• Տօն Գալստեան Սրբոյ Հոգւոյն

    Ե՜կ Սուրբ Հոգի, լցրու՜ մեր նավակների առագաստները և առաջնորդի՜ր մեզ անվախ դեպի ալեծուփ ծովի հեռուները լուսավոր:


    «Առա՜քելոյ աղաւնոյ.իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց. ի նմանութիւն լուսոյ փայլման հրազինեաց անկիզելի զաշակերտսն. մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն…Օրհնութիւն ի բարձունս. ելողին ի Հօրէ եւ յՈրդւոյ Հոգւոյն Սրբոյ. որով առաքեալքն արբեցան անմահական բաժակաւն. եւ հրաւիրեցին զերկիրս ի յերկինս», Ի գիշերին, Օրհն. ԴՁ:

    Ի՜նչպիսի գեղեցիկ խորհրդաբանական լեզվով է հայ շարականագիրը գովերգում Սուրբ Հոգու էջքը առաքյալների վրա. Հոգին Սուրբ աղավնակերպ, որ առաքվեց Հորից, մեծաձայն հնչմամբ և փայլատակող լույսի նմանությամբ անկիզելին հրազինեց աշակերտներին, որ նստած էին վերնատանը և միաբան աղոթքով սպասում էին իրենց Տիրոջ խոստացած Մխիթարչին: Այն պատկերները, որ Գործք Առաքելոց գրքի հեղինակ Սուրբ Ղուկասը օգտագործում է՝ Սուրբ Հոգու էջքի տեսարանը նկարագրելիս՝ երկնքից հնչող ձայնը, բոցեղեն լեզուները, հիշեցնում են Սինա լեռան վրա Աստծո էջքը՝ շեփորի ձայնով, որոտմամբ և հրով (Ելք 19), երբ Աստված Մովսեսի միջոցով ուխտ կապեց իր ժողովրդի հետ և տվեց նրանց Տասնաբանյա պատվիրանները: Պենտեկոստեի տոնը հրեաները կատարում էին Զատկի տոնից հիսուն օր հետ՝ հիշելու համար իրենց հետ Աստծո կապած ուխտը. դա Աստծո հանդեպ հավատարմությունը նորոգելու, վերաիմաստավորելու տոնն էր: Քրիստոսի Զոհաբերությունից և իր արյամբ ամբողջ մարդկությունը փրկելուց հետո այս նոր Պենտեկոստեն դարձավ ամբողջ մարդկության հետ Աստծո ՆՈՐ ՈՒԽՏԻ կնքման պատմական իրադարձությունը, երբ Սուրբ Հոգու շնորհներով հրազինված, այսինքն՝ Աստծո գերբնական կարողությամբ զորացած, աշակերտները սկսեցին խոսել տարբեր ազգերի լեզուներով՝ Փրկության դուռը բացելով բոլոր ազգերի առջև: Այդ պատմական իրադարձությամբ փաստացի հիմնվեց Տիրոջ Սուրբ Կաթողիկէ Եկեղեցին.աշակերտները սկսեցին շարունակել Տեր Հիսուս Քրիստոսի առաքելությունը: Եթե Բաբելոնի աշտարակը կառուցող մարդիկ իրենց ամբարտավանության պատճառով միմյանց չհասկացան և ընկղմվեցին քաոսի մեջ, ապա Սուրբ Հոգով զինված աշակերտները վերականգնեցին մարդկանց և ազգերի միությունը կամ հաղորդությունը և, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ձեռնամուխ եղան լրումին հասցնելու այդ միությունը՝ Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի, այսինքն՝ Սուրբ Եկեղեցու մեջ, որը կոչված է լինելու մարդկության Փրկության Տապանը: Մարդկությունը վերամիավորող Սուրբ Հոգին այն նույն Արարիչ Հոգին է, որի մասին կարդում ենք Ծննդոց գրքում.«Խավար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա», Ծննդ. 1, 2: Ճիշտ ինչպես Արարիչ Աստծո Հոգին կարգավորեց և ներդաշնակության մեջ դրեց տիեզերքի քաոսը, այդպես էլ Վերնատան մեջ առաքյալների վրա իջնելով՝ սկսեց ներդաշնակել, կազմակերպել Աստծո ժողովուրդը և միավորել իրար չհասկացող ազգերին, դառնալ մարդկանց համար իրար հասկանալու, սիրելու, մեկ նպատակի համար պայքարելու զորության աղբյուր, ավելի արդար հասարակարգ կառուցելու երաշխիք:

     

    Աստված կատարեց Իր Որդու խոստումը՝ ուղարկել մեկ այլ Մխիթարչի, որը հավիտյան կբնակվի մարդկանց հետ և որը ամեն բան կուսուցանի նրանց և կհիշեցնի այն ամենը, ինչ Տեր Հիսուսը սովորեցրեց իր երկրային կյանքի օրերին (Հվհ. 13:16, 26): Երբ Հիսուս քարոզում էր ապաշխարություն, Երկնքի Արքայության մոտալուտ լինելը, ի սպառ սեր (Հվհ. 13, 1), ներում և վսեմ աստվածային ճշմարտություններ, ժողովուրդը և աշակերտները չէին կարողանում հասկանալ, այլ միայն ապշում էին այն բժշկությունների վրա, որ Հիսուս կատարում էր՝ որպես նշաններ իր աստվածային ներկայության: Չէին հասկանում, որովհետև Հիսուս դեռ իրենց հետ էր, չէր զոհաբերվել, չէր հաղթել մահվանը և չէր ուղարկել իր Սուրբ Հոգին, որ ամեն բան բացատրելու էր իրենց: Իսկ երբ զորացան Սուրբ Հոգու շնորհներով, այլևս հասկանում էին շատ բան և նախևառաջ՝ իրենց ինքնությունը և կոչումը: Նրանք դարձան Քրիստոսի վկաները, ճշմարտության վկաները, որովհետև Աստված նրանց լցրեց իմաստության և ճշմարտության Հոգով, լուսավորեց նրանց սրտերն ու մտքերը, բացեց նրանց հոգու աչքերը: Սբ. Ներսես Լամբրոնացին Սուրբ Հոգու մասին իր ներբողյանում գրում է.
    «Որ եկավ և բնակվեց նրանց սրտերում, լուսավորեց Քրիստոսի սիրո առավելության լայնությունն ու երկարությունը: Եվ քանի որ ձրի շնորհ էր՝ Քրիստոսի մահվան փոխարեն, այդ պատճառով հավասարապես տարածվում է արժանավորների և անարժանների վրա»: Այս ճշմարտության ապացույցն այն է, ինչպես մեկնում է Սբ. Ներսեսը, որ միայն Պետրոս առաքյալի խոսքի վրա շուրջ երեք հազար հոգի հավատացին Քրիստոսին: Պետրոսը, որ մի պարզ ձկնորս էր և մարդկային տկարությամբ իր Տիրոջն ուրացավ երեք անգամ, ապա զղջաց, Սուրբ Հոգու զորությամբ այլևս դարձավ մարդկանց որսորդ և իր ուռկանի մէջ բռնեց նախկինում անհավատ ժողովրդի մի մեծ բազմություն, որովհետև հավատա՛ց Հիսուսին, ինչպես հավատացել էր առաջին անգամ, երբ ծովից վերադարձել էր դատարկ՝ առանց ձուկ բռնելու, բայց հանդիպեց Հիսուսին, լսեց նրա խնդրանքը և դարձյալ նավարկեց դեպի ծովը ու վերադարձավ մեծաքանակ ձկներով լի նավով: Մենք էլ երբ ընդառաջ գնանք Աստծո շնորհին, որ մեր մեջ վառում է հավատքի կայծը, մեր հավա՛տքն էլ կբորբոքվի ու կդառնա մի մեծ կրակ, անմա՛ր կրակ, որ կեռացնի մեր հոգին, Պողոսի խոսքով, և մեզ յուրաքանչյուրիս կմղի կատարելու Աստծո կամքը և վկայելու Աստծո և մարդկանց հանդեպ մեր սիրո մասին, քայլելու Աստծո առաջ անարատ, սուրբ կյանքով: «Արդ սու՛րբ եղեք դուք, ինչպես ես սուրբ եմ», պատվիրեց Տերն իր ժողովրդին Սինա լեռան վրայից:

     

    Սուրբ Հոգով բոլո՛րս ենք լցվում բերնեբերան, առանց չափի, առանց վերապահումների, որովհետև Տիրոջ սերը սահման չունի և չի ստորադասում ոչ ոքի: Սուրբ Հոգով լցվում ենք մկրտության և դրոշմի պահին, Սուրբ Հոգով լցվում ենք Սուրբ Պատարագի ժամանակ, Սուրբ Հոգով լիուլի լցվում ենք այսօր՝ Հոգեգալստյան տոնին, առաքյալների հետ միասին՝ մե՛ր վերնատանը, այստե՛ղ և ծաղկում ենք գարնանային փարթամությամբ՝ ավելի մեծ հավատքով ու հույսով նավարկելու առաջ՝ չվախենալով ծովի ալիքներից, վստահ, որ Սուրբ Հոգին առատորեն լցնելու է մեր առագաստները և առաջ է տանելու մեզ դեպի սրբության բարձունքներ, միասին, միմյանց օգնելով, սիրելով, զորացնելով նավարկության ամբողջ ճանապարհին, որպեսզի չլինի թե «նավաբեկության ենթարկվենք հավատքի մեջ», ինչպես զգուշացնում է Պողոսը Տիմոթեոսին (Ա Տիմ. 1, 19):

     

    Լամբրոնացին գրում է. «Սրա համար աղաղակում է այսօր Եկեղեցին. ձմեռն անցավ, մեր այգիները ծաղկեցին և բուրեցին: Այս առավոտ Երկնավոր Հայրը նայեց երկրին, արբեցրեց այն Սուրբ Հոգու հորդառատ գետով և փթթեցնելով ծաղկեցրեց առաքինության զանազան բույսեր՝ բազում տունկերի արմատներից, ինչպես ասում է մարգարեն: Ահա՛ ձիրք, որ չի չափվում և պարգև, որի չի զուգակցվում գործերի կշռին: Ահա՛ տուրք, որի բնության իսկությունը չի պարփակվում և շնորհ, որի զեղումը գերազանց մտքերը չեն կարող սահմանել»: Աստվածային այս շնորհը նաև խաղաղարար շնորհ է, որը սկսվում է մարդու ներքին խաղաղությունը և ներդաշնակությունը վերականգնելուց.երբ մարդը ինքն իրեն վերսկսում է հասկանալ՝ որպես Աստծո զավակ, որպես Քրիստոսի աշակերտ, որը պատրաստ է ամեն ինչ տանել՝ հանուն մի գերնպատակի՝ նմանություն Քրիստոսի հետ, մինչև որ Քրիստոսն «իր մեջ հասնի առավելագույն կատարելության», ըստ Պողոսի խոսքերի:

    Ներքին խաղաղությունը օգնում է ազատորեն պայքարել այս աշխարհի հալածանքների, նեղությունների դեմ և համբերատարությամբ, ազատությամբ խաղաղություն կառուցել մեր ընտանիքներում և հասարակության մեջ: Եկե՛ք աղոթենք Սուրբ Հոգուն՝ Լամբրոնացու հետ միասին.

    «Ո՛վ Տեր, այս նժդեհության վայրում աքսորյալներիս պարսպի՛ր թշնամիների նետերի խոցոտումից: Չունենք զորություն՝ ճգնության մարտում հանդես գալու: Հառաչելով խնդրում ենք՝ մի՛ տար մեզ դարանակալի չարության փորձանքների մեջ: Տու՛ր ծարավյալներիս քո սիրով արբելու գինին, որ մատռվակվում է այսօր սուրբ վերնատանը: Որպեսզի մխիթարվենք մեր տրտմության մահճում և ապաստանենք հանդերձյալ կյանքի հույսին: Ո՛վ բարերար Սուրբ Հոգի, հոտոտի՛ր այս նվերը՝ բույր օրհնության, որ մատուցվում է քեզ որպես քոնը, Աստվա՛ծ իմ, Հոգի՛ հեզության: Եվ քեզ օրհնու՛մ ենք մեր բերանով՝ Հոր և Որդու հետ միասին, մշտնջենավոր և անվախճան կյանքում. Ամեն»:

     

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց