• «Այցելեցի Կովկաս՝ զորացնելու կաթողիկէ համայնքները».Սրբազան Քահանայապետի հրապարակային ունկնդրությունը

    «Թո´ղ Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը»:


     

    Ներկայացնում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. հոկտեմբերի 5-ի հրապարակային ունկնդրության ամփոփը՝ ըստ Սուրբ Աթոռի հրապարակման.

     

    «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ:

     

    Շնորհակալ եմ Աստծուն՝ վերջերս Վրաստան ու Ադրբեջան կատարած իմ այցի համար և ես նորից իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ երկու երկրների քաղաքացիական և հոգևոր իշխանություններին՝ հատկապես Ամենայն Վրաց Պատրիարք Իլիա Բ-ին և Կովկասի մահմեդականների առաջնորդին: Այս այցը լրացրեց հունիսին Հայաստան կատարած իմ այցին և կատարեց իմ ցանկությունը՝ այցելելու Կովկասի այս երեք ազգերին՝ հաստատելու կաթողիկէ համայնքը և բոլոր մարդկանց քաջալերելու՝ դեպի խաղաղություն ու եղբայրություն ճամփորդության մեջ:

     

    Չնայած Վրաստանն ու Ադրբեջանը վայելում են իրենց հին պատմական, մշակութային և կրոնական արմատները, այնուամենայնիվ նրանք միայն վերջերս տոնեցին իրենց անկախության 25-ամյակը, և հիմա էլ ընդունում են մեծ մարտահրավերներ:

     

    Կաթողիկէ եկեղեցին կոչված է նրանց մոտ լինելու, հատկապես, բարեգործություններով նպաստելու մարդկային անձի բարօրությանը՝ այլ եկեղեցիների ու քրիստոնեական համայնքների  հետ հաղորդության մեջ և այլ կրոնական համայնքների հետ երկխոսության մեջ:

     

    Վրաստանում մեր համագործակցությունը, բնականաբար, մեր ուղղափառ եղբայրների ու քույրերի հետ է, այդ իսկ պատճառով, իմ ժամանման ժամանակ Վրաց Պատրարք Իլիա Բ-ի ներկայությունն օդանավակայանում շատ կարևոր նշան էր, ինչպես նաև մեր այցը Պատրիարքական Տաճար և մեր հանդիպումը, որը շատ հուզիչ էր: Մեր միությունը տեսանելի է տարբեր քրիստոնեական դավանանքների այդքան շատ քրիստոնյա նահատակների արյան մեջ, հատկապես՝ ասորա-քաղդեացիների, ում հետ միասին մենք աղոթեցինք Սիրիայում, Իրաքում, և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:

     

    Ադրբեջանում, որը հիմնականում մահմեդական երկիր է, ես կարողացա մասնակցել միջկրոնական հանդիպման և Սուրբ Պատարագ մատուցել փոքր կաթողիկէ համայնքի համար: Մեր հավատի հաղորդությունը ոգեշնչում է մեզ խորացնելու մեր հանդիպումն ու երկխոսությունը բոլոր նրանց հետ, ովքեր հավատում են Աստծուն, որպեսզի միասին մենք կարողանանք  կառուցել ավելի արդար և եղբայրական աշխարհ: Թո´ղ Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը և Իր սուրբ ժողովուրդներին ուղղորդի իրենց երկրներում»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց