• Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Իտալիայում մասնակցեց Արևելյան Եկեղեցիների խորհրդաժողովի ամենամյա համագումարին

    «Այս օրերը կամրացնեն հովիվների միջև միության և հաղորդության կապը՝ մի նոր և համարձակ խթան հանդիսանալով եվրոպական մայրցամաքում նոր ավետարանացման համար». Ֆրանցիսկոս Քահանայապետ:


    Աղբյուրը՝ ccee.eu

     

    2018թ. հունիսի 14-17-ը Իտալիայի Ռենդե քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի արևելյան կաթողիկէ եպիսկոպսների խորհրդաժողովի ամենամյա՝ 21-րդ համագումարը, որին իր մասնակցությունը բերեց նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը: Հանդիպման առանցքային թեման էր՝ «Արևելյան Եկեղեցու դեմքը: Աստվածաբանություն-մասնավոր օրենք-ծես»: Ամենօրյա խորհրդաժողովների ընթացքում քննարկում էին հետևյալ իրողությունները և հարցերը.

    եպիսկոպոսը՝ որպես հայր, առաջնորդ և դատավոր, Սուրբ Պսակի նոր ընթացակարգի մի քանի հիմնարար հարցեր, ծեսը և ինքնությունը՝ հավատարմության և նորացման համատեքստերում, աստվածային ծիսակատարությունը ծնում է նոր մարդ, Արևելյան Եկեղեցու ինքնության առանձնահատկությունները, ընդհանրական կանոնական ժառանգություն, միջթեմական մասնավոր կանոնակարգ և բաց դուռ՝ այլոց առջև, իտալական Եկեղեցու ավանդը՝ էկումենիկ գործունեության մեջ:

     

    Համագումարը սկսվեց հունիսի 14-ի երեկոյան՝ ժամերգությամբ San Nicola di Mira Մայր Եկեղեցում, մասնակցությամբ Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների հանձնախմբի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի, Եվրոպայի արևելյան եպիսկոպոսների խորհրդաժողովի նախագահ Կարդ. Անջելո Բանասկոյի, Արևելյան Կաթողիկէ այլ եկեղեցինեի առաջնորդների և բարձրաստիճան հոգևորականների, իտալական Ռենդե քաղաքի հարյուրավոր հավատացյալների: Պապական նվիրակը փոխանցեց Սրբազան Քահանայապետի ուղերձը համագումարի մասնակիցներին, որտեղ Քահանայապետը շեշտում է, որ ուսումնասիրության այս օրերը «կամրացնեն հովիվների միջև միության և հաղորդության կապը՝ մի նոր և համարձակ խթան հանդիսանալով եվրոպական մայրցամաքում նոր ավետարանացման համար»:

     

    Եպիսկոպոսներն իրենց վերլուծությունների ընթացքում համաձայն էին, որ միայն Արևելեյան Կաթողիկէ Եկեղեցու ինքնության ավելի խոր ընկալումն ու ինքնության հանդեպ հավատարմությունը՝ Վատիկանի Բ Տիեզերաժողովի լույսի ներքո, կարող է թույլ տալ ավել լավ վկայել, լինել ավելի ուղղակի և հստակ և հովվական արձագանք տալ Եվրոպական մայրցամաքի ներկա մարտահրավերներին և ճշմարտապես կիսել արևելյան քրիստոնեության գանձերը՝ Ընդհանրական Եկեղեցու սրտում:

     

    Ժողովականների ուշադրության կենտրոնում էին նաև ցավոտ խնդիրները՝ ուկրաինական պատերազմի հետևանքները, արևելյան եկեղեցիների դժվարությունները՝ ապրելու Քրիստոսի Ավետարանի համաձայն:

    Քննարկումներից բացի ժողովի մասնակիցները նաև ուխտագնացություններ կատարեցին դեպի իտալական սրբավայրեր, թանգարաններ:

    Ժողովն ավարտվեց միասնական Սուրբ Պատարագով՝ հունիսի 17-ին, որտեղ մասնակցիները աղոթեցին նաև հունարեն, իտալերեն և ալբաներեն:

Օրացույց

Օրացույց


Recent Comments