«Երբ ամեն ինչ խավարում է, ավելի շա՛տ պետք է աղոթել: Եվ ավելի շատ պետք է հուսա՛լ»:
Ներկայացնում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2017թ. հունվարի 18-ի ընդհանուր ունկնդրության տեքստը, որը նա ասել է Վատիկանի Պողոս 6-րդի դահլիճում:
«Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Իսրայելի մարգարեների շարքում առանձնանում է մի արտասովոր անձնավորություն՝ մի մարգարե, ով փորձում է փախչել Տիրոջ կանչից՝ հրաժարվելով ծառայել փրկության աստվածային ծրագրին: Դա Հովնան մարգարեն է, ում պատմությունը կարդում ենք մի փոքր գրքում, որն ունի չորս գլուխ, մեծ վարդապետության մի առակ, որն Աստծո ողորմության մասին է, Ով ներում է:
Հովնանը «դեպի դուրս գնացող» մարգարե է, նաև՝ փախչող: Նա ճանապարհ ընկնող մարգարե է, ում Աստված ուղարկում է դեպի ծայրամաս՝ Նինվե, որպեսզի վերափոխի այդ մեծ քաղաքի բնակիչներին: Սակայն, Հովնանի նման իսրայելացու համար, Նինվեն իրենից ներկայացնում էր մի սարսափելի իրականություն, թշնամի, որը վտանգել էր Երուսաղեմը և որը, հետևաբար, պետք է ավերվեր, այլ ոչ թե փրկվեր: Այսպիսով, երբ Աստված Հովնանին ուղարկում է քարոզելու այդ քաղաքում, մարգարեն, ով գիտի Տիրոջ բարությունն ու Նրա ներելու ցանկությունը, փորձեց խուսափել իր առաջադրանքից ու փախչել:
Իր փախուստի ժամանակ մարգարեն ծանոթանում է հեթանոսների հետ՝ նավաստիների հետ այն նավի, որով նա պատրաստվում էր փախչել Աստծուց և իր առաքելությունից: Եվ նա հեռու փախավ, քանի որ Նինվեն գտնվում էր Իրաքի տարածաշրջանում, այդ պատճառով էլ նա փախավ Իսպանիա, նա իսկապես փախչում է: Եվ սա, ըստ էության, այն մարդկանց վարքագիծն է, ովքեր ավելի ուշ լինելու էին Նինվե քաղաքի բնակիչները, որն այսօր մեզ հնարավորություն է տալիս փոքր-ինչ խորհրդածել հույսի վերաբերյալ, որն ի դեմս վտանգի և մահվան, արտահայտվում է աղոթքով:
Ծովում նավարկելու ժամանակ մի հզոր փոթորիկ բարձրացավ, և Հովնանը իջավ նավի խորքը և քնեց: Փոխարենը, նավաստիները, տենելով որ կորած են, «ամեն ոք օգնության կանչեց իր աստծուն, նրանք հեթանոսներ էին (Հովն. 1:5): Նավապետն արթնացրեց Հովնանին և ասաց նրան. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք» (Հովն. 1:6)։
Այս «հեթանոսների» արձագանքը ճշմարիտ արձագանք էր ի դեմս մահվան, ի դեմս վտանգի, քանի որ հենց այդ ժամանակ է, որ մարդը զգում է իր բացարձակ թուլությունը և իր փրկության կարիքը: Մահվան բնազդային սարսափն արթնացնում է կյանքի Աստծո վրա հույս դնելու անհրաժեշտությունը: Հավանաբար, Աստված մեզ մի միտք կտա, որպեսզի մենք կորստի չմատնվենք», սրանք այն հույսի խոսքերն են, որը դառնում են աղոթք, տառապանքով լի աղաչանք, որը գալիս է մարդու շուրթերին՝ ի դեմս մահվան վերահաս վտանգի:
Մենք շատ հեշտությամբ արհամարհում ենք մեր կարիքի համար Աստծուն դիմելը, կարծես թե դա միայն սեփական շահի համար աղոթք լինի և, հետևաբար, նաև անկատար: Սակայն, Աստված գիտի մեր թուլությունը, Նա գիտի որ մենք Նրան օգնություն խնդրելիս ենք հիշում և Իր ներողամիտ ժպիտով Նա բարեսրտորեն արձագանքում է:
Երբ Հովնանը, գիտակցելով իր պարտականությունները, ինքն իրեն նետեց ծովը, որպեսզի փրկեր իր հետ ճամփորդողներին, այդ ժամանակ փոթորիկը հանգստացավ: Վերահաս մահն այդ հեթանոս մարդկանց ստիպեց աղոթել և անկախ ամեն ինչից, մարգարեին ստիպեց կյանքի կոչել իր՝ ուրիշներին ծառայելու կոչումը՝ ընդունելով զոհաբերել իրեն հանուն նրանց, և այժմ փրկվածներին օգնում է ճանաչել ճշմարիտ Տիրոջն ու գովաբանել: Նավաստիները, ովքեր վախին զոհ դառնալով, դիմեցին իրենց աստվածներին և աղոթեցին, հիմա Տիրոջ անկեղծ վախով ճանաչում են ճշմարիտ Աստծուն և զոհեր են մատուցում ու աղոթքներ անում: Հույսը, որը դրդել էր նրանց աղոթել, որպեսզի նրանք չմահանան, այժմ ավելի հզոր կերպով է բացահայտվում և ստեղծում է մի իրականություն, որը դուրս է գալիս այն բանից, ինչի համար նրանք հույսով լի էին. ոչ միայն չկործանվել փոթորիկի ժամանակ, այլ նաև պատրաստ լինել ճանաչել Երկնքի և երկրի միակ և ճշմարիտ Տիրոջը:
Հետագայում Նինվեի բնակիչներն, ի դեմս ոչնչացած լինելու հեռանկարի, նաև աղոթեցին՝ հույսը դնելով Աստծո ներողամտության վրա: Նրանք խոստովանում էին, վկայակոչում Աստծուն և դիմում Նրան՝ սկսած թագավորից, ով նավապետի նման ձայնը հույսին տալով ասաց. «Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք» (Հովն. 3:9): Քանի որ նրանք ևս, ինչպես նաև փոթորիկի մեջ հայտնված անձնակազմը, ովքեր դիմակայեցին մահվանը և փրկվեցին, առաջնորդվեցին դեպի ճշմարտությունը: Այսպիսով, աստվածային ողորմության, և, դեռ ավելին, Զատկական Խորհրդի լույսի ներքո, մահը, ինչպես որ Սբ. Ֆրանցիսկոս Ասիզեցու դեպքում էր, կարող է դառնալ «մեր քույրիկ մահը» և յուրաքանչյուր մարդու և մեզանից յուրաքանչյուրի համար ներկայացնել մի զարմանալի առիթ՝ ճանաչելու հույսը և հանդիպելու Տիրոջը: Թո՛ղ որ Տիրոջ շնորհիվ հասկանանք աղոթքի և հույսի միջև եղած այս կապը: Աղոթքը մարդուն առաջնորդում է դեպի հույսը և երբ ամեն ինչ խավարում է, այդ ժամանակ ավելի շա՛տ պետք է աղոթել: Եվ ավելի շատ պետք է հուսա՛լ:
Շնորհակալություն»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը