
Երևան, 17 հուլիսի, 2026թ.
Նպատակը
Սույն քաղաքականության նպատակն է` պաշտպանել Առաջնորդության շահերը, երբ այն նախատեսում է կնքել այնպիսի գործարք կամ համաձայնություն, որը կարող է օգուտ բերել մասնավոր անձանց շահերին, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ աշխատակիցներով, թեմի անունից աշխատանք կատարող անձանցով և այլոցով, ովքեր ի վիճակի են ազդել թեմի գործերի վրա: Սույն քաղաքականությունը նպատակ ունի լրացնել, բայց չփոխարինել շահերի բախումը կարգավորող պետական կիրառելի օրենքները, որոնք վերաբերում են ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններին: Այս քաղաքականությանը պետք է տեղյակ լինեն և ընդունեն գործող և ապագա ղեկավարները, պաշտոնյաները, ժողովրդապետները, հոգաբարձուները, տնօրենները, ինչպես նաև խորհրդատվական մարմինների, խորհուրդների և հանձնախմբերի անդամները:
Ներածություն
Ոչ առևտրային բարեգործական, կրոնական և կրթական կազմակերպությունները հարկերից կամ որոշ հարկատեսակներից ազատման կարգավիճակ են ստանում այն հիմնավորմամբ, որ նրանք արժեքավոր ծառայություններ են մատուցում հասարակությանը և թեթևացնում են պետության բեռը: Եթե հարկերից ազատված կազմակերպությունը թույլ է տալիս, որ իր դրամական միջոցները կամ այլ գույքն օգտագործվեն մասնավոր, այլ ոչ թե հանրային օգուտի համար, ապա այն ռիսկի է դիմում կորցնել իր հարկային արտոնությունը:
Մասնավոր հարստացման կամ մասնավոր օգուտի խնդրի բացահայտումը
Կարճ ասած՝ «մասնավոր հարստացումը» (private inurement) հարկային արտոնություն ունեցող կազմակերպության ակտիվների վճարումն է կամ փոխանցումն է իր պաշտոնյաներին, տնօրեններին, աշխատակիցներին, հարազատներին, ընկերներին, խոշոր նվիրատուներին կամ կազմակերպության հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվող այլ անձանց, ովքեր կարող են ազդել կամ վերահսկել կազմակերպության քաղաքականությունը կամ ամենօրյա գործունեությունը՝ առանց լիարժեք և համարժեք փոխհատուցման: Սա լայն հասկացություն է, որը կարող է դրսևորվել տարբեր գործարքներում և տարբեր հանգամանքներում:
Մասնավոր հարստացումը տարածվում է նաև կազմակերպչական ակտիվների օգտագործման վրա` «մասնավոր օգուտների» համար, ինչպիսիք են վաճառքը, վարձակալությունը, շինարարական պայմանագրերը, ծառայությունների մատուցման գործարքները և այլն, որոնք իրականացվում են շուկայական իրական արժեքից տարբերվող գներով, կամ հարկային արտոնություն ունեցող կազմակերպության շահագործումը՝ հօգուտ մասնավոր բիզնեսի (օրինակ՝ «կողմնակալ/արտոնյալ գործարքներ» (sweetheart deals), գովազդային սխեմաներ և/կամ անվճար տրամադրումներ մասնավոր անձանց կամ ձեռնարկություններին): Այսպիսով, մասնավոր օգուտն իր բնույթով նման է մասնավոր հարստացմանը, բայց ավելի լայն է դրանից:
Վերը նշված գործարքների տեսակներում էական մասնավոր հարստացումից կամ օգուտից խուսափելու համար Առաջնորդությունը կամ նրան ենթակա իրավաբանական անձը պետք է գործարքներ կնքի հօգուտ իր, այլ ոչ թե մասնավոր կողմի շահերի, և դրսևորի պատշաճ ջանասիրություն՝ ապահովելու համար, որ առաջարկվող գործարքը լինի առավելագույնս արդար և ողջամիտ, այնպես որ տվյալ հանգամանքներում կազմակերպությունը ողջամիտ ջանքերի դեպքում չկարողանար ձեռք բերել ավելի շահավետ պայմանավորվածություն: Բացի առաջարկվող գործարքները համապատասխան խորհուրդների, վարչությունների կամ հոգաբարձուների միջոցով քննելուց, պետք է հոգ տանել, որպեսզի պահպանվեն պայմանագրերի ստորագրմանը վերաբերող Առաջնորդակա քաղաքականությունն ու ընթացակարգերը:
Շահերի բախում
Շահերի բախում կարող է առաջանալ, երբ Առաջնորդության կողմից աշխատանքի ընդունված անձինք, կամավորականները` ներառյալ նրանք, ովքեր ծառայում են խորհրդատվական մարմիններում, խորհուրդներում կամ հանձնախմբերում, ունեն ուղղակի կամ անուղղակի ֆինանսական շահ՝ ինչպես սահմանված է ստորև:
Ֆինանսական շահ
Անձն ունի «ֆինանսական շահ», եթե ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ բիզնեսի, ներդրումների կամ ընտանիքի միջոցով (ներառյալ ամուսինները, կանայք, եղբայրները կամ քույրերը, եղբայրների կամ քույրերի ամուսինները, զավակները, թոռները և ծոռները, ինչպես նաև զավակների, թոռների և ծոռների ամուսինները), ունի հետևյալներից որևէ մեկը․
ա) սեփականության կամ ներդրումային շահ (մասնակցություն) որևէ կառույցում, որի հետ Առաջնորդությունը կնքում է գործարք կամ պայմանավորվածություն.
բ) վարձատրության կամ փոխհատուցման պայմանավորվածություն Առաջնորդության կամ որևէ կառույցի կամ անհատի հետ, որի հետ Առաջնորդությունը կնքում է գործարք կամ պայմանավորվածություն.
գ) պոտենցիալ սեփականության կամ ներդրումային շահ, կամ վարձատրության պայմանավորվածություն որևէ կառույցի կամ անհատի հետ, որի հետ Առաջնորդությունը բանակցում է գործարքի կամ պայմանավորվածության շուրջ:
Վարձատրությունը ներառում է ուղղակի և անուղղակի վարձատրությունը (մասհանումները), ինչպես նաև էական բնույթ կրող նվերները կամ ծառայությունները:
Բացահայտման պարտականություն
Ցանկացած փաստացի կամ հնարավոր շահերի բախման դեպքում, շահագրգիռ անձը պետք է բացահայտի իր ֆինանսական շահի առկայությունն ու բնույթը և բոլոր էական փաստերը: Զեկույցները պետք է ներկայացվեն եպիսկոպոսի կողմից նշանակված Առաջնորդական անձնակազմին (այսինքն՝ Ընդհանուր Փոխանորդին, Դիվանապետին, իրավաբանին, գլխավոր ֆինանսական տնօրենին կամ ներքին աուդիտորին): Զեկույցները պետք է ներառեն ողջ հասանելի և հստակ տեղեկատվությունը:
Հետաքննություն
Նշանակված Առաջնորդական անձնակազմը պատասխանատու է փաստացի կամ հնարավոր շահերի բախման մանրակրկիտ և օպերատիվ հետաքննության համար:
Գործի տնօրինման վերաբերյալ առաջարկվող որոշումները կքննարկվեն եպիսկոպոսի կամ նրա կողմից լիազորված անձի (անձանց) հետ:
Բոլոր զեկուցված շահերի բախումների արդյունքները և վերջնական լուծումները պետք է ներկայացվեն Աուդիտի հանձնաժողովին:
Հետագա բախումներ և բացահայտումներ
Անկախ շահերի փաստացի կամ հնարավոր բախումների նախորդ բացահայտումներից՝ անձը պետք է կատարի շահերի բախման նոր բացահայտում, երբ այդ շահերի բախմանն առնչվող որևէ հարց առաջանում է քննարկման կամ գործողության համար: Այն դեպքում, երբ անձը վստահ չէ, թե արդյոք առկա է փաստացի կամ հնարավոր շահերի բախում, նա պետք է բացահայտի այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել փաստացի կամ հնարավոր բախման առաջացմանը:
Գաղտնի կամ արտոնյալ տեղեկատվություն
Առաջնորդության և նրա հետ փոխկապակցված կառույցների հետ աշխատանքային հարաբերությունների կամ առնչության ընթացքում անձանց կողմից ձեռք բերված և որպես գաղտնի բնորոշված տեղեկատվությունը պետք է օգտագործվի բացառապես հօգուտ Առաջնորդության և նրա նպատակների իրագործման համար: Անհատները չպետք է բացահայտեն գաղտնի տեղեկատվությունը իրենց լիազորված պարտականությունների շրջանակից դուրս և չպետք է օգտագործեն իրենց պաշտոնը կամ թեմի հետ ունեցած կապը անձնական ինքնահաստատման կամ առավելության համար, թեև կարող են լինել դեպքեր, երբ, զգուշավոր հայեցողության և դատողության վրա հիմնվելով, Առաջմորդության հետ ունեցած այդ առնչության երկրորդական (կողմնակի) օգտագործումը կարող է պատշաճ համարվել:
Ծանոթագրություն. Սույն փաստաթուղթը մշակելիս հիմնվել ենք Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի պահանջների, Առաջնորդության ֆինանսատնտեսական համակարգի 2025թ. հունվարին գերմանական Empacta աուդիտորական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների, ինչպես նաև` Ամերիկյան կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի` USCCB-ի “DIOCESAN FINANCIAL MANAGEMENT (A GUIDE TO BEST PRACTICES)” ուղեցույցից:
Հաստատում եմ`
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց





