Կաթողիկէ ինքնության ուսումնասիրությունների շարքից:
30 մայիսի, 2016թ.
Արևիկ գյուղը հիմնադրվել է 1810-1815 թթ․ Արևմտյան Հայաստանի Կարին, Մուշ, Բասեն, Ալաշկերտ գավառներից։ Արևիկ գյուղի հին անունը, Թափադոլակ, ունի թուրքական ծագում, այն բաղկացած է երկու մասից․ «թափա» նշանակում է բարձունք, բարձր տեղ, գլուխ, իսկ «դոլակ»՝ նշանակում է ոչխարների մակաղելու տեղ։ Այսպիսով, Թափադոլակ բառը բառացի նշանակում է բարձունք՝ ոչխարների մակաղելու համար։ 1810- 1815 թ.․գաղթել են ընդամենը 12 ընտանիք, թվով 70 մարդ։ Նրանք սկզբում բնակություն են հաստատել ոչ թե ներկայիս գյուղատեղում, այլ գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող հարավ- արևմտյան մասում «Խրաբա» կոչվող վայրում։ Այդ ընտանիքներն են եղել Մարիկյանները, Մչեցյանները, Մինասյանները, Վանոյանները, Կարապետյանները, Բոչիկյանները, Մաթոսյանները, Մքոյանները, Տեր-Բարսեղը՝ գյուղի առաջին քահանան, Թորոն իր աներորդի Մանասերյան Հովհաննեսի հետ։ Այս ընտանիքներն հետագայում ճյուղավորվել են և գյուղերում դարձել են մեծ ազգություններ։ Նրանք բոլորն էլ եղել են հայ կաթողիկեներ։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ հայ կաթողիկէ ընտանիքներն թողնելով իրենց հայրենի տունը, հողը, ունեցվածքը տեղահան էին եղել և գաղթել Արևմտյան Հայաստան, որը բնակլիմայական պայմաններով մի քանի անգամ զիջում էր իրենց հայրենի բնաշխարհին։
Պատճառն հետևյալն էր․ 17-րդ դարի 2-րդ կեսին սերտ հարաբերություններ են հաստատվում մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից եվրոպական մի շարք երկրների, առաջին հերթին Ֆրանսիայի և Անգլիայի միջև։ Եվրոպական դիվանագետների միջնորդությամբ, Օսմանյան կայսրությունում Եվրոպայի քրիստոնյա քարոզիչները առանց արգելքի կարողանում են տարածել քրիստոնեական հավատքը։ Հիսուսյանների միաբանությունը արդեն 1668թ. հաջողվում է Կառնո նահանգում ձևավորել հայ կաթողիկէ համայնք։ Կաթողիկէ քարոզիչներն միաժամանակ ժողովրդին բուժական և նյութական օգնություն էին ցույց տալիս, հիմնում դպրոցներ, նպաստում Եվրոպական մշակույթի ու լուսավորության տարածմանը, հայ ազգի քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Եվրոպական դիվանագիտությունը համոզել էր Սուլթանին, որ դա կնպաստի նաև հայ ազգին ռուսական կողմնորոշումից հեռու պահելուն, դրա համար էլ սկզբում Բարձր դուռը բարյացակամ էր տրամադրված կաթողիկէ քարոզիչների նկատմամբ։ Սակայն երբ Օսմանյան կառավարությանը պարզ դարձավ, որ հայ կաթողիկէները հակառուսական կողմնորոշում չունեն և հայ կաթողիկէ համայնքներում եվրոպական պետությունների ազդեցությունը կուժեղանա․ փոխվեց Բարձր Դռան վերաբերմունքն հայ կաթողիկէների նկատմամբ։ Արդեն 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին սկսվեցին հալածանքներ նրանց նկատմամբ։
1810-1815 թթ․ հալ կաթողիկէները Կարնո նահանգի Մուշ, Բասեն և Ալաշկերտ գավառներից գաղթում են ավելի ապահով վայրեր՝ Շիրակ և հիմք դնում Թափադոլակ գյուղին։ Հաջորդ ներգաղթը սկսվում է 1829-1839 թթ։
1828-1929 թթ․ ռուս –թուրքական պատերազմի ավարտին , 1829 թ․հոկտեմբերի 7-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրի 7-րդ հոդվածով, Օսմանյան կայսրությունում ապրող հայերին իրավունք էր տրվել տասնութ ամսվա ընթացքում գաղթել Արևելյան Հայաստան։ Այս հոդվածը նպատակ ուներ Կարինի, Կարսի և Բայազետի հայությանը փրկել թուրքական իշխանությունների հետապնդումներց, քանի որ ռուս- թուրքական պատերազմի ժամանակ նրանք ցուցաբերել էին ռուսական կողմնորոշում, իսկ Ադրիանապոլսի պայմանագրով այդ նահանգները վերադարձվելու էին Թուրքիային։ Գաղթը սկսվում է 1829 թ․հոկտեմբերի 14-ին և ավարտվում է 1830 թ․ հունիսին։ Գաղթողների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 90000։ Կարնեցիները հաստատվում են Ախալցխայի գավառում և Գյումրիում։ Թափադոլակում հաստատվում են ևս 15 ընտանիքներ այդ թվում Պապիկյանների, Մուրադյանների, Սահրադյանների, Ստեփանյանների և ուրիշ ընտանիքներ։ Արդեն 1931 թ․ գյուղն ուներ 159 բնակիչ։
Ուժեղ քամիների պատճառով 1835թ․գյուղացիները թողնում են «Խարաբա» կոչվող գյուղատեղը և բարձրանում են հարավ-արևելք և տներ են սկսում կառուցել ներկայիս գյուղատեղերում։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն էր։ Գյուղացիները մշակում էին գարի և ցորեն ։
Գյուղի հիմնադրումը, եկեղեցու շինարարությունը և հոգևոր հովիվները
Ինչպես ասված է Ասվածաշնչում, «Մարդ ապրի ոչ միայն հացիւ, այլ նաեւ բանիւ» այսինքն ժողովրդի առջև ծառացել էր հոգևոր սննդի հարցը: Գյուղացիները որոշում էին գյուղում սկսել եկեղեցու շինարարությունը և նրա առաջին նախաձեռնողն է եղել գյուղի առաջին քահանան` Տեր-Բարսեղը: Եկեղեցու շինարարությունը սկսում է 1843թ. և ավարտում 1894թ.՝ տևելով շուրջ կես դար և կոչվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ: Այն կառուցում են սրբատաշ սև քարից, որը գյուղացիները բերում էին Ջաջուռ քարհանքներից: Այդ աստվածահաճո գործը ոգեշնչում է ամբողջ գյուղին` մեծից մինչև փոքրը, որոնք իրենց քրտնաջան աշխատանքով քարը քարի վրա դնելով դեպի երկինք էին բարձրացնում այս հոյակերտ հուշարձանը: Տարեկան շարել են մեկ շարք, նախ ժամանակ, հետո միջոցներ չեն ունեցել ավելին անելու համար, բացի դրանից, բավական ժամանակ էր պետք, որ կավից ու ձվից պատրաստած չաղախը ամրանա: Գյուղացիները մի մասը լծում էին սայլերը և գնում Ջաջուռ ու բերում սև քարը, մյուս մասը գյուղի շրջակայքից բերում էին կավը և ավազը, իսկ կանայք և երեխաները ջուր էին կրում շինարարության համար: Ցավոք, 1857թ ընդհատվում են շինարարության աշխատանքները: Գյուղում բռնկվում է խոլերայի համաճարակ: Շուրջ 27 տարի եկեղեցին մնում է կիսակառույց, բացակայում էր անհրաշեժտ միջոցները, գյուղացիներն ապրելով ծայր աղքատության մեջ հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, բացի դրանից եկեղեցու տանիքի և գմբեթի շինարարությունը պահանջում էր հմուտ վարպետներ, որոնց անհրաժեշտ էր վարձատրել:
Եկեղեցու շինարարությունը հաջողակ ավարտին հասցնելուն մեծ լիցք է հաղորդում հայ բանասեր, հայագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, տպարանապետ, մանկավարժ` Բարսեղ Սարգսյանը, ով ծնունդով Թափադոլակից էր: Նա ծնվել է 1852թ., տասնյոթ տարեկանում հեռանալով գյուղից՝ մեկնում է Թիֆլիս, որտեղ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդը, տեսնելով նրա արտակարգ ընդունակությունները բանասիրության բանագավառում, գործուղում է նրան Հռոմ՝ ուսումը շարունակելու, իսկ այնտեղից մեկնում է Սուրբ Ղազար, որտեղ, դառնալով Մխիթարյան միաբանության անդամ, բեղուն գործունեություն է ծավալում հայագիտության բնագավառում: Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին ազգագրական և թարգմանական գրականությանը: Նրա կողմից գրված հայտնի աշխատություններից է «Ագաթանգեղոսը եւ իւր բազմադարեան գաղտնիքն», 1890թ., «Տեսութիւն Սեբեստրոսի պատմութեան և Մովսէս Խորենացւոյ աղբերաց», 1893թ.: Ղևոնդ Ալիշանը Շիրակի պատմությունը գրելիս օգտվել է Սարգիս Բարսեղյանի վկայություններից, հատկապես տեղեկագրական, ազգագրական նյութերը շարադրելիս: Նրա անխոնջ ջանքերի շնորհիվ 1883թ. մի հանձնախումբ է ժամանում Թափադոլակ, հանձնախմբի մեջ էր նաև Հռոմի կաթողիկէ Եկեղեցու մի ներկայացուցիչ, որը, տեսնելով ամբողջ գյուղի հավատացյալների պատրաստակությունը շարունակելու եկեղեցու շինարարությունը, որոշում է այդ նպատակով մի որոշակի գումար հատկացնել, պայմանով, որ ամբողջ գյուղը առանց վարձի պետք է աշխատի եկեղեցու շինարարության վրա: Եվ վերջապես, 1895թ-ին ավարտվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը, որի նմանը իր վեհությամբ և գեղեցկությամբ գրեթե ոչ մի հայկական գյուղ չունի: Եկեղեցի, որը դիմացել է 1926թ. և 1988թ. ահավոր երկրաշարժերին և ոչ մի ճաք չի ստացել:
Ականատեսները պատմում են, որ երբ ավարտին էր մոտենում եկեղեցու շինարարությունը, վարպետներից մեկը եկեղեցու գմբեթից ցանկասեր հայացք է նետում և լպիրշ ակնարկներ անում գյուղի հարսներից մեկի նկատմամբ, ով ջուր էր կրում եկեղեցու շինարարությանը, և դեռ ակնարկը չվերջացրած գլխիվայր ընկնում է գետին և մահանում: Կարծես թե գյուղի սրբության սրբոցը չի հանդուրժում իր պատերին աստվածամերժ այդ արարքը: Եկեղեցին ուներ պղնձյա երկու զանգ՝ 80 և 120 կգ. կշռով, որոնք ձուլվել էին Սանկտ Պետերբուրգում և նրանց ախորժալուր ղօղանջները լովում էին 10կմ. շառավիղով: Ցավոք, 1992թ, երբ Հայաստանում մոլեգնում էին ոսկու տենդը, զանգերը գողացվեցին և հավանաաբար ձուլվեցին ոսկի ստանալու ակնակալիքով, չարագործները չհայտնաբերվեցին և մինչև այսօր մնում են անպատիժ, սակայն ամբողջ համայնքն է հավատացած, որ նրանք Աստծուց կստանան իրենց պատիժը, գուցե և ստացել են:
Թափադոլակի կաթողիկէ համայնքի առաջին հովիվը եղել է Տեր Բարսեղ Գինոսյանը, որի մասին միայն կցկտուր տեղեկություններ են մնացել, հայտնի է միայն, որ նրա ջանքերի շնորհիվ գյուղի ամենից բերրի վարելահողը: «Տեր Բարսեղ» կոչվող հողամասը`մոտ 20հա. գյուղը նվիրել է եկեղեցուն, որի հասույթը ծառայել է ինչպես եկեղեցուն, այնպես էլ համայնքին: Իր տունը նա դարձնում են աղօթատեղի և կիրակի օրերը Սուրբ Պատարագ է մատուցում: Գյուղի հաջորդ քահանան եղել է Տեր Մաղաք Եզեկյանը, որի անունը և գործերը երախտագիտությամբ են հիշում գյուղի մեծերը: Նա հովվել է մինչև 1880-ական թթ: Տեր-Մաղաքը այն քահանաներից էր, ով իր գործունեությամբ ծառայել է ժողովրդին անշահախնդիր կերպով, ինչը հատուկ է եղել հայ կաթողիկէ հովիվներին, ովքեր իրենց լույս նվիրումի սերմերն են ցանել բոլոր ժամանակներում: Գյուղացիների հիշողության մեջ թարմ է մնացել նաև Տեր Մաղաքի հետ կապված արժանահիշատակ դեպք: Գարնան գալուն մոտ կռունկներն անցնելիս են լինում Թափադոլակ, հանկարծ եղանակը փոխվում է և ձյունառատ փոթորիկ է սկսվում, հանդ ու դաշտերը պատելով ձյան հաստ շերտով: Կռունկներն հարկադրաբար գյուղի մոտ ընդհատում են իրենց չուն, սակայն նրանց չեն կարողանում կեր հայթայթել և նրանց սպառնումէր անխուսափելի կործանում: Տեր Մաղաքի հորդորով գյուղի երիտասարդները թիակներով ձյան հաստ շերտի միջով ճանապարհ են բացում դեպի կռունկների իջևանատեղը և ցորեն շաղ տալիս այնտեղ՝ կերակրելով կռունկներին, մինչ եղանակների բացվելը: Տեր-Մաղաքը հանգչում է գյուղի գերեզմանատանը:
1880թ. գյուղը հովվում է Տեր Ստեփանը, մինչև 1890թ: Եկեղեցու ամբողջ հասույթը նա ծառայեցրել է գյուղի աղքատներին օգնելուն: Նա այնքան սիրված և հարգված է եղել գյուղացիների կողմից, որ երբ ժողովուրդը իմանում է, որ Տեր-Ստեփանը պիտի մահանա, բոլորը մեկ մարդու նման գալիս են նրա աջը համբուրելու, վերջին հրաժեշտը տալու և նրա Աստվածային օրհնությունը առնելու: 1890թ. Տեր Ստեփանի մահանալուց հետո նրան փոխարինում է իր եղբայրը` Տեր Պողոսը: Նա գյուղը հովվում է մինչև 1915թ: Նրա օրոք է, որ բացվում է գյուղի եկեղեցին և սկսում կանոնավոր գործել: Տեր Պողոեսը ստեղծում է եկեղեցական երգչախումբ, որի մեջ ընդգրկում է այն հարսներին և աղջիկներին, ովքեր ձայնային լավ տվյալներ ունեին: Կանոնավոր կերպով ամեն կիրակի Պատարագ է մատուցվում: Եկեղեցական մատյանում գրանցվում է ծնունդը, կնիքը, պսակադրությունը, մահը: Եկեղեցու եկամուտներից բաժին է հանվում դպրոցին, ինչպես նաև վճարում կատարվում ուսուցիչներին: Նրա օրոք, ինչպես դարեր շարունակ, եկեղեցին ազգային պետականության ֆունկցիա է կատարում: 1915թ. Տեր Պողոսին փոխարինում է Տեր Աբրահամ Զաքարյանը: Պատմում են, որ նա կարող էր արջառին վազելիս հետևի կողմից բռնել, գտնել և մորթել: Տեր Աբրահամի հովվության ժամանակ մեծ փորձություններն է բաժին ընկնում գյուղին, և նա կարողանում է ժողովրդին փրկել մի քանի վերահաս փորձանքներից:
1918թ. գարնանը սկսվում է թուրքական ինտերվենցիան՝ Անդրկովկաս: Անդրկովկասյան նոր կառավարության նախագահ Չխենկելու հրամանով առանց դիմադրության 1918թ. ապրիլին թուրքերին է հանձնվում Կարս ամրոցը: 1918թ. մայիսի 15-ին թուրքական զորքերը ներխուժում են Ալեքսանդրապոլ: Կարճ դիմադրությունից հետո դարձյալ անդրկովկասյան կառավարության հրամանով Ալեքսանդրապոլը նույնպես հանձնվում է: Հայկական բանակը բարոյալքված էր, վատ էր զինված, չորս տարի տևող պատերազմից զիվորներն հոգնել էին, նրանք ձգտում էին դեպի տուն: Մեծ տոկոս էր կազմում դասալքությունը: Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, թուրքերը շարժվում էին Թափադոլակ, գյուղի գլխին կախվել էր մահվան վտանգը: Տեր Աբրահամը առանց երկմտելու գյուղի երկու երևելիների հետ դուրս է գալիս աղ ու հացով թուրքական հրամանատրի դեմ՝ կատարելով նրանց բոլոր հրամանները և հայտնում, որ գյուղը հնազանդ կլինի: Թուրքերը հրաման էին ստացել, որ յուրաքանչյուր թուրք զինվորի սպանություն կհատուցվի ամբողջ գյուղի կոտորածով: Ոչ բոլորն էին, որ հաշտվեցին այդ իրավիճակի հետ: Պետրոս վարժապետը, որին գյուղացիները «պարուչիկ» Պետրոս էին ասումիր մի քանի զինված ընկերների հետ հեռանում է գյուղի, թուրքերին զինված դիմադրություն է ցույց տալիս սարերում, որ ժողովրդի կոտորածին պատճառ չդառնա: Թուրքերը զայրացած էին և կատաղած, մինբաշին հայտարարում է, որ եթե Ալեքսանդրապոլում «պարուչիկ Պետրոս» ի նման մի քանի հարյուր հոգի լինեին, իրենք չէին կարողանան քաղաքը գրավել: Թուրքերի հրամանատարն իրենց հետ ման էր ածում մի փահլևան` ըմբշամարտիկ և դրանով ըմբշամարտի մրցումներ էր կազմակերպում, դատաստան տեսնելով հայի հետ և սադիստական հաճույք ստանում: Նա կանչում է Տեր Աբրահամին և առաջարկում ըմբշամարտի դուրս գալ իր փահլևանի հետ, հետևելով պայման, եթե Տեր Աբրահամը փահլևանին հաղթի, ուրեմն գյուղը կփրկվի: Տեր Աբրահամը համաձայնվում է միայն խնդրում է, որ ինքը ըմբշամարտի դուրս կգա ոչ թե գետնի վրա, այլ չարդարի երդիկը` նպատակ ունենալով հաղթելու դեպքում նրան երդիկից ցած գցի և հայերին ազատ թուրք փահլևանից: Տեր-Աբրահամը ոլորելով փահլևանի վիզը, գցում է գետնին և պատրաստում է չարդարի կտուրից ցած նետել, սակայն թուրք հրամանատարը հրամայում է դադարեցնել մարտը` ընդունելով պարտությունը: Դրանից հետո թուրքերը մեղմ էին վարվում տեղի բնակչության հետ: Այսպիսով Տեր Աբրահամը ոչ միայն ժողովրդի հովիվն էր, այլ նաև իսկական առաջնորդը: Այնուամենայնիվ, 1918թ. Մուդրոսի զինադադարից հետո թուրքերը քաշվում էին Հայաստանից: Միայն Թափադոլակից նրանք իրենց հետ տանում են 118 երիտասարդ, որոնցից ոչ մեկը ետ չի վերադառնում: Փաստորեն, ամեն տնից մի երիտասարդի կորուստը ծանր հարված էր գյուղի համար:
1920թ. սեպտեմբերին սկսվում է երկրորդ հայ-թուրքական պատերազմը: Հայաստանը կրկին հայտնում է անբարենպաստ միջազգային դրության մեջ, թուրք-բոլշևիկյան համաձայնությունը առաջին հերթին ուղղված էր Հայաստանի Հանրապետության դեմ: Թուրքական 15-րդ կորպուսը՝ Քեազիմ Կարապեքիր փաշայի գլխավորությամբ, նոյեմբերի 7-ին մտնում է Ալեքսանդարապոլ:
1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, արյունահեղություններից խուսափելու նպատակով դաշնակցակններն իշխանությունը հանձնում են բոլշևիկներին: 1921թ. ապրիլին թուրքերը խորհրդային իշխանության պահանջով ետ են քաշվում Ալեքսանդրապոլի գավառից: Այս անգամ ևս Թափադոլակից գերեվարում են և իրենց հետ տանում 129 երիտասարդ, որոնցից մեկը` Միսաք Մքոյանը կարողանում է փախչել Ալեքսանդրապոլի կայարանից, իսկ Մաթոսյան Հակոբը և Նալբանդյան Երանոսը անցնելով բազմաթիվ դաժան փորձություններից կարողանում են ետ վերադառնալ Թուրքիայից:
Նրանց ընկերներին աշխատացրել և կոտորել էին: Այսպիսով թուրքական գերեվարության մեջ՝ 1919-1921թթ., տանջամահ եղան 24 երիտասարդ արևիկցիներ: Թուրքերն հեռանալիս Ալեքսանդրապոլի գավառից մոտ 12 հազար մարդ` կանայք, երեխաներ, ծերեր հավաքում և տանում են Ջաջուռի մոտ գտնվող մի ձոր և այնտեղ կոտորում: Ձորն այսօր կոչվում է «Ջարդի ձոր», որտեղ կառուցված է հուշարձան կոթող՝ այդ զոհերի հիշատակին: Թափադոլակը կարողանում է խուսափել այդ ահավոր ճակատագրից՝ շնորհիվ Տեր Աբրահամի և գյուղի երևելիների վարած հմուտ քաղաքականության:
Տեր Աբրահամը, ցավոք, բարի վախճան չունեցավ: Եկեղեցու հողի «ժամի արտ» կոչվող դաշտի պատճատով, որ վարձկալությամբ էր տրվել գյուղի հարուստներից մեկին, Տեր Աբրահամը վեճի է բռնվում Մկրտչի հետ, որին գյուղացիները «Չախալ» էին ասում և հրացանով սպանում նրան: Հոգևոր առաջնորդին ոչ վայել այդ արարքը Տեր Աբրահամի դեմ է հանում ամբողջ գյուղին: Տեր Աբրահամը, զգալով վտանգը, փորձում է փախչել գյուղից, բայց գյուղացիներն արդեն շրջապատել էին նրան տունը, և վերջինս ձին թամբած փորձում է դուրս գալ տան բակից, գյուղացիները քարաջարդ են անում և սպանում նրան: Դա 1922թ. ամառն էր: Ի հարկէ, պետք է խոստովանել, որ Թոփադոլակցիների այդ արարքը նույնպես պատիվ չի բերում նրանց և դատապարտվելի էր:
1922-1932թթ. գյուղը հովվում է Տեր Պետրոսը, ով Ձիթանքով գյուղից էր: Ծանր փորձություններ էին սպասվում Եկեղեցուն: Անկրոն ու անաստված վարչակարգը սաստկացնում է պայքարը և հալածանքները Եկեղեցու և հոգևորականների դեմ: Սակայն աներկյուղ Տեր Պետրոսը հավաքում էր հավատացյալներին եկեղեցու շուրջը, կատարում հավաքական աղօթք, երգում հոգևոր երգեր, իսկ երբ վտանգավոր չէր, կիրակի օրերը նաև Պատարագ էր մատուցում՝ չնայած իշխանությունների զգուշացումներին, առանց զանգերն հնչեցնելու: 1930թ. Տեր Պետրոսին ձերբակալում են և աքսորում Սախալին, որտեղ էլ նա վախճանվում է:
Տեր Պետրոսին փոխարինում են Տեր Կարապետը՝ 1930-1933թթ և Տեր Ալեքսանը՝ 1933-1937թթ, ովքեր նույնպես արժանանում են Տեր Պետրոսի ճակատագրին:
Շրջանային իշխանությունները, կատարելով նյութապաշտ վարչակարգի հակակրօն ցուցումները, որոշում են փակել Թափադոլակի եկեղեցին: Գյուղացիները ահ ու երկյուղով, սրտի կսկիծով էին նայում, թե ինչպես էին եկեղեցուց դուրս բերվում սրբապատկերները, կահ կարասին, խաչերը, Սուրբ Գիրքը, ինչպես էին տանում Քրիստոսի Խաչելությունը և Մարիամ Աստվածածնի արձանը: Վերջին երկուսը տարան Լենինականի «Յոթ Վերք» եկեղեցին, որոնք մինչև այսօր այնտեղ են գտնվում:
Շուրջ մեկ տարի եկեղեցին վերածվեց ակումբի, որտեղ փորձեցին զանազան թատերական ներկայացումներ և հանդիսություններ կազմակերպել: 1939թ. եկեղեցին վերածվեց հացահատիկի պահեստի, որը որպես հացահատիկի պահեստ ծառայեց 30 տարի` մինչև 1969թ.:
Եկեղեցին հավատացյալների առջև կրկին իր դռները բացեց 1991թ., և առաջին աղօթքը հնչեց «Անարատ Յղութեան միաբանութեան քոյրերի» անդամ` Քույր Արշակուհու շուրթերից:
Ներկայումս գյուղի քահանան Արժ. Տ. Նարեկ քհն. Թադրոսյանն է:
Նյութը քաղված է պատմ. գիտ. թեկն. Հակոբ Թորոյանի պատմագիտական ակնարկից, Աւետիք, 1998թ., 1997թ.
Պատրաստեց՝ Լիլիթ Մկրտչյանը