Հիշե՛ք, որ Հիսուսն է Ճանապարհը և Ճշմարտությունը, և Կյանքը:
Սրբազան Հայր, Ձեր թույլտվությամբ կցանկանայի խոսք հղել ներկաներին:
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան, սիրելի՛ երիտասարդներ,
Այսօր մենք ավարտում ենք հուլիս 21-ին մեկնարկած «Համայնքային Երիտասարդական Օրեր» 2018 – II հոգևոր-մշակութային միջոցառումը, որի շրջանակներում մենք հնարավորություն ունեցանք վայելելու Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներկայությունը: Սա ևս մեկ քայլ էր ազգապահպանման, Հայրենիքի և Սփյուռքի միջև նոր կամուրջներ կառուցելու:
Թո՛ղ միշտ ամուր լինի Հայրենիք-Սփյուռք կապը և թո՛ղ հարատև լինեն համագործակցության և միասնության կամուրջները:
Համոզված եմ, որ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Լիբանանից այստեղ հավաքված երիտասարդներից շատերը կպահպանեն այն կապերը, որոնց հիմքերը դրվեցին այս օրերին և կկարողանան իրականացնել այն հատուկ առաքելությունը, որը ստացել են մկրտվելիս, այն է՝ լինել հավատքի լույսի կրողն ու տարածողը:
Լիահույս ենք, որ այս մեկշաբաթյա միջոցառումը կնպաստի Եկեղեցու և երիտասարդների միջև էլ ավելի սերտ փոխհարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, լեզվի, հայկական համայնքներում հայ ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման, ինչպես նաև նրանց հայապահպան գործունեությանը:
Համահայկական այս միջոցառման համար, նախ և առաջ, թույլ տվեք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին, ում անմիջական նախաձեռնությամբ ու փափագով կազմակերպվեց այս միջոցառումը: Հատուկ շնորհակալություն «Աղաջանյան» կենտրոնի պատասխանատու Տեր Գրիգոր Ավգ. Քհն. Մկրտչյանին, փոխտնօրեն Տեր Նարեկ Քհն. Թադևոսյանին, բոլոր բանախոս հոգևորականներին և հյուրերին, ինչպես նաև միջոցառման հովանավորներին, աշխատակազմին, կամավորներին, խոհանոցի և սպասարկող անձնակազմին, լրատվամիջոցներին և ձեզ՝ սիրելի՛ երիտասարդներ:
Սիրելի՛ երիտասարդներ, ձեր աչքերում ենք մենք տեսնում Եկեղեցու ապագան և մեր վաղվա օրը:
Հիշե՛ք, որ Հիսուսն է Ճանապարհը և Ճշմարտությունը, և Կյանքը: Նա է ամենավստահելի անձը, ով ուղեկից է ձեր կյանքի ճանապարհին: Հիսուսն է լավագույն բժիշկը և Աղոթքն է լավագույն դեղամիջոցը:
Թո՛ղ Աստծո ամենազոր աջը միշտ զորավիգ ու պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին:
Շնորհակալությո՛ւն: