• «Նամակ Վրաստանից».հայացք՝ անցած ճանապարհին

    «Աստված միշտ մեր կողքին է, եթե շարունակենք քայլել Նրա հետ, ապա կգա ժամանակը, երբ Նա մեզ ուժ կտա ոգեշնչվելու և լիաթոք առաջ գնալու»:


     

     

    Տասնհինգ տարեկան էի, երբ առաջին անգամ հանդիպեցի կրոնավոր քույրերի հետ: Նրանք եկել էին Արևիկ գյուղը, հյուսիսային Հայաստան, որտեղ ես ապրում էի իմ ծնողների հետ: Ես իմ մայրիկին հարցրեցի. «Ինչու՞ են նրանք այսպես հագնված»:

     

    Այս հարցին պատասխանելու համար մայրս ստիպված եղավ հետ գնալ դեպի պատմություն: Որպես տիպիկ խորհրդային ժամանակաշրջանի երեխա, ով դպրոցի միջանցքների պատերին անընդհատ տեսել է աթեիզմի քարոզչություն, որոնք կախված էին այնպես, որ գրավեն աշակերտների մեծ մասի ուշադրությունը, դժվար էր հասկանալ, թե ովքեր էին այդ քույրերը և թե ինչու էին այդպիսի դժվարին կյանք ընտրել: Այնուամենայնիվ, մայրս աստիճանաբար կարողացավ բացատրել դա և մի քանի այլ բաներ ևս: Օրինակ՝ ինչու են մեր գյուղում մարդանց կոչում «ֆրանկներ» (հայ կոթողիկէների կեղծանուն, որը ծագել է դարեր առաջ ֆրանսիացի միսիոներների ազդեցության հետևանքով):

     

    Սա եկեղեցու հետ իմ երկար ճամփորդության սկիզբն էր: Շատ ժամանակ չանցած, մի քահանա սկսեց Սբ. Պատարագ մատուցել մեր գյուղի եկեղեցում՝ Հայաստանի ամենահին կաթողիկէ սրբավայրում: Ես անդամագրվեցի եկեղեցու երգչախմբում և մասնակցեցի մեր գյուղում Անարատ Հղության հայ քույրերի կողմից կազմակերպված աշխատանքներին, դասերին և ճամբարներին:

     

    1994թ., երբ դեռ ուսանող էի, սկսեցի աշխատել Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորաստեղծ առաջնորդարանում՝ որպես քարտուղար: Իմ հոգևոր հայրը՝ Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանը, ով այդ ժամանակ Հայաստանում ծառայում էր որպես հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ, այն մարդկանցից էր, ով մեծ ներդրում ունեցավ իմ անձնական, հոգևոր և մասնագիտական զարգացման մեջ:

     

    1998թ. ինձ բախտ վիճակվեց ծանոթանալու Մայր Թերեզայի Գթության միսիոներների հետ: Նրանք աշխատում էին Սպիտակ քաղաքում, որը մինչև այժմ էլ կրում է 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները: Գթության քույրերը ղեկավարում էին մի տուն, որտեղ ապրում էին բազմապիսի ֆիզիկական արատներով երեխաներ և մեծահասակներ: Որոշ ժամանակ այնտեղ ծառայելուց հետո, ոգեշնչվեցի ստեղծել մի կամավորական խումբ, որն աշխատելու էր հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հետ:

     

    Երբ իմ խելահեղ մտադրությամբ կիսվեցի իմ հոգևոր հոր հետ, նա ինձ պատմեց «Հավատի և լույս» միության մասին, որը տարբեր քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչներից կազմված մի խումբ է, ովքեր աջակցում են հաշմանդամ մարդկանց և նրանց ընտանիքներին: Այդ խումբն ապշեցնող էր իր կոչման մեջ և համայնական կյանքում: Այսպիսով, 1999թ. մենք Գյումրու՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքի,  կաթողիկէ եկեղեցում ստեղծեցինք մեր առաջին «Հավատ և Լույս» համայնքը: Այժմ գործում են երեք համայնքներ, որոնք ներառում են ավելի քան 80 մարդ և ես մինչ օրս կամավոր աշխատում եմ նրանց հետ:

     

    Այդ նույն տարում ես ամուսնացա և սկսեցի վայելել ընտանիք ունենալու պարգևը: Ես ունեմ 3 աղջիկ, հիանալի ամուսին և սկեսուր, ովքեր իսկապես օգնեցին ինձ առաջ տանել իմ այս մեծ ու գեղեցիկ ընտանիքն՝ իմ զբաղված կարիերայի հետ մեկտեղ:

     

    2002թ. եկեղեցու հետ ութնամյա աշխատանքից հետո ես որոշեցի փոխել իմ կարիերան: Հենց այդ պահին Հայկական Կարիտասին անհրաժեշտ էր ղեկավար մի ծրագրի համար, որն աշխատում էր ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ, մի թեմա, որն այդ ժամանակներում այդքան էլ հասկանալի չէր Հայաստանում, կամ, նույնիսկ, ինձ համար: Ես ուսումնասիրություններ կատարեցի և մշակեցի մի մեթոդաբանություն, որն ավելի ուշ օգտագործվեց Գյումրի քաղաքում բռնության պայմաններում ապրող կանանց ու երեխաներին օգնելու համար:

     

    Ինձ համար եկեղեցու բարեգործության համար աշխատելը խորհրդանշական էր: Ես աշխատում էի Եկեղեցում և մասնակցում Հայկական Կարիտասի սահմանադրության, առաքելության և արժեքների հռչակագրերի ստեղծման գործընթացին՝ Կովկասի Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր- Ներսեսյանի հետ միասին, այնուհետև, նրա առաջնորդական փոխանորդ Արհ. Տ. Նշան Եպս. Գարաքեհեյանի և Տկն. Զվարթ Նաջարյանի հետ, ով Լիբանանի Կաթողիկէ օգնության ծառայության անդամն էր և մեզ միացավ որպես խորհրդական: Ինձ չափազանց դուր եկավ այս առաքելությունը և ես հիացած էի այն աշխատանքով, որն այս կազմակերպությունն անում էր աղքատների և խոցելի մարդկանց համար:

     

    Մեկ տասնամյակ անց, երբ արդեն սկսել էի Հայկական Կարիտասի ամենամեծ ծրագիրը՝ Հաշմանդամների հոգածության կենտրոնի կառուցումը, որն ամենամեծ և առավել ժամանակակից հնարավորություններ ունեցող մի կենտրոն է՝ նախատեսված Հայաստանում ապրող հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, ես որոշեցի, որ ինձ պետք է առաջ շարժվել: Մենք՝ մարդկային էակներս, կարիք ունենք դադար առնելու, նույնիսկ, այն բաներից, որոնք սիրում ենք: Փոփոխությունն օգնում է մեզ գնահատել և հասկանալ այն, ինչն իրոք սիրելի է մեզ համար, այն ինչն առաջնահերթ է և այն, ինչ մենք շարունակում ենք անել, քանի որ այն մեր կյանքի առօրյայի մի մասն է:

     

    Ես և ընտանիքս տեղափոխվեցինք Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք, որտեղ ես աշխատեցի աշխարհական զարգացման մի կազմակերպության հետ: Սակայն, երկու տարի անց, նույնիսկ երբ իմ կարիերան զարգացել էր այն աստիճանի, որ ես աշխատում էի որպես կազմակերպչական զարգացման և մշակութային զգայնության խորհրդատու, այնուամենայնիվ, իմ սիրտը մնում էր Կարիտասի հետ:

     

    Հենց որ հասա Միջազգային Կարիտաս՝ հովանավոր կազմակերպություն, որը համախմբում է բոլոր ազգային Կարիտասների կազմակերպությունները, ես զանգ ստացա իմ եպիսկոպոսից՝  Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանից. Վրաստանի Կարիտասում, որի ընդհանուր նախագահն ինքն էր, տնօրենի կարիք կար: Դա 2015թ. վերջն էր, և ինձ համար շատ դժվար էր որոշում կայացնելը: Նախ, այդպիսի կարճ ժամանակահատվածում ընտանիքի հետ դարձյալ տեղափոխվել՝ այս անգամ մեկ այլ մշակույթ և իրականություն: Չնայած որ Հայաստանն ու Վրաստանը հարևաններ են, այնուամենայնիվ երկու մշակույթներն ու ժողովուրդներն էլ իրարից շատ տարբեր են: Երկրորդ, ես տարբեր մշակույթների մարդկանց հետ աշխատել եմ, սակայն, լեզուն չիմանալով՝ ամեն օր տեղական կազմակերպություն ղեկավարելը մի փոքր մտահոգիչ էր: Սակայն, ես պետք է որոշում կայացնեի՝ ընդունել թե ոչ, որպես Աստծո մարտահրավեր կամ պարգև, ևս մեկ անգամ աշխատել Եկեղեցում և այն կազմակերպությունում, որը ես սիրում եմ:

     

    Մարտահրավերն ընդունված էր: Դա նշանակում էր, որ ես պետք է նորից տեղափոխվեի և 41 տարեկանում սկսեի նոր լեզու սովորել: Եվ ահա:

     

    Ես հասկացա, որ փոփոխությունը մեր կյանքում ամենակարևոր բաներից մեկն է: Այն մեզ օգնում է խոնարհ մնալ մեր ուսուցման շարունակական ճանապարհին, այն մեզ հարստացնում է գիտելիքներով և մեզ դարձնում է համբերատար, քանի որ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում կարող է լինել և՛ լավ, և՛ վատ:

    14681588_10154600160047402_934936670366302047_n

    Ինձ համար ամենազորացնող պահերից մեկն, այնուամենայնիվ, եղավ Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ հանդիպումը, երբ նա այս տարի հովվական այցով գտնվում էր Վրաստանում:  Այցելության կազմակերպիչները խնդրեցին, որ ես միանամ Կամիլյան Հայր Պավել Դիլին՝ Թբիլիսիում բարեգործների հետ հանդիպմանը, Սրբազան Քահանայապետին ողջունելու ժամանակ: Մինչ ես սպասում էի նրա ժամանմանը, փորձում էի պահել ինքնավստահությունս: Այնտեղ կանգնած բոլոր հոգևորականների մեջ ես միակ կինն էի: Ես ունեի վախի և հպարտության շփոթված մի զգացողություն՝ մինչ այն պահը, երբ նա դուրս եկավ մեքենայից: Այդ խոնարհ հայացքը և անկեղծ ժպիտը մի վայրկյանում ամեն ինչ փոխեցին. իմ կյանքի ամենահիշարժան պահերից մեկն էր դա:

     

    Նրա կողքին քայլելիս և նրան դեպի իր աթոռն ուղեկցելիս՝ հպարտության զգացողությունը պարուրեց ինձ, բայց դա նրա հանդեպ ունեցած հպարտությունն էր: Ես այնքան հպարտ էի, որ մենք նրա նման հոգևոր առաջնորդ ունենք: Նա այնքան հոգատար էր մարդկանց բարևելիս և նրանց հետ խոսելիս, այնքա՛ն խոնարհ և այնքա՛ն մարդկային: Նա շատ լավ օրինակ է, թե ինչպես մենք՝ բարեգործական կազմակերպությունների առաջնորդներս, պետք է աշխատենք և զգանք մեր աշխատանքը՝ մնալով խոնարհ՝ կարգադրություններում և անկեղծ՝ մեր շփումների մեջ:

     

    Ես մի բան  եմ հասկացել ընդմիշտ.երբ Աստված մեզ հնարավորություններ է տալիս, մենք պետք է ընդունենք դրանք՝ իրենց բոլոր մարտահրավերներով:  Նա միշտ մեր կողքին է, եթե շարունակենք քայլել Նրա հետ, ապա կգա ժամանակը, երբ Նա մեզ ուժ կտա ոգեշնչվելու և լիաթոք առաջ գնալու»:

     

    Անահիտ Մխոյան՝

    Կարիտաս Վրաստան, գործադիր տնօրեն

     

    Հայերեն է թարգմանվել CNEWA կազմակերպության կայքում հրապարակված անգլերեն տեքստից:

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

Օրացույց

Օրացույց