• Գյումրեցիների մեծ խանդավառության պատճառը Վարդանանց հրապարակում (վերլուծական)

    «Սերը քրիստոնյայի այցեքարտն է»


    27 հունիսի, 2016թ.

     Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը եկավ Գյումրի՝ մխիթարելու և հույս տալու սոցիալական բարդ պայմաններում ապրող, երկրաշարժի հետևանքները մինչ օրս իրենց ուսերին կրող գյումրեցիներին: Նրա ուղերձում կան շեշտադրություններ, որոնց գյումրեցիներն ու ամբողջ հայ ժողովուրդը երկար են սպասել:

     

    Վարդանանց հրապարակում հավաքված բազմահազարանոց բազմության խանդավառության պատճառը ուշադրության, հայրական սիրո ու ջերմության, անմիջականության կարիքն էր, որի համար այդ հազարավոր բազմությունը պատրաստ էր ժամեր շարունակ կանգնել արևի տակ, միայն թե վայելեր մարդու իրավունքների մեծագույն պաշտպանի, աղքատների, արհամարհվածների, հիվանդների հոգու բժշկի ներկայությունը, լսեր նրա ամոքիչ խոսքը, ստանար նրա հայրական օրհնությունը: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի համեստ, գթասիրտ կերպարը ծանոթ է հայ ժողովրդի զավակներին, մանավանդ՝ չարքաշ կյանքով ապրող գյումրեցուն, ով հենց այն կերպարն է, որի սիրահարն է «աղքատների Պապը», մի Քահանայապետ, ով ավելի քան, իր նախորդները, վճռական է տրամադրված՝ կառուցելու «աղքատ Եկեղեցի՝ աղքատների» համար, մի Եկեղեցի, որը իրապես «դաշտային հոսպիտալ է»՝ բոլոր կարիքավորների համար:

     

    Հետևաբար, Վարդանանց հրապարակում բյուրավոր մարդիկ հավաքվել էին ոչ միայն այն պատճառով, որ Պապը 2015թ. ապրիլի 12-ին և նաև այս անգամ՝ հունիսի 24-ին, նախագահական պալատում օգտագործեց «ցեղասպանություն» բառը, այլև՝ մխիթարվելու և իր սոցիալական բարդությունները հաղթահարելու համար կենսական հոգևոր նոր լիցքով լցվելու, նոր հույսով իր կյանքը շարունակելու համար, ոգեշնչվելու հոգևորականի օրինակելի կերպարով, հասկանալու, թե ինչպիսին պետք է լինի Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, որից կարելի է սովորել ճիշտ ապրելու արվեստը: Սա՛ է այս երեք օրերի համազգային ոգևորության բուն պատճառը, ոչ թե միայն «ցեղասպանություն» բառի համար՝ երախտագիտության զգացումը. բառ, որն անընդհատ կրկնում են լրատվամիջոցները և անուշադրության մատնում ամենաէականը Քահանայապետի խոսքերում: Մարդու իրավունքների մեծագույն պաշտպանը շատ ավելի՛ն կարող է տալ, քան՝ պարզապես միջազգային իրավունքի տերմինը կրկնելը կամ պատմական փաստի ևս մեկ անգամ արձանագրումը: Նա տվեց հույս, որ «Աստված մեզ չի թողել», ինչպես ասաց իր խոսքում:

     

    «Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ` Աստծուն շնորհակալություն հայտնելու՝ հավատը դավանելու ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնել իրենց կյանքը հսկայական դժվարություններով հանդերձ».ասաց Քահանայապետը և, որպես վերածննդյան օրինակ, հիշեցրեց Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի 25-ամյա աշխատանքը, որը սկիբ առավ «Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի սրտից», նաև տեղի կաթողիկէ հասարակության գործունեությունը, որը «ուսուցողական է»:

     

    Հայ կաթողիկէ համայնքի բարեսիրական գործունեության ամենագեղեցիկ օրինակը, ինչպես գիտեք, Հայկական Կարիտասի գործունեությունն է, որը հսկայական նյութական, բժշկական և սոցիալական օգնություն է տրամադրել և շարունակում է տրամադրել ոչ միայն Հայաստանի հյուսիսային համայնքներում, այլև՝ մյուս մարզերում, անկախ դավանական պատկանելությունից՝ առանց դույզն ինչ խտրականության: Սա ևս Հռոմի Սրբազան Քահանայապետի հովանու և հայրական հոգածության արտահայտությունն է, որը, ինչքան էլ փորձ արվի քողարկելու, ինքնին խոսուն է և հայտնի է հազարավոր մարդկանց, ում կյանքը բարելավվել է նաև Կաթողիկէ Եկեղեցու գործունյա սիրո շնորհիվ:

     

    «…Սիրո միջոցով է, որ Եկեղեցու դեմքը երիտասարդանում և հմայիչ է դառնում: Գթառատ և թանձրացյալ սերը քրիստոնյայի այցեքարտն է».ասաց Քահանայապետը: Սիրուց զատ ինքնարտահայտման ցանկացած այլ կերպ կարող է լինել շեղիչ և անօգուտ, «որովհետև Հիսուս ասում է. «Սրանից բոլորը կիմանան, որ Իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13. 35): Կոչված ենք միշտ կառուցելու և վերակառուցելու հաղորդությունն՝ առանց երբեք հոգնելու, կամուրջներ սարքելու, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ»:

     

    Քահանայապետը խոսեց քրիստոնյաների միջև համագործակցության մասին և մրցակցությունը ճիշտ ըմբռնելու կարևորության մասին, ինչը շատ գործանական մի ուղերձ էր ներկաներին.

     

    «…միակ մրցույթը, որ հնարավոր է Տիրոջ աշակերտների միջև` ստուգելն է, թե ով է ի վիճակի առավել մեծ սեր նվիրելու».շեշտեց նա և շարունակեց խոսել՝ ամենակարևորը երկրորդականից զատելու մասին. «Աստված բնակվում է այնտեղ, որտեղ սիրում են իրար, հատկապես՝ որտեղ տկարներին և աղքատներին խնամում են…բարի կամքով մարդկանց կարիքը կա, ովքեր և ոչ թե միայն խոսքերով, այլև՝ գործնականու՛մ կօգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին: Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք»:

     

    Այս վերջին խոսքերը յուրաքանչյուր գյումրեցու, հայաստանցու սրտին են դիպչում.սոցիալական արդարություն, աշխատանք, եղբայրական օգնություն…Երբ այս արժեքների մասին խոսում է Ընդհանրական Եկեղեցու գլուխը, նշանակում է՝ լսում են բոլորը, ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Եվ եթե այդ խոսքերը հնչում են Գյումրիի Վարդանանց հրապարակից, ուրեմն կա այդ խոսքերի կարիքը՝ հենց այդտեղ բարձրաձայնելու և հենց ա՛յս տառապյալ ժողովրդի համար, ա՛յս պահին: Հովհաննես Մկրտչի խոսքերն էլ «ձայն բարբառոյ յանապատի էին», բայց Սուրբ Հոգու շնորհներով և Մկրտչի արյան գնով դրանք պտուղ տվեցին հետո: Վարդանանց հրապարակում կանգնած տղամարդը, ով հազիվ է կարողանում իր ընտանիքը պահել, եկել էր այն հույսով և աղոտ վստահությամբ, որ իր խնդիրները որակապես այլ ուշադրության են արժանանալու՝ անկախ արդյունքից: Նորին Սրբության միայն մեկ ժպիտը կամ օրհնությունը բավական էր՝ հուսալու, որ ամեն բան լավ է լինելու:

     

    Բայց հույսը կենդանի պահելու համար անհրաժեշտ է առաջ տանել հավատը և չվերածել այն թանգարանային նմուշի, մագաղաթի, շեշտեց Քահանայապետը և շարունակեց.

     

    «…հավատը ծնվում և վերածնվում է Տիրոջ՝Հիսուսի հետ կենդանի հանդիպումից, իր փրկող և կյանքի բոլոր պարագաներում լուսավորող գթասրտության փորձառությամբ»:

     

     Ուրեմն, սերն է մեր փրկությունը՝ սեր Տիրոջ և մերձավորի նկատմամբ: Սա՛ է մեր վերքերի միակ սպեղանին, սիրելո՛վ կարող ենք հուսալ և ինքնե՛րս բարելավել մեր կյանքը.այսպիսին էր Քահանայապետի ուղերձը Վարդնանանց հրապարակում: Սիրո մասին ուղերձի ավելի գեղեցիկ և հուզիչ վկայություն էր նրա օրհնությունը հաշմանդամ մանուկներին Գյումրիում և Երևանի հրապարակում:

     

    Իր աղոթքում, հիշելով Նարեկացու մատյանը, Նորին Սրբությունը հետևյալն ասաց.

    «խնդրում եմ, սուրբ Գրիգորի խոսքերով, աստվածային ողորմությունը և սիրելուց երբեք չհոգնելու պարգևը»:

     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց