Հայ Կաթողիկէ Եկեղեցին և Հայկական Կարիտասը նոր թափով շարունակում են սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագերի իրականացումը:
2017թ. մայիսի 2-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը (առաջնորդ կաթողիկէ հայոց Հայաստնաի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի, Ընդհանուր նախագահ Հայկական Կարիտասի) Բեյրութում ներկա է գտնվել Հայկական Կարիտասի և Կարիտաս Լիբանանի կողմից համատեղ իրականացվող հայ փախստականների խնդիրների լուծմանն առնչվող մի ծրագրի պաշտոնական մեկնարկին, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և համակարգում Կարիտաս Ավստրիան: Բացման արարողությանը ներկա են եղել նաև Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքության Բեյրութի թեմի օգնական Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Կարիտաս Լիբանանի նախագահ Հայր Փոլ Քարամը, «Կարիտաս Ավստրիայի» ներկայացուցիչ Ռոբերտ Մոսբրուգգերը, Լիբանանում Ավստրիայի դեսպան Մարիան Ալեքսանդեր Վրբան, Լիբանանում Եվրամիության պատվիրակության փոխդեսպան Ջուլիա Կոխը, Հայկական Կարիտասից՝ ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը, Կառավարման խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանը, «Միգրացիա եւ զարգացում» ու «Աջակցություն սիրիահայ փախստականներին» ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:
Ծրագիրը կոչվում է «Ճանաչել, պաշտպանել, իրագործել», նախատեսում է տարաբնույթ աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղված է լինելու նրանց ինտեգրման դյուրացմանը, իսկ Լիբանանում՝ իրավական կեցության և աշխատանքի ապահովմանը։ Այս ծրագրով նախատեսվում է սոցիալական տարատեսակ աջակցություն ցուցաբերել մոտ 600 հայ ընտանիքների:
Ինչպես մեզ փոխանցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, այս ծրագրի մեկնարկի նախաձեռնությունը Հայկական Կարիտասինն է: Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին և համագործակցող կողմերին, ինչպես նաև բացատրել է Կարիտասի ծառայության իմաստը, որ ինքնին սիրո մի աղբյուր է և, հետևաբար, ձգտում է քրիստոնեական սիրո մեջ պահել և պահպանել եղբայրակիցներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում: Հայկական Կարիտասի նախագահը նաև առանձին շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը և հասարակությանը, որ դարեր շարունակ հայերի համար եղել է բաց դուռ, որտեղից ներա մտնելով՝ պանդուխտ կամ միասնաբար աշխատելու եկած հայը գտել է պարարտ հող, սեր և բաց սիրտ՝ օգնելու բոլոր կարիքավորներին, և հատկապես, հայ ժողովրդին: Սրբազան Հայրը նաև մաղթել է, որ համագործակցությունը հաջողությամբ պսակվի, փոխհարաբերությունները Կարիտասի ընտանիքի և Եվրամիության երկրների հետ ավելի ամրապնդվեն:
Իսկ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում գնահատանքով է խոսել «Կարիտաս» կառույցների երկարատև մարդասիրական գործունեության մասին՝ ողջունելով երեք երկրների ներգրավմամբ և ԵՄ հովանավորությամբ նման ծրագրի իրականացումը։ «Ցավոք սրտի, մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում, շարունակվող պատերազմների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, կորցրել ունեցվածքը և հայտնվել տարբեր երկրներում փախստականների կամ միգրանտների կարգավիճակով։ Սիրիայի հայ համայնքի անդամները ևս անմասն չեն մնացել այդ ողբերգական իրադարձություններից։ Ներկայումս նրանք առնչվում են տարբեր խնդիրների ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում և կարիք ունեն կանոնակարգված աջակցության՝ իրենց վերագտնելու և կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար», -ասել է դեսպանը: