• Երբ հայտնվի Խաչն՝ առավել պայծառ, քան արևը…Տոն Վարագա Սուրբ Խաչի. քարոզ

    «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»:


     

    Այս կիրակի տոնում ենք Վարագա Խաչի տոնը: Այս տոնը Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկն է և կապված է Տեր Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքի երևման հետ: Հայրերի ավանդությունը մեզ է փոխանցել մի գեղեցիկ պատմություն, որը խոսում է հայոց մեջ հնուց ի վեր Տիրոջ Խաչափայտի հանդեպ մեծ ջերմեռանդության գոյության մասին:

    Ըստ այդ պատմության, Հռիփսիմյան կույսերն իրենց հետ Հայաստան են բերել Տիրոջ խաչափայտի մասունքը, որով բուժել են բազում հիվանդների, դևեր հալածել, ապա ամփոփել Վանի հարավ-արևելյան կողմում գտնվող Վարագա լեռան Գալիլիա կոչվող քարայրում: Հետագայում, երբ կույսերն այլևս չկային, շատերն էին ուզում գտնել Սուրբ Խաչի մասունքը, բայց չէին կարողանում, թեև գիտեին, որ պահված է այդ լեռան վրա: Միայն 653թ. Թոդիկ անունով մի վանական իր Հովել աշակերտի հետ միասին գնում է Վարագա լեռան մոտ և որոշում ծոմապահությամբ աղոթել այնքան ժամանակ, մինչև իրենց մի նշան երևա, թե որտեղ է Սուրբ Մասունքը: Տասներկու օր աղոթելուց հետո, գիշերվա ուշ ժամին, լեռան վրա մի պայծառ խաչանման լույս է երևում: Ապշած և երջանկացած վանականները տեսնում են լույսի տասներկու սյուներ՝ խաչի պատկերի դասավորությամբ, որոնք ձգվում էին մինչև երկինք: Լսվում էին հրեշտակների օրհներգություններ: Մինչ վանականները սքանչացած դիտում էին ու փառավորում Աստծուն, Սուրբ Խաչի մասունքը՝ լույսով ողողված, դուրս է գալիս լեռան քարայրից և գալիս ու վերաբերվում է Հռիփսիմյանց հետ եկած քահանաների ձեռքով կառուցված եկեղեցու Սուրբ Սեղանին: Մի ձայն է հնչում լույսի միջից.

     

    «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»:

     

    Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում էին Վարագա լեռը: Ամբողջ ժողովուրդը բարձրանում է լեռը, մտնում եկեղեցի և երկրպագում Սուրբ Խաչի մասունքին: Ներսես Գ Տայեցի (Շինող) Հայրապետի կարգադրությամբ հայերը սկսում են տոնել Վարագա Սուրբ Խաչի տոնը:

    ***

    Այս գեղեցիկ պատմությունը ևս մեկ վկայությունն է այն ճշմարտության, որ Տիրոջ Սուրբ Խաչը մշտապես անբաժան է Տիրոջ Լույսից: Թոդիկին և Հովելին այն երևաց լույսի սյուներով, Լույս, որ ցրում է այս աշխարհի գիշերը: «Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց», Հվհ., 1:5: Լույսի մեջ ողողված Կենարար Խաչի այս դրվագը համահունչ է օրվա ավետարանական հատվածի պատկերի հետ.

     

    «…երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ», Մտթ., 24:30: Տիրոջ Նշանը Իր Խաչն է, ինչպես մեկնում են հայրերը:

    Սբ. Հովհաննես Ոսկեբերանը գրում է.«Խաչն ավելի պայծառ է՝ քան արևը, որովհետև արևը խավարում և թաքնվում է, իսկ Խաչը՝ հայտնվում» (Քարոզ Մատթեոսի ավետարանի շուրջ):

     

    Խաչի լույսը երբեք չի կարող խավարել, այն հավիտենական և միշտ անսպառ լույս է, որը սնվում է ճշմարտագույն Լույսից՝ Տեր Հիսուսից, այն Կյանք է մարդկանց և ամբողջ տիեզերքի համար, որովհետև Հիսուս Քրիստոսի ի սպառ սիրո անսպառ արտահայտությունն է, որը լուսավորում է բոլոր Քրիստոսին հավատացողներին և ամաչեցնում անհավատներին. «այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն» (Մտթ., 24:30)՝ իրենց մեղավոր ընթացքի պատճառով, պիտի սգան ուշացումով, որովհետև ժամանակին չեն սգացել իրենց մեղքերի համար, դրանք պիտի սգան, իսկ այն սգավորները, ում Հիսուս երանի էր տալիս լեռան քարոզում, պիտի մխիթարվեն անդավաճան մխիթարությամբ, «քանզի Աստուած նրանց աչքերից սրբեց ամեն արտասուք» (Հյտն., 7:17): Այս տեսարանը նման է Հայտնության տեսարաններին, երբ Տիրոջ հրեշտակները փող են հնչեցնելու և հավաքելու են Տիրոջ ընտրյալներին երկրի բոլոր ծագերից, ովքեր տեսնելով Տիրոջ Նշանը և հավատալով, փրկվելու են:

     

    Տեր Հիսուս Քրիստոսի Սիրույն հավատացողները և մինչև վերջ համբերողներն են լինելու փրկվողները, նրանք, ովքեր վստահել են իրենց համար մորթված Գառան պատգամին, թե Սուրբ Խաչով պսակված Սիրո միջոցո՛վ միայն կարելի է ազատվել Վիշապի ճիրաններից: Բայց հարկ է, որ Տիրոջ Խաչի վրա հուսացողներս, թզենու նման սկսենք ծաղկել, սկսենք պտուղ տալ՝ Հիսուսի Ավետարանի լույսը տանելով մարդկանց, որպեսզի այս աշխարհի խավարում մարդիկ լույս ունենան, իսկ մենք այդպես մոտեցնենք ԱՄԱՌԸ. «երբ նրա ոստերը կակղեն, եւ տերևը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է»:

     

    Որպեսզի ԱՄԱՌԸ՝ Երկնքի Արքայությունը, գա, հարկ է, որ պատրաստ լինենք բացելու մեր սրտի դուռը.

     

    «երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ», Մտթ., 24:33:

    Հայտնության գրքի հեղինակը գրում է.

    «Ահաւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ.եթէ մէկն ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կմտնեմ նրա մօտ եւ կընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ», Հյտն., 3:20:

    Խաչին հավատացողներս պետք է պատրաստ լինենք բացելու մեր դռները Նրա առջև, որպեսզի վայելենք այն ընթրիքը Նրա հետ, որին պատրաստվում ենք այստեղ՝ Սուրբ Պատարագին Սեղանից ճաշակելով:

     

    Պողոսը գաղատացիներին ուղղված իր թղթում գրում է, որ պարծենում է միայն Քրիստոսի խաչով, որով ինքը խաչված է աշխարհի համար և աշխարհը խաչված է իր համար (Գղ., 6:14): Պողոսի կյանքի կանոնը Քրիստոսով նոր արարած լինելն է:

     

    Հարկ է լինել նոր արարած՝ ինչպես թզենու բողբոջը, որպեսզի կարողանանք ժառանգել և նոր ԱՄԱՌԸ:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

    ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԸ

     

    Գաղ., 6:14-18

     

    Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը։ Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ Աստծու Իսրայէլի վրայ։ Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները։ Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Ամէն։

     

    Մտթ., 24-30-35

     

    Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»։ «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է։ Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի։ Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։

Օրացույց

Օրացույց