• Մի օր Աստուած հարցնելու է ինձ.«Ինչպէ՞ս վարեցիր տնտեսութիւնդ»
    tumblr_odonkuyPLy1qfvq9bo1_1280

    «Եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտայ ձեզ», Ղկ., 16,12


    «Տնտեսի կիրակի».այսպէս է կոչւում Մեծ Պահոց Գ կիրակին: Ինչպէս Մեծ Պահոց նախորդ կիրակիներին, այս դէպքում եւս անուանումը բխում է ճաշու աւետարանական հատուածից, որ Ղուկասի Աւետարանի 16-րդ գլխի 1-13 համարներն են:

     

    Այս տնտեսի պատմութիւնը իւրաքանչիւր մէկի պատմութիւնն է, ով իր կեանքը, աստուածատուր շնորհները, պարգեւները, ունեցուածքը, դրամը վատնում է՝ առանց մտածելու ամենակարեւորի մասին, որ դրանք օգտագործի նաեւ մերձաւորի՛ համար:

     

    Ինչպէս այդ մեծահարուստը հաշիւ պահանջեց իր տնտեսից, մի օր Աստուած էլ հաշիւ է պահանջելու ինձանից եւ բոլորից, թէ ինչպէս ապրեցինք մեր կեանքը, այլ խօսքով, ինչպէս վարեցինք մեր տնտեսութիւնը:

     

    Մենք բոլորս Աստծոյ տնտեսներն ենք, մեր կեանքը մեր սեփականութիւնը չէ, այլ Աստծու՛նն է, Ի՛նքն է կեանքի Տէրը եւ բաշխողը, բայց մեզ տալիս է ոչ թէ որպէս սեփականութիւն, այլ՝ որպէսզի ապրենք մեր կեանքը՝ այն դարձնելով Աստծուն փառաւորելու մի գեղեցիկ հնարաւորութիւն, գեղեցիկը, բարին, սէրը մեր կենսակերպի մէջ ցոլացնելու մի եզակի հնարաւորութիւն: Մայր Թերէզա Կալկաթացին ասում էր.«Կեանքը հնարաւորութիւն է, օգտագործի՛ր»: Բայց հիմնական հարցը այն է, թէ ինչպէ՞ս ենք օգտագործում մեր կեանքը, մեզ ձրիաբար շնորհուած իւրաքանչիւր վայրկյանը՝ Աստծուն փառաբանելու եւ նրան նմանուելու, թէ մեր սեփական «ես»-ի շուրջ պարիսպներ կառուցելու եւ ինքներս մեզ փառաբանելու համար: Մեր կեանքը մի ձրի նուէր է՝ Տիրոջից ընծայուած, որը պարտաւոր ենք սակայն պատասխանատւութեամբ օգտագործել ոչ միայն մեր շահի, այլեւ՝ մերձաւորի շահի համար:

     

    Յիսուս պատմում է, որ երբ մեծահարուստը ասաց իր տնտեսին, թէ այլեւս չի կարող տնտես լինել, սա մի խորամանկ քայլի դիմեց, որպէսզի աշխատանքից զրկուելուց յետոյ չզրկուի նաեւ ուրիշ մարդկանց մօտ աշխատանք կամ հիւրասիրութիւն գտնելուց.«ընդունեն ինձ իրենց տներում», ասում է տնտեսը եւ կանչելով իր Տիրոջ պարտապաններին, շնորհում է նրանց պարտքերի մի մասը: Ըստ էության, այս տնտեսը դարձեալ վնաս է պատճառում իր Տիրոջը՝ նրա՛ իսկ ունեցուածքով ջանալով իր համար ապահովել հարմարաւետութիւն, սիրուած լինել մարդկանց մօտ: Նա իր տիրոջ պարտապաններին շնորհեց ոչ թէ իր ունեցածը, այլ՝ ուրիշինը: Բայց մեծահարուստը այս իմանալով՝ ոչ թէ աւելի խստութեամբ է պատժում նրան, այլ՝ գովում.

     

    «Եւ գովեաց Տէրն զտնտեսն անիրաւութեան, զի իմաստութեամբ արար.

    զի որդիք աշխարհիս այսօրիկ իմաստանգոյնք են, քան զորդիս լուսոյ յազգս իւրեանց», 16,8:

     

    Բայց ինչու՞ տերը գովեց իր տնտեսին, չէ՞ որ նա խաբել էր իրեն: Հին աշխարհում հնարամտութիւնը, նոյնիսկ անկախ հետեւանքներից, գովաբանւում էր.դա իմաստութեան նշան էր, համարւում էր առաքինութիւն: Սա դարձեալ մարդկային հպարտութեան հետեւանք է, բայց շատ ընդունելի աշխարհի տրամաբանութեան համար: Որոգինէսը բացատրում է, որ այստեղ «իմաստութիւն» բառը նոյն իմաստով չի օգտագործւում, ինչ որ Աստծոյ իմաստութեան դէպքում: Նա մատնացոյց է անում Ծննդոց գրքում օձի մասին տողերը, թէ օձը բոլոր կենդանիներից աւելի իմաստուն էր: Բայց ինչպէ՞ս օձւ օգտագործեց իր իմաստութիւնը: Մարդուն կործանելու համար: Իսկ Օգոստինոսը այսպէս է մեկնաբանում այս հատուածը.

     

    «Այս առակը ասուեց, որպէսզի մենք հասկանանք, որ եթէ այդ տնտեսին, որ խաբէութեամբ գործեց, նրա տերը գովեց, որքա՛ն առաւել Աստուած կգովի իր այն ծառաներին, ովքէր ամեն ինչ անում են ըստ իր պատուիրանների», Սբ. Թովմա Աքվինացի, Catena Aurea:

     

    Մարդկանց մօտ սէր եւ հարգանք փնտրելու մէջ, հիրաւի, այս աշխարհի որդիները, որ սուրբ հայրերը նաեւ խաւարի, դժոխքի որդիներ են անուանում, շատ աւելի իմաստուն են, միշտ կարողանում են գտնել ուղիներ՝ մարդկանց մօտ փառաբանուելու համար, գիտեն՝ երբ, որտեղ ինչ խոսել, ինչպէս ասել, ինչպէս «բարեգործութիւն» անել եւ ինչ նպատակով, ամէն բան մանրակրկիտ հաշուարկուած է: Հին աշխարհի մեթոդներն հիմա աւելի կատարելագործուած են: Նոյնիսկ գրքեր են գրւում այդ մասին:

    Բայց Տէր Յիսուս մեզ, որ կոչուած ենք լինել լուսոյ որդիներ, հորդորում է լինել օձերի նման խորագէտ եւ միամիտ՝ աղաւնիների նման: Միամիտ, այսինքն՝ մէկ մտքով առաջնորդւող, մէկ նպատակի հետեւից վազելով, որ Աստծոյ հետ կատարեալ միութիւնն է՝ հասկանալով, թէ ինչպէս կարող ենք ճիշտ ձեւով օգտագործել Տիրոջից մեզ տրուած կեանքը, բանականութիւնը եւ միւս տաղանդները, որ Տիրոջ ունեցուածքն է՝ շնորհուած մեզ, նաեւ խուսափենք չարի թակարդներից: Սրա համար խորագիտութիւն է պէտք, բայց ոչ՝ բացասական իմաստով, որպէսզի կարողանանք պաշտպանուել օձի խորագիտութիւնից, եւ մեր ունեցուածքը, մեր դրամը, կամ արամէերէն բառով «mammona»-ն, չդարձնենք անիրաւութեան մամոնայ, այլ ծառայեցնենք ի շահ մեր հոգու փրկութեան՝ օգնելով կարիքաւորներին, հասարակաց բարիքի համար:

    Սա մարդկային հարաբերութիւնների ճիշտ կառուցման, սոցիալական արդարութեան կարեւորագոյն սկզբունք է:

     

    Սբ. Թեոփիլակտոսը մեկնում է այսպէս.

     

    «Անիրաւութեան մամոնայն այն է, ինչ Աստուած մեզ տուել է մեր եղբայրների համար օգտագործելու, բայց մենք ծախսում ենք ինքներս մեզ վրա: Մենք պէտք է բոլորը տայինք աղքատներին, բայց քանի որ դարձել ենք անիրաւ տնտեսներ՝ չարութեամբ պահելով մեզ այն, ինչ ուրիշների կարիքների համար էր…պէտք է բոլորը բաժանենք աղքատներին, որպէսզի մեզ ընդունեն յաւիտենական հարկերի տակ», Սբ. Թովմա Աքվինացի, Catena Aurea:

     

    Յաւիտենական հարկերի տակ ընդունողները ոչ թէ այս աշխարհի մարդիկ են, այլ՝ Յիսուս Ինքը, որ մեզնից ողորմութեան գործեր է խնդրում ի դէմս այս աշխարհի կարիքաւորների (Մտթ., 25): Եթէ մենք հաւատարիմ ենք անիրաւ մամոնայի մէջ, մեզ կվստահուի նաեւ ճշմարիտը՝ Աստծոյ հետ յաիտենական բնակութիւնը, որ ամենամեծ հարստութիւնն է, եւ սա է մերը, մեր յաւիտենական սեփականութիւնը, որի մասին ասում է Յիսուս: «Եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտայ ձեզ», ասում է Յիսուս:

    Ուրեմն հարկ է, որ մենք կեանքում ամենակարեւորը մեզ համար լինի Աստծուն ծառայելը եւ ոչ թէ մեր «ես»ին, կամ փողին կամ իշխանութեանը, որ անիրաւ մամոնայն է:

     

    Տ. Յովսէփ քհնյ. Գալստեան

Օրացույց

Օրացույց