• Հիսուս՝ Կենաց Հացը. կիրակնօրյա քարոզ

    «Ես եմ կենաց հացը, ով դեպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի»


    Կիրակնօրյա ավետարանական հատվածը՝ Մտթ. 14, 13-21

     

    13Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ։ Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց։ 14Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին։ 15Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»։ 16Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»։ 17Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»։18Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»։ 19Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։ 20Բոլորը կերան ու յագեցան։ Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին։ 21Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին։ 

     

    Քարոզ

     

    Տ. Հովսեփ Գալստյան

     

    Սիրելի՛ հավատացյալներ, Ավետարանի այսօրվա հատվածը պատմում է այն դրվագը, թե ինչպես Տեր Հիսուս Քրիստոս կերակրում է հինգ հազար մարդու, ովքեր եկել էին լսելու իրեն և բուժվելու իրենց ախտերից: Հիսուսը Հովհաննես Մկրտչի գլխատման մասին լուրը լսելուց հետո նավակով առանձին մի ամայի տեղ գնաց և երբ ցամաք ելավ, տեսավ, որ բազում ժողովուրդ է եկել՝ Իրեն տեսնելու և բժշկվելու: Մատթեոսը գրում է, որ Հիսուս «գթաց նրանց» և բժշկեց նրանց հիվանդներին, ապա, երբ օրը տարաժամել էր, աշակերտները Հիսուսին խնդրեցին արձակել ժողովրդին, որ գնան շրջակա գյուղերում իրենց համար ուտելիք գնեն: Հիսուս պատասխանեց, թե կարիք չկա ուղարկելու ժողովրդին և պատվիրեց աշակերտներին, որ իրե՛նք կերակրեն ժողովրդին: Բայց աշակերտները, որոնց մտքերը բթացած էին[1], չէին հասկանում, թե ինչպես կարող էին իրենք կերակրել այդքան մեծ բազմությանը՝ ընդամենը հինգ նկանակ հացով և երկու ձկներով: Հիսուսի այս խոսքը աշակերտների համար իրականում առաքելություն սկսելու և մարդկանց մասին հոգ տանելու պատվիրան էր, որը սկսեցին հասկանալ և իրականացնել, հավանաբար, միայն Հոգեգալստից հետո: Բայց ինչպե՞ս հոգալ մարդկանց կարիքները, ինչպե՞ս կերակրել նրանց:

     

    Հիսուս եկել էր մարդկանց տալու, նախևառաջ, հոգևոր կերակուր, որ նրանց համար ապահովելու էր կյանք ոչ միայն ժամանակավոր, այլև՝ հավիտենական: Սուրբ Հիլարիոսը[2] բացատրում է, որ Հիսուսի՝ ձրիաբար շնորհված երկնային ուսմունքով բուժվելուց հետո այդ ժողովուրդն այլևս կարիք չուներ գնալու նյութական կերակրի հետևից. չէ՞ որ Ինքը բուժեց բոլոր հիվանդներին, «նա իր վրա վերցրեց մեր ցավերն ու մեր հիվանդությունները[3]», ըստ Եսայու մարգարեության: Հիսուս ուզում էր, որ աշակերտներն էլ Իր նման իրենց վրա վերցնեն մարդկության ցավերը և բուժում առաջարկեն բոլորին՝ Հիսուսի տված հոգևոր Հացով:

     

    Հիլարիոսի մեկնությամբ, այն ինչ ունեին աշակերտները՝ հինգ հացը և երկու ձուկը, խորհրդանշում են Մովսեսի հինգ գրքերը, որոնցում Աստծո Օրենքն է գրված, և երկու ձկները՝ մարգարեներին և Հովհաննես Մկրտչին, որոնք Աստծո ժողովրդին տվեցին փրկության հույսը: Բայց այդքանը նրանց բավարար չթվաց՝ հագեցնելու ժողովրդի քաղցը: Եվ Հիսուս նրանց տվեց ավելի՛ն ունենալու հույսն ու վստահությունը՝ Իր անունով և Իր միջոցով՝ այն Հացը, որ Աստծուց է և իջնում է Երկնքից ու կյանք է տալիս աշխարհին[4]: Այլ խոսքով, նա աշակերտներին և ամբողջ ժողովրդին ցույց տվեց ոչ թե նյութական հացը առատացնելու մի հրաշք, այլ՝ Աստծո օգնությամբ հավիտենական կյանքի սնունդը ունենալու հնարավորությունը, որ հիմնված է միայն Աստծո Որդու հանդեպ հավատքի վրա: Հովհաննեսի ավետարանում իրեն դարձյալ փնտռելու եկած ժողովրդին Հիսուս բացատրում է հացի իմաստը. «Գնացէ՛ք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որ մնում է յաւիտենական կեանքի համար եւ որը մարդու Որդին կտայ ձեզ[5]», և քիչ անց ավելացնում է. «ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը[6]»: Հովհաննեսի ավետարանում Հիսուս խոսում է ամբողջությամբ բաց, սակայն, Իրեն լսողների համար անհասկանալի ձևով: Այդ հացը, որի մասին խոսում է Հիսուս, Ինքն է, որովհետև Ինքը Աստծո Խոսքն է՝ մարմնացյալ, մարդեղացած, որ հագեցնում է բոլորի և՛ հոգևոր և՛ նյութական քաղցը. «Ես եմ կենաց հացը, ով դեպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի»[7]:

    Հիսուս հենց սկզբից ուզում էր, որ աշակերտները նախ մտածեն ժողովրդի հոգևոր քացը հագեցնելու, Աստծո Խոսքով նրանց կերակրելու մասին: Հովհաննեսի ավետարանում ոչ թե աշակերտներն են իրեն հարցնում ժողովրդին կերակրելու մասին, այլ առաջինը ի՛նքն է հարցնում Փիլիպպոսին, թե «որտեղից՞ հաց պիտի գնենք, որ նրանք ուտեն[8]»: Անշուշտ, Հիսուս գիտեր, թե ինչով էր կերակրելու, բայց ուզում էր, որ աշակերտները մտածեին և հասկանային, որ եթե իրենք Իր՝ Կյանքի Հացն ունեին իրենց հետ՝ Հիսուս Քրիստոսին և նրա աշակերտներն են, ուրեմն, հենց այդ Հացով են կերակրելու ժողովրդին: Եվ նշվում է, որ տեղը ամայի էր և ժամը ուշ էր: Բայց պետք չէր անհանգստանալ, որովհետև Աստծո Որդին, որ իրենց հետ էր, կերակրում է ամբողջ տիեզերքը և ժամանակին ենթակա չէր, և կերակրեց հասարակ գարե հացով, որպեսզի չպարծենանք և չձգտենք ճոխ նյութական կերակրի, բացատրում է Հովհաննես Ոսկեբերանը[9]: Այդ հասարակ հացն ու ձկները, որ Օրենքն էին և մարգարեները, Հիսուս Քրիստոսով ճոխացվեցին, լրացվեցին և նոր համ ու բուրմունք ստացան, նորովի արժևորվեցին, որովհետև դրանք իրականում Աստծո Իմաստությունն էին տալիս մարդկանց, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին:

     

    Ջանա՛նք ավելի խորամուխ լինել, թե ինչպես է այդ Կերակուրը տրվում մարդկանց: Հացի առատացման այս դրվագը տեցի ունեցավ, երբ «մոտ էր Զատիկը[10]»: Այս փաստը Հովհաննեսը շեշտում է, որպեսզի մեզ հուշի, թե Հիսուս հացի մասին խոսելով՝ ժողովրդին պատրաստում էր՝ հասկանալու Ի՛ր Զատկի, այսինքն՝ Չարչարանքների խորհուրդը: Իր Զոհաբերությամբ Ինքը դարձավ Կերակուր՝ ոչ միայն այդ հինգ հազարի, ոչ  միայն Իսրայելի տասներկու ցեղերի, այլև ամբողջ մարդկության համար, իր մահով հողի մեջ ընկած ցորենի հատիկի պես կյանք տվեց բոլոր մարդկանց, սնեց Եկեղեցու հասկը, որը կոչված է պտղաբերելու և Իրենով կերակրելու ամբողջ մարդկությանը: Եվ այդ կերակրողները պետք է լինեին իր աշակերտները, այսինքն՝ նրանք, ովքեր առաջի՛նը կերակրվեցին Իրենով, իր Խոսքով և ապա բոլոր նրանք, այսինքն՝ մենք, որ կերակրվում ենք Իրենով դարեր շարունակ՝ լսելով և հավատալով Իրեն, մկրտվելով Իր անունով, ընդունելով Իրեն մեր մեջ Սուրբ Հաղորդությամբ և մեկ լինելով Իր հետ ամբողջությամբ: Պողոս առաքյալն ասօրվա ընթերցվածի մեջ օգտագործում է «պատվաստվել» բառը. «վայրի ձիթենուց կտրուեցիր եւ բարի ձիթենու վրայ պատուաստուեցիր…եւ հաղորդակից եղար արմատին[11]»: Ուրեմն, մենք Սուրբ Հաղորդությամբ միանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Զոհաբերությանը՝ Նրա, որ Արմատն է Կյանքի, Սնունդ է տալիս ամեն բանի՝ Ինքն Իրենով, սնվում ենք այդ Սուրբ Զոհով, Կյանք ստանում, մենք էլ միանում-դառնում ենք Սուրբ Զոհ, այդ Հացը մեր մեջ կրողներ և այլևս պարտավորվում ենք Ինքներս մեզ Քրիստոսի նման ընծայել որպես մաքուր զոհ, պատարագ՝ Հայր Աստծուն, բոլոր մարդկանց համար, ի սպառ ջանալով բոլորին բերել Քրիստոսի մոտ, Նրա Սուրբ Ընտանիք, որ Եկեղեցին է, որպեսզի ոչ ոք այս ամայի աշխարհում քաղց չզգա, ոչ հոգևոր և ոչ նյութական, Տեր Հիսուսի զորությամբ և մեր ծառայությամբ:

    Համառոտ՝ այս է այն պատվերը, որ Հիսուս ուզեց տալ իր աշակերտներին և հինգ հազարին Տիբերական լճի ափին և այսօր՝ մեզ բոլորիս. Ամեն:

     

    [1] Մրկ. 6, 52

    [2] Սբ. Հիլարիոս Պուատիեցի (310-367թթ.), Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, 14, 10

    [3] Ես. 53, 4

    [4] Հվհ. 6, 32

    [5] Հվհ, 6, 27

    [6] Հվհ, 6, 47

    [7] Հվհ. 6, 35

    [8] Հվհ. 6, 5

    [9] Ոսկեբերան, Քարոզներ՝ Մատթեոսի ավետարանի մասին

    [10] Հվհ. 6, 4

    [11] Հռմ. 11, 17-24

Օրացույց

Օրացույց