• Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հովուական այցով Ռուսաստանի Դաշնութիւնում է

    Նոր ձեռնադրութիւն եւ հոգեւոր աստիճանի տուչութիւն


    Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հովուական այցով 2018թ. յունուարի 6-ին մեկնեց Ռուսաստանի Դաշնութիւն: Նոյն օրը առաւօտեան Սրբազան Հայրը Մոսկուայում կատարեց եկեղեցական սպասաւորութեան փոքր կարգերի տուչութեան արարողութիւնը՝ ճեմարանական Մայիս Մելիքեանին:

     

    Մայիս Մելիքեանը ծնուել է 1974թ. Յուլիսի 4-ին, Տաւուշի մարզի Կօթի գիւղում: 2013թ. 39 տարեկանում, Աստծոյ ծառայութեանը նվիրուելու կոչում զգալով, հայ կաթողիկէ հոգեւորականների առաջնորդութեամբ վճռել է պատրաստուել քահանայական ծառայութեան եւ ուղարկուել ուսման՝ Ղազախտանի «Մարիա Մայր Եկեղեցւոյ» կաթողիկէ ճեմարան: Մայիս Մելիքեանը ճեմարանի ուսումը կաւարտի 2018-ի գարնանը:

     

    Յունուարի 6-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը Աստուածայայտնութեան տօնական Սուրբ Պատարագը մատուցեց Մոսկուայի Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Եկեղեցում, հարիւրաւոր հայ կաթողիկէ հաւատացեալների ներկայութեամբ: Սուրբ Պատարագից յետոյ Սրբազան Հայրը հանդիպում ունեցաւ հաւատացեալների հետ: Նոյն երեկոյեան Ռաֆայէլ Սրբազանը եւ Մոսկուայի եւ հարակից բնակավայրերի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Պետրոս Վրդ. Եսայեանը, Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիւրեղի հրաւերով, մասնակցեցին Սուրբ Ծննդեան Սուրբ Պատարագին՝ մատուցուած ձեռամբ Պատրիարքի, Մոսկուայի Քրիստոս Փրկչի Ուղղափառ Մայր Եկեղեցում, Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչներ Չելեստինո Արքեպս. Միլիորէյի եւ Պաոլո Եպս. Պեցցիի հետ միասին: Յաւարտ Սուրբ Պատարագի նրանք մասնակցեցին ընթրիքի՝ Պատրիարք Կիրիլի հետ:

     

     

    Յունուարի 7-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը Մոսկուայի Անարատ Յղութեան կաթողիկէ եկեղեցում մատուցեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում Մայիս Մելիքեանը ձեռնադրուեց Սարկաւագ եւ ստացաւ Տէր Յովհաննէս անունը: Տէր Յովհաննէսը պատրաստւում է ձեռնադրուել կուսակրօն քահանայ՝ վարդապետ:

     

    Ձեռնադրութիւնից յետոյ Ռաֆայէլ Սրբազանը կատարեց մէկ այլ կարեւոր տուչութիւն եւս՝ Ծայրագոյն Վարդապետի աստիճան եւ նոր պաշտօն Հոգշն. Հ. Պետրոս Վրդ. Եսայեանին՝ Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի կաթողիկէ հայոց:

     

     

    Սուրբ Պատարագից յետոյ Ռաֆայէլ Սրբազանը հանդիպեց հայ կաթողիկէ երիտասարդների հետ:

    Յունուարի 8-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը եւ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանը մեկնեցին Վենեով, որտեղ Ռաֆայէլ Սրբազանը Սուրբ Պատարագ մատուցեց տեղի հայ կաթողիկէ համայնքի համար եւ, յընթացս, վարդապետական գաւազան եւ լանջախաչ շնորհեց Վենեովի ժողովրդապետ Հ. Սեդրակ Վրդ. Խիթարեանին: Վենեովում ապրում է մօտ 100 հայ կաթողիկէ ընտանիք՝ հիմնականում գաղթած Ջաւախքի Տուրցխ գիւղից:

     

    Յունուարի 9-ին Ռաֆայէլ Սրբազանը հովուական այցով կմեկնի Նիժնի Նովգորոդ քաղաքը, որտեղ ապրում է մօտ 30 հայ կաթողիկէ ընտանիք:

     

    Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հանդիպելու է նաեւ բարձրաստիճան այլ հոգեւորականների հետ:

     

     

Օրացույց

Օրացույց