եկեղեցական իշխանության թույլտվություն կամ դիսպենսա, այդ հարցը պետք է լուծվի սահմանված ընթացակարգով։ Արևելյան Եկեղեցիների Կանոնների համաձայն՝ որոշակի դեպքերում քահանան չի կարող Պսակի Խորհուրդը շնորհել առանց իրավասու եկեղեցական իշխանության թույլտվության։

    Ուստի կարևոր է, որ յուրաքանչյուր Հայ Կաթողիկէ հավատացյալ նախապես իմանա, թե ինչ պայմաններով է կատարվում Պսակի խորհուրդը, ինչպիսի պատրաստություն է պահանջվում, որոնք են հնարավոր արգելքները, երբ է անհրաժեշտ դիմել եկեղեցական իշխանությանը և ինչու չի կարելի պարզապես մեկ եկեղեցուց մյուսը տեղափոխվել՝ կանոնական պահանջները շրջանցելու նպատակով։

     

    Այս թեմայի վերաբերյալ առաջիկայում կներկայացվեն առանձին և պարզաբանող նյութեր՝ կետ առ կետ անդրադառնալով.

    1. Ովքեր կարող են ստանալ Պսակի խորհուրդը։
    2. Ինչպիսի նախնական պատրաստություն է պահանջվում։
    3. Ինչ քննություն և փաստաթղթեր են անհրաժեշտ Պսակից առաջ։
    4. Որոնք են ամուսնության կանոնական արգելքները։
    5. Որ դեպքերում է անհրաժեշտ եկեղեցական իշխանության թույլտվությունը կամ դիսպենսան։
    6. Ի՞նչ է նշանակում ամուսնության կանոնական ձևը։
    7. Ի՞նչ պայմաններով կարող է Հայ Կաթողիկէ հավատացյալը Պսակվել այլ եկեղեցում։
    8. Ինչու չի կարելի մեկ եկեղեցուց մյուսը տեղափոխվել՝ Եկեղեցու սահմանած նախապատրաստությունը կամ կանոնական պահանջները շրջանցելու համար։
    9. Ի՞նչ պարտականություններ ունեն քահանան, զույգը և համայնքը Պսակի խորհրդի նախապատրաստության ընթացքում։
    10. Ինչ անել, երբ կանոնական որևէ խոչընդոտ կամ անորոշություն է առաջանում։

     

    Այս պարզաբանումների նպատակն է ոչ թե որևէ մեկին քննադատելը, այլ մեր հավատացյալներին տեղեկացնելը, կրթելը և օգնելը, որպեսզի Պսակի խորհուրդը կատարվի Եկեղեցու հավատքի, կանոնական կարգի և սրբության պահանջներին համապատասխան։

    Քանի որ Պսակի խորհուրդը կապված է մարդու ամբողջ կյանքի և ընտանիքի ապագայի հետ, դրա նկատմամբ պատասխանատու մոտեցումը ոչ միայն եկեղեցական պարտականություն է, այլև սիրո և հոգատարության դրսևորում ապագա ամուսինների և նրանց ընտանիքի նկատմամբ։

    Հարգելի հավատացյալներ, այս շարքի ընթացքում ներկայացված յուրաքանչյուր կետի վերաբերյալ հարցերի, պարզաբանումների կամ կոնկրետ իրավիճակների դեպքում կարող եք դիմել ինձ։ Սիրով և հնարավորինս հստակ կերպով կպատասխանեմ ձեր հարցերին նաև առցանց ձևաչափով։

     

    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կանոնական Հարցերով Առաջին Ատյանի Դատավոր

     

    Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյան

    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կանոնական Հարցերով Առաջին Ատյանի Դատավոր

    2 սեպտեմբերի, 2026թ․

Օրացույց

Օրացույց