• ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Երևան, Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, 17 հուլիսի, 2026թ.


    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

    ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ[1]

     

    ԲԱԺԻՆ 1. ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՔԵՐԸ

     

    Հոդված 1. Ֆինանսների և նյութական ռեսուրսների կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծման նպատակն է՝

     

    աջակցել Առաջնորդության ֆինանսա-տնտեսական համակարգի առողջացմանը, կայունացմանը, օրենքին համապատասխան, թափանցիկ, հաշվետվողական, նպատակային, հասցեական, արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը՝ ի նպաստ հայ կաթողիկէ հավատացյալների համապարփակ բարօրության (Մարդու համապարփակ զարգացման սկզբունք, Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունք):

     

    Հոդված 2. Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով.

    Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի 263-րդ կանոնի պահանջը,

    Առաջնորդության ֆինանսների, հաշվապահության, գույքի կառավարման համակարգերի առավել թափանցիկ, կառավարելի և արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը,

    ՀՀ օրենսդրությանը, ֆինանսների և գույքի կառավարման, հաշվապահության միջազգային չափանիշներին և ժամանակակից պահանջներին առավելագույն համապատասխանությամբ համակարգ ունենալու անհրաժեշտությունը,

    միջազգային գործընկերների առջև ստանձնած ֆինանսական և գույքի կառավարման պարտավորություններն առավել արդյունավետ կատարելու կարևորությունը:

     

    ԲԱԺԻՆ 2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

    Հոդված 3. Խորհրդի գործառույթներն են.

    1. Վերահսկել և տրամադրել խորհրդատվություն՝ հետևյալ ուղղություններով.

    Ա. ֆինանսական բոլոր մուտքերի և ելքերի կառավարումը, այսինքն՝

    եկամուտների արդյունավետ կառավարումը և լիարժեք փաստաթղթավորումը, որի մեջ մտնում են՝ ծրագրային եկամուտները, տարեկան ընթացիկ ծախսերի համար նախատեսված կանոնավոր կամ արտահերթ դրամական օգնությունները, անհատների նվիրատվությունները, շահույթ հետապնդող հնարավոր ծրագրերից ստացվող եկամուտները,

    ինչպես նաև՝ ժողովրդապետություններում խորհրդակատարությունների համար տրամադրված նվիրատվությունները, եկեղեցերի գանձանակների նվիրատվությունները, մոմերի ձեռքբերման համար կատարված նվիրատվությունները,

    ծախսերի արդյունավետ կառավարումը, հիմնավորվածությունը, թափանցիկությունը և լիարժեք փաստաթղթավորումը, որի մեջ մտնում են՝ ծրագրային ծախսերը և հաշվետվությունները, ընթացիկ ծախսերը՝ Առաջնորդարանի և ժողովրդապետությունների, աշխատավարձերի, սոցիալական օգնությունների, բժշկական ապահովագրության վճարումները, հարկային պարտավորությունների կատարումը,

    Բ. Առաջնորդության և ժողովրդապետությունների անշարժ և շարժական գույքային սեփականությունը, դրանց ձեռքբերումը, նվիրատվությունները և օտարումը, դրանց լիարժեք փաստաթղթավորումը:

     

    2.Կատարել Առաջնորդության ֆինանսական կայունության ապահովման համար անհրաժեշտությունների կարիքի մասնագիտական գնահատում և, ըստ այդմ, մշակել Առաջնորդության Ֆինանսական և գույքային կառավարման ուղեցույցը, որը պետք է խարսխված լինեն Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնարար սկզբունքների, ԱԵԿ կանոնների, ՀՀ օրենսդրության և միջազգային մասնագիտական ժամանակակից փորձառության պահանջների վրա: Ռազմավարությունը հարկավոր է վերանայել յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

     

    3.Մշակել ֆոնդհայթայթման և սեփական եկամուտների գեներացման՝ ներառյալ բիզնեսի, սոցիական բիզնեսի մոդելների, և կիրառման իրատեսական ծրագրեր և ներկայացնել Առաջնորդին:

     

    4.Մշակել Գնումների քաղաքականության ընդհանուր ուղեցույց:

     

    5.Մշակել Մարդկային ռեսուրսների կառավարման ուղեցույց:

     

    6.Տարեվերջին մշակել և Առաջնորդի հաստատմանը ներկայացնել Առաջնորդության հաջորդ տարվա բյուջեն՝ նախատեսվող եկամուտներով և ծախսերով: ԱԵԿ Կանոն 263, պար. 5:

     

    7.Վերլուծել ընթացիկ ավարտվող տարվա բյուջեի կատարողականը, որը պետք է կազմվի և ներկայացվի Ընդհանուր Մատակարարի կողմից (ԱԵԿ Կանոն 262, պար. 4) և ներկայացնել գրավոր գնահատական, համեմատել այն ամենամյա պարտադիր անկախ աուդիտի արդյունքների հետ, մատնանշել բացթողումները, խորհրդատվություն ներկայացնել դրանց շտկման ուղղությամբ: ԱԵԿ Կանոն 263, պար. 5:

     

    8.Յուրաքանչյուր կիսամյակի (6 ամսվա) ավարտին ուսումնասիրել վեց ամսվա ֆինանսական մուտքի և ելքի հաշվետվությունները, վերլուծել դրանք և Առաջնորդին ներկայացնել գրավոր գնահատական, մատնանշել բացթողումները, խորհրդատվություն՝ դրանց շտկման ուղղությամբ:

     

    9.Յուրաքանչյուր տարեվերջին ուսումնասիրել անշարժ և շարժական գույքի կառավարման հաշվետվությունները և գույքագրումը, ներկայացնել գրավոր վերլուծություն:

     

    10.Տարեվերջին գնահատական տալ իրականացված ծրագրերի նպատակահարմարության, արդյունավետության և արդյունքների վերաբերյալ` ֆինանսական, գույքային և մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից:

     

    11.Խորհուրդը խորհրդատվություն է տրամադրում նաև հետևյալի վերաբերյալ.

    1.Ընդհանուր Մատակարարի նշանակումը, ընդ որում կարող է առաջարկել թեկնածուներ կամ դիրքորոշում արտահայտել Առաջնորդի կողմից առաջարկվող թեկնածուի կամ թեկնածուների վերաբերյալ, (ԱԵԿ, Կանոն 262, պար. 1)

    2.Ընդհանուր Մատակարարի ազատումը,

    3.Մատակարարական և ֆինանսական կարևոր որոշումների վերաբերյալ` ինչպիսիք են Առաջնորդությանը պատկանող եկեղեցական գույքի կամ իրավաբանական անձի օտարումը, նվիրատվությունը, որոնց արժեքը, շարժական գույքի պարագայում գերազանցում է 500,000 դրամը, իսկ անշարժ գույքի դեպքում` 5,000,000 դրամը:

    4.անկախ աուդիտորական ընկերության ընտրությունը,

    5.աուդիտորական ընկերության հետ հաղորդակցությունը և փաստաթղթերի ու տվյալների փոխանակման վերահսկողությունը,

    6.ներդրումային քաղաքականությունը,

    7.Առաջնորդության ֆինանսական և գույքային հարաբերությունների ներքին վերահսկողությունը:

     

    12.Խորհուրդը պետք է իր համաձայնությունը տա կամ մերժի եպիսկոպոսին հետևյալ հարցերում.

    եկեղեցական գույքի գրավադրման,

    վարկային պարտավորության ստանձնման,

    կանոնավոր ձևով առևտրային գործունեությամբ կամ բիզնեսով զբաղվելու համար, որոնց բնույթը ըստ էության անմիջականորեն չի առնչվում Եկեղեցու կրոնական, հոգևոր, կրթական կամ բարեսիրական նպատակներին և ունի եկամուտների գեներացման նպատակ` բիզբնես կամ առևտրային գործունեություն ծավալելու հեռանկարներով,

    ֆինանսական կամ պայմանագրային այնպիսի գործունեության մեջ ներգրավվելու համար, որի պայմանները ենթադրում են իրական կամ հնարավոր շահերի բախում` Առաջնորդ Արքեպիսկոպոսի, Օժանդակ Եպիսկոպոսի, Ընդհանուր Փոխանորդի կամ Առաջնորդության Ընդհանուր Մատակարարի համար:

     

    ԲԱԺԻՆ 3. ԽՈՐՀՐԴԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

     

    Հոդված 4. Խորհրդի բնույթը և կազմությունը

    Խորհուրդն ունի բացառապես խորհրդակցական բնույթ և չի հանդիսանում «Հայ Կաթողիկէ Եկեղեցի կրոնական կազմակերպության» ղեկավար մարմնի անդամ:

    Խորհուրդը բաղկացած է հոգևորականներից և աշխարհականներից, որոնց անդամության ցուցակը հաստատվում է Առաջնորդի կողմից: Խորհրդի անդամների մեջ պարտադիր պետք է լինեն` – ի պաշտոնէ՝ Առաջնորդն ինքը՝ որպես Նախագահ (ԱԵԿ, Կանոն 263, պար. 1),

    – ի պաշտոնէ՝ Ընդհանուր Մատակարարը (ԱԵԿ, Կանոն 263, պար. 2),

    – ի պաշտոնէ` Գլխավոր Հաշվապահը,

    – ի պաշտոնէ` Առաջնորդության ծրագրային գործողությունների համակարգողը,

    – քաղաքացիական իրավունքի մասնագետներ,

    – ֆինանսների կամ հաշվապահության մասնագետներ:

     

    Հոդված 5. Խորհուրդը որոշումներ ընդունում է՝ միայն կապված իր գործառույթների իրականացման, Խորհրդի անունից ներկայացվող առաջարկների և փաստաթղթերի մասով: Որոշումներն ընդունվում են քվեարկության ձայների մեծամասնությամբ: Եթե Խորհրդի անդամների թիվը զույգ է, ներքին որոշումներն ընդունվում են Առաջնորդի կրկնակի ձայնի առավելությամբ:

     

    Հոդված 6. Խորհրդի անդամակցության ժամկետը հինգ տարի է` վերստին նշանակվելու հնարավորությամբ: Այս սկզբունքը չի տարածվում ի պաշտոնէ անդամների վրա:

     

    Հոդված 7. Խորհրդի բոլոր անդամները պարտավորվում են պահել բացարձակ գաղտնիության սկզբունքը` Խորհրդի աշխատանքների ընթացքում իրենց համար հասանելի դարձած տեղեկատվությունը չբացահայտելու հարցում:

     

    Հոդված 8. Առաջնորդության կանոնագետը պետք է հստակեցնի Ֆինանսական Խորհրդի գործառույթն ու դերակատարությունը` Առաջնորդության մատակարարական համակարգում և գնահատի դրա աշխատանքի համապատասխանությունը Արևելյան Եկեղեցիների կանոնադրությանը:

     

    ԲԱԺԻՆ 4. ԽՈՐՀՐԴԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

    Հոդված 9. Խորհուրդը պատասխանատվություն է կրում Առաջնորդության կառույցների ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացը վերահսկելու և ֆինանսական հաշվետվություններին ու տարեկան ֆինանսական աուդիտին (կամ վերստուգմանը) առնչվող հարցերում եպիսկոպոսին խորհրդատվություն տրամադրելու համար:

     

    Այնուամենայնիվ, Խորհրդի պարտականությունների մեջ չի մտնում ֆինանսական հաշվետվությունների կամ տարեկան ֆինանսական աուդիտի վերաբերյալ փորձագիտական երաշխիքների տրամադրումը: Ավելին, Առաջնորդության պաշտոնյաները պատասխանատու են ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, դրանցում կառույցների ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների և դրամական միջոցների հոսքերի արժանահավատ (իրական) ներկայացման համար՝ միջազգայնորեն ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև ներքին հաշվապահական հսկողության համակարգերի մշակման ու ներդրման համար:

     

    Բացի այդ, Խորհուրդը հարցերի մեծ մասում հանդիսանում է եպիսկոպոսին կից խորհրդատվական մարմին և իր պարտականությունները կատարում է՝ 1) գործելով բարեխղճորեն, 2) ցուցաբերելով այնպիսի հոգատարություն ու զգուշավորություն, որը նմանատիպ պաշտոն զբաղեցնող ողջամիտ անձը կդրսևորեր համանման պայմաններում. և 3) գործելով այնպիսի եղանակով, որն իր հիմնավոր համոզմամբ բխում է Առաջնորդության լավագույն շահերից:

     

    Ստորև ներկայացված հիմնական պարտականություններում պահանջվող հարցումները, քննարկումները և վերանայումները պետք է իրականացվեն Խորհրդի կողմից կամ կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել հատուկ ձևավորված աուդիտի հանձնաժողովի կողմից: Այնուամենայնիվ, եթե նման հարցերը հանձնարարվում են Աուդիտի հատուկ հանձնաժողովին, Խորհուրդը պետք է պահանջի Աուդիտի հանձնաժողովից՝ բոլոր նշանակալի հարցերի կամ բացահայտումների մասին ամբողջությամբ զեկուցել Խորհրդին:

     

     Հոդված 10. Հիմնական աուդիտորական պարտականությունները

     

    Ներքին հաշվապահական հսկողության համակարգեր

    Խորհուրդն ունի հետևյալ աուդիտորական պարտականությունները.

    1.պարզել (հարցում անել)՝ արդյո՞ք Առաջնորդության պաշտոնյաները սահմանում են պատշաճ աշխատանքային մշակույթ (ոճ)՝ կարևորելով ներքին հսկողության դերը, որպեսզի բոլոր անձինք հստակ պատկերացնեն իրենց դերերն ու պատասխանատվությունը,

    2.պարզել՝ արդյո՞ք Առաջնորդության պաշտոնյաները ներգրավում են անկախ ընկերություններ` համակարգչային համակարգերն ու հավելվածները, դրանց անվտանգությունը, ինչպես նաև համակարգի խափանման դեպքում ֆինանսական տեղեկատվության մշակման ճգնաժամային (արտակարգ իրավիճակների) ծրագիրը վերանայելու համար,

    3.անկախ աուդիտորների հետ քննարկել աուդիտի ընթացքում ներքին հսկողության վերաբերյալ արված բոլոր առաջարկությունները և թե՛ արտաքին աուդիտորներից, թե՛ Առաջնորդության պաշտոնյաներից պարզել, թե արդյոք անկախ աուդիտորների կողմից մատնանշված ներքին հսկողության առաջարկությունները կյանքի են կոչվել (ներդրվել են),

    4.անկախ աուդիտորներից, Առաջնորդության պաշտոնյաներից և իրավական խորհրդատուից տեղեկություններ հայցել ցանկացած կասկածելի կամ հաստատված զեղծարարության, անօրինական արարքների կամ ներքին հսկողության համակարգի թերությունների վերաբերյալ,

    5.հաշվապահական և աուդիտորական հարցերին առնչվող բողոքների վերաբերյալ․

    ա) պարզել՝ արդյո՞ք մշակվել են ընթացակարգեր` աշխատակիցների կողմից կասկածելի հաշվապահական և աուդիտորական հարցերի վերաբերյալ մտահոգությունները գաղտնի և անանուն կերպով ներկայացնելու համար, և

    բ) վերանայել կազմակերպության ներքին կամ արտաքին որևէ կողմից ներկայացված հաշվապահական կամ աուդիտորական հարցերին առնչվող բողոքների ստացման և վարման ընթացքը:

     

    Հոդված 11. Համապատասխանություն օրենքներին և կանոնակարգերին

     

    Խորհուրդն ունի հետևյալ աուդիտորական պարտականությունները.

    1.վերանայել կարգավորող (վերահսկող) մարմինների կողմից իրականացված որևէ տեսակի ստուգման արդյունքներն ու բացահայտումները:

    2.իրավական խորհրդատուի հետ վերանայել այն բոլոր իրավական հարցերը, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ֆինանսական հաշվետվությունների վրա:

     

    Հոդված 12. Համապատասխանություն Վարքականոնին և կառավարման այլ քաղաքականություններին

     

    Խորհուրդն ունի հետևյալ աուդիտորական պարտականությունները.

    1.Ապահովել, որ էթիկական վարքագծին առնչվող քաղաքականությունը ձևակերպվի գրավոր կերպով և հասանելի դարձվի բոլոր աշխատակիցներին ու կամավորականներին: Խորհուրդ է տրվում, որ թեմի աշխատակիցներն ամեն տարի ստորագրեն հայտարարագրեր այն մասին, որ իրենք հասկանում և պահպանում են տվյալ քաղաքականությունը:

    2.Ապահովել, որ ազդարարման և զեղծարարության կանխման քաղաքականությունները ձևակերպվեն գրավոր կերպով և հասանելի դարձվեն բոլոր աշխատակիցներին ու կամավորականներին: Խորհուրդ է տրվում, որ թեմի աշխատակիցներն ամեն տարի ստորագրեն հայտարարագրեր այն մասին, որ իրենք հասկանում և պահպանում են տվյալ քաղաքականությունը:

    3.Ղեկավարությունից և գլխավոր իրավախորհրդատուից պարբերաբար ստանալ թարմացումներ Վարքականոնի պահպանման ընթացքի վերաբերյալ:

    4.Պարբերաբար ստանալ բոլոր զեկուցված զեղծարարությունների և ազդարարումների հետաքննությունների արդյունքները:

    5.Պարզել՝ արդյո՞ք համապատասխան պաշտոնյաներից ստացվել են շահերի բախման հայտարարագրերը և արդյո՞ք դրանք ստուգվել են շահերի բախման խնդիրները բացառելու նպատակով:

     

    Հոդված 13. Ֆինանսական հաշվետվություններ

    Խորհուրդը պարտավոր է.

    1.Նախքան աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը` հանդիպել Առաջնորդության պաշտոնյաների և անկախ աուդիտորների հետ՝ վերանայելու տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի արդյունքները: Այս հանդիպումը պետք է կայանա ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ, քան մոտավորապես չորս ամիս անց:

    2.Առաջնորդության պաշտոնյաներին և անկախ աուդիտորներին հարցեր ուղղել նշանակալի ռիսկերի ու վտանգների, տարեկան ֆինանսական հաշվետվություններում այդ ռիսկերի հաշվառման ու բացահայտման, ինչպես նաև ապագայում նման ռիսկերը նվազագույնի հասցնելու ծրագրերի վերաբերյալ: Բացի այդ, աուդիտորներից խնդրել իրենց գնահատականը` կիրառված հաշվապահական սկզբունքների որակի, հաշվապահական գնահատումների ողջամտության աստիճանի, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունները և բացահայտումները պատրաստելիս Առաջնորդության պաշտոնյաների կողմից կայացված այլ նշանակալի դատողությունների վերաբերյալ:

    3.Խնդրել անկախ աուդիտորներին զեկուցել և քննարկել հետևյալ հարցերը․

    Ա. Առաջնորդության կողմից կիրառվող նշանակալի հաշվապահական հաշվառման քաղաքականության և գործելակերպի բոլոր փոփոխությունները, ներառյալ՝ կարևոր հաշվապահական գնահատումները, և թե ինչպես են ընթացիկ ու ակնկալվող ապագա իրադարձություններն ազդում այդ որոշումների վրա,

    Բ. Ֆինանսական տեղեկատվության այլընտրանքային մոտեցումների (հաշվառման և բացահայտման) բոլոր փոփոխությունները՝ ընդհանուր առմամբ ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքների շրջանակներում, այն քաղաքականությունների և գործելակերպերի համար, որոնք վերաբերում են Առաջնորդության պաշտոնյաների հետ քննարկված էական հոդվածներին, ներառյալ՝ նման այլընտրանքների կիրառման հետևանքները և աուդիտորների կողմից նախընտրելի մոտեցումը. և

    Գ.Աուդիտորների և Առաջնորդության պաշտոնյաների միջև այլ էական գրավոր հաղորդակցությունները: Ստորև բերված են այն գրավոր հաղորդակցությունների օրինակները (ոչ սպառիչ), որոնք պետք է վերանայվեն․

    Գ.1. Բոլոր կառույցների համար նյութական չճշգրտված տարբերությունների ժամանակացույցերը և չարձանագրված նյութական ճշգրտումների ու վերադասակարգումների ցուցակը, եթե այդպիսիք կան,

    Գ.2. Առաջնորդության ղեկավարության ներկայացուցչական նամակը (պաշտոնական հավաստագիրը)՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի վերաբերյալ.

    Գ.3. Ներքին հսկողության համակարգի վերաբերյալ դիտարկումների և առաջարկությունների մասին զեկույցները,

    Գ.4. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման պայմանագիր-նամակը (աուդիտորական առաջադրանքի նամակը).

    Գ.5. Աուդիտորական ընկերության անկախությունը Առաջնորդության բոլոր կառույցների նկատմամբ, և

    Գ.6. Մատուցված ծառայությունների վերջնական հաշիվ-ապրանքագիրը, եթե այն տարբերվում է նախապես հաստատված գումարից:

     

    Հոդված 14. Անկախ աուդիտորներ

     

    Խորհուրդը պարտավոր է.

    1.եպիսկոպոսին առաջարկություն ներկայացնել անկախ աուդիտորների նշանակման կամ ազատման (պայմանագրի դադարեցման) վերաբերյալ,

    2.առաջարկել անկախ աուդիտորների կողմից Առաջնորդության բոլոր կառույցների համար իրականացվող աուդիտորական, վերանայման և հավաստիացման բոլոր ծառայությունները, բոլոր համաձայնեցված ընթացակարգերը և մնացած բոլոր այլ ծառայությունները,

    3.վերանայել և հաստատել անկախ աուդիտորների անկախությունը՝ հետևյալ միջոցներով․

    ա) վերանայելով աուդիտորների կողմից մատուցված ոչ աուդիտորական ծառայությունները,

    բ) վերանայելով աուդիտորների առաջատար և համակարգող (համընթաց) աուդիտոր գործընկերների ռոտացիայի (փոփոխության) ժամանակացույցերը. և

    գ) առաջարկելով անկախ աուդիտորների վարձատրության (վճարների) հաստատումը:

     

    Հոդված 15. Այլ հարցեր

     

    Խորհուրդը պարտավոր է.

    1.առանձին դռնփակ (գործադիր) նիստերում հանդիպել անկախ աուդիտորների և Առաջնորդության պաշտոնյաների հետ՝ քննարկելու ցանկացած հարց, որը, Խորհրդի կարծիքով, պետք է քննարկվի առանձին (գաղտնի),

    2.ապահովել անկախ աուդիտորների կողմից արված նշանակալի բացահայտումների ժամանակին ստացումը և դրանց պատշաճ արձագանքումը:

    3.անհրաժեշտության դեպքում եպիսկոպոսին առաջարկել, որ նա նշանակի հատուկ հետաքննություններ և, պատշաճության դեպքում, ներգրավի հատուկ իրավախորհրդատուներ կամ փորձագետներ:

    4.խորհրդատվություն տրամադրել թեմին՝ ֆինանսական հաշվետվությունների վերահսկողության պաշտոնում աուդիտորական խմբի անդամի հնարավոր աշխատանքի ընդունման վերաբերյալ,

    5.ամեն տարի վերանայել և թարմացնել սույն փաստաթուղթը՝ ըստ անհրաժեշտության:

     

     

    Հաստատում եմ՝

    ✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի

    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

    [1] Սույն կանոնադրությունը մշակելիս հիմնվել ենք Արևելյան Եկեղեցիների Կանոնագրքի պահանջների, Առաջնորդության ֆինանսատնտեսական համակարգի 2025թ. հունվարին գերմանական Empacta աուդիտորական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների, ինչպես նաև` Ամերիկյան կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի` USCCB-ի “DIOCESAN FINANCIAL MANAGEMENT (A GUIDE TO BEST PRACTICES)” ուղեցույցից:

     

    Ֆինանսական Խորհրդի կանոնադրությունը PDF

Օրացույց

Օրացույց