• «Մի՛ վախեցեք լսել այն Հոգուն, ով առաջարկում է համարձակ ընտրություններ».Քահանայապետի նամակը՝ երիտասարդներին
    Pope Francis gestures as he leaves St Peter's square at the end of his weekly general audience at the Vatican on May 27, 2015.       AFP PHOTO / ALBERTO PIZZOLI        (Photo credit should read ALBERTO PIZZOLI/AFP/Getty Images)

    Լսելի դարձրե՛ք ձեր ձայնը


    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի նամակն ուղղված երիտասարդներին՝ Եպիսկոպոսների Սինոդի 15-րդ հերթական ընդհանուր համագումարի նախապատրաստական փաստաթղթի ներկայացման կապակցությամբ:

     

    «Սիրելի՛ երիտասարդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ 2018թ. հոկտեմբերին Եպիսկոպոսների Սինոդը տեղի կունենա հետևյալ թեմայով. «Երիտասարդներ, հավատք և կոչման ընկալում»: Ես ցանկացա, որ դուք լինեք ուշադրության կենտրոնում, քանի որ դուք իմ սրտում եք: Այսօր ներկայացվելու է նախապատրաստական փաստաթուղթը, մի փաստաթուղթ, որը ևս հանձնում եմ ձեզ՝ որպես «ուղեցույց»՝ այս սինոդոսական ճամփորդության համար:

     

    Ես հիշում եմ այն խոսքերը, որոնք Աստված ասաց Աբրահամին. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կտամ քեզ» (Ծննդ. 12:1): Այս խոսքերն այսօր ուղղվում է նաև ձեզ: Սրանք այն Հոր խոսքերն են, Ով կոչ է անում ձեզ «գնալ», կերտել ձեր ապագան, որն անորոշ է, սակայն, այն մեկն է, որը կատարվելու է, ապագա, դեպի որը Նա Ինքն է ուղեկցում ձեզ: Ես կոչ եմ անում ձեզ լսել Աստծո ձայնը, որը Սուրբ Հոգու շնչով հնչում է ձեր սրտում:

     

    Երբ Աստված ասաց Աբրահամին «գնա՛», դրանով ի՞նչ էր Նա ուզում ասել: Նա, անշուշտ, չպատվիրեց հեռանալ ինքն իրենից, ընտանիքից կամ աշխարհից: Աբրահամը ստացավ մի լուրջ հրավեր, մարտահրավեր. թողնել ամեն ինչ և գնալ մի նոր երկիր: Ո՞րն է այսօր մեզ համար այս «նոր երկիրը», եթե ոչ այն ավելի արդար և բարեկամական հասարակությունը, որը դու՛ք՝ երիտասարդներդ, խորապես կամենում և ցանկանում եք կառուցել մինչև աշխարհի ծայրերը:

     

    Սակայն, ցավոք, այսօր «գնա՛» բառն ունի նաև այլ նշանակություն, մասնավորապես, իշխանության, անարդարության և պատերազմի չարաշահման իմաստ: Ձեզանից շատերն այսօր ենթարկվում են բռնության և իրենց երկրից ստիպողաբար փախչելու իրական վտանգին: Նրանց աղաղակը հասնում է Աստծուն, ինչպես Իսրայելի դեպքում էր, երբ ժողովուրդը ստրկացվեց և ենթարկվեց փարավոնի ճնշմանը (Ելք, 2:23):

     

    Ես նաև հիշեցնում եմ ձեզ այն խոսքերը, որոնք Հիսուս մի անգամ ասաց իր աշակերտներին, ովքեր հարցրեցին նրան. «Վարդապե՛տ, ո՞ւր է քո օթեւանը»: Նա պատասխանեց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք» (Հովհ. 1:38):

    Հիսուս նայում է ձեզ և կոչ է անում գնալ Նրա հետ:

    Սիրելի՛ երիտասարդներ, արդյո՞ք դուք նկատել եք այդ հայացքը՝ ուղղված դեպի ձեզ: Արդյո՞ք լսել եք այդ ձայնը: Արդյո՞ք զգացել եք այս ճամփորդությունը ձեռնարկելու անհրաժեշտությունը: Համոզված եմ, որ, չնայած աղմուկին և շփոթությանը, որը, կարծես, տարածված է աշխարհում, այս կոչը շարունակում է արձագանքել ձեր սրտի խորքերում, որպեսզի այն բացի կատարյալ ուրախության առջև: Սա հնարավոր կլինի այն աստիճան, որ նույնիսկ արհեստավարժ ուղեկցորդների հետ դուք կսովորեք, թե ինչպես ձեռնարկել ճամփորդությունը՝ ընկալելու և բացահայտելու Աստծո ծրագիրը ձեր կյանքում: Նույնիսկ այն ժամանակ, երբ ճամփորդությունը անորոշ է և դուք ընկնում եք, Աստված, Ով հարուստ է ողորմությամբ, իր ձեռքը կմեկնի, որպեսզի ձեզ վեր բարձրացնի:

     

    Կրակովում անցյալ ԵՀՕ-ի բացման ժամանակ, ես մի քանի անգամ հարցրեցի ձեզ. «Մենք կարո՞ղ ենք ինչ-որ բաներ փոխել» և դուք բարձրաձայն գոչեցիք.  «այո՛»: Այդ գոչյունը գալիս էր ձեր պատանի և երիտասարդ սրտերից, որոնք չեն հանդուրժում անարդարությունը և չեն կարող խոնարհվել «դեն նետելու մշակույթի» առջև, և ոչ էլ հանձնվել անտարբերության համընդհանուր տարածմանը: Լսեցե՛ք ձեր ներսից բխող աղաղակը: Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք Երեմիա մարգարեի նման զգում եք երիտասարդության անփորձություն, Աստված քաջալերում է ձեզ գնալ այնտեղ, որտեղ Նա ուղարկում է ձեզ. «Մի՛ վախեցիր,  քանզի ես քեզ հետ  եմ՝ քեզ փրկելու համար» (Երմ. 1:8):

     

    Ավելի լավ աշխարհ կարելի է կառուցել նաև ձեր ջանքերի, աշխարհը փոխելու ձեր ցանկության և ձեր առատաձեռնության միջոցով: Մի՛ վախեցեք լսել այն Հոգուն, ով առաջարկում է համարձակ ընտրություններ: Մի՛ հետաձգեք, երբ ձեր խիղճը խնդրում է ձեզ Տիրոջը հետևելիս ռիսկի դիմել: Եկեղեցին նույնպես ցանկանում է լսել ձեր ձայնը, ձեր զգացողությունները և ձեր հավատքը, նույնիսկ ձեր կասկածներն ու քննադատությունները: Լսելի դարձրե՛ք ձեր ձայնը, թողե՛ք որ այն արձագանքի համայնքներում և թո՛ղ, որ այն լսելի լինի ձեր հոգիների հովիվների կողմից: Սբ. Բենեդիկտոսը կոչ է արել վանականներին նախքան ինչ-որ կարևոր որոշում կայացնելը խորհրդակցել նույնիսկ երիտասարդների հետ, քանի որ «Տերը հաճախ ավելի երիտասարդներին է ցույց տալիս, թե որն է ամենալավը»:

     

    Նույնն էլ այս Սինոդի ճամփորդության ժամանակ է: Իմ եպիսկոպոս եղբայրները և ես ցանկանում ենք էլ ավելի շատ «աշխատել ձեզ հետ՝ այս ուրախության համար» (2 Կոր. 1:24): Ես ձեզ վստահում եմ Մարիամ Նազովրեցուն, ձեզ նման մի երիտասարդի, ում Աստված նայեց սիրով, որպեսզի Մարիամը բռնի ձեր ձեռքից և ուղեկցի ձեզ դեպի ուրախությունը՝ լիարժեք կերպով և առատաձեռնորեն արձագանքելու Աստծո կոչին՝ հետևյալ բառերով. «Ես այստեղ եմ» (Ղկ. 1:38):

     

    Ծնողական գորովանքով՝

    Ֆրանցիսկոս

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց