Գիտակցելով կաթողիկէ միասնականության հոգևոր ուժը:
25 հուլիսի, 2016թ.
Հայ ուխտավորների 350 հոգանոց խումբը (Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Լիբանանից, Հայաստանից ամենամեծ խումբը Գյումրիինն է՝ մոտ 60 երիտասարդ) ավարտել է թեմական օրերը Պլոցկում և հարակից քաղաքներում և հուլիսի 25-ին արդեն ժամանել է Կրակով, որտեղ հուլիսի 26-31-ը տեղի են ունենալու գլխավոր իրադարձությունները՝ բուն Երիտասարդաց համաշխարհային օրերը:
Ըստ կազմակերպչական հանձնախմբի տվյալների, 187 երկրներից 356.000 երիտասարդ գրանցվել է ԵՀՕ-2016-ին մասնակցելու համար: Կազմակեպիչները ակնկալում են, որ ինչպես եղել է նախկին 30 ԵՀՕ-ների ժամանակ, բացի գրանցվածներից, ինքնաբուխ կերպով այցելուների և մասնակիցների թիվը շատ ավելին կլինի՝ մինչև 1,5 մլն: Սա ավանդական թիվ է արդեն: Երիտասարդների թիվը, հավանաբար, ամենամեծը կլինի Brzegi-ի Ողորմության ճամբարում, որտեղ նրանք կհանդիպեն Սրբազան Քահանայապետին, ով Լեհաստան կժամանի հուլիսի 27-ին:
Հայ երիտասարդները այս անմոռանալի օրերը կացկացնեն նույն պայմաններում, ինչպես բոլոր մյուս ուխտավորները՝ կքնեն վրաններում, տարբեր կրթական, հասարակական հաստատությունների դահլիճներում, կսնվեն ընդհանուր սնման կետերում, կապրեն ուխտագնացության դժվարությունները, բոլոր հոգևոր և մշակութային միջոցառումներիին կմասնակցեն միասին՝ հարյուր հազարավոր հավատավոր երիտասարդների հետ՝ կիսելով ընդհանրական կամ կաթողիկէ աղոթական միությունը, նույն Սբ. Հաղորդությունը, կոգեշնչվեն հոգևոր միասնությամբ, կզգան Տիեզերական կամ Կաթողիկէ Եկեղեցու միասնության ուժը, կարևորությունը, մեկ Եկեղեցի, մեկ Աստծո ժողովուրդ լինելու փաստն ու հոգևոր ֆենոմենը, Տեր Հիսուսի Քրիստոսի պատվիրանի կենսագործումը, կհամախմբվեն Ընդհանրական Եկեղեցու հոգևոր Պետի՝ Քրիստոսի Եկեղեցւոյ Վէմի՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի շուրջ, կլսեն նրա առաքելական, հայրական ոգևորիչ պատգամը, կքաղեն դասեր, որոնք կարող են ուղեցույց հանդիսանալ ամբողջ կյանքի համար:
ԵՀՕ-2016-ի բոլոր հանգրվաններին և քահանայապետական հույժ կարևոր պատգամներին կանդրադառնանք ամենայն մանրամասնությամբ:
Պլոցկում հուլիսի 24-ին գեղեցիկ հրաժեշտի երեկոները՝ խարույկների շուրջ, գեղեցիկ միջոցառումներով: