• «Վատնումի մեղքը».Անառակի կիրակի, Հ. Նարեկ վրդ. Մնոյանի քարոզը
    image-0-02-05-f329f14f0ce96a8d2fd9a6452ac040bc06411f074fbfa16a6e72146f8d62a49e-V

    «Այս երկու սերերը՝ մեր և Հոր, միանալով մեր հոգում՝ ահավոր երկունքի ցավով ծնում են ԶՂՋՈՒՄԸ»:


    Սիրելի՛ հավատացյալներ,

     

    Ահավասի՛կ, պահոց շրջանը առնում է իր ուրվագծերը։ Առաջին Բուն Բարեկենդանի կիրակի վերհիշեցինք մարդուս դրախտային վիճակը, ապա տեսանք երկրորդ Արտաքսման կիրակիով թե մարդը մեղքի ճաշակումով կորցրեց կենդանի հարաբերությունը իր Արարչի հետ և գլորվեց անկյալ մեղքի վիճակ, որից առանց Բարձրյալի օգնության չի կարող դուրս գալ։

     

    Հայ Եկեղեցին իր ուրույն ապրումով ցոլացնում է հավատացյալ հոգուն առօրյա այն ապրումը, որով կարող է վերագտնել հաշտությունը Աստուծո հետ։ Տեսնում ենք եկեղեցում փակ վարագույրը, որը հենց խորհրդնաիշն է մեր անկումի և բաժանում Աստծուց, և ահա յուրանքանչյուր անգամ, երբ պատարագիչը դուրս է գալիս Ս․ Խորանից և փախանցում մեզ Աստծո խոսքը, նշան է տալիս, թե Քրիստոսի կենդանի խոսքերն են առ Աստված դարձի ճամփան։

     

    Տերն մեր Հիսուս Քրիստոս իր քարզչությունը սկսեց հենց ապաշխարության կոչով․ «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ․ Դ, 17)։ Ղուկաս ավետարանիչը ավելի ազդու է ներկայացնում Քրիստոսի այս խոսքը․ «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք» (Ղուկ․ ԺԳ, 3)։ Մեծ պահքի կենտրոնական նպատակը, մինչև իսկ գոյության պատճառը այս Երրորդ՝ Անառակի կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի՛ մեջ է․ ապաշխարանքը կորած դրախտը վերագտնելու նախապայման է։

     

    Այս կիրակիով դուրս ենք գալիս Հին Կտակարանի շրջանից ու մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ։ Գ Կիրակի կարդացվող գլխավոր հատվածը Անառակ որդու առակն է։ Նոր Կտակարանի ամենաթանկագին գորհարներից մեկը, որն իր մեջ առանց չափազանցության խտացնում է Ավետարանի հիմնական ուսուցումները։ Քրիստոսի քարոզչության այն հիմնական կորիզը Աստծո Հայրության, Նրա բազումողորմ ու անսահման սերն են, որոնք սրտառուչ եղանակով պատկերված են այս առակում։ Եվ գոտեպնդված Քրիստոսի խոսքով, թե․ «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Ղուկ․ Ե, 32) այս առակի միջոցով խորհրդածենք բխող գաղափարի շուրջ որ է անկումից վերելքը, ընկած վիճակից վերականգնումը։

     

    Առակի հերոսը հարուստ ընտանքի կրտսեր որդին է։ Ով ուներ ամեն նախապայման՝ մնալու իր երջանիկ ընտանիքում, բայց ահա հորից պահանջեց իր բաժին ժառանգությունը, տակավին հոր կենդանության օրոք, և ամեն բան վերածեց դրամի և վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Անառակ որդու անկումը, ինչպես նաև մեր անկումը, սկսվում է հենց այն պահից, երբ մեզ տրված լավը, բարին, շնորհը մենք վերածում ենք անպետքության, սին ցանկություններին հագուրդ տալու միջոցի և սկսում ենք ՎԱՏՆԵԼ։ Նախ մեղանչում ենք, երբ առաջնային մեզ տրված երջանկությունը մեր փրկության գրավական շնորհները վերածում ենք մեղսագործությանը նպաստող միջոցների։ Փոխանակ մնալու երջանիկ ընտանիքում և ծառայելու գթասիրտ հոր կողքին, ծուլություն և ցանկություներին հագուրդ տալու ախորժակով նետվում ենք աշխարհիս գիրկը։ Ապա լինի նյութական հարստություն, թե հոգեկան գանձեր, սրանք անհատնում չեն. սահմանված են սպառվելու, եթե պակասածի տեղը չդրվի նորը։

    Փորձանքի մեղանչական ծովում մեր գանձերը այնքա՛ն արագ ենք սպառվում, նամանավանդ, երբ չարիք գործելու համար գործակիցների պակաս չի զգացվում ու սկսվում է վատնումը։ Այս բայի շուրջ երկար խորհելու կարիք չկա անգամ, «վատ» արմատը արդեն իսկ հուշում է կործանիչ և վնասակար լինելը։ Վատնում՝ ահա մի մեղք, որով տառապում է նաև մեր օրերի աշխարհը, վատնելով իր Աստվածապարգև բարիքները, նաև սրանով բռնված է մեր Հայաստան աշխարհը և բռնված ենք յուրաքնաչյուրս․ վատնում ժամանակի, միջոցի, շնորհի․․ և այսպես կարելի է շարունակել․․․

     

    Եվ սրան էլ եթե ավելացնեք խոզերի անասնական վիճակի հասած մեկ ընթացք, հեռու քո տնից, տուն, որ մեր պարագայում Երկնավոր Հոր հավիտենականությունն է և գիտակցում, որ խաբվեցինք աշխարհիս ցնորական գարշահոտ մեղքերով, հիվանդի ցավից գալարումը սրան չի կարող գերազանցել։

     

    Եվ ահա երանի՛ նրան, ով, մեղքերի ալեկոծումից նավաբեկված, ի չիք իր անարժանության, կփափագի վերադարձ՝ հարազատ հոր տուն։ Սա է ապաշխարողի իրական վիճակը։ Չվարանելով, թե ինչպես պիտի նայի հոր երեսին, այլ միայն հաստատակամ խոստովանել աղերսագին․

    «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ»։

    Մեղսագործ, որի հոգին կարծրացած է, որի սիրտը չի կարող պոկել կապանքները մեղքի, երբ մեկ վայրկյան նայի ու տեսնի թե․ «մինչ դեռ հեռու էր, վերադարձի ճամփի վրա, Հայրը տեսավ նրան և գթաց»։ Հոր այս գթասրտությունը և մեր կամովին վերադարձը առ Նա, նորից մեզ հագցնում են նախքին պատմուճանը անմեղության։ Քանզի չի մարի երբեք Աստվածասկիզբ այն սերը, որ իր կայծն է դրել մեր հոգում՝ մկրտության օրվանից, և Հոր կերպարն էլ անաղարտ է մնացալ, թառամած մեր օրերում։

     

    Արդ, այս երկու սերերը՝ մեր և Հոր, միանալով մեր հոգում՝  ահավոր երկունքի ցավով ծնում են ԶՂՋՈՒՄԸ։  Սա է յուրաքանչյուր անառակիս վերադարձի ճամփան՝ մոլորվածին փնտրելու կամովին եկած Հիոսուս Քրիստոսի կենդանարրն չարչարանքի գնով։

     

    Բայց չենք կարող չասել, որ բազում են տեսակները մարդկային, և առակում էլ երկու մարդկային տեսակ կա։ Եվ, ավա՛ղ, սա է երկու անառակների պատմությունը։ Պարզապես կրտսերի ճչացող անառակ կյանքի դրվագները ստվերի տակ են թողնում ավագի վարքը, որ նույնպես մեղանչական է։

    Ավագ անառակը ի չիք նրան, որ հակառակ կրտսերին մնաց հոր կողքին, բայց չզգաց ու չգնահատեց ողորմած և գթասիրտ հորը ու չկարողացավ նմանվել նրան։ Երբ իմացավ կրտսերի վերադարձի մասին և լսեց ուրախության ձայները «բարկացավ և չէր կամենում ներս մտնել»։  Չկամություն և նախանձ.ահա՛ ավագ անառակի կործանարար մեղքերը, որ յուրաքանչյուր նման ընթացք ապրող մարդուս զրկում են կյանքի կոչումից, Աստվածորդի լինելու մկրտության ավազանի որդեգրումից։ Եթե անգամ ավագի վարքը անառակություն չէր, ապա չարություն էր, որն ավելի կարճ ճանապարհով առաջնորդում է այն անկումի մեջ, ուր հասել էր կրտսեր որդին՝ մինչ դարձը։ Երկուսի մեղքի «պտուղն» էլ երջանկության կորուստն է, հավիտենական երկնքի խրախճանքի կորուստը, ուր յուրաքանչյուրս կանչված ենք՝ Հիսուս Քրիստոսի փրկչագործությամբ։ Մեկի պարագայում վատնումն է հոր պարգևների և իր անմեղության, մյուսինը՝ վատնումը պատվիրանապահությամբ և հնազանդությամբ շահած արժանիքների։

     

    Պահեցողության այս օրերին մեր աչքերի առաջ պահենք այս առակը և մեր հայրերի հետ աղոթենք շարականի տողերով․

    «Անառակ որդու հետ Քեզ ենք կանչում, Հա՛յր գթած,

    Մեղք գործեցինք երկնքի դեմ և Քո առաջ, քավիչ հանցանքների,

    Ընդառաջ արի՛ սիրով, գրկի՛ր, համբուրի՛ր՝

    Մեզ մեր մեղքերից մաքրելու համար»։

    (Ճաշու շարական ԳԿ, Անառակի կիրակի, Բ պատկեր)։

     

    Հ. Նարեկ վրդ. Մնոյան

Օրացույց

Օրացույց