«Աստուածային և երկնավոր շնորհք, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ…»
2018թ. հունիսի 24-ին Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Մոսկվայի ժողովրդապետ, Ռուսաստանի Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի, Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող վարդապետներ Հոգշն. Հ. Սեդրակ Վրդ. Խիթարյանի, Հոգշն. Հ. Սերգեյ Վրդ. Բաբաջանյանի, ինչպես նաև ներկայությամբ Հ. Հովսեփ Վրդ. Պահեի, լատինածես բարձրաստիճանն կաթողիկէ հոգևորականների՝ Աստանայի միտրոպոլիտ, արքեպիսկոպոս Թոմաշ Պետայի, Ռուսաստանում Պապական Առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Չելեստինո Միլիորեի, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի: Սուրբ Պատարագի և Ձեռնադրության արարողությանը սպասավորում էին Լեհաստանում և Ղազախստանում սովորող հայ ճեմարանականները:
Քահանայական ձեռնադրություն ստացավ Տ. Հովհաննես Սրկ. Մելիքյանը, որ այսուհետ կոչվում է Հոգշն. Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյան:
Հ. Հովհաննեսը ծնվել է 1974թ. հուլիսի 4-ին, ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղում: 2013թ. 39 տարեկան հասակում, Աստծո ծառայությանը նվիրվելու կոչում զգալով, հոգևորականների առաջնորդությամբ վճռել է պատրաստվել քահանայական ծառայության և Հոգշն. Հ. Պետրոս Վրդ. Եսայանի կողմից ուղարկվել ուսման՝ Կազախտանի «Մարիա Մայր Եկեղեցւոյ» կաթողիկէ ճեմարան, որտեղ ավարտել է փիլիսոփայության և աստվածաբանության դասընթացները՝ 2018թ. հունիսին, իսկ 2018թ. հունվարի 7-ին դարձյալ Մոսկվայի նույն եկեղեցում ձեռնադրվեց սարկավագ: Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյանը իր քահանայական ծառայությունը կսկսի՝ որպես փոխժողովրդապետ Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքի:
Ձեռնադրության արարողությունից հետո Հ. Հովհաննեսին շնորհավորական խոսքեր ուղղեցին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Արքեպիսկոպոս Չելեստինո Միլիորեն, Եպիսկոպոս Թոմաշ Պետան, Պրն. Վարդան Տողանյանը: Նորօծ քահանան իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր հոգևորականներին, ովքեր իրեն ուղեկցել ու առաջնորդել են դեպի քահանայություն, աղոթել են իր համար:
Սա, հիրավի, պատմական մեծ իրադարձություն էր Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքի համար, որովհետև գրեթե 100 ամյա ընդմիջումից հետո սա առաջին անգամն էր, որ Ռուսաստանում հայ կաթողիկէ հոգևորական է ձեռնադրվում, ով ծառայելու է Ռուսաստանի հայ կաթողիկէ թեմին: