• Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու օծման մեկամյա հոբելյանը

    «Երկար տարիներից հետո վերջապես ունեցանք առաջնորդանիստ եկեղեցի՝ որպես հույսի, փրկության փարոս»:


     

    2016թ. սեպտեմբերի 24-ին Գյումրի հայ կաթողիկէ համայնքը տոնեց Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման մեկամյա հոբելյանը: Դա մեծ իրադարձություն էր, որը հաստատուն ուղղություն տվեց ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի բոլոր հայ կաթողիկէ համայնքների հոգևոր վերելքի ճանապարհին:

     

    2015թ. սեպտեմբերի 24-ը դարձավ այս առաջնորդության հոգևոր վերածնդնի ու վերելքի պսակը, խորհրդանիշը: Այդ օրը նաև նոր սկիզբ եղավ՝ համայնքի վերակազմավորման, ինքնակազմակերպման, սեփական դժվարին ճանապարհի վերագնահատման ու նոր ուղիների գծման համար:  Գյումրիում ապրող շատ կաթողիկէներ սկսեցին կանոնավոր կերպով հաճախել Սբ. Պատարագի և կիսեցին համայնքի հոգևոր ապրումը: Հայ կաթողիկէ համայնքը քաղաքին և երկրին ներկայացավ վերածնված դեմքով՝ հոգևոր ու ազգային հստակ ինքնությամբ, խորապես հայկական, և, միևնույն ժամանակ, խորապես կաթողիկէ՝ լիովին միացած Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցուն, թե՛ հաղորդութենական միությամբ, թե՛ Եկեղեցու Վեմի՝ Սուրբ Պետրոսի Աթոռի հետ լիակատար միությամբ, ըստ Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանական պատգամի: Այսպիսով, Հայաստանի հայ կաթողիկէ համայնքները, երկարամյա հալածանքներից, ատելությունից, զրպարտություններից ու մարտիրոսություններից հետո կանգնեցին ամուր ոտքերի վրա և իրենց համբերության շնորհիվ նոր քայլքով սկսեցին ընթանալ մրցասպարեզում, ըստ Պողոս առաքյալի խոսքի.

     

    «Համբերատարութեամբ ընթանանք դեպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ, նայե՛նք Յիսուսին՝  հավատի զօրագլխին…որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծո աթոռի աջ կողմում», Եբր., 12:2:

     

    Օծման պատմական իրադարձությունից մի քանի ամիս անց, երբ Եկեղեցու Վէմը՝ Սրբազան Քահանայապետը այցելեց Հայաստան և տեսավ իր հոտը, հիշեցրեց իր նախորդի՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի խոսքերը.

     

    «Միակ մրցույթը, որ հնարավոր է Տիրոջ աշակերտների միջև` ստուգելն է, թե ով է ի վիճակի առավել մեծ սեր նվիրելու», (Գյումրի, 25 հունիսի, 2016թ.)

     

    Սրբոց Նահատակաց տաճարի գոյությունը պտուղն է այն սիրո, որ հայ կաթողիկէ համայնքները ցուցաբերել են Տիրոջ, Սուրբ Եկեղեցու և իրենց ազգակիցների հանդեպ: Առաջնորդությունը ձևավորած եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, միանձնուհիների, Հայկական Կարիտասի և նվիրյալ շատ հավատացյալների ջանքերը ավելորդ են դարձնում մեր խոսքերը: Սիրո մեջ մրցելու այս ջանքերի մի գնատահականն էր Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այցը Գյումրի և Սրբոց Նահատակաց եկեղեցի:

     

    Համայնքի անցած ճանապարհի մասին եկեղեցու օծման հոբելյանի առթիվ մատուցված Սբ. Պատարագի ընթացքում խոսեց Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, ով եղել է համայնքի ձևավորման և եկեղեցու կառուցման ակունքներում, անմիջական ջանքեր գործադրել եկեղեցու շինարարության համար.

    14508508_10202257730642724_851543440_n

    «1930-ականներին երբ մեզանից վերցվեց հայ կաթողիկէ հին եկեղեցին, մենք դարձանք մի բնավեր թռչուն: Այնուամենայնիվ, չունենալով աղոթատեղի՝ մեր հայրերը կարողացան պահել իրենց հավատքը: Դրա արգասիքը եղավ այն, որ երբ 1991թ. վերաբացվեց մեր թեմը, առաջին արքեպիսկոպոսը չգտավ կորսված մի ժողովուրդ, որը մոռացած իրենց պապերի հավատքը՝ թողել էր ամեն ինչ: Ընդհակառա՛կը, գտավ մի ժողովուրդ, որը սպասում էր իր հովվին: Հովիվները եկան և սկսեցին հովվել իրենց ժողովրդին: Յոթանասուն տարիների ընթացքում մեր, կարծես, մոռացված պապական հավատքը նորից վերագտանք՝ մեր հովիվների շնորհիվ: Այսօր Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում գործում են բազում եկեղեցիներ, և ծառայում են բազում քահանաներ՝ հոգիների փրկության համար:

     

     Ուրախություն է, որ այս մեր մայր տաճարը, որ առաջնորդանիստ եկեղեցի է, կարողացանք վերջապես կառուցել: Այդ ընթացքի վկաներից մեկն էլ ես էի, որ տեսա, թե ինչպես մեր ժրաջան եպիսկոպոսները փորձում էին կառուցել եկեղեցին: Արդեն 2005-2008թթ. շնորհիվ Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհէյանի, կարողացանք ունենալ այս գեղեցիկ եկեղեցու նախագիծը, սակայն երկար ժամանակ հնարավոր չէր ստանալ կառուցման թույլտվությունը: Եւ միայն 2010թ. առաջնորդական փոխանորդ Հոգշն. Հ. Վահան թ.ծ.վ. Օհանյանի ջանքերով սկսվեցին կառուցման աշխատանքները, փորվեցին հիմքերը: Ինչպիսի՛ ուրախություն էր դա մեզ համար:

     

     Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել Հիսուսի խոսքը՝ Վեմի մասին: Այս եկեղեցին այդպիսի մի Վեմի վրա կառուցվեց, որ երբեք չպիտի խորտակվի: Այս եկեղեցին կառուցվեց՝ ոչ միայն գեղեցիկ շինություն լինելու, այլ նախ և առաջ՝ հոգիների և մարմինների փրկություն լինելու համար:

     

     Ավետարանում կարդում ենք, որ Աստված հոգ է տանում անգամ ճնճղուկների մասին, ուրեմն որքա՛ն առավել Աստված հոգ է տանում մեր մասին: Եկեղեցին ոչ միայն մոմ վառելու համար է, այլ նախ՝ սփոփանք, մխիթարություն և փրկություն գտնելու համար:

     

     Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ես շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսքան երկար տարիներից հետո վերջապես ունեցանք առաջնորդանիստ եկեղեցի՝ որպես հույսի, փրկության փարոս և մեր համայնքի ժողովուրդը գիտի, որ, մտնելով այս տաճարից ներս, գտնում է ողորմություն և Աստծո սերը»:

    14459101_10202257730842729_819835144_n

    Տեր Գրիգորը հիշեց նաև թեմի առաջին առաջնորդի՝ Արհ. Տ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի խոսքերը, թե միգուցե ինքը չկարողանա տեսնել եկեղեցու հիմնարկեքն ու օծումը, բայց երկնքից անպայման կաղոթի, որ այս եկեղեցին կառուցվի: Ամբողջ համայնքն է վստահ, որ իրենց վերազարթոնքի առաջին երախտավորը Երկնքից աղոթում է իրենց համար:

     

    Համայնքի համար մեծ ուրախություն էր, որ Եկեղեցու օծման մեկամյա հոբելյանին ներկա էր նաև մյուս երախտավորը՝ արդեն 80 տարեկանը վաղուց բոլորած Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհէյանը: Ժողովրդապետը նրան նվիրեց Գրիգոր Նարեկացու սրբապատկերը և խնդրեց մի խոսք ասել: Սրբազան Հայրը, նկատելիորեն հուզված, իր հայրական խոսքն ուղղեց ժողովրդին.

     

    14483431_10202257730562722_1244111596_n«Արեցի այն, ինչ իմ պարտականությունն էր: Երջանիկ եմ, որ ներկա էի այս եկեղեցու օծմանը և այսօր էլ ներկա եմ: Հիշե՛ք, որ սա Աստծո տունն է, որ Աստված ձեզ է սպասում: Հիշեք, որ Հիսուս տապանակի մեջ է և ձեզ է սպասում, որպեսզի իր շնորհները բաշխի ձեզ, որոնց կարիքն այնքա՛ն ունենք այսօր: Աղոթեցե՛ք մեր ժողովրդի համար, աշխարհի խաղաղության և հոգիների փրկության համար: Աստված սպասում է, որ Իրեն սիրեք, ծառայեք և մի օր Երկնքի Արքայությունը տեսնելու արժանի լինեք»:

     

    Առաջնորդանիստ եկեղեցու կառուցման մեջ ավանդ ունեն ոչ միայն հոգևորականներն ու համայնականները, այլև՝ պետական գերատեսչությունները, քաղաքային իշխանությունները, շինարարները, ճարտարապետը: Տեր Գրիգորը առանձին-առանձին շնորհակալություն հայտնեց և Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնության գրությունները հանձնեց Գյումրիի փոխքաղաքապետ Վաղարշակ Հակոբյանին, եկեղեցու շինարարությունն իրականացրած «Ախուրյանի կոոպշին» կազմակերպության տնօրեն Հովհաննես Տոնոյանին, նույն կազմակերպության աշխղեկ Հակոբ Բաղդասարյանին, կոնստրուկտոր Հրանտ Կարապետյանին, ճարտարապետ Հակոբ Ջիվանյանին: Հովհաննես Տոնոյանը ասաց, որ իր համար պատիվ է՝ կոչվել այս եկեղեցու շինարարը:

    14369917_1163409620364992_70162303096825166_n

    Համայնքի վերածննդի կարևոր ցուցիչներից մեկը նվիրյալ երիտասարդների գոյությունն ու գործունեությունն է: Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միությունը՝ մոտ չորս տասնյակ երիտասարդ, Սբ. Պատարագից հետո «Աղաջանյան» կենտրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառման ժամանակ ներկայացրեցին եկեղեցու կառուցման պատմությունը, խոսեցին Սրբազան Քահանայապետի այցի և այլ կարևոր իրադարձությունների մասին, որոնցում իրենք միշտ մասնակից են եղել՝ իրենց նվիրյալ աշխատանքով ու ավյունով, որը հաստատուն է պահում այն հույսը, որ հայ կաթողիկէ համայնքն ունի փայլուն ներկա և ապագա՝ Տիրոջ կամքով և առաջնորդությամբ:

     

    Եկեղեցու օծման մասին անցյալ տարվա հրապարակումը՝ այստեղ:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

     

Օրացույց

Օրացույց