«Աղօթեցե՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք.ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցոյց տալ», Եբր., 13:18
22 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 21-ին Հայաստան ժամանեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը: Հոգևոր Տիրոջը մեծ ուրախությամբ և հանդիսությամբ Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության կենտրոնում դիմավորել են Հայաստանում և Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները՝ գլխավորությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, հայ կաթողիկէ այլ եպիսկոպոսներ, վարդապետներ, ովքեր արդեն գտնվում են Հայաստանում՝ ի պատրաստություն 2015թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունենալիք Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողության, որը կատարվելու է ձեռամբ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ի: Հոգևոր Տիրոջը դիմավորելու էին եկել նաև Անարատ հղության առաքինազարդ քույրերը, Մխիթարյան դպրանոցի սաները, հավատացյալները:
Մատուռում բոլորը Հոգևոր Տիրոջ հետ միասին աղոթել են «Մաղթանք վասն հայրապետի» աղոթքը, որից հետո Ամենապատիվ Հոգևոր Տերն իր հայրական խոսքն է ուղղել ներկաներին:
Կաթողիկոս Պատրիարքը շնորհավորել է բոլորին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ շեշտելով, որ անկախությունը մեծ գնով ձեռք բերելուց հետո, պարտավոր ենք պահել այն եղբայրասիրությամբ, զոհողություններով, սեփական պատասխանատվության գիտակցությամբ: Խոսելով իր ընտրության մասին՝ որպես Կաթողիկոս Պատրիարք Կաթողիկէ Հայոց, Հոգևոր Տերը կատակով ասել է, թե իր առաջացած տարիքում դարձավ Կաթողիկոս, որպեսզի կաթողիկէների համար լինի հայր և ոչ թե պապիկ: Նաև ասել է, թե մշտապես իր մտքի մեջ ունի կաթողիկէ հայ հավատացյալներին, աղոթում է բոլորի համար, որովհետև ուրիշ ընտանիք չունի եկեղեցուց բացի: Խնդրել է քահանաներին և առաքինազարդ քույրերին աղոթական ծառայությամբ նեցուկ կանգնել թեմի առաջնորդին: Շնորհակալություն է հայտնել քույրերին՝ Հայաստանում նրանց երկարամյա գործունեության համար և բոլոր ներկա գտնվողներին բաշխել է իր հայրական օրհնությունը:
Աղոթքից հետո Հոգևոր Տերն իր ստորագրությունն է թողել ժողովրդապետության հուշամատյանում, ապա մտերմիկ զրույց ունեցել հոգևորականների հետ՝ ընթրիքի սեղանի շուրջ:
Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը սեպտեմբերի 24-ին Գյումրիում կօծի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին, ապա կմասնակցի Հայկական Կարիտասի նորակառույց Էմիլի Արեգակ կենտրոնի բացմանը և եկեղեցու օծման առիթով կազմակերպվելիք հյուրասիրությանը: Սեպտեմբերի 27-ին Հոգևոր Տերը Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում կմատուցի եկեղեցու անդրանիկ Սբ. Պատարագը, որից հետո կմասնակցի Սբ. Էջմիածնում տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի արարողությանը: