• Հանդիսավոր արարողությամբ օծվեց Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ տաճարը:

    «Եկեղեցին դու՛ք եք, սիրելի հավատացյալներ».Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց


    24 սեպտեմբերի, 2015թ.

    2015թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Գյումրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծումը՝ նախագահությամբ Հռոմի Սրբազան Պապի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի (Արևելյան կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ) և համանախագահությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի: Օծման արարողությանը մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին, հայ կաթողիկէ եպիսկոպոսներ (Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհէյանը, Արհ. Տ. Լևոն արքեպս. Զեքիյանը, Արհ. Գէորգ արքեպս. Խազումյանը, Արհ. Տ. Գրիգոր Օգոստինոս եպս. Գուսան, Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Արհ. Տ. Հովհաննես եպս. Թէյրուզյանը, Արհ. Տ. Մանուէլ եպս. Պաթագյանը), Հայաստանում և Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ վարդապետները, քահանաները, սարկավագները:

     

    Օծման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգյանը,  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ բարձրաստիճան հոգևորականներ (Շիրակի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Գերշն. Տ. Տաթև արքեպս. Սարգիսյանը, Գերշն. Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, Հայր Շահէ վրդ. Անանյանը), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերշն. Տ. Շահան արքեպս. Սարգիսյանը, Կովկասի լատինածես կաթողիկեների առաջնորդ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, այլ լատին կաթողիկէ հոգևորականներ, Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվներ, ՀՀ Սփյուռքի նախարարը, ՀՀ-ում օտար երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, միջազգային բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու շինարարության բարերարները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայ կաթողիկէ համայնքների ղեկավարներ՝ իրենց համայնականների հետ միասին, Անարատ Հղության հայ քույրեր, Գթության միսիոներ քույրեր, այլ հասարակական ու մշակութային գործիչներ, Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո ապաստանած սիրիահայեր:

     

    Սրբոց Նահատակաց Մայր Տաճարի կառուցմանն աջակցել են Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների ժողովը, Իտալիայի կաթողիկէ եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ կաթողիկէ եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս բարեսիրական միջազգային կազմակերպությունը, Քյոլնի թեմը, Church in Need կազմակերպությունը, Աշխատանք Արևելքում ասոցիացիան, Հռոմի Լևոնյան վարժարանը և Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցին:

     

    Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ ժողովրդապետություններից եկած հավատացյալները արարողությանը հետևում էին եկեղեցու բակում տեղադրված էկրանից, իսկ պաշտոնական հյուրերը՝ եկեղեցու ներսում:

     

    Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց հանդիսավոր թափորով, եկեղեցու ավագ դռան մոտ Ամենապատիվ Հոգևոր տերը և Վսեմաշուք Կարդինալը օրհնեցին եկեղեցական սպասքը, ապա Սուրբ Խաչի մասունքը վերցնելով՝ ուղղվեցին դեպի Սբ. Խորան: Սբ. Խաչի մասունքը սեղանին դնելու հետո: Քահանաները ջրով և գինով լվացին Սբ. Խորանի սեղանը, ապա Հայրապետը վերցրեց Սրբալույս Մյուռոնը և օծեց սեղանի չորս կողմերում փորագրված խաչերը: Սուրբ Խորանի սեղանը օծելուց հետո նախ Վսեմաշուք Կարդինալը, ապա պապական նվիրակը և հետո հայ կաթողիկէ սինոդական հայրերը հերթով օծեցին եկեղեցու պատերին փորագրված 17 խաչերը՝ սկսելով արևելյան կողմից: Եկեղեցու չորս կողմերը օծելուց հետո Ամենապատիվ Հոգևոր Տերը երեք անգամ օրհնեց Սրբոց Նահատակաց եկեղեցին:

     

     

     Պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին ընթերցեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի անունից Հռոմի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի ուղարկած նամակը այս սրբազան արարողության մասնակիցներին: Նամակում ասված է հետևյալը.

     

    «Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր հոգևոր մոտիկությունն ու սիրալիր մասնակցությունն է արտահայտում Հայ Կաթողիկէ հավատացյալներին և բոլոր ներկաներին՝ միանալով հասարակաց ուրախությանը: Սրբազան Քահանայապետը խոր գոհունակությունն է արտահայտում այս նախախնամական արարողությամբ, որը պսակում է ջանքերը բոլոր նրանց, ովքեր տարբեր կերպերով մասնակցել են այդ գործին: Նա ցանկանում է, որ այս հրաշագեղ իրադարձությունը սատարի թեմի վերանորոգ հոգևոր աշխուժությանը՝ առաջնորդված Արհ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի կողմից, միշտ ավելի հավատարիմ կապվածությամբ Տեր Հիսուսին, վեհանձն առքաքելական ճիգերով, եղբայրական սիրո ճշմարիտ վկայությամբ, սուրբ մարտիրոսների օրինակին հետևելով, ում նվիրված է այս մայր տաճարը և ովքեր իրենց սերն են վկայել Քրիստոսի հանդեպ՝ մինչև ցհեղումն արյան: Սրբազան Քահանայապետը ողջունելով ներկա կրոնական և քաղաքական իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու եղբայրներին և Հայ Կաթողիկէ Եկեղեցու համայն հավատացյալներին, հայցում է Աստվածամայր Սուրբ Կույս Մարիամի հզոր պաշտպանությունը, լիառատ շնոհներ, երկնային մխիթարություններ և սրբազան արարողության մասնակիցներին տալիս է իր հայրապետական, առաքելական օրհնությունը:

    Ծիրանավոր Պիետրո Պարոլին, Նորին Սրբության պետքարտուղար»:

     

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղերձը ընթերցեց Գերշն. Տ. Վարդան եպս. Նավասարդյանը.

     

    «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, գերապատիվ կարդինալ, արհիապատիվ Պատրիարք Կաթողիկէ Հայոց, գերաշնորհ առաջնորդ Շիրակի թեմի, բարձրապատիվ առաջնորդ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի, սիրելի բարեպաշտ ժողովուրդ:

     

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ և հղում մեր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները, այսօր ուրախակից ենք Գյումրիի հայ կաթողիկէ համայնքին, որ հոգևոր մխիթարության օրեր է ապրում՝ իր նորակառույց եկեղեցու օծման նվիրական առիթով: Եկեղեցին կոչվեց Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ ի պատիվ քրիստոնեության պատմության ընթացքում նահատակված վկաների, ովքեր չարի փորձությունների ու դժվարությունների մեջ անսասան պահեցին հավատքը և իրենց կյանքը չխնայեցին Տեր Հիսուս Քրիստոսին: Քրիստոսի փոքր հոտը՝ հայ ժողովուրդը, որը Տիրոջ փրկության շնորհին հաղորդ դարձավ Սբ. Թադէոս և Սբ. Բարդուղիմէոս առաքյալների քարոզությամբ և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հովվական նախանձախնդիր սպասավորության շնորհիվ, քաջ գիտի գինը նահատակության:

     

    Ահավասիկ, այս տարի մենք ոգեկոչում ենք 100-րդ տարելիցը Հայոց Ցեղասպանության՝ խոնարհում բերելով Օսմանյան Թուրքիայում իրականացված անասելի եղեռնագործության մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ովքեր հավատքի նահատակներ դարձան՝ իրենց կյանքը զոհաբերելով հավատքի և Քրիստոսի սիրո համար, և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կողմից կարգվելով սրբոց դասում՝ որպես խաղաղության, արդարության և մարդասիրության բարեխոսներ:

     

    Մխիթարություն է  ազգիս զավակների համար, որ ի Քրիստոս եղբայրության ոգով մեր եկեղեցու կողքին ցեղասպանության անմեղ նահատակների համար աղոթեցին և էկումենիկ արարողություններ կազմակերպեցին քույր եկեղեցիները, նաև՝ Կաթոլիկ Եկեղեցին՝ գլխավորությամբ Ֆրանցիսկոս Պապի, ով Սուրբ Պատարագ մատուցեց Սբ. Պետրոսի տաճարում և աշխարհին ուղղված ազդու կոչով դատապարտեց հայոց ցեղասպանության ժխտողականությունը՝ իր զորակցությունը բերելով Հայաստանյայց Եկեղեցուն և հայ ժողովրդին:

     

    Ցավալի է, որ այսօր էլ շարունակվում են հալածանքները քրիստոնյաների հանդեպ, հազարավոր անմեղներ զոհ են դառնում ահաբեկչություններին: Ավերվում և ոչնչացվում են քրիստոնեական սրբավայրերը: Ազգի դեմ ծառացած մարտահրավերները, փորձությունները նոր հրավեր են Քրիստոսի Եկեղեցու համար՝ զորացնելու միասնությունը ամբողջ աշխարհի քրիստոնյաների միջև…

     

    Մեզ համար գոհունակություն է, որ հատկապես վերջին տասնամյակներին խորանում են հարաբերությունները Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև՝ երբեմնի դավանաբանական վեճերին և փոխադարձ մեղադրանքների երկար ընթացքին այսօր փոխարինելու են գալիս առավելաբար գործակցության գաղափարները…Երիցս փառք ենք տալիս Բարձրյալն Աստծուն, որ Ավետարանական ոգին դրսևորված ենք տեսնում մեր երկու՝ հայ և կաթոլիկ, ինչպես նաև մյուս Եկեղեցիների հարաբերությունների մեջ

     

    Աղոթում ենք Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անսասանության և հավերժ պայծառության համար: Մեր եղբայրական սիրո ողջույնն ենք հղում մեր հոգևոր եղբորը՝ Ֆրանցիսկոս Պապին: Թող Տերը օգնական և ապավեն լինի Սրբազան Քահանայապետին՝ հովվապետական իր առաքելության մեջ, որպեսզի առավել պայծառանա Կաթոլիկ Եկեղեցին և շարունակի ծառայել քրիստոնեական հավատքի և հոգևոր արժեքների ամրապնդման և ժողովուրդների կյանքում խաղաղության և համերաշխության հաստատման համար: Տիրոջ խնամքն ենք հայցում մեր երկրի և հավատավոր մեր ժողովրդի համար և զորակցությունը՝ հայրենի իշխանություններին ի գլուխ ՀՀ նախագահ Տեար Սերժ Սարգսյանի: Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման առիթով մեր բարեմաղթանքներն ենք հղում կարդինալ Սանդրիին, Հոգևոր Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Պատրիարքին, Բարձրապատիվ Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին և հայ կաթողիկէ համայնքին՝ հայցելով Բարձրյալն Աստծո շնորհներն ու օրհնությունները: Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Տ. Միքայել եպս. Աջապահյանին և Շիրակ աշխարհի հավատավոր բոլոր մեր զավակներին…»:

     

    Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերշն. Տ. Շահան արքեպս. Սարգիսյանն իր ողջույնի խոսքում հետևյալն ասաց.

     

    «Սրբոց Նահատակաց կաթողիկէ հայոց եկեղեցու հաստատումը և օծումը հայրենի հողի վրա տալիս է մեր ժողովրդի ամբողջականության և միության գեղեցիկ մի արտահայտությունը: Քրիստոնեական եկեղեցիների միջև միության և սիրո անխառն կապը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը անսասան է պահում մեր հայոց աշխարհը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և սփյուռքի ողջ ժողովուրդը: Հավատում ենք քրիստոնեական միջեկեղեցական հարաբերությունների անխառն միության կապին, որի մի արտահայտությունն է  այսօր Հայ Առաքելական և Հայ Կաթողիկէ  Եկեղեցիների ներկայությունը, որը նաև մեր ժողովրդի միության ցուցանիշն է…Սրբադասված մեր նահատակներով միասնաբար շարունակում ենք մեր պահանջատիրական երթը՝ մեր ժողովրդի իրավունքների և քրիստոնեական հավատքի հաստատման համար: Հայաստանում եկեղեցի հիմնելը վերանորոգությունն է մեր հավատքի…Հանուն Վեհափառ Հայրապետի, ողջունում ենք Ամենապատիվ Հոգևոր Տիրոջը, սիրո մեր ողջույնները ուղարկում ենք Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և փոխանցում ենք մեր սիրո զգացումները ՀՀ նախագահին…»:

     

    Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը առանձին-առանձին նշելով բոլոր ներկա բարձրաստիճան հյուրերի անունները և շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր աջակցել են եկեղեցու կառուցմանը, ասաց.

     

    «…Այսքան գեղեցիկ խոսքեր լսելուց հետո…հակիրճ պիտի հայտնեմ երախտագիտությունս Աստծուն, որ կարելի դարձրեց շինությունն այս տաճարի, այս տաճարը, որ նվիրագործեցինք, քարեր են: Մենք չե՛նք պաշտում քարերը, որքան էլ արյուն, արցունք ,աշխատանք պահանջած լինեն: Մենք պաշտում ենք ներկայությու՛նն Աստծու այս տաճարում: Խաչերը խորհրդանիշն են Աստծու ներկայության, մարդացյալ Քրիստոսի ներկայության: Այս տունը Աստծու տունն է, բայց բոլորիս տունն է: Մենք, որ Աստծու զավաներն ենք, Աստծո տաճարներն ենք դարձել  Սուրբ հոգու զեղումով, Սուրբ Մկրտությամբ: Եվ այս մեր ներկայությունը այս տաճարում և տաճարից դուրս, խորհրդանիշն է Աստծո սիրույն՝ համայն մարդկության հանդեպ, մենք Քրիստոսի վկաներն ենք: 301թ. սկսյալ, մենք Քրիստոսին ճանաչեցինք, սիրեցինք, որովհետև Ի՛նքը մեզ սիրեց և Ինքն Իրեն մեզ նվիրեց: Մեր սերը փոխադարձ հավատարմությունն է Իրեն:

     

    Մենք պաշտում ենք Քրիստոսին, ոչ թե՝ քարերը, Քրիստոսին հավատարիմ գտնվեցին մեր միլիոնավոր վկաները պատմության ընթացքում: Այսօր այս սուրբ տաճարում՝ նվիրված միլիոնավոր մեր նահատակաց, նրանց միջնորդությունն ենք խնդրում՝ մեզնից յուրաքանչյուրի համար, որպեսզի մեր ժառանգած հավատքը միշտ ավելի զորավոր լինի և քաջությունը ունենանք աշխարհի աչքի առաջ ապրելու, խոստովանելու քրիստոսավանդ հավատքը:

     

    Այս եկեղեցին ժամադրավայրը պիտի լինի Աստծո զավակների, ձեր՝ եղբայրներ և քույրեր, որ ամեն կիրակի հավաքվեք՝ աղոթելու միաբերան: Երախտագիտություն պիտի հայտնեք Աստծուն, որ արժանի դարձրեց հայությանը, որ առաջի՛նը Իրեն ճանաչի և սիրի և աշխարհի չորս կողմերում վկայի, թե հայ ժողովուրդը հարություն է առել Քրիստոսի հետ, ապրում է և պիտի ապրի Աստծո շնորհով: Եկեղեցին դու՛ք եք, սիրելի հավատացյալներ:

     

    Դուք աղոթում ենք «Հայր մեր», ոչ թե՝ «Հայր իմ»: Եղբայրաբար մեր աղոթքը բարձրացնենք մեր Հորը, որ հավիտենից ի վեր մեզ սիրել է, գոյության է կոչել և հսկում է մեզ: Մենք մեր խաչն առած Նրա հետևից ենք գնում…

     

    Աղոթեցե՛ք Տիրոջը՝ ասելով, շնորհակալ ենք, որ մեզ վրա հսկում ես, չես թողնում որ թշնամիներդ, որ մեր թշնամիներն են, մեզ ոչնչացնեն: Հիշենք Հիսուսի խոսքերը՝ ուղղված Պետրոսին.ես քեզ համար աղոթեցի, որ սատանան քեզ չճզմի: Երբ որ Քրիստոս մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեզ դեմ: Ո՛չ մահը, ո՛չ մեղքը, ո՛վ էլ լինի…Հետևենք Քրիստոսին և ասենք.մի՛ թող, որ քեզնից հեռանանք: Փա՛ռք Քեզ, Տեր, յաղագս ամենայնի, փա՛ռք քեզ»:

     

    Տեղեկություններ՝ եկեղեցու կառուցման մասին 

     

    «Սրբոց նահատակաց» եկեղեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդանիստ կամ մայր եկեղեցին է, գտնվում է հայ կաթողիկէ առաջնորդարանի հարևանությամբ՝ Գյումրի, Հաղթանակի պողոտա, 45 հասցեում: Կառուցման աշխատանքները սկսվել են 2010թ., ավարտվել՝ 2015թ. սեպտեմբերին: Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը: Գյումրիի հայ կաթողիկէ համայնքը մոտ 90 տարի գործող եկեղեցի չի ունեցել, Սբ. Պատարագի մատուցումը և եկեղեցական մյուս խորհրդակատարությունները տեղի են ունեցել առաջնորդարանի մատուռում: Մասամբ պահպանվել է քաղաքի հին կաթողիկէ եկեղեցին՝ կառուցված 1843-1855թթ., Ալեքսանդր վարդապետ Արարամյանի ջանքերով: Այն մասնակի ավերվել է 1926թ. երկրաշարժի ժամանակ, ապա դարձել ապաստարան՝ անօթևան ընտանիքների համար, որոնց սերունդներն այդտեղ են ապրում մինչ օրս: Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու բարդ խնդիրը լուծել չկարողանալով՝ հայ կաթողիկէ առաջնորդարանը, մեծ դժվարություններով և բարերարների օգնությամբ, կառուցեց նոր եկեղեցի:

     

     

    13392_b13394_b13400_bDSC06353 DSC06359 DSC06362 DSC06364 DSC06367 DSC06368 DSC06371 DSC06373 DSC06374 DSC06376DSC06328 DSC06332 DSC06338

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց