• Օր հիշատակության՝ Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտի

    Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի


    20 հունիսի, 2016թ.

     

    2016թ. հունիսի 20-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին նշեց Սուրբ Տրդատ թագավորի, նրա տիկին Աշխենի և արքայադուստր Խոսրովիդուխտի հիշատակության տոնը:

     

    Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ թագավորը Արշակունի տոհմից Խոսրով Ա-ի որդին էր, որին դավադրաբար սպանել էր Սբ. Գրիգոր Լուսավորչի հայրը` Անակ Պարթև իշխանը, Պարսից թագավորի սադրանքով: Պարսից թագավորը միջամտեց Հայաստանի գործերին, որպեսզի բնաջնջի հայկական թագավորական սերունդը և տիրի համայն Հայաստան աշխարհին:

     

    Կոտորածից ազատվեցին միայն արքայորդի Տրդատը և նրա քույր` Խոսրովադուխտը:

     

    Հայոց նախարար  Արտավազդ Մանդակունին, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է Կապադովկիայի Կեսարիա քաղաք: Իսկ քրոջը՝ Խոսրովիդուխտին, ազատում է Օտա Ամատունին, և տանում Անի ամրոցը, որտեղ նրան պահում է գաղտնի:

     

    Տրդատի որոշ ժամանակ Կեսարիա մնալուց հետո` Արտավազդը նրան տանում է արևմուտք` Հռոմ: Այստեղ նա կրթվում է հռոմեական արքունիքում՝ Լիկինիոսի մոտ, ով 313թ-ից դարձավ Հռոմեական արևելյան կայսրության տիրակալը:

     

    Տրդատը հզոր և անպարտելի էր: Բազմաթիվ  քաջագործություններ արեց և զարմացրեց հռոմեացիներին:

     

    Տրդատը տիրապետել է լատիներենին, հունարենին և պատերազմներում աչքի է ընկել իր աննկարագրելի ուժով: Հաջողակ էր զինավարժության մեջ և առաջադեմ ամեն ուղղությամբ: Գազանամարտի մեջ մտնելով` հաճախ գազանների եղջյուրները մեկ ձեռքով կարողանում էր պոկել:

     

    Տրդատի քաջության հռչակը հասել էր Դիոկղետիանոս Դաղմատացի կայսրին:  Դիոկղետիանոսը, վախենալով մենամարտել Հռչէ Գոթացի հսկայի հետ, և լսած լինելով Տրդատի մեծագործությունների մասին` նրան հագցրեց իր կայսրական զինուզարդը և հանեց ասպարեզ՝ ընդդեմ Հռչէի:

     

    Քաջ Տրդատը պարտության մատնեց Հռչէ գոթացի հսկային և բերեց Դիոկղետիանոս կայսրի մոտ:  Կայսրը մեծ պատիվներով պատվեց Տրդատին և նրան թագավոր պսակելով իր բնիկ աշխարհին՝ կայսերական գնդով Հայաստան ուղարկեց:

     

    274թ-ին կայսեր կողմից Տրդատը նշանակվեց հռոմեական կայսրությանը ենթակա հայոց երկրամասի թագավոր, իսկ 287թ-ին՝ Դիոկղետիանոսի կողմից ճանաչվեց ամբողջ Հայաստանի թագավոր:

     

    Տրդատն ամուսնացավ Ալանների թագավորի դստեր՝ Աշխենի հետ, ով իր պես պարթևահասակ էր:  Փառքի արժանացավ Տրդատի քույրը` Խոսրովադուխտը, ով չցանկացավ ամուսնանալ:

     

    Շուրջ տասը տարի պայքարելով պարսիկների դեմ՝ Տրդատն ի վերջո նրանց ստիպեց հրաժարվել Հայաստանում պարսկական տիրապետությունից և ճանաչել Տրդատ Գ-ին՝ իբրև հայոց թագավոր: Նա տիրեց Հայաստանին՝ մեկ ծայրից մյուսը:

     

    Տրդատը, նույնպես լինելով իր հայրենական հեթանոսական աստվածների մոլի սիրող,  գահակալության առաջին տարիներին հալածում էր քրիստոնյաներին Հայաստանում:

     

    Եվ այս պատճառով էլ առաջին տարում չարչարում է Երանելի Գրիգոր քաջ նահատակին: Նա հրաման է տալիս 13 տարի փակել Գրիգորին Արտաշատի բանտի Խոր Վիրապում:

     

    Տրդատի հայրը նույն կերպ աշխատում էր բնաջնջել իր բոլոր հպատակներին, որպեզի բոլորը անխափան պաշտեն աստվածներին և չմնա ոչ մի քրիստոնյա: Անցան 14 տարիները և Սբ. Հռիփսիմյանց կույսերը Տրդատի զոհը  դարձան:

     

    Սակայն նրանց նահատակությունից հետո հայոց արքան և արքունիքի այլ անդամներ դիվահարվում են և ոչ միջոցով հնարավոր չի լինում նրանց բժշկել: Այս անմխիթար աղետների մեջ Տերն այցելում է Իր ողորմությամբ: Խոսրովիդուխտ արքայաքույրը երազում հրաման է ստանում Սբ. Գրիգորին հանել Արտաշատի բանտի Խոր Վիրապից, քանի որ, ըստ այդ երազի, միայն Գրիգորը կարող էր բժշկել արքային: Սբ. Գրիգորին վիրապից հանում են և նա 65 օր շարունակ քարոզում է քրիստոնեությունը՝ պահքով ու աղոթքով, բժշկում հայոց արքային և արքունիքի անդամներին:

     

    Տրդատ արքան դարձի է գալիս և ապաշխարում: Նա  Սբ. Գրիգորի ձեռքով մկրտվում է Արածանիի ջրերում: Սբ. Տրդատը իր ձեռքերով Մասիս լեռից մեծ քարեր է բերում՝ իր հրամանով սպանված Սբ. Հռիփսիմյանց կույսերի վկայարանները կառուցելու համար և անձամբ մասնակցում դրանց կառուցմանը: Հայոց Տրդատ արքան հավատ ու քաջություն է ունենում հռոմեական կայսրությունում դեռ հալածվող քրիստոնեությունը հռչակելու որպես իր երկրի պետական կրոն:

     

    Այսպես ծաղկեց Հայաստանը որպես դրախտ` Ս. Հոգու շնորհներով:

     

Օրացույց

Օրացույց