• Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց վրաց Պատրիարք Իլիա Բ-ի հետ

    Հարկ է ձերբազատվել անցյալի թյուրիմացություններից, ներկայի հաշվարկներից և ապագայի հանդեպ վախերից:


     

    Նորին Սրբությոն Սրբազան Քահանայապետը սեպտեմբերի 30-ին հանդիպեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս, Մցխեթի և Թբիլիսիի Արքեպիսկոպոս Իլյա Բ-ի հետ: Նա առաջին վրաց Պատրիարքն է, ով 1980թ. այցելել է Վատիկան և Հովհաննես Պողոս II Պապին խաղաղության ողջույն տվել:

     

    Դիմելով Պատրիարք-Կաթողիկոսին` Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց, որ խաղաղություն, գթություն և միասնականություն տենչացող աշխարհին անհրաժեշտ է առաքելական եղբայրություն երկու եկեղեցիների միջև, որպեսզի  հաղթահարվեն այն խոչըդոտները, որոնք խանգարում են միասին ավետել, վկայել Տեր Հիսուսին: Անհրաժեշտ է վերադառնալ այն սիրուն, «որը մարմնավորեց Տերը, որպեսզի այն թույլ տա վեր լինել անցյալի թյուրիմացություններից, ներկայի հաշվարկներից և ապագայի հանդեպ վախերից»: Վրաց ժողովուրդը, ուժ ձեռք բերելով և սկիզբ դնելով մշակութային ժառանգությանը, որը Ֆրանցիսկոս Պապն անվանեց «անմահ գեղեցկություն», տվել է այդ սիրո վկայությունը, որպեսզի վեր բարձրանա մեծաթիվ փորձություններից հետո:

     

    Հիշեցնելով այս երկրում Ավետարանի փառահեղ պատմության և սուրբ Նինոյի մասին` Ֆրանցիսկոս Պապը Կաթողիկոսին երկու եկեղեցիների միջև կապերն ամրապնդելու կոչ արեց, որպեսզի «այսօր էլ Ավետարանը պտուղներ տա»: «Դժվարությունները խոչընդոտներ չեն, այլ` իրար լավ ճանաչելու, կյանքի ավյունի հավատով կիսվելու, միմյանց համար աղոթքը բազմապատկելու և միասնական վկայության դաշտում առաքելական սիրով համագործակցելու լավագույն խթանիչներ են`ի փառս Աստծո և հանուն աշխարհում խաղաղության հաստատման»,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Իր վերաբերմունքը վրաց ժողովրդի նկատմամբ ցույց տալու համար` Սրբազան Քահանայապետը մեջբերեց Շոթա Ռուսթավելիի խոսքերը, այնուհետև ընդգծեց, որ պոզիտիվ, դրական ոգին, որը վրաց ժողովուրդը պահպանում է անգամ ամենադժվար իրավիճակներում, իր արմատներն ունի հավատի մեջ:

     

    Ֆրանցիսկոս Պապը հարգանքի տուրք մատուցեց վրաց վանականերին ու նահատակներին, ովքեր «հաղթեցին հավատքով ու համբերությամբ»: Իրական թշնամին մարմինն ու արյունը չեն, այլ` չար հոգիները մեզանում և մեր շուրջ, որոնց կարելի է հաղթել միայն ներումով ու խաղաղությամբ,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Ռադիո Վատիկանից թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց