• «Ինձ ծովը նետե՛ք». ի՞նչ էր ուզում մեզ ասել Հիսուսը, երբ տալիս էր Հովնան մարգարեի նշանը

    «Ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս էլ Մարդու Որդին՝ երկրի ընդերքում երեք օր ու երեք գիշեր», Մտթ. 12, 40


    Հրեաները չէին  հավատում Տեր Հիսուս Քրիստոսին և իրենց մեջ ծաղրում էին նրան: Նրանց հոգևոր առաջնորդները կեղծավորաբար նշաններ խնդրեցին Հիսուսից՝ որպես ապացույց Նրա ուսուցանելու իշխանության կամ հավաստիության: Բայց, իրականում, նրանք արդե՛ն իսկ տեսել ու լսել էին Տիրոջ գործած հրաշքների մասին, երբ ժողովարանում Հիսուսը բուժեց մի մարդու գոսացած ձեռքը, կամ երբ բուժեց մի համր դիվահարի, բայց չէին հավատում և Հիսուսին մեղադրում էին սատանայի օգնությամբ այդ նշանները գործելու մեջ: Չէին հավատում, որովհետև Հիսուս իր կտրուկ խոսքերով և քայլերով պատռել էր իրենց կեղծավորության դիմակը, որի տակ թաքնված էր իրենց իշխանամոլությունը, սեփական ուսմունքները պարզ անուսում ժողովրդին պարտադրելու ցանկությունը, Աստծո օրենքը ըստ ցանկության մեկնաբանելու սովորությունը, որը մարդկանց համար դարձել էր արգելք՝ Աստծուն մոտենալու: Իսկ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս եկել էր խոնարհությամբ իր ժողովրդին հիշեցնելու ամենակարևորը, այն՝ որ Աստված ողորմություն է կամենում, և ոչ զոհ, Աստված կամենում է, որ շաբաթ օրով նեղության մեջ գտնվող մարդը զգա Աստծո սերն իր հանդեպ և բժշկվի, որ Աստված պատվիրել է շաբաթ օրը գործ չանել՝ Աստծուն նմանվելու՛ համար, իսկ Աստված սիրում է մարդուն և չի կարող թույլ տալ, որ մարդը մնա մեղքի և ապականության մեջ, սատանայի ճանկերում, և հատկապես, շաբաթ օրը, որը ողորմության, Աստծո հետ հաշտության օր է: Հրեաների առաջնորդները գերադասում էին օրենքի կատարումը պարտադրելով՝ պահել իրենց իշխանությունը ժողովրդի վրա, քան թե կատարել այն, ինչ արժեքավոր է Աստծո համար՝ օգնել տառապյալներին՝ Աստծո սերն ու խնամքը նրանց հանդեպ ցուցաբերելով: Պատմական բոլոր ժամանակներում, նաև այսօր էլ կենսունակ է այսպիսի արատավոր պահվածքը առաջնորդների մոտ. փարիսեցիությունը, օրենքի տառը պահելու համար, սեփական սկզբունքները պարտադրելու համար մարդու արժանապատվությունը զոհելու, արհամարհելու սովորությունը այսօր էլ կա մեր մեջ: Այսօր էլ մեզնից շատերը չեն հավատում Հիսուսին, ուզում են նշաններ տեսնել՝ հավատալու համար: Ինչպես հրեա առաջնորդները, այնպես էլ այսօրվա շատ առաջնորդներ, չեն պատկերացնում, թե ինչ նշաններ են ուզում տեսնել՝ հրաշքնե՞ր, որոնք իրականում արդեն իսկ տեսել են, մարդկային հարաբերությունների շրջադարձային փոփոխությու՞ն, ներքին փոփոխություն ուրիշների՞ մոտ: Բայց նախևառաջ այդպիսի շրջադարձային փոփոխությունները հարկ է կատարել սեփական սրտի և մտքի մեջ, որպեսզի ընդունակ դառնանք այդպիսի փոփոխությունները տեսնել նաև դիմացինի մեջ, որպեսզի տեսնենք մեծագույն ՆՇԱՆԸ՝ ԽԱՉԸ, որն իր հերթին մեզ հիշեցնում է Աստծո կենդանի, փրկարար, հոգատար, ինքնազոհ, սիրող, ներկայությունը մեր մեջ և մեզ համար: Որպեսզի այս իրողությունը անհավատ և Հիսուսին ծաղրող հրեաները կարողանային հասկանալ, նրանք պետք է հասկանային դարձյալ դեպի Աստծուն ներքնապես շրջվելու անհրաժեշտությունը, նրանք պետք է հասկանային Հովնան մարգարեի հոգու պատմությունը, մի պատմություն, որը բազմիցս կարդացել էին, բայց չէին ըմբռնել: Եւ ուրեմն, ի՞նչ էր այդ պատմությունը իրականում:

     

    Աստված Հովնան մարգարեին պատվիրեց գնալ ասորական Նինվե քաղաքը և բնակիչներին քարոզել ապաշխարություն: Հովնանը չլսեց Աստծուն և ուզեց փախչել Աստծո ներկայությունից հեռու (Հվն. 1, 3): Նա նստեց մի նավ և փախավ դեպի Թարսիս, բայց ծովի մեջ մեծ փոթորիկ բարձրացավ: Նավաստիները վախենում էին, թե նավը կարող է խորտակվել, նրանք մտածում էին, թե Աստված բարկացել է իրենցից մեկի պատճառով: Նրանք վիճակ գցեցին և վիճակն ընկավ Հովնանին, և սա պատմեց, թե ինչպես էր փախչել Տիրոջ պատվիրանից: Երբ բոլորը շվարել էին, Հովնանը, զգալով, որ ինքն է պատճառ դառնալու այդքան մարդու կործանման, կամովին ասաց, որ իրեն ծովը նետեն, և փոթորիկը կխաղաղվի: Այդպես էլ արեցին. Հովնանին ծովը նետեցին, և ծովը խաղաղվեց, նավը փրկվեց, նավաստիները նույնպես: Աստված հրամայեց կետ ձկանը, և կետը կուլ տվեց Հովնանին: Հովնանը կետի փորի մեջ աղոթեց Աստծուն՝ ապաշխարության մի հուզիչ աղոթքով, որով տեսնում ենք, որ զղջում է՝ Աստծուն չհնազանդվելու համար. «Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն, եւ նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից…Երբ հոգիս տկարացաւ, Քեզ դիմեցի, Տէր իմ Աստուած…», այսպես է աղոթում Հովնանը դժոխքի խորքից՝ լիահույս, որ Տերը թույլ չի տա իրեն ապականություն տեսնել: Նա խոստանում է կատարել Տիրոջ պատգամը. «Իսկ ես օրհնութեան եւ խոստովանանքի ձայնով Քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, եւ կարժանանամ Տիրոջ փրկութեան», Հվն. 2, 10: Այս աղօթքից հետո Աստված հրամայում է կետ ձկանը դուրս հանել Հովնանին: Եւ Հովնանը գնում է Նինվե՝ քարոզելու ապաշխարություն՝ ճիշտ ինչպես ի՛նքը նախ ապաշխարեց՝ Տիրոջ ներկայությունից փախչելու համար, Տիրոջը չլսելու համար: Տեր Հիսուսը հրեաներին ասում է. «Ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս էլ Մարդու Որդին՝ երկրի ընդերքում երեք օր ու երեք գիշեր», Մտթ. 12, 40: Եվ Հովնան մարգարեի նշանն է տալիս հրեա առաջնորդներին՝ որպեսզի Հովնանի ապաշխարության մասին հիշելով՝ հասկանային, որ իրե՛նք էլ պետք է դարձի գան, քանի որ Հովնանի նման փախել էին Աստծո ներկայությունից, չէին կատարում Աստծո պատգամները, «չար ու շնացող» մի ազգ էին դարձել: Նրանց չապաշխարելու պատճառով Տեր Հիսուս Քրիստոսը նրանց բոլորի փոխարեն, Հովնանի նման, կամովին իջնելու էր երկրի ընդերքը՝ դժոխք, որպեզի բոլորի փոխարեն ապաշխարություն անի և Իր Հորը մատուցի իր աղոթքն ու զոհաբերությունը՝ որպես փրկագին և ներում շատերի համար: Հովնանի աղոթքը Հիսուսի Գեթսեմանիի աղոթքն է հիշեցնում. «Հա՜յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ, քո՛ կամքը թող լինի», Մտթ. 26, 42 («…Քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի…», Հվն. 2, 10): Հովնանը հասկացավ, որ պետք է ի՛նքը զոհվի, որպեզի բոլորը փրկվեն. Հիսուսը Գեթսեմանիում ևս մեկ անգամ գիտակցեց, որ ի՛նքը խաչ է բարձրանալու, որպեսզի փրկի ամբողջ մարդկությանը: Հիսուս իր վրա վերցրեց բոլոր մարդկանց մեղքերը և ապաշխարեց ի սպառ՝ բոլորի փոխարեն՝ բաժակը խմելով մինչև վերջ, ցմրուր: Հովնանը ապաշխարեց և գնաց-քարոզեց նինվեացիներին, և նրանք դարձի եկան, որովհետև նախ ի՛նքը՝ Հովնանն էր դարձի եկել: Հիսուսն ապաշխարեց բոլորի փոխարեն, որպեսզի բոլորը իր մահը տեսնելով՝ ապաշխարեն: Հիսուսն ուզում էր, որ Հովնանին հիշելով և Իրեն լսելով՝ հրեա առաջնորդները ապաշխարեն և իրենց կյանքո՛վ՝ ճշմարտապես, քարոզեն Տիրոջ Խոսքը: Բայց հրեաները չէին տեսնում, որ Հիսուսը Հովնանից մեծ էր և շատ ավելի մեծ գործ էր անելու, քան Հովնանն արեց նինվեացիների համար: Ի՛նքը՝ Աստված, եկել էր Իր ժողովրդին դարձի բերելու՝ Իր կյանքը դնելով՝ որպես մորթվող ոչխար, որ «անմռունչ կանգնած է իրեն խուզողի առաջ», Ես. 53, 7:

     

    Այս ի սպառ սերը, զոհաբերությունը ամեն վայրկյան մեր սրտում ունենալով՝ պետք է մեր սրտերը մշտապես մաքրենք ամեն տեսակ չար մտքերից, չար կամքից, նախանձից, փառասիրությունից, իշխանասիրությունից, եսակենտրոնությունից, որոնցով սնվում են և մեր մեջ հաստատվում են դևերը: Բայց հարկ է զգույշ լինել. երբ այս դևերին Աստծո օգնությամբ հալածենք մեր հոգիներից, պետք է անհապաղ նրանց փոխարեն միշտ լցվենք Աստծո ներկայությամբ, աստվածային շնորհով, որը հնարավոր է լիառատ ունենալ Խոստովանության և Սուրբ Հաղորդության խորհուրդները՝ որպես դեղ, կանոնավոր ընդունելով: Այլապես, եթե մաքրվենք դևերից ու դատարկ թողնենք մեր հոգիները, կշարունակենք մեղքի մեջ ընկնել և հալածված դևը իր յոթ այլ՝ ավելի սարսափելի ընկերների հետ կբնակվի մեր հոգիներում և կլինի ավելի վատ քան առաջ էր, ինչպես զգուշացնում է Տերը:

     

    Սրբուհի Տիրամա՜յր, ճզմի՜ր մեր հոգիներում օձերի գլուխները և լցրու՜ աղավնակերպ Սուրբ Հոգու լիառատ ներկայությամբ, ինչպես որ Դու «լի ես շնորհօք». ամեն:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    17 հունիսի, 2018

Օրացույց

Օրացույց