
Երևան, 18 հուլիսի, 2026թ.
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Կաթողիկէ Առաջնորդության Վարքականոնը պահանջում է Առաջնորդության բոլոր ներկայացուցիչներից՝ ներառյալ հոգևորականներից, կրոնավորներից, տնօրեններից, կամավորականներից և աշխարհական աշխատակիցներից, պահպանել գործարար և անձնական էթիկայի բարձր չափանիշներ` իրենց պարտականություններն ու պատասխանատվությունն իրականացնելիս: Եկեղեցու բոլոր ներկայացուցիչները պետք է դրսևորեն ազնվություն և բարեխղճություն` իրենց պարտականությունները կատարելիս և համապատասխանեն բոլոր կիրառելի օրենքներին ու կանոնակարգերին:
Իրավախախտումների մասին զեկուցելու քաղաքականության նպատակներն են` սահմանել կանոններ և ընթացակարգե`ր հետևյալի համար․
– Եկեղեցու շահագրգիռ անձանց կողմից կասկածելի ֆինանսական կամ իրավական հարցերի, Վարքականոնի, Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի խախտումների և դրանց վերաբերյալ կասկածների, ինչպես նաև այլ մտահոգությունների մասին գաղտնի և անանուն հիմունքներով հայտարարություններ ներկայացնելը.
– Կազմակերպության կողմից ստացված բողոքների ընդունումը, պահպանումը և վարումը.
– Մտահոգությունների (իրավախախտումների) մասին զեկուցող ցանկացած անձի պաշտպանությունը հալածանքներից և վրեժխնդիր գործողություններից:
Զեկուցելու պարտականությունը
Առաջնորդության յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է սույն քաղաքականության համաձայն զեկուցել՝
ա) կասկածելի կամ անպատշաճ հաշվապահական կամ աուդիտորական հարցերի,
բ) Առաջնորդության վարքականոնի խախտումների և դրանց վերաբերյալ կասկածների,
գ) ֆինանսական, իրավական կամ կանոնական այլ մտահոգությունների մասին (այսուհետ միավորված ձևով՝ «Մտահոգություններ»):
Մտահոգությունների վերաբերյալ զեկույցները պետք է ներկայացվեն եպիսկոպոսի կողմից նշանակված առաջնորդական անձնակազմին (այսինքն՝ Ընդհանուր Փոխանորդին, Դիվանապետին, Իրավաբանին, Գլխավոր Հաշվապահին կամ ներքին աուդիտորին): Բոլոր Մտահոգությունների մասին պետք է զեկուցվի հնարավորինս շուտ: Մտահոգությունների վերաբերյալ զեկույցները պետք է ներառեն ողջ համապատասխան տեղեկատվությունը ենթադրյալ արարքի մասին, ներառյալ ցանկացած առկա նյութական (էական) ապացույց:
Հալածանքների և վրեժխնդրության արգելք
Սույն քաղաքականությունը նպատակ ունի խրախուսել և հնարավորություն տալ շահառուներին բարձրաձայնել Մտահոգությունները կազմակերպության ներսում՝ հետաքննություն և համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով: Այս նպատակն ի նկատի ունենալով՝ ոչ մի շահագրգիռ անձ, ով բարեխղճորեն (բարի կամքով) զեկուցում է Մտահոգության մասին, չպետք է ենթարկվի վրեժխնդրության գործողությունների, իսկ աշխատակցի դեպքում՝ աշխատանքային անբարենպաստ հետևանքների: Ավելին, ցանկացած անձ, ով վրեժխնդիր կլինի բարեխղճորեն Մտահոգություն զեկուցած անձի նկատմամբ, ենթակա է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև Եկեղեցում իր զբաղեցրած պաշտոնից ազատումը:
Հետաքննություն
Նշանակված Առաջնորդական անձնակազմը պատասխանատու է զեկուցված Մտահոգության մանրակրկիտ և օպերատիվ հետաքննության համար: Գործի վարման վերաբերյալ առաջարկվող որոշումները կքննարկվեն եպիսկոպոսի կամ նրա լիազորված անձի (անձանց) հետ: Զեկուցված բոլոր Մտահոգությունների հետաքննության արդյունքները և վերջնական լուծումը պետք է ներկայացվեն Աուդիտի հանձնաժողովին:
Բարեխղճորեն գործելը
Մտահոգություն զեկուցող ցանկացած անձ պետք է գործի բարեխղճորեն և ունենա հիմնավոր պատճառներ՝ համոզված լինելու, որ բացահայտված տեղեկատվությունը մատնանշում է անպատշաճ հաշվապահական կամ աուդիտորական գործելաոճ, կամ Վարքականոնի կամ կառավարման այլ քաղաքականությունների խախտում: Այնպիսի մեղադրանքներ (հայտարարություններ) ներկայացնելը, որոնք կլինեն չհիմնավորված և կապացուցվի, որ արվել են չարամտորեն, անփութորեն կամ կանխավ գիտակցելով, որ դրանք կեղծ են, կդիտվի որպես ծանր կարգապահական խախտում և կարող է հանգեցնել կարգապահական տույժերի՝ ընդհուպ մինչև Եկեղեցում իր պաշտոնից ազատում: Նման վարքագիծը կարող է հիմք հանդիսանալ նաև այլ գործողությունների, այդ թվում՝ քաղաքացիական դատական հայցերի համար:
Գաղտնիություն
Մտահոգությունների վերաբերյալ զեկույցները և դրանց առնչվող հետաքննությունները պետք է պահվեն գաղտնի՝ որքանով դա հնարավոր է՝ համապատասխանեցնելով պատշաճ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությանը: Մտահոգությունների վերաբերյալ զեկույցների բացահայտումը հետաքննության մեջ չներգրավված անձանց կդիտվի որպես ծանր կարգապահական խախտում և կարող է հանգեցնել կարգապահական տույժերի՝ ընդհուպ մինչև խախտողի՝ Եկեղեցում զբաղեցրած պաշտոնից ազատումը։ Նման վարքագիծը կարող է հիմք հանդիսանալ նաև այլ գործողությունների, այդ թվում՝ քաղաքացիական դատական հայցերի համար:
Հաստատում եմ`
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց
Ծանոթություն. Սույն փաստաթուղթը մշակելիս հիմնվել ենք Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի պահանջների, Առաջնորդության ֆինանսատնտեսական համակարգի 2025թ. հունվարին գերմանական Empacta աուդիտորական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների, ինչպես նաև` Ամերիկյան կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի` USCCB-ի “DIOCESAN FINANCIAL MANAGEMENT (A GUIDE TO BEST PRACTICES)” ուղեցույցից:





