• Խորանի սպասավորների պատրաստության եռօրյա դասընթաց՝ Աղաջանյան կենտրոնում

    Մտից առաջի Սեղանի Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ…


    Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աղաջանյան կենտրոնում 2017թ. հուլիսի 9-12-ը կազմակերպվեցին Սուրբ Խորանի սպասավորների պատրաստության և հանգստյան օրեր: Մասնակցեցին 44 սպասավորներ՝ Գյումրիի, Փանիկի, Արևիկի, Ազատանի, Լանջիկի, Մեծ Սեպասարի, Բավրայի, Սիզավետի, Արփենիի, Հովտունի ժողովրդապետություններից: Նախաձեռնությունը Գերհ. Հ. Գառնիկ ծ.վրդ. Հովսեփյանինն էր, ով աշխատանքները կազմակերպեց Աղաջանյան կենտրոնի պատասխանատու Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի, Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի, Տ. Սահակ քհն. Աղեկյանի և Տ. Հովսեփ քհն. Գալստյանի օգնությամբ: Ամբողջ ընթացքում հոգևորականները եղել են սպասավորների հետ միասին՝ կարևորելով ընդհանուր նպատակի համար միասնական աշխատանքը: Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանը բացատրեց.

     

    Առաջին գերագույն նպատակն է՝ ճանաչել Քրիստոսի անձը, ճանաչելով Քրիստոսի անձը՝ կարողանան կիսել Քրիստոսի Անձը իրենց համայնքի հետ, երկրորդ շատ կարևոր կետն այն է, որ ուզում ենք՝ մեր բոլոր գյուղերի երեխաները շփվեն միմյանց հետ և ճանաչեն իրար և միասին կազմեն մեկ Հայ Կաթողիկէ Եկեղեցու զավակներ:

     19905043_1464906893548595_559935357842016597_n (1)

    Սպասավորներն օրը սկսում էին Սուրբ Պատարագով, ապա ակտիվ մասնակցում քրիստոնեականի, Եկեղեցու յոթ խորհուրդների, Սուրբ Պատարագի աղոթքների կանոնի սերտողության, մեկնաբանության, երգեցողության, գործնական հմտությունների զարգացման դասընթացներին:

     

    Տ. Նարեկ քհն. Թադևոսյան.

     

    -Այս եռօրյա դասընթացի ընթացքում մենք երեխաների հետ աշխատեցինք սարկավագի բաժնի մասով և ավելի մանրակրկիտ ներկայացրեցինք թարգմանությամբ, քանի որ տեքստը գրաբար է, սովորեցրեցինք խոսքն արտաբերել ավելի վարժ և սահուն, կատարել երգեցողության մասը:

     

    Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյան

     

    Լիահույս եմ, որ ամեն տարի պիտի կազմակերպենք, որպեսզի մեր Խորանի բոլոր սպասավորները կարողանանք նախևառաջ հասկանալ Սուրբ Պատարագը, ըմբռնել և ապրել:

     19958916_1466442280061723_5387472693161162364_n

    Հոգևորականները վստահ են, որ նման պատրաստության դասընթացները կարևոր են նախ՝ համայնքներում պաշտամունքային կանոնավոր կյանքը զարգացնելու նպատակով: Համայնքներում նրանց հետ, իհարկե, առանձին պատրաստության աշխատանքներ մշտապես տանում են ժողովրդապետները, բայց այսպիսի միասնական աշխատանքը հնարավորություն է տալիս սպասավորներին տեսնել այլ համայնքներում ծառայող իրենց ընկերների փորձը, կիսվել գիտելիքներով, զգալ միասնականությունը, ավելի համարձակ շարունակել սպասավորությունը՝ վերաիմաստավորելով իրենց ծառայության իմաստը, նաև՝ խորհրդածելով սեփական հնարավոր հոգևոր կոչման մասին.

    Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյան

     

    -Սա մեծ օգտակարություն ունի նաև այն առումով, որ երեխաների մեջ երևում են կոչումներ, որոնք որ հետագայում պետք է մտնեն հոգևոր ճեմարան և շարունակեն իրենց ընթացքը դեպի քահանայություն:

    19990604_1466442723395012_1298455148247317681_n

    Սպասավորներն էլ գիտակցում են անհրաժեշտությունն այսպիսի դասընթացների, որոնք ուղեկցվում են նաև հանգստի գեղեցիկ ժամերով:

    Երեխաները մեզ հետ կիսեցին իրենց տպավորությունները.

     

    Մենք շատ ուրախ ենք, որ մեր օրակարգում կա հնարավորություն ֆուտբոլ խաղալու: Որոշեցինք թիմերի բաժանվել ու խաղալ: Հիանալի հնարավորություն է՝ անցկացնելու ազատ ժամանցը:

     

    – Եկել ենք այստեղ սարկավագներով հանգստանալու, դասերին մասնակցելու և ամեն ինչ սովորում ենք, սարկավագությունը, կանգնելու ձևը:

     

    Շատ բան սովորեցիքն եկեղեցու մասին, ձեռք բերեցինք նոր ընկերներ, հիանալի ժամանակ անցկացրեցինք:

     

    -Քաղեցինք շատ գիտելքիներ…սովորեցինք ինչպես մեզ պահել Խորանի վրա:

     

    Պատրաստության երկրորդ օրը սպասավորները նաև մի գեղեցիկ նվեր ստացան, որը նրանց պետք է ուղեկցի ամեն օր՝ աստվածաշնչյան պատմություններն՝ հարմարեցված պատանի ընթերցողներին:

     

Օրացույց

Օրացույց