Բացահայտելով հայ կաթողիկէ ինքնությունը…
19 ապրիլի, 2016թ.
Շիրակի մարզի արևելյան մասում է գտնվում Փանիկ (հին անվամբ՝ Քավթառլու) գյուղը, որի հարավային մասով հոսում է Ախուրյանի վտակ Կարանգուն կամ Մանթաշը, որը սկիզբ է առնում Արագածից։ Գյուղի հյուսիսային կողմով հոսում է «Ձոր» կոչվող գետակը, որը հնում անվանում էին «Ձորի ջուր».այն չունի ակունք և ջրառատ է լինում գարնան և աշնան տեղումներով հարուստ ամիսներին։
Գյուղը հարթության վրա է և որպես բնակավայր ունի հարմար դիրք՝ երկրագործության ու անասնապահության զարգացման համար։
Փանիկը գտնվում էծովի մակարդակից 1700 մ. բարձրության վրա։ Կլիման զով է։ Շրջակայքը անտառազուրկ է, իսկ գյուղում աճում են մրգատու և դեկորատիվ ծառեր։
Թերևս, շատ հին ժամանակներից Փանիկը եղել է բնակավայր։ Նրա շրջակայքում հայտնաբերվել են Կիկլոպյան ամրոցների, թաղման հնագույն ձևերի, նախնադարյան մարդկանց բնակավայրերի, դամբարանների, ուրարտական սեպագիր արձանագրությունների մնացորդներ։ Փանիկի հիմնադրման վերաբերյալ կան տեղեկություններ, ըստ որոնց բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից: Ավելի ստույգ համարվում է Մխիթարյան Միաբանության անդամ Գաբրիել Վրդ․ Նահապետյանի վկայությունը, ըստ որի «1812թ․ Ալաշկերտի Խաստուր գյուղից մի խումբ հայեր՝ դավանանքով կաթողիկէ, Լևոն Նահապետյանի գլխավորությամբ, գաղթում են Շիրակ գավառը և բնակություն հաստատում Քավթառլու գյուղի մեջ»։
Սկզբում գյուղում բնակություն են հաստատել Նահապետյանները, Սալազարյանները, Նազարյանները, Ճավռշյանները, Սեխլէյանները, Բոզոյանները, Նիկոյանները, Ավագյանները, Մեյրոյանները։
Ինչու՞ են կաթողիկէություն ընդունած հայերը Ալաշկերտի գավառից գաղթել Փանիկ։ Կային մի շարք լուրջ պատճառներ, որոնցից ամենածանրակշիռը պատմաբան Լեոյի փաստարկն է. «Թուրքաց կառավորությունը չէր ճանաչում հայ կաթողիկէներին՝ որպես առանձին համայնք և բոլոր կաթողիկէացածներին համարում էր արևմտյան պետությունների լրտեսներ։ Այս պատճառով էլ նա ոչ միայն խրախուսում էր հայոց հոգևոր իշխանությանը ամեն տեղ հալածել կաթողիկէներին, այլև ինքն էլ հաճախ կատարում էր պատժողի դեր՝ դիմելով, ինչպես վայել էր նրան, բարբարոսական միջոցների»:
1804 թվականին գյուղը անցնում է Ռուսաստանի հովանավորության տակ, որտեղ կյանքի ու գույքի ապահովության հաստատուն երաշխիքներ կային։
Շուրջ քսան ծուխ ներգաղթելուց և ներկայիս գյուղի տարածքում հաստատվելուց հետո՝ Ռուսաց կառավարությունը գյուղը ճանաչեց որպես բնակավայր և բնակիչներին ազատեց հարկերից։ Ազատվելով թուրքական բռնություններից՝ բնակիչները ձեռնամուխ եղան խաղաղ աշխատանքի։ Սկսվեց բնակարանային շինարարությունը. կառուցում էին բազալտ քարից և կավե չաղախից։ Բնակարանները գմբեթավոր ոճով էին, որպեսզի թոնրով տաքացվող տներում ծուխը երդիքից դուրս գալու տեղ ունենար։ Սկսվեց հողերի յուրացումը։ Մշակում էին գարի, ցորեն, կտավատ։ Հողի մշակման գործում տարածված էր եռադաշտային սիստեմը։ Հողը վարում էին անասունների՝ եզների քարշող ուժի միջոցով։ Պահում էին ոչխար, կով, գոմէշ, հավ, սագ, աղավնի։
1813 թ. արդեն գյուղացիները կառուցեցին աղօթարան։ Անհրաժեշտ միջոցներ չկային՝ եկեղեցի կառուցելու համար։ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ եկեղեցին կառուցվեց ավելի ուշ՝ 1846 թ.։ Նորաբնակներին իրենց հարձակումներով անհանգստացնում էին թուրք ասկյարները և պարսիկ զինվորները, քանի որ Արևելյան Հայաստանը դեռևս ամբողջությամբ չէր մտել Ռուսաստանի կազմի մեջ։ 1817 թ. մեծ վիշտ կրեց գյուղի հիմնադիրը՝ Լևոն Նահապետյանը․ պարսիկ փաշաները հարձակվելով գյուղի վրա՝ գերեվարեցին Լևոնի զույգ աղջիկներին և վեցամյա որդուն՝ Սողոմոնին։ Մեծ դժվարությամբ հորը հաջողվել է պարսիկներից ետ գնել իր երկու աղջիկներին, սակայն տղային փրկել չի հաջողվել, որովհետև Երևանի Հուսեին խանը որդեգրեց Սողոմոնին՝ նրան տալով «Ճահանկիր խան» անվանումը։ Սողոմոնի փրկության դուռը բացվեց տասը տարի անց, երբ զորավար Պասկևիչի զորքերը ազատագրեցին Երևանի բերդը։
Փանիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Փանիկի եկեղեցին կառուցվեց 1846 թ. Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցին կոչվում է Մարիամ Աստվածածնի անվամբ։ Այն կառուցված է տուֆ քարից, ինչով հարուստ է Փանիկի շրջակայքը, և հողի չաղախից, տանիքը փայտաշեն է, իսկ Խորանը քարից է, ունի 8 լուսամուտ և մեկ դուռ։ Մուտքի մոտ տեղավորված են Լևոն Նահապետյանի և Պետրոս Նահապետյանի գերեզմանները՝ մարմարե հուշատախտակներով։ Եկեղեցու վրա կա արձանագրություն՝ եկեղեցին կառուցողի մասին․
«ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ ՈՍԿԵՐՔ
ՏԷՐ ՊԵՏՐՈՍ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ
ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏ ՔԱՋԱՀԱԻԱՏ
ՇԻՆՈՂ ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ՏԻՐԱՄՕՐ
ԱՍՏՈՒԱԾ ԵԿԵԱԼ ՏԱՄԲՆ
ՅԱԼԱՇԿԵՐՏՈՒ Ի ՇԻՐԱԿ
Ի ԶՈՒԱՐՃԱՁՈՐ ԳՒԻՂ ԿԱՊՈՅՏՆ ԱՐԱԳԱԾՈՒ
ԾՆ․ 13 ՅՈՒՆԻՍ 1761-1846․ ՅՈՒՆՈՒԱՐ 31»:
Քանի որ 19-րդ դարի երկրորդ քառորդին արդեն մեծացել էր հայ կաթողիկէների թիվը Ռուսական կայսրությունում, հատկապես, Կովկասում, Հռոմը բանակցությունների մեջ մտավ ցարական կառավարության հետ և, երկար քաշքշուկից հետո, 1847 թ. Հռոմի Սուրբ Աթոռի և ցարական կառավարության միջև կնքվեց մի համաձայնագիր, որով որոշվեց հիմնել կաթողիկէ հայոց առաքելական փոխանորդությունը՝ Սարատովի լատին կաթողիկէ եպիսկոպոսի իրավասության տակ։ Եվ միայն 1909 թ. սեպտեմբերի 12-ին Պիոս Ժ․ Պապը Սարգիս Ծ․ Վրդ․ Տեր Աբրահամյանին նշանակում է իբրև առաջին առաքելական փոխանորդ ոչ միայն Հայաստանի և Վրաստանի այլև ամբողջ Ռուսաստանի կաթողիկէ հայոց: 1907 թ․ Ռուսական կայսրության տարածքի մեջ մտնող կաթողիկէների հոգևոր առաջնորդ Էդուարդ Ռոբբը, որի նստավայրն էր Սարատովը և ուներ կարդինալի աստիճան, դուրս է գալիս հովվապետական այցելության։Նպատակն էր ստուգել թեմերի աշխատանքը ։ 1907թ․Մայիսի 7-ի, կիրակի օրը նրա կառքը ևս 10 կառքերի ուղեկցությամբ ժամանում է գյուղ։ Մատուցվում է եկեղեցում Սուրբ պատարագ։ Կարդինալը խաչ և վարդարան է բաժանում հավատացյալներին։
1906 թ․ 86 տարեկան հասակում թոքերի բորբոքումից վախճանվում է Պողոս վարդապետը։ Գյուղում դրսից քահանաներ են աշխատել Տեր –Ալեքսանը, Տեր-Հակոբ Աբրահամյանը, Տեր- Մարտիրոսը և Տեր-Ալեքսանը։ Ընդ որում գյուղի առաջին քահանան եղել է Պետրոս Նահապետյանը, որին հաջորդել է նրա եղբորորդի Պողոս Վրդ․Նահապետյանը։
Եկան դժվարին ժամանակներ և դաժան պայմաններ քրիստոնեական եկեղեցու և կրոնի համար։ Բոլշևիկները անխնա պայքար մղեցին կրոնի, եկեղեցու և հավատացյալների դեմ։ Դա հասկանալի էր, քանի որ հավատքը Աստծուն, նշանակում է չհավատալ բոլշևիկների ցնորամիտ զառանցանքներին և անհեթեթ գաղափարախոսությանը։ Նրանք հետապնդում էին այն կոմունիստներին, ովքեր իրենց երեխաներին մկրտում էին։
1936 թվականին երկրաշարժից մի շաբաթ հետո Տեր-Բարսեղ Մինասյանը եկեղեցում Սուրբ պատարագ էր մատուցում ի հիշատակ երկրաշարժի զոհերի։ Եկեղեցին լեփ լեցուն էր հավատացյալներով։ Այդ ժամանակ գյուղի կոմունիստները հավաքվել էին եկեղեցու բակում և ուզում էին քահանային զգուշացնել, որ պատարագը վերջացնի․ նրանք իրենց կուսակիցներից մեկին ուղարկում են ներս, վերջինս բեմ բարձրանալով քահանայի գլխից գլորում է թագը գետին։ Բորբոքված հավատացյալները Հովհաննես Ենգոյանի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկում կոմունստին, որին կիսամեռ վիճակում հազիվ ընկերները կարողանում են դուրս հանել։ Իշխանության մարմինները անմիջապես քրեական գործ են հարուցում որոշ մարդկանց նկատմամբ, այդ թվում նաև Տեր- Բարսեղի։ Նրանց երեք ամսով կալանքի են վերցնում Լենինականի բանտում։ Կամաց-կամաց պակասում էր եկեղեցի հաճախողների թիվը ։
1936 թվականից սկսած եկեղեցին այլևս չի գործում։ Եկեղեցու բանալին հանձնվում է Կույս Աննման Ջնդոյանին ։
1939 թվականին եկեղեցին դարձնում են կոլտնտեսության բանջարանոցի պահեստ։ Մարդիկ երկյուղածությամբ էին մտնում եկեղեցի և ստանալով իրենց հասանելիքը, արագ հեռանում։ Սրբապղծությունը այնքան ակնհայտ էր և բնակչության բողոքը անքան մեծ, որ ստիպված էին եկեղեցին դատարկել և պահեստը տեղափոխել Օվանենց տները։ 1942թ մարտի 15-ի անձրևներից փուլ եկավ եկեղեցու տանիքը, որը այդպես մնաց շուրջ 28 տարի։
1967 թ․ փլված եկեղեցին վերանորոգելու նպատակով դպրոցի պատմության ուցուցիչ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ գյուղում հանգանակություն սկսվեց։ Եկեղեցու վերականգմանը աջակցություն և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում այն ժամանակվա կոլտնտնտեսության վարչության նախագահ Ալեքսան Օրդանյան։ Եկեղեցու նորոգման աշխատանքները սկսվեց 1968 թ․հունիսի 20ին՝ Սահակ Սալազարյանի ղեկավարությամբ։ 1971 թ․ դեկտեմբերի 5-ին շինարարությունը ավարվում է։
1991թ․ նոյեմբերին առաջին անգամ գյուղ է գալիս Կոմիտաս Վրդ․Մանուկյանը, ով երկար տարիներ եղել է Մխիթարյան միաբանության տպարանապետը։ Հայր Կոմիտասը սկսում է լայն գործունեություն ծավալել, ինչպես հոգևոր, այնպես աշխարհիկ կյանքում։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ եկեղեցու վերանորոգումից հետո վերաբացվում է եկեղեցին, 1992 թ․ օգոստոսի 16ին, որտեղ պատարագ է մատուցում Ներսես Արքեպս․ Տեր -Ներսէսյանը ։
Հայր Կոմիտասը նախ մաքրեց եկեղեցու տարածքը։ Վեց տուն կար այնտեղ շինված, բոլորը քանդեց։ Եկեղեցուն կից կառուցեց 1992 -93 թթ․ մի գեղեցիկ քահանայատուն, վերանորոգեց հիվանդանոցը, ծրագրում է փակ և բաց մարզադաշտի կառուցումը։ Նրա նվիրվածությունը եկեղեցուն, համայնքին, ժողովրդին գործի մեջ է դնում նույնիսկ իր հասանելի թոշակը, որ գոնե քարի վրա մի քար էլ դրվի։
ԴՊՐՈՑԸ , ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Քավաթառլուի դպրոցի բացմանը ձեռնամուխ են լինում Պողոս Վրդ․Նահապետյանը, դպրոցը բացվում է 1859 թվականին և ունեցել է մեկ ուսուցիչ և 38 աշակերտ ։ Դպրոցի ծախսերը հոգացել են Պողոս Վրդ․Նահապետյանը և նրա եղբայրը։ Վրդ․Նահապետյանի նախաձեռնությամբ դպրոցի առաջին շրջանավարտներից առավել շնորհալիներն ուղարկվում են Եվրոպա ուսումը շարունակելու ։ Նրանցից վեցը ընդունվում են Վենետիկի Մխիթարյան Միաբանություն, իսկ մեկը՝ Պետրոս Նահապետյանը Փարիզի Մուրատ- Ռաֆայելյան վարժարանը։
Դպրոցը նոր էր մտել հունի մեջ, երբ ցարական կառավարությունը սկսեց իր հայահալած քաղաքականությունը հայկական դպրոցների նկատմամբ , շատ լավ գիտակցելով , որ ազգի ոգին պահողը դպրոցն է։ 1885 թվականին փակվում են դպրոցները, այդ թվում նաև Պողոս Վրդ․ Նահապետյանի հիմնած դպրոցը ։ Դա ծանր հարված էր գյուղի համար։ 1900թ․Գևորգ Սողոմոնի Նահապետյանի ջանքերով գյուղում բացվում է երկդասյան պետական ռուսական դպրոցը 16 աշակերտներով։ Դպրոցի վարիչն էր Ավետիս Մարտիրոսյանը։ 1917 թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո փակվում է Քավաթառլուի դպրոցը և չորս տարի դադարում է գործելու ։
Սպանդարյան տանող ճանապարհի վրա կառուցում են 1924թ ․ դպրոցական նոր շենք, որը սկզբից ուներ միայն տարրական դասարաններ, իսկ հետագայում դառնում է յոթնամյա ։ Սակայն այն չէր բավարարում գյուղի պահանջները և 12 տարի անց 1936 թ․ գյուղում կառուցվում է դպրոցական նոր շենք, միևնույն ժամանակ դպրոցը դառնում է միջնակարգ ։ Ձմռանը դպրոցը տաքացնելու համար աշակերտները իրենց տնից աթար էին բերում, որ վառարաններում վառեն։ Պատահում էր նաև, որ գրաբարով գրված արժեքավոր գրքեր էին բերում վառելու, հատկապես այն աշակերտները, որոնք աթար չունեին։ Այդպես ոչնչացվեցին մատենագիտական մեծ արժեք ունեցող շատ գրքեր։
Փանիկի միջնակարգ դպրոցը շատ անվանի մարդկանց է տվել, ովքեր ունեն լայն ճանաչում ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ։
Գյուղը ժամանակին եղել է գրչության կենտրոն։
Քավթառլու անունից Փանիկ է վերանվանվել 1925 թ.-ին։
2016թ. ապրիլի 23-ի դրությամբ, ըստ Փանիկի գյուղապետարանի տեղեկությունների, Փանիկի բնակչության թիվը 3210 է՝ 810 տնտեսություններով:
Ներկայումս գյուղի հոգևոր հովիվն է Հոգշն․ Հայր Գառնիկ Հովսեփյանը ։
Նյութը քաղված է պատմ. գիտ. թեկն. Հակոբ Թորոյանի պատմագիտական ակնարկից (Աւետիք, 1998), ով իր հերթին օգտվել է Փանիկի նշանավոր մանկավարժ Պետրոս Նահապետյանի հուշերից և այլ արխիվային աղբյուրներից:
Պատրաստեց՝ Լիլիթ Մկրտչյանը