• Ամեն օր մոտ 1000 երեխա է մահանում ջրից առաջացած հիվանդություններից. Քահանայապետի ուղերձը՝ խմելու ջրի հիմնախնդրի մասին

    «Անհրաժեշտ է գիտակցել, որ ջուրն անհրաժեշտ ու կարևոր արժեք է լավ մարդկության համար»:


     

    Ստորև ներկայացնում ենք Հռոմի Սրբազան Քանահայապետի կոչն ուղղված «Խմելու ջրի իրավունքի» մասին համաժողովի մասնակիցներին, որը տեղի ունեցավ Վատիկանում, 2017թ. փետրվարի 23-24, կազմակերպված՝ Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի կողմից:

     

    «Բարի՛ օր, սիրելի՛ եղբայրներ և քույրեր

     

    Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում՝ խմելու ջրի իրավունքի և այս առումով պատշաճ հանրային քաղաքականության անհրաժեշտությանը նվիրված հանդիպմանը մասնակցելու համար: Հատկանշական է, որ դուք հավաքվել եք՝ միավորելու ձեր ունեցած գիտելիքներն ու ռեսուրսները, որպեսզի արձագանքեք մերօրյա մարդկության այս հրատապ կարիքին:

     

    Գիրք Ծննդոցը մեզ պատմում է, որ ջուրը այնտեղ է՝ սկզբում, Սբ. Ֆրանցիսկոս Ասիզեցու խոսքերում, «այն օգտակար, անբիծ և խոնարհ է» («Երգ արարածոց): Այն հարցերը, որոնք դուք քննարկում եք, ոչ թե անտեսված են, այլ հիմնարար են և  անհետաձգելի: Հիմնարար, քանի որ որտեղ կա ջուր այնտեղ է կյանքը՝ հնարավոր դարձնելով հասարակության վերելքն ու առաջխաղացումը: Անհետաձգելի, քանի որ մեր ընդհանուր տունը պաշտպանության կարիք ունի: Սակայն պետք է գիտակցել նաև, որ բոլոր ջրերը չեն, որ կյանք տվող են, այլ միայն ա՛յն ջուրը, որն ապահով  է և բարձրորակ:

     

    Բոլոր մարդիկ իրավունք ունեն խմել անվտանգ ջուր: Սա մարդկային հիմնարար իրավունք է և ներկայիս աշխարհի  կարևորագույն խնդիրը: Սա մի խնդիր է, որն ազդում է յուրաքանչյուրի վրա և տառապանքի մի մեծ աղբյուր է մեր ընդհանուր տանը: Այն նաև կոչ է անում գործնական լուծումների, որոնք ունակ են հաղթահարելու այն եսասիրական մտահոգությունները, որոնք խանգարում են այս հիմնարար իրավունքը իրագործելու հարցում: Ջրի հիմնախդրին պետք է տրվի առանցքային կարևորություն՝ հանրային քաղաքականության մեջ: Ջրի հանդեպ մեր իրավունքը նաև պարտավորություն է ջրի հանդեպ: Ջրի հանդեպ մեր իրավունքը առաջացնում է մի անքակտելի պարտավորություն: Այս առումով, մենք պարտավոր ենք հռչակել այս մարդկային կարևորագույն իրավունքը և պաշտպանել այն, սակայն մենք պետք  է աշխատենք կատարել նաև կոնկրետ քաղաքական և իրավաբանական պարտավորություններ: Յուրաքանչյուր պետություն կոչված է, նաև իրավաբանական միջոցներով, իրականացնելու  ՄԱԿ-ի Գլխավոր Համագումարի կողմից 2010թ. հաստատված բանաձևերը, որոնք  վերաբերում են անվտանգ խմելու ջրի իրավունքին: Նաև ոչ պետական դերակատարները պարտավոր են ընդունել իրենց սեփական պարտականությունները՝ կապված այս իրավունքի հետ:

     

    Խմելու ջրի իրավունքն անհրաժեշտ է մարդկանց գոյատևման համար և վճռորոշ է մարդկության ապագայի համար: Առաջնահերթ պետք է լինի կրթել ապագա սերունդներին՝ իրավիճակի լրջության մասին: Գիտակցության ձևավորումը բարդ խնդիր է, այն պահանջում է վստահություն և նվիրվածություն:

     

    ՄԱԿ-ի կողմից տրամադրված վիճակագրությունները մտահոգիչ են և չեն կարող մեզ անտարբեր թողնել: Ամեն օր մոտ 1000 երեխա է մահանում ջրից առաջացած հիվանդություններից և միլիոնավոր անձինք խմում են աղտոտված ջուր: Այս փաստերը ծանր են: Մենք պետք է լուծում տանք այս իրավիճակին: Դեռ ուշ չէ, սակայն հրատապ է գիտակցել, որ ջուրն անհրաժեշտ ու կարևոր արժեք է  մարդկության բարիքի համար:

     

    Ջրի նկատմամբ հարգանքը մարդկային այլ իրավունքների իրականացման պայման է: Եթե մենք այս իրավունքը համարում ենք հիմնարար, ապա դրանով մենք հիմքեր ենք ստեղծում՝ այլ իրավունքների պաշտպանության համար: Սակայն, եթե մենք արհամարհում ենք այս հիմնարար իրավունքը, ապա ինչպե՞ս ենք կարողանալու պաշտպանել մնացած իրավունքները: Ջրին պատշաճ տեղ հատկացնելու մեր հանձնառությունը կոչ է անում խնամքի և հանդիպման մշակույթի ստեղծմանը՝ ընդհանուր գործին միացնելով գիտնականների,  գործարար մարդկանց, կառավարության ղեկավարների և քաղաքական գործիչների կողմից գործադրված ջանքերը: Մենք պետք է միավորենք մեր ձայներն այս ընդհանուր գործում, և ապա դա այլևս չի լինի անհատների կամ առանձին մարդկանց ձայնը  միայն, այլ կլինի մեր եղբայրների և քույրերի աղերսը և աշխարհի աղաղակը՝ բոլորին պատկանող գանձը հարգելու և այն պատասխանատվությամբ կիսելու համար: Հանդիպման այս մշակույթում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պետություն գործի որպես երաշխավոր առ այն, որ բոլորի համար հասանելի է անվտանգ և մաքուր ջուրը:

     

    Աստված Արարիչը մեզ մենակ չի թողնում մեջ ջանքերի մեջ՝ յուրաքանչյուրին և բոլորին ապահովելու մաքուր խմելու ջրով: Իմ հույսն է, որ այս համագումարը օգնի ամրապնդել ձեր վստահությունը և որ դուք համոզված լինեք, որ ձեր կատարած աշխատանքն անհրաժեշտ է և առաջնային նշանակություն ունի, որպեսզի մնացած մարդիկ ևս կարողանան ապրել: Այն «քչով», որ մենք ունենք, կարող ենք օգնել մեր ընդհանուր տանը՝ դառնալ ավելի բարեկեցիկ և եղբայրական մի վայր, որտեղ ոչ ոք չի անտեսվում, այլ բոլորը վայելում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է ապրելու և արժանապատվությունը զգացումը զարգացնելու համար:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց