«Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին», Ժողովող, 12, 1:
14 հունվարի, 2016թ.
2016թ. հունվարի 11-14-ը «Աղաջանյան» հայ կաթողիկէ ճամբարում Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հոգևոր պատրաստության կարճատև դասընթաց՝ Ջավախքի Բավրա և Հայաստանի Բավրա գյուղերի երիտասարդ սպասավորների և երգչախմբերի համար:
Դասընթացի ընթացքում երիտասարդները սովորեցին երգել Սբ. Պատարագի շարականները՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց տաճարի նվագակցող Գոհար Շախուլյանի ղեկավարությամբ: Շախուլյանը, որպես երաժշտագետ, երկար տարիների փորձ ունեցող մասնագետ է, 1990-ական թվականների սկզբներին մեծ դժվարությամբ կազմակերպել է Գյումրիի ժողովրդապետության առաջին երգչախումբը, ինչպես նաև մեծ աշխատանք տարել մյուս համայնքներում երգչախմբեր ստեղծելու համար:
Հայ կաթողիկէ գյուղական շատ համայնքներ ժողովրդապետների ջանքերով այսօր ունեն փոքր երգչախմբեր, որտեղ երգում են նույն համայնքների երիտասարդները, որոնք աշխատում են անել իրենց լավագույնը՝ Սբ. Պատարագի արարողությունը գեղեցկացնելու և աղոթքի տրամադրող մթնոլորտ ապահովելու համար: Մյուս համայնքներում, սակայն, դեռևս մեծ աշխատանք է հարկավոր՝ երգչախմբեր ձևավորելու և, առհասարակ, հոգևոր կյանքն աշխուժացնելու համար: Հոգևոր սպասավորների պակասն առայժմ թույլ չի տալիս արագ արդյունքներ ունենալ, իսկ համայնքներում աշխատող հոգևորականները աշխատում են մի քանի գյուղերի հոգևոր պետքերի համար:
Կարևոր է նաև երիտասարդների կրոնագիտական գիտելիքների զարգացումը՝ դասերի և այլ միջոցառումների միջոցով: Աղաջանյան ճամբարի եռօրյա դասընթացներին մասնակցող երիտասարդների համար կազմակերպվեցին նաև կրոնագիտության դասեր, հոգևոր զրույցներ, միասնական աղոթքներ: Ազատ ժամանակն անցկացնում էին ուրախ խաղերով, երգ ու պարով: Երիտասարդները հնարավորություն ունեցան երկու անգամ Սբ. Պատարագի մասնակցելու Գյումրիի Սրբոց Նահատակաց տաճարում, նաև լինել Գյումրիի Ձիթողցյանների տուն թանգարանում:
Պետք է ասել, որ ձմեռային օրերին ջեռուցման խնդիրների պատճառով ճամբարը կարող է հյուրընկալել շատ քիչ թվով երիտասարդներ միայն: Հետագայում նախատեսվում է նման դասեր կազմակերպել ավելի մեծ թվով երիտասարդների համար: