• «Դու՛րս եկեք հեռախոսներից ու սարքերից և մարդկանց հետ շփվե՛ք իրականում». Քահանայապետի քարոզը

    Հանդիպումը մեկ այլ բան է…


    15 սեպտեմբերի, 2016թ.

    Նյութը թարգմանված է Zenit պարբերականի կայքից.

     

     

    Քահանայապետը կոչ է անում հավատացյալներին հաղթահարել անտարբերությունը, կառուցել հանդիպման մշակույթը

     

    Հռոմի Սրբազան Քահանայապետը  կոչ է անում հավատացյալներին  դադարել նայել հեռախոսներին և դրա փոխարեն  հանդիպել իրականում և լսել մեկմեկու:

     

    Ըստ Vatican Radio-ի, Քահանայապետը ամենօրյա առավոտյան Սուրբ Պատարագի ժամանակ զգուշացրել է ընդդեմ վատ սովորությունների, որոնք,  նույնիսկ մեր ընտանիքներում չեն թողնում իսկապես լսել ուրիշներին և սրտակցել նրանց:

     

    Մեր անտարբերության հաղթահարումը

     

    Քահանայապետը` ոգեշնչված օրվա Ավետարանական ընթերցումից, որտեղ Հիսուս հետ է բերում մի այրի կնոջ միակ որդուն, որ մահացել էր, ընդգծեց, որ «Հիսուսի հետ հանդիպումը հաղթահարում է մեր անտարբերությունը»:

     

    Պապը նաև գանգատվեց, որ երբ մարդիկ հանդիպում են միմյանց «նրանցից յուրաքանչյուրը մտածում է ինքն իր մասին, նրանք կարող են տեսնել մեկ ուրիշի, բայց չեն նայում նրան, նրանք կարող են լսել այդ մարդուն, բայց չեն լսում նրան»:

     

    «Հանդիպումը մեկ այլ բան է: Դա այն է, ինչ այսօրվա Ավետարանը ազդարարում է մեզ՝ հանդիպում, հանդիպում՝ կնոջ ու տղամարդու միջև, հանդիպում միակ կենդանի որդու և միակ մահացած որդու միջև, հանդիպում՝ երջանիկ ամբոխի հետ, քանի որ նրանք հանդիպել են Հիսուսին, հետևել նրան, և մարդկանց մի խումբ լացելով ուղեկցեում էր այդ կնոջը, ով դուրս էր եկել քաղաքի դարպասից, հանդիպում՝ մուտքի և ելքի դարպասների միջև: Հանդիպում, որը ստիպում է մեզ խորհրդածել միմյանց հետ շփվելու ձևի մասին»:

     

    Քահանայապետը շարունակում է. «Ավետարանում մենք կարդում ենք, որ Հիսուս գթաց նրանց»:

     

    «Երբ Հիսուս նկատում է ինչ-որ ցավալի բան, Նա հանդիպում և արձագանքում է՝ երբեք անտարբեր չմնալով».նշել է Քահանայապետը:

     

    «Մինչդեռ, երբ մենք տեսնում ենք ինչ-որ տխուր բան, մենք ասում ենք.  «Ի՜նչ ամոթ է»: Հիսուս անտարբեր չի անցնում, Նա գթասիրտ է: Նա մոտենում է կնոջն իրական հանդիպման համար և ապա կատարում հրաշքը»:

     

    Արժանապատվության վերականգնումը

     

    Քահանայապետը, անդրադառնալով այս Ավետարանական հանդիպմանն, ասաց.

     

    «Մենք տեսնում ենք ոչ միայն նրա քնքշությունը, այլ նաև այդ հանդիպման պտղաբերությունը, որը վերականգնում է մարդկանց և իրերին՝ իրենց պատշաճ տեղերում»:

     

    Մենք սովոր ենք անտարբերության մշակույթին և մենք պետք է ձգտենք ու խնդրենք հանդիպման մշակույթ ստեղծելու շնորհը, արգասաբեր հանդիպման, մի հանդիպման, որը վերականգնում է յուրաքանչյուր անձի սեփական արժանապատվությունը՝ որպես Աստծո զավակի, կենդանի մարդու արժանապատվությունը:

     

    «Մենք սովոր ենք այս անտարբերությանը». ասաց նա, շարունակելով, որ «երբ մենք տեսնում ենք այս աշխարհի աղետները. «Ի՛նչ ամոթ է, խեղճ  մարդիկ, տեսեք, թե ինչպես են նրանք տառապում» և ապա առաջ ենք շարժվում: Հանդիպում: Եվ եթե ես չեմ նայում, եթե չեմ հպվում, եթե չեմ խոսում, չեմ կարողանա հանդիպել և օգնել՝ կառուցելու հանդիպման մշակույթը»:

     

    Նույնիսկ մեր ընտանիքներում

     

    «Այսօրվա Ավետարանական հատվածի ուղերձը բխում է Հիսուսի և Իր մարդկանց  հետ հանդիպումից, և մենք բոլորս Նրա Խոսքի, Նրա հետ հանդիպման կարիքն ունենք». ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    «Մեր ընտանիքներում, ճաշի սեղանի մոտ քանի ու քանի անգամ են մարդիկ ճաշելու ընթացքում հեռուստացույց են դիտում կամ հաղորդագրություններ գրում իրենց հեռախոսներով: Բոլորն են անտարբեր այդ հանդիպման նկատմամբ: Նույնիսկ հասարակության սրտում, որը ընտանիք է, ոչ մի հանդիպում չկա: Թող սա օգնի մեզ ձգտելու այս հանդիպման մշակույթին, ճիշտ այնպես,  ինչպես Հիսուս արեց»:

     

    Քահանայապետը կոչ արեց նայել, լսել ու հանդիպել, ոչ թե՝ միայն տեսնել, լսել և պարզապես անցնել կողքով:

     

    «Մի ասացեք միայն. «Ի՜նչ ամոթ է, խե՜ղճ մարդիկ», այլ թույլ տանք ինքներս մեզ առաջնորդվել կարեկցանքով». ամփոփեց Ֆրանցիսկոս Պապը՝ նշելով, «Մոտեցե´ք, դիպչե´ք և խոսե´ք այն լեզվով, որն այդ պահին կգա յուրաքանչյուրիս, սրտի՛ լեզվով». «Մի´ լացեք» և նվիրաբերեք կյանքի գոնե մեկ կաթիլ»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

Օրացույց

Օրացույց