«Երեխանե՛ր, ձեզնից յուրաքանչյուրը նվերն է Աստծու, ձեզ երջանիկ ապագա է սպասվում…»:
28 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 26-ին Գյումրիում պաշտոնապես բացվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո գործող Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության Էմիլի Արեգակ բազմակի հաշմանդամությամբ անձանց ցերեկային խնամքի կենտրոնը: Հաստատության նոր շենքի կառուցումը սկսվել է 2013թ. հոկտեմբերին և ավարտվել՝ 2015թ. գարնանը:
«Արեգակ» ծրագիրը մինչ այդ գործում էր իր գործառույթներին անհամապատասխան կառույցում, մինչդեռ այս նոր շենքում կարող է ծրագիր իրականացնել ոչ միայն ներկայիս 40, այլև մինչև 100 և ավելի երեխաների համար՝ ծրագիրն ընդնայնելու և բոլոր անհրաժեշտ տարածքային և տեխնիկական պայմաններն ապահովելուց հետո: 2015թ. ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել բակային հատվածի բարեկագումը, նախատեսվում է կենտրոնի տարածքում ստեղծել սահմանափակ կարողություններով երեխաներին հարմարեցված զբոսայգի, կենդանիների միջոցով թերապիայի տարածք, լճակ, խաղահրապարակներ, որտեղ կկարողանան միասին խաղալ և շփվել հաշմանդամությամբ երեխաներն ու հարևան թաղամասի երեխաները: Կենտրոնի նոր շենքը, ինչպես գիտեք, տարածաշրջանում եզակի է իր տեխնիկական լուծումներով և հնարավորություններով.այն ունի այլընտրանքային ջեռուցման և արևային էլեկտրասնուցման համակարգ: Կենտրոնում բազմակի հաշմանդամությամբ երեխաների համար կազմակերպվում է ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտական թերապիա, հոգեբանական և սոցիալական աշխատանք՝ երեխաներին ֆիզիկական և հոգեկան զարգացման համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով՝ ընձեռելով նաև ստեղծագործելու, ինքնազբաղվածության հնարավորություններ, որպես հասարակական անհատ և բարեպաշտ քրիստոնյա կայանալու պայմաններ:
Կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները հովանավորել է Ավստրիայի Կարիտասը: Կենտրոնը կոչվել ավստրիացի հաշմանդամություն ունեցող մի անհատ բարերարի անունով: Ֆինանսական աջակցություն են ցուցաբերել տարբեր կազմակերպություններ և անհատ բարերարներ, այդ թվում՝ Vorarlberg համայնքը, Renovabis բարեսիրական հիմնադրամը, Ավստրիայի և Գերմանիայի կառավարությունները, ԱՄՆ եպիսկոպոսների խորհուրդը: Երկու տարուց ավելի կենտոնի շինարարության և ծրագրի համակարգման աշխատանքներում օգնում են Ավստրիայի Կարիտասի տնօրեն Peter Klinger-ը և Robert Moosbrugger-ը, ավստրիացի կամավորականները: Ստեֆանին և Սամուէլը նույնիսկ հասցրել են յուրացնել հայերենը և ցանկանում են երկար ժամանակով աշխատել Գյումրիում:
Բացման արարողությանը ներկա էին Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, հայ կաթողիկէ հոգևորականներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի պարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաներ, կենտրոնի բարերարներից մի քանիսը, կենտրոնի ծառայություններից օգտվող երեխաների ծնողները, այլ հյուրեր:
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր խոսքում ասաց.
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարերարներին, տեղի իշխանություններին՝ բոլորին, ովքեր իրենց սերը ցույց տվեցին կենտրոնի երեխաների հանդեպ և հնարավորություն տվեցին, որպեսզի լավագույն կարելիություններով կարողանանք մի ապագա մշակել և տալ մեր զավակներին: Հայ ժողովուրդը չի մոռանում այն ձեռքը, որն իրեն օգնում է՝ լավագույն ապագա զարգացնելու համար: Ցանկացած ծրագիր, երբ նոր է սկսվում, ունի իր մտահոգությունները, լարվածությունը, այդ բոլորից անցանք. մեր դիմացի լույսը, մեր արեգակը այդ քաջալերանքը և տոկունությունը մեզ տվեց, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ձեզ հիշում եմ իմ աղոթքներում՝ որպես ազնվագույն արտահայտությունն իմ երախտագիտության»:
Իսկ Ավստրիայի Կարիտասի տնօրեն Peter Klinger-ն ասաց.
«Երեխանե՛ր, ձեզնից յուրաքանչյուրը նվերն է Աստծու, ձեզ երջանիկ ապագա է սպասվում…Այս կենտրոնը պետք է լինի ամբողջ Հայաստանի հաշմանդամ երեխաների պաշտպանը, նրանց հանդեպ սեր ու հարգանք սփռի»: