• Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

    «Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին։ Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին։ Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան»։ Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 13:7-9


    2 հունիսի, 2016թ

     

    2016թ. hունիսի 4-ին, հայ Եկեղեցին տոնում է սուրբ Ներսես Մեծ hայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը:

     

    Հայաստանյաց Եկեղեցու հայրապետների մեջ սքանչելի, առաքելական վաստակով պայծառացած Մեծն Ներսեսը սերում է Պարթև Արշակունիների տոհմից, և թոռան թոռն է Գրիգոր Լուսավորչի:

     

    Մանուկ հասակում ուղարկվում է Կեսարիա` սովորելու նպատակով: Կեսարիայից հետո գնում է Պոլիս իր ուսումը խորացնելու համար: Եվ այստեղ, սիրելի է դառնում տեղացի հայերի և հույների համար: Երբ Արշակ II-ի գահակալման երկրորդ տարում մահանում է Փառեն կաթողիկոսը, եպիսկոպոսները  թագավորի և նախարարների հետ ժողով են գումարում: Արշակ II-ը ցանկանում էր կաթողիկոսի պաշտոնում տեսնել հավատարիմ և վստահելի անձնավորության։ Կաթողիկոսական աթոռին ամենահարմար թեկնածուն էր Մեծն Ներսեսը: Եվ այս նպատակով էլ այլ պատգամավորներ  գալիս են  Հայաստան՝ Մեծն Ներսեսի մոտ: Երանելին շատ է հակառակվում՝ իր խոնարհության պատճառով, սակայն Աստծո կամքին հակառակ չգնալու համար հանձն է առնում իրեն առաջարկված պաշտոնը՝ պայման դնելով, որ ինքը անաչառորեն պետք է հանդիմանի հանցագործներին և Աստծո պատվիրանների դեմ հակառակ գործողներին:

     

    Ներսես Մեծը մեծ թափով սկսեց  եկեղեցական բարենորոգումները, վերահաստատեց թուլացրած ավանդույթները:

     

    Արշակ թագավորի հավանությամբ, սուրբ Հայրապետը 354 թ.  հայոց առաջին ազգային-եկեղեցական ժողովն  է գումարում Տարոնի Աշտիշատ ավանում` մասնակցությամբ` թագավորների, եպիսկոպոսների և ավագ իշխանների: Առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները:

     

    Ներսես Մեծ հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ:

     

    Ներսես Մեծը ճաշի կամ ընթրիքի չէր նստում՝ առանց սեղանակից ունենալու աղքատներ, կույրեր, կաղեր, որոնց անձամբ ինքն էր սպասարկում և  անձամբ բուժում: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Սուրբ Ներսեսի անվանում են Պատրիարք, և այս սովորությունը մնաց հաջորդ աթոռակալներին` մինչև այսօր:

     

    371 թ. Ձիրավի ճակատամարտին Ներսես Մեծը Պապ թագավորի և հայոց զորքի հետ էր, քաջալերում ու ոգեշնչում էր նրանց, մինչև որ հայերը` լիակատար հաղթանակ տարան:

     

    Երբ Հայաստանը խաղաղվեց, Ս. Ներսեսը հորդորեց Պապ թագավորին և նախարարներին` քայլելու Աստծո օրենքներով և պատվիրանների ճանապարհով:  Բայց, որովհետև Պապը ոչ հասուն կերպով էր մտածում, չուզեց լսել սրբի խրատները. ընդհակառակը, Պապը  ուզեց դավ նետել  սրբի կյանքի դեմ: Եվ մի օր էլ ճաշի հրավիրելով նրան` գինու բաժակի մեջ թույն խառնեց և տվեց Ներսես կաթողիկոսին:

     

    Իր հայրենանվեր, բեղմնավոր գործունեության և եկեղեցու պատմության մեջ ունեցած անգնահատելի դերի համար նա արժանացել է Մեծ կոչմանը։ Նրան անվանել են նաև «Հայոց հայր» և «Սրտերի լուսավորիչ»։

     

    Ս. Ներսեսը աթոռակալել է 34 տարի , և մահանում է  հազիվ հիսուն տարեկան հասակին` 373թ. և թաղվել՝ Թիլ ավանում: Նրա գերեզմանի վրա կատարվում են բազմաթիվ բժշկություններ:

     

    Խադ եպիսկոպոսը եղել է Ներսես Մեծ հայրապետի հավատարիմ գործակիցը գրեթե բոլոր ասպարեզներում։ Սուրբ Խադը եղել է Կարին գավառի Մարագա գյուղից։ Նա ավագ սարկավագ էր։ Երբ Ներսես Մեծը հարկադրված էր հեռանալ Հայաստանից, Խադին ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում կաթողիկոսական տեղապահ։ Սուրբ Խադի հասցեին հնչում էին բազում քննադատություններ՝ որպես ձի հեծնող և շքեղ հանդերձներ կրող, այս ամենի պատճառով նա հրաժարվում է այդ բաներից և մինչև իր կյանքի վերջը խարազնազգեստով շրջում: Սուրբ Խադի մասին ասվում է, որ եղել է շատ աղքատասեր և ողորմած, գործել է բազմաթիվ հրաշքներ ու բժշկել հիվանդներ։

     

    Երբ Արշակ արքան Կամսարականների ցեղը կոտորել տվեց և հրամայեց նրանց մարմինները կեր դարձնել  շներին: Սուրբ Խադը կատարվածը իմանալով` շտապեց Արշակի մոտ և աներկյուղորեն հանդիմանեց արքային իր անասելի արարքների համար: Թագավորը զայրանալով` հրամայում է նրան քարկոծել: Բայց Ապահունյաց տոհմից քաջ այրերըՍուրբ Խադին փախցնում են  և տանում իրենց գավառը, ուր կարճ ժամանակ մնալուց հետո ավանդում է իր հոգին:

     

    Օրվա Ավետարանը

    «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման։ Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով։ Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի»։

    Մատթեոս, 10:16-22

     

    Լիլիթ Մկրտչյան

Օրացույց

Օրացույց