«Հարուստի դռան առջև գտնվող աղքատը տհաճություն չէ, այլ՝ վերափոխվելու և դարձի գալու մի կոչ»:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Մեծ Պահքը մի նոր սկիզբ է, մի ուղի, որը տանում է Զատկի նպատակակետին՝ Քրիստոսի հաղթությանը՝ մահվան հանդեպ: Այս շրջանը մեզ հրատապ կոչ է անում վերափոխվելու: Քրիստոնյաները պետք է դառնան առ Աստված՝ «ամբողջ սրտով» (Յովել 2:12), հրաժարվեն միջակությունից և աճել Տիրոջ հետ բարեկամության մեջ: Հիսուս հավատարիմ ընկեր է, Ով երբեք չի լքում մեզ: Նույնիսկ երբ մեղք ենք գործում, նա համբերատար սպասում է մեր դարձին: Համբերատար սպասումով նա ցույց է տալիս մեզ ներելու Իր պատրաստակամությունը:
Մեծ Պահքը Եկեղեցու կողմից մեզ առաջարկվող մի բարենպաստ ժամանակաշրջան է՝ զարգացնելու համար մեր հոգևոր կյանքը սրբացման միջոցներով՝ ծոմապահությամբ, աղոթքով և ողորմատվությամբ: Ամենայնի հիմքում Աստծո Խոսքն է, որն այս շրջանի ընթացքում մենք կոչված ենք լսելու և ավելի խորությամբ խորհելու: Այժմ ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել հարուստ մարդու և Ղազարոսի մասին առակի վրա: Եկե՛ք ոգեշնչվենք այս իմաստալից պատմությամբ, քանի որ այն ծառայում է որպես բանալի՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անել, որպեսզի հասնենք ճշմարիտ երջանկությանն ու հավերժական կյանքին: Այն մեզ հորդորում է անկեղծ վերափոխման:
1.Մերձավորը մի պարգև է
Առակը սկսվում է այս երկու հիմնական կերպարները ներկայացնելով: Աղքատ մարդն ավելի մանրամասն է նկարագրվում.նա խղճուկ է և անգամ կանգնելու ուժ չունի: Հարուստ մարդու դռան առաջ պառկած, նա ուտում էր սեղանից ընկնող փշրանքները: Նրա մարմինը ծածկված է վերքերով և շները գալիս են լիզելու նրա վերքերը: Այս պատկերը մի մեծ թշվառություն է: Այն պատկերում է ստորացված և խղճուկ մի մարդու:
Պատկերն էլ ավելի դրամատիկ է, եթե մենք ի նկատի առնենք, որ աղքատ մարդու անունը Ղազարոս է. խոստումնալից մի անուն, որը բառացիորեն նշանակում է «Աստված օգնում է»: Այս կերպարն անանուն չէ: Նրա հատկանիշները հստակ տարանջատված են և նա հանդես է գալիս որպես մի անհատականություն՝ իր սեփական պատմությամբ: Եթե հարուստ մարդու համար Ղազարոսն իրականում անտեսանելի էր, մենք տեսնում և ճանաչում ենք նրան՝ որպես ծանոթ մի մարդու: Նա դառնում է մի դեմք և, որպես այդպիսին, մի նվեր, մի անգին գանձ, մի էակ ում Աստված սիրում է և հոգ է տանում նրա մասին՝ չնայած նրա մերժված վիճակին:
Ղազարոսը սովորեցնում է մեզ, որ մերձավորները պարգև են: Մարդկանց հետ ճիշտ փոխհարաբերությունը կայանում է նրանց արժեքը երախտագիտությամբ ճանաչելու մեջ: Նույնիսկ հարուստ մարդու դռան առջև գտնվող աղքատ մարդը տհաճություն չէ, այլ՝ վերափոխվելու և դարձի գալու մի կոչ: Առաջին հերթին, առակը մեզ կոչ է անում բացել մեր սրտի դռները այլոց առջև, քանի որ յուրաքանյուր անձ պարգև է, լինի նա մեր մերձավորը կամ էլ՝ անծանոթ մի աղքատ մարդ: Մեծ Պահքը մի բարենպաստ շրջան է կարիքավորների առջև մեր դռները բացելու և նրանց մեջ Քրիստոսի Դեմքը ճանաչելու համար: Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր հանդիպում է այսպիսի մարդկանց: Յուրաքանչյուր կյանք, որին մենք հանդիպում ենք, մի պարգև է, որը արժանի է ընդունման, հարգանքի և սիրո: Աստծո խոսքն օգնում է մեզ բացել մեր աչքերը, որպեսզի ընդունենք և սիրենք կյանքը, հատկապես, երբ այն թույլ է և խոցելի: Սակայն այս ամենն անելու համար, մենք պետք է լրջորեն ընդունենք այն ամենն, ինչ Ավետարանը պատմում է մեծահարուստի մասին:
1.Մեղքը կուրացնում է մեզ
Այս առակը հարուստ է մեծահարստի հետ կապված հակասությունների նկարագրությամբ: Ի տարբերություն Ղազարոսի, հարուստն անուն չունի, նրան պարզապես կոչում են «մեծահարուստ»: Նրա հարստությունը երևում էր նրա արտասովոր և շքեղ հանդերձանքի մեջ: Մանուշակագույն զգեստները նույնիսկ ավելի թանկ էին, քան արծաթն ու ոսկին և դրանով իսկ պահպանված էին աստվածների (Երմ., 10:9) և թագավորների համար, իսկ նրբահյուս բեհեզը այն կրողին գրեթե սրբություն էր հաղորդում: Այդ մարդը հստակ ուզում էր ցուցադրել իր հարստությունը, և իր կարողությունը ամեն օր ցուցադրելու սովորությամբ «նա ամեն օր ուրախանում էր»: Նրա մեջ մենք կարող ենք հայտնաբերել մեղքի ապականության դրամատիկ մի պատկեր, որը ի հայտ է գալիս երեք հաջորդական փուլերով՝ փողասիրությամբ, ունայնությամբ և հպարտությամբ:
Պողոս Առաքյալն ասում է, թե «բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է» (Ա Տիմ., 6:10): Սա կոռուպցիայի, նախանձի աղբյուրի, հակամարտության և կասկածի հիմնական պատճառն է: Փողը կարող է իշխել մեզ այն աստիճան, որ դառնա բռնակալ կուռք (Evangelii Gaudium, 55): Բարի գործեր կատարելու և այլոց հետ համերաշխ ապրելու ծառայության գործիքները լինելու փոխարեն, փողը կարող է մեզ և ամբողջ աշխարհին գցել եսասեր տրամաբանության ցանցը, որը տեղ չի թողնում սիրո համար և խոչընդոտում է խաղաղությանը:
Այնուհետև առակը ցույց է տալիս մեզ, որ մեծահարուստի ագահությունը նրան դարձնում է անճարակ: Նրա անհատականությունը արտահայտվում է հավակնությունների մեջ՝ ցույց տալով մյուսներին, թե ինչ կարող է ինքը անել: Սակայն նրա կերպարը քողարկում է մի ներքին դատարկություն: Նրա կյանքը գերի է դառնում արտաքին հավակնություններին, գոյության ամենամակերեսային և անցողիկ կողմերին:
Այս բարոյական անկման ամենաստորին աստիճանը հպարտությունն է: Մեծահարուստը հագնվում է թագավորի պես և հանդես է գալիս Աստծո նման՝ մոռանալով, որ ինքը պարզապես մահկանացու է: Նրանց համար, ովքեր հարստության սիրով են կաշառված, իրենց սեփական եսից այն կողմ ոչինչ գոյություն չունի: Նրանք չեն նկատում իրենց շուրջը գտնվողներին: Փողի հետ կապվածության արդյունքը մի տեսակ կուրություն է: Մեծահարուստը չի տեսնում այն աղքատ մարդուն, ով սոված և վիրավոր պառկած էր իր դռան առջև:
Նայելով այս կերպարին՝ մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է Ավետարանն այսքան բացահայտ կերպով քննադատում փողասիրությունը: Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, նա կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ կմեծարի մեկին և կարհամարհի մյուսին: Դուք չեք կարող միևնույն ժամանակ ծառայել և՛ Աստծուն, և՛ դրամին (Մտթ., 6:24 ):
1.Տիրոջ Խոսքը պարգև է
Մեծահարուստի և Ղազարոսի մասին ավետարանական հատվածը օգնում է մեզ լավ պատրաստվել մոտալուտ Սբ. Զատկին: Մոխրոց չորեքշաբթի օրվա Սբ. Պատարագը կոչ է անում մեզ մի փորձառության, որը բավականին նման է այդ մեծահարստին: Երբ քահանան մոխիրը ցանում է մեր գլուխներին, նա կրկնում է հետևյալ խոսքերը. «Հիշեցե՛ք, որ դուք հող եք և հողին կվերադառնաս»: Ինչպես կարդում ենք, և՛ մեծահարուստը, և՛ աղքատը մահանում են, իսկ առակի պատմության մեծ մասը հանդերձյալ կյանքում է: Երկու կերպարներն էլ հանկարծակի բացահայտում են. «ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել» (Ա Տիմ., 6:7)։
Մենք ևս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում հանդերձյալ կյանքում: Այնտեղ մեծահարուստը խոսում է Աբրահամի հետ, ում նա անվանում է «հայր»՝ որպես նշանն այն բանի, որ նա պատկանում է Աստծո ժողովրդին: Այս փաստը նրա կյանքն էլ ավելի հակասական է դարձնում, քանի որ մինչ այդ պահը ոչ մի հիշատակում չի եղել Աստծո հետ նրա կապի մասին: Ըստ էության, նրա կյանքում Աստծո համար տեղ չի եղել: Նրա միակ աստվածը նա ինքն է եղել:
Մեծահարուստը Ղազարոսին ճանաչում է միայն հանդերձյալ կյանքի չարչարանքների ժամանակ: Նա ցանկանում է, որ աղքատ մարդն իր տանջանքները մի կաթիլ ջրով թեթևացնի: Այն, ինչ նա խնդրում է Ղազարոսից, նման է այն ամենին, ինչ նա կարող էր անել, սակայն երբեք չարեց: Աբրահամն ասում է նրան.
«Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ՝ քո կեանքի ընթաց֊քում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես» (Ղկ. 16:25)։ Հանդերձյալ կյանքում վերականգնվում է արդարությունը, և կյանքի չարիքները հավասարակշռվում են բարով:
Առակը շարունակվում է՝ մի ուղերձ հղելով բոլոր քրիստոնյաներին: Մեծահարուստն Աբրահամից խնդրում է Ղազարոսին ուղարկել՝ զգուշացնելու իր եղբայրներին, որ դեռևս ապրում են այս աշխարհում: Բայց Աբրահամը պատասխանում է. «Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն» (Ղկ., 16:29)։ Հակադրելով մեծահարուստի առարկությանը՝ նա ավելացնում է. «Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն» (Ղկ. 16:31) ։
Մեծահարուստի իրական խնդիրը, հետևաբար, դառնում է ակնհայտ: Նրա բոլոր չարիքների արմատում Աստծո խոսքն անտեսե՛լն է: Հետևանքում, նա այլևս չի սիրում Աստծուն և սկսում է արհամարհել իր մերձավորին: Աստծո խոսքը կենդանի է և հզո՛ր, այն ունակ է վերափոխելու սրտեր և նրանց առաջնորդել հետ՝ դեպի Աստված: Երբ մենք Աստծո խոսքի պարգևի առաջ փակում ենք մեր սրտերը, ապա մենք, ի վերջո, փակում ենք մեր սիրտը մեկ այլ պագևի՝ մեր եղբայրների և քույրերի առաջ:
Սիրելի՛ ընկերներ, Մեծ Պահքը մեր սերտ շփումը Քրիստոսի հետ վերականգնելու, Նրա խոսքով, խորհուրդներով և մեր մերձավորներով ապրելու բարենպաստ մի շրջանն է: Տերը, Ով անապատում քառասուն օրերի ընթացքում հաղթահարեց Փորձիչի խաբկանքները, ցույց է տալիս մեզ այն ուղին, որը մենք պետք է ընտրենք: Թո՛ղ, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ դեպի վերափոխման մի ճշմարիտ ճամփորդության, որպեսզի մենք կարողանանք վերաբացահայտել Աստծո Խոսքի պարգևը, մաքրվել մեղքից, որը կուրացնում է մեզ, և ծառայել Քրիստոսին, Ով ներկա է մեր կարիքավոր եղբայրների և քույրերի մեջ: Ես բոլոր հավատացյալներին կոչ եմ անում այս հոգևոր նորացումն արտահայտել նաև մեզ հետ կիսելով Մեծ Պահքի արշավները, որոնք ձեռնարկել են աշխարհի տարբեր եկեղեցական կազմակարեպություններ և, այդպիսով, նպաստել հանդիպման մշակույթի զարգացմանը մեր մարդկային մե՛կ ընտանիքում:
Աղոթե՛նք միմյանց համար, որպեսզի, մասնակցելով Քրիստոսի հաղթությանը, կարողանաք մեր դռները բացել թույլերի և աղքատների առջև: Այդ ժամանակ մենք կկարողանանք ապրել և կիսել Զատկի լիարժեք երջանկությունը:
Վատիկան, 18 հոկտեմբերի, 2016թ.
Տոն Սբ. Ղուկաս Ավետարանչի
Ֆրանցիսկոս
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը