• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հովվական այցը՝ Ռուսաստանի Դաշնություն

    Աստվածահայտնության տոնական օրերը՝ Ռուսաստանի կաթողիկէ հայոց հետ միասին:


    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը 2017թ. հունվարի 5-10-ը, Աստվածահայտնության տոնի առթիվ հովվական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում:

     

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր այցը սկսել է Մոսկվայից. 2017թ. հունվարի 6-ին Աստվածահայտնության տոնական Սբ. Պատարագը մատուցել է Մոսկվայի Անարատ Հղության մայր տաճարում՝ աղոթակցությամբ Ռուսաստանում պապական նվիրակ արքեպս. Չելեստինո Միլիորեի և Մոսկվայի լատին կաթողիկէների առաջնորդ արքեպս. Պաոլո Պեցցիի, նաև համապատարագությամբ Մոսկվայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Պետրոս վրդ. Եսայանի: Սբ. Պատարագից հետո կատարվել է նաև Ջրօրհնեքի սրբազան արարողությունը: Ներկա էին 600-ից ավելի հայ հավատացյալներ:

     

     

    Նույն օրը Անարատ Հղության եկեղեցու առաջնորդարանի սրահում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը երկու լատին արքեպիսկոպոսների հետ միասին հանդիպել է հայ կաթողիկէ համայնքի հետ, զրուցել է համայնքի կյանքի, հայ կաթողիկէ առաջնորդության ընթացիկ իրադարձությունների, մարտահրավերների և ձեռքբերումների մասին:

     

    Հունվարի 7-ին Սրբազան Հայրն այցելել է Վինյով քաղաքը և տեղի ժողովրդապետ Հոգշն. Հ. Սեդրակ վրդ. Խիթարյանի հետ միասին մատուցել Սբ. Պատարագ և կատարել Սբ. Մկրտություն, ապա հանդիպել հավատացյալների հետ, իսկ երեկոյան Վինյովի մշակույթի տանը ներկա է գտնվել հայ կաթողիկէ երեխաների պատրաստած Սբ. Ծննդյան հանդեսին:

     

    Հունվարի 8-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը դարձյալ Սբ. Պատագար է մատուցել Վինյովում, ապա այցելել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Տուլայի միտրոպոլիտ Ալեքսիին, ջերմորեն շնորհավորել նրան Աստվածահայտնության տոնի առիթով: Երկու առաջնորդները զրուցել են եղբայրական մթնոլորտում, խոսել համատեղ աշխատանքի մասին:

     

    Նույնը օրը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Մոսկվայի քահանայատանը հանդիպել է հայ կաթողիկէ երիտասարդների հետ:

     

    Հունվարի 9-ին Սրբազան Հայրը Հ. Պետրոս Եսայանի հետ միասին այցելել է Մոսկվայից մոտ 450 կմ. հեռավորության վրա գտնվող Բրյանսկ քաղաքը, որտեղ ևս հայ կաթողիկէ փոքրաթիվ համայնք կա: Բրյանսկի հայ կաթողիկէ համայնքն իր պատմության մեջ առաջին անգամն էր տեսնում թեմի առաջնորդին: Հանդիպումը եղել է շատ հուզիչ և տպավորիչ, շատերն իրենց հոգևոր հովվին դիմավորել են արցունքներն աչքերին: Հուզված է եղել նաև Սրբազան Հայրը: Հավատացյալները մասնակցել են Սրբազան Հոր ձեռամբ մատուցված Սբ. Պատարագին, Մկրտության և Պսակադրության արարողությունների:

     

    Բրյանսկի հայ կաթողիկէ համայնքի հոգևոր կարիքների համար այժմ ծառայում է լատին կաթողիկէ մի վարդապետ, ով Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանից իրավունք ստացավ հայ համայնքի համար Սբ. Խորհուրդները կատարել նաև հայկական ծեսով:

     

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Հայաստան վերադարձավ հունվարի 10-ին:

     

    027_z1b9925a 039_z1b0371b 040-15966588a 041-dsc_0330a 026_z1b9990a045 DSC_0361a047 DSC_0463a051 DSC_0475ahtmlimage

     

Օրացույց

Օրացույց